26
1 Էրիկ Էմմանուէլ Շմիթ Օսկարը և Վարդագույն խալաթով Տիկինը (նվիրվում է Դանիել Դարյային) Սիրելի´ Աստված: Իմ անունը Օսկար է: Ես տասը տարեկան եմ և հաջողեցրել եմ հրկիզել մեր կատվին, շանը ու ամբողջ տունը, նույնիսկ, կարծեմ, խորովեցի ոսկե ձկնիկներին, և ես գրում եմ Քեզ առաջին անգամ, որովհետև առաջ բացարձակ ժամանակ չունեի, դպրոցի պատճառով: Միանգամից զգուշացնում եմ. ես սարսափում եմ գրավոր վարժություններից: Անկեղծ ասած, պիտի դանակը ոսկորին հասներ: Որովհետև գրագրությունը՝ դա ամեն տեսակ ծաղկաշղթաներ, փոմփոլիկներ, ժպիտիկներ, ժապավենիկներ և սրանց նման բան է: Գրագրությունը՝ զուտ հետաքրքրաշարժ ստեր են: Մի խոսքով, մեծերի զբաղմունք: Կարող եմ ապացուցել: Վերցնենք հենց իմ նամակի սկիզբը. «Իմ անունը Օսկար է: Ես տասը տարեկան եմ և հաջողեցրել եմ հրկիզել մեր կատվին, շանը ու ամբողջ տունը, նույնիսկ, կարծեմ, խորովեցի ոսկե ձկնիկներին, և ես գրում եմ Քեզ առաջին անգամ, որովհետև առաջ բացարձակ ժամանակ չունեի, դպրոցի պատճառով»: Նույն հաջողությամբ ես կարող էի գրել այսպես. «Իմ մականունը դրեցին Ձվագլուխ, տեսքից ես յոթ տարեկան եմ, ապրում եմ հիվանդանոցում, որովհետև քաղցկեղով հիվանդ եմ, ես երբևիցե չեմ դիմել Քեզ և ոչ մի խոսքով, քանի որ ընդհանրապես չեմ հավատում, որ Դու կաս»: Հենց որ ես գրեի այսպես, ամեն ինչ շատ վատ կլիներ, և Դու ընդհանրապես կկորցնեիր իմ հանդեպ հետաքրքրությունը: Իսկ ինձ պետք է, որ հենց Դու հետաքրքրվես ինձանով: Շատ լավ կլինի, եթե Դու ժամանակ գտնես և օգնես ինձ մի հարցում: Ես հիմա Քեզ ամեն ինչ կբացատրեմ: Հիվանդանոցը՝ հիանալի տեղ է. այստեղ գրեթե բոլոր մեծերը գերազանց տրամադրություն ունեն, նրանք բավականին բարձր են խոսում, այստեղ շատ խաղալիքներ ու վարդագույն խալաթներով տիկիններ կան, որոնք ուղղակի փափագում են խաղալ երեխաների հետ, և դրա հետ միասին այստեղ միշտ ձեռքիդ տակ են Բեկոնի, Էյնշտեյնի կամ Փոպկոռնի պես շատ ընկերներ, մի խոսքով, հիվանդանոցում զվարճալի է, եթե դու հաճելի հիվանդ ես: Սակայն ես արդեն հաճելի հիվանդ չեմ: Այն բանից հետո, երբ ինձ ոսկրուղեղի փոխպատվաստում արեցին, զգում եմ, որ ես այլևս հաճելի չեմ իրենց: Այսօր առավոտյան, երբ բժիշկ Դյուսելդորֆը զննում էր ինձ, ես, կարծես թե, հիասթափեցրի նրան: Առանց որևէ բառ ասելու՝ նա այնպես էր ինձ նայում, ասես ես որևէ սխալ թույլ տված լինեի: Բայց չէ՞ որ ես աշխատում էի վիրահատության ժամանակ՝ ինձ ողջամտորեն եմ պահել, թույլ տվեցի քնացնել ինձ, նույնիսկ չէի տնքում, թեպետ ցավոտ էր, հնազանդ ընդունում էի տարբեր դեղեր: Ուրիշ օրերին ես ուզում էի ուղղակի բղավել իր վրա, ասել նրան, որ միգուցե հենց նա, բժիշկ Դյուսելդորֆը, իր ածուխե ունքերով, աչքաթող արեց իմ վիրահատությունը: Բայց, դրա հետ մեկտեղ, նա այնքան դժբախտ տեսք ունի, որ հայհոյանքները կոկորդումս են կանգնում: Ինչքան այս բժիշկ Դյուսելդորֆը իր տխուր հայացքով ավելի զուսպ է իրեն պահում, այնքան ավելի մեղավոր եմ ես ինձ զգում: Ես հասկացա, որ դարձել եմ վատ հիվանդ, հիվանդ, որ խանգարում է հավատալ, որ բժշկությունը հրաշալի բան է: Այս բժշկական մտքերը՝ նրանք երևի վարակիչ են: Հիմա բոլորը մեր հարկում՝ բուժքույրերը, պրակտիկանտները, հավաքարարները, իր նման են ինձ նայում: Երբ տրամադրությունս լավ է՝ նրանց դեմքերը տխուր են, երբ կատակում եմ՝ ճիգ են անում ծիծաղելու: Ճիշտն ասած, իրենք ավելի բարձր են ծիծաղում, քան առաջ: Միայն Ռոզա Տատիկը չի փոխվել: Բայց, իմ կարծիքով, նա շատ ծեր է, որպեսզի փոխվի: Եվ չէ՞ որ դա Ռոզա Տատի´կն է: Հա~, Աստված, ես մտադիր չեմ ծանոթացնել Քեզ նրա հետ. քանի որ հենց

Էրիկ Էմմանուէլ Շմիթ · 2017-09-08 · 5 Բրավո´: Ի´նչ ուժեղ ես: Ես չհասցրեցի ուղարկել Քեզ նամակը, բայց արդեն

  • Upload
    others

  • View
    129

  • Download
    12

Embed Size (px)

Citation preview

1

Էրիկ Էմմանուէլ Շմիթ

Օսկարը և Վարդագույն խալաթով Տիկինը

(նվիրվում է Դանիել Դարյային)

Սիրելի´ Աստված:

Իմ անունը Օսկար է: Ես տասը տարեկան եմ և հաջողեցրել եմ հրկիզել մեր կատվին, շանը ու

ամբողջ տունը, նույնիսկ, կարծեմ, խորովեցի ոսկե ձկնիկներին, և ես գրում եմ Քեզ առաջին

անգամ, որովհետև առաջ բացարձակ ժամանակ չունեի, դպրոցի պատճառով:

Միանգամից զգուշացնում եմ. ես սարսափում եմ գրավոր վարժություններից: Անկեղծ ասած,

պիտի դանակը ոսկորին հասներ: Որովհետև գրագրությունը՝ դա ամեն տեսակ ծաղկաշղթաներ,

փոմփոլիկներ, ժպիտիկներ, ժապավենիկներ և սրանց նման բան է: Գրագրությունը՝ զուտ

հետաքրքրաշարժ ստեր են: Մի խոսքով, մեծերի զբաղմունք: Կարող եմ ապացուցել: Վերցնենք

հենց իմ նամակի սկիզբը. «Իմ անունը Օսկար է: Ես տասը տարեկան եմ և հաջողեցրել եմ հրկիզել

մեր կատվին, շանը ու ամբողջ տունը, նույնիսկ, կարծեմ, խորովեցի ոսկե ձկնիկներին, և ես գրում

եմ Քեզ առաջին անգամ, որովհետև առաջ բացարձակ ժամանակ չունեի, դպրոցի պատճառով»:

Նույն հաջողությամբ ես կարող էի գրել այսպես. «Իմ մականունը դրեցին Ձվագլուխ, տեսքից ես

յոթ տարեկան եմ, ապրում եմ հիվանդանոցում, որովհետև քաղցկեղով հիվանդ եմ, ես երբևիցե

չեմ դիմել Քեզ և ոչ մի խոսքով, քանի որ ընդհանրապես չեմ հավատում, որ Դու կաս»:

Հենց որ ես գրեի այսպես, ամեն ինչ շատ վատ կլիներ, և Դու ընդհանրապես կկորցնեիր իմ

հանդեպ հետաքրքրությունը: Իսկ ինձ պետք է, որ հենց Դու հետաքրքրվես ինձանով:

Շատ լավ կլինի, եթե Դու ժամանակ գտնես և օգնես ինձ մի հարցում: Ես հիմա Քեզ ամեն ինչ

կբացատրեմ:

Հիվանդանոցը՝ հիանալի տեղ է. այստեղ գրեթե բոլոր մեծերը գերազանց տրամադրություն

ունեն, նրանք բավականին բարձր են խոսում, այստեղ շատ խաղալիքներ ու վարդագույն

խալաթներով տիկիններ կան, որոնք ուղղակի փափագում են խաղալ երեխաների հետ, և դրա

հետ միասին այստեղ միշտ ձեռքիդ տակ են Բեկոնի, Էյնշտեյնի կամ Փոպկոռնի պես շատ

ընկերներ, մի խոսքով, հիվանդանոցում զվարճալի է, եթե դու հաճելի հիվանդ ես:

Սակայն ես արդեն հաճելի հիվանդ չեմ: Այն բանից հետո, երբ ինձ ոսկրուղեղի

փոխպատվաստում արեցին, զգում եմ, որ ես այլևս հաճելի չեմ իրենց: Այսօր առավոտյան, երբ

բժիշկ Դյուսելդորֆը զննում էր ինձ, ես, կարծես թե, հիասթափեցրի նրան: Առանց որևէ բառ

ասելու՝ նա այնպես էր ինձ նայում, ասես ես որևէ սխալ թույլ տված լինեի: Բայց չէ՞ որ ես

աշխատում էի վիրահատության ժամանակ՝ ինձ ողջամտորեն եմ պահել, թույլ տվեցի քնացնել

ինձ, նույնիսկ չէի տնքում, թեպետ ցավոտ էր, հնազանդ ընդունում էի տարբեր դեղեր: Ուրիշ

օրերին ես ուզում էի ուղղակի բղավել իր վրա, ասել նրան, որ միգուցե հենց նա, բժիշկ

Դյուսելդորֆը, իր ածուխե ունքերով, աչքաթող արեց իմ վիրահատությունը: Բայց, դրա հետ

մեկտեղ, նա այնքան դժբախտ տեսք ունի, որ հայհոյանքները կոկորդումս են կանգնում: Ինչքան

այս բժիշկ Դյուսելդորֆը իր տխուր հայացքով ավելի զուսպ է իրեն պահում, այնքան ավելի

մեղավոր եմ ես ինձ զգում: Ես հասկացա, որ դարձել եմ վատ հիվանդ, հիվանդ, որ խանգարում է

հավատալ, որ բժշկությունը հրաշալի բան է:

Այս բժշկական մտքերը՝ նրանք երևի վարակիչ են: Հիմա բոլորը մեր հարկում՝ բուժքույրերը,

պրակտիկանտները, հավաքարարները, իր նման են ինձ նայում: Երբ տրամադրությունս լավ է՝

նրանց դեմքերը տխուր են, երբ կատակում եմ՝ ճիգ են անում ծիծաղելու: Ճիշտն ասած, իրենք

ավելի բարձր են ծիծաղում, քան առաջ:

Միայն Ռոզա Տատիկը չի փոխվել: Բայց, իմ կարծիքով, նա շատ ծեր է, որպեսզի փոխվի: Եվ չէ՞ որ

դա Ռոզա Տատի´կն է: Հա~, Աստված, ես մտադիր չեմ ծանոթացնել Քեզ նրա հետ. քանի որ հենց

2

նա է Քեզ գրելու խորհուրդ տվել, կարծում եմ, նա Քո վաղեմի բարեկամն է: Միակ դժվարությունն

այն է, որ միայն ես եմ նրան Ռոզա Տատիկ անվանում: Դու ստիպված կլինես ճիգ գործադրել, որ

պատկերացնես, թե ում մասին եմ ասում. վարդագույն խալաթներով բոլոր տիկիններից, որ

գալիս են խնամելու հիվանդ երեխաներին, նա ամենածերն է:

- Ռոզա´ Տատիկ, դուք քանի՞ տարեկան եք:

- Օսկար, փոքրիկս, դու կարող ես հիշե՞լ տասներեք նիշանոց թիվ:

- Չէ´ մի…հնարում եք:

-Առանց կատակ, ուղղակի այստեղ չպիտի իմանան, քանի տարեկան եմ ես, թե չէ, ես այստեղից

դուրս կթռչեմ, և մենք այլևս չենք տեսնվի:

- Ինչո՞ւ:

- Ես այստեղ մաքսանենգությամբ տեղավորվեցի. դայակների համար սահմանային տարիք կա,

իսկ ես արդեն վաղուց սպառել եմ իմ ժամկետը:

- Ուրեմն, դուք ժամկետա՞նց եք:

- Ահա:

- Ինչպես յոգո՞ւրտը:

- Սո´ւս մնա:

- Օ’ քեյ, ձկան պես համր կլինեմ:

Դա անասելի խիզախություն էր իր կողմից՝ վստահել ինձ իր գաղտնիքը: Սակայն նա ճիշտ

հաշվարկ արեց: Ես խուլ և համր կլինեմ, թեպետ զարմանալի է, որ ոչ ոք ոչինչ չկասկածեց: Նա

այնքան խորշոմիկներ ունի աչքերի շուրջ, ասես արևի շողիկներ լինեն:

Մյուս անգամ ես իմացա նրա մեկ ուրիշ գաղտնիքը, և արդեն այստեղ, Աստված, դու պիտի

միանգամից ճանաչես նրան:

Մենք զբոսնում էինք հիվանդանոցի այգում, ու նա ոտքով ցեխն ընկավ:

- Վա~յ, Ռոզա Տատի´կ:

- Է~է, շարժվի´ր: Մենք, կարծեմ, զբոսնում ենք և ոչ թե կրիաների մրցավազքին ենք մասնակցում:

Մենք նստարանին նստեցինք, հանեցինք կարամելները, ու ես հարցրեցի նրան:

- Դուք միշտ դայա՞կ եք աշխատել:

- Ոչ:

- Իսկ ինչո՞վ եք զբաղվել:

- Դու երբեք չես հավատա…

- Երդվում եմ, կհավատամ:

- Ես զբաղվել եմ ըմբշամարտով, կետչով, հանդես էի գալիս խաղասպարեզում:

- Չե´մ հավատում:

- Ճի´շտ եմ ասում, իմ մականունն էր Լանգեդոկցի Խեղդիչ:

Այդ ժամանակվանից, երբ ես ընկնում էի մռայլ տրամադրության մեջ, Ռոզա Տատիկը,

համոզվելով, որ ոչ ոք մեզ չի լսում, պատմում էր ինձ իր նշանավոր մենամարտերի մասին`

Լանգեդոկցի Խեղդիչի և Լիմուզենցի Մսաղացի մենամարտի մասին, նրա մասին, թե ինչպես նա

մի ամբողջ քսան տարի մաքառում էր Սպանիչ Սենկլերի դեմ, նաև աշխարհի գավաթի համար

Ուլլա-Ուլլայի դեմ մենամարտի մասին, դրան ոչ ոք չէր կարողանում հաղթել, նույնիսկ

Պողպատե Բռունցքը, որից Ռոզա Տատիկը օրինակ էր վերցնում, երբ ըմբշամարտով էր զբաղվում:

Բոլոր այդ մենամարտերը ես տեսնում էի ասես իրականում, ես երևակայում էի իմ բարեկամին

մրցասպարեզում` ծփացող վարդագույն խալաթով փոքրահասակ տատիկը ծեծ էր տալիս

տրիկոներով մարդակերներին: Ինձ թվում էր, որ այդ ամենը ինձ հետ է տեղի ունենում: Ես ավելի

ուժեղ էի դառնում, վրեժ էի լուծում թշնամիներից:

Աստված, հույսով եմ, որ այս բոլոր նշաններից դու ճանաչեցիր Ռոզա Տատիկին:

Վերադառնամ իմ գործերին:

3

Կարճ ասած, իմ վիրահատությունը իրենց խորը հիասթափության մեջ գցեց: Քիմիաթերապիան

նույնպես, բայց ոչ այդքան շատ, քանի որ այն ժամանակ դեռ ոսկրուղեղի փոխպատվաստման

հետ հույսեր էին կապում: Հիմա ինձ թվում է, որ բժիշկները չեն իմանում, էլ ինչ առաջարկեն,

ուղղակի շատ մեղք են: Բժիշկ Դյուսելդորֆը, մայրս նրան բավականին գրավիչ է համարում, իսկ

ես կարծում եմ, որ նա չափից դուրս հաստ ունքեր ունի, ինչևէ, նա հիմա այնպիսի տխուր դեմքի

արտահայտություն ունի, ասես լինի Ձմեռ Պապ, ում նվերները բոլորի համար չհերիքեցին:

Մի խոսքով մթնոլորտը փչացել է: Ես խոսել եմ դրա մասին իմ ընկերոջ Բեկոնի հետ: Իրականում

նրա անունը Բեկոն չէ, այլ՝ Իվ, սակայն մենք նրա մականունը դրեցինք Բեկոն, որովհետև նա մի

լավ խանձվել էր:

- Բեկոն, ես այնպիսի զգացում ունեմ, որ բժիշկները ինձ այլևս ընդհանրապես չեն սիրում, ես

վատ եմ ազդում նրանց վրա:

- Չէ մի´, Ձվագլուխ: Բժիշկները հենց այնպես չեն հանձնվի: Իրենք միշտ պահեստում շատ

գաղափարներ ունեն, թե էլ ինչ կարելի է քեզ հետ անել: Ես հիմա հաշվարկեցի, որ նրանք ինձ

խոստացել են ոչ պակաս քան վեց վիրահատություն:

- Երևի, դու նրանց ոգեշնչում ես:

- Երևի, այդպես:

- Բայց ինչո՞ւ նրանք ուղղակի ինձ չեն ասում, որ ես կմեռնեմ:

Այս խոսքիցս Բեկոնը ասես խլացավ, ինչպես և բոլոր ուրիշները այստեղ՝ հիվանդանոցում: Եթե

դու այստեղ արտաբերում ես «մահ» բառը, ոչ ոք քեզ չի լսում: Կարող ես վստահ լինել, որ այն

թռչում-կորչում է ինչ-որ խոռոչում, որովհետև նրանք իսկույն սկսում են ուրիշ բանի մասին

խոսել: Ես բոլորի վրա դա ստուգեցի: Բացի Ռոզա Տատիկից:

Եվ այսպես, այսօր առավոտյան ես որոշեցի նաև իրեն փորձել.

- Ռոզա Տատի´կ, դուրս է գալիս, ոչ ոք մտադիր չէ ինձ ասելու, որ ես մեռնում եմ:

Նա ինձ նայեց: Մի՞թե նա ուրիշների պես կվարվի… Աղաչո´ւմ եմ, Լանգեդոկցի Խեղդիչ, մի´

հանձնվիր, մի´ խլանա:

- Օսկար, իսկ ինչո՞ւ ես ուզում, որ քեզ ասեն այդ, եթե առանց այն էլ դա քեզ հայտնի է:

Օ´ֆֆ: Նա լսեց:

- Ռոզա Տատիկ, ինձ թվում է, որ մարդիկ հորինեցին ինչ-որ մի ուրիշ հիվանդանոց, քան

իրականում է: Նրանք այնպես են իրենց պահում, ասես հիվանդանոց միայն նրա համար են

պառկում, որ առողջանան: Բայց չէ՞ որ այստեղ գալիս են նաև մեռնելու համար:

- Դու ճիշտ ես, Օսկար: Մտածում եմ, որ հենց նույն այս սխալը անում են նաև կյանքի նկատմամբ:

Մենք մոռանում ենք, որ կյանքը՝ այն նուրբ է, փխրուն, վաղանցուկ: Մենք անում ենք ամեն բան,

որպեսզի թվանք անմահ:

- Իմ վիրահատությունից ոչինչ չստացվեց, այդպես չէ՞, Ռոզա Տատիկ:

Ռոզա Տատիկը չպատասխանեց: Սա «այո» ասելու իր ձևն էր: Համոզվելով, որ ես հասկացա իրեն՝

նա կռացավ իմ կողմը և խնդրողաբար ասաց.

- Իհարկե, ես քեզ ոչինչ չեմ ասել: Երդվի´ր:

- Երդվում եմ:

Մենք մի փոքր լռեցինք, որ ընտելանանք այս նոր դատողություններին:

- Օսկար, - հանկարծակի ասաց նա, - իսկ ի՞նչ կասես Աստծուն գրելու համար:

- Վա´յ, ո´չ: Ռոզա Տատի´կ, միայն թե ո´չ դուք:

- Ի՞նչ: Ինչո՞ւ ոչ ես:

- Ո´չ դուք: Ես էլ կարծում էի, որ դուք չեք կարող ստել:

- Բայց ես չեմ ստում քեզ:

- Այդ դեպքում ինչո՞ւ դուք սկսեցիք խոսել Աստծո մասին: Բավական է, ես արդեն լսել եմ հեքիաթ

Ձմեռ Պապի մասին: Մեկ անգամ բավակա´ն է:

- Օսկար, բայց Աստված Ձմեռ Պապը չէ´:

4

- Դա նույն բանն է: Բաժնետիրական ընկերություն «Ուղեղի լվացում և կոմպա´նիա»:

- Դու երևակայո՞ւմ ես քեզ համար, որ ես, երեսուն տարի խաղասպարեզում անցկացնելով,

հարյուր վաթսունհինգ մենամարտերից հարյուր վաթսունում հաղթելով, նրանցից

քառասուներեքում նոկաուտով, ե´ս՝ Լանգեդոկցի Խեղդիչս, կարող եմ գոնե մե՞կ վայրկյան

հավատալ Ձմեռ Պապի՞ն:

- Ոչ:

- Ուրեմն այսպես. ես չեմ հավատում Ձմեռ Պապին: Ես հավատում եմ Աստծուն: Երբ այսպես են

ասում, դա էապես ուրիշ բան է:

- Իսկ ինչո՞ւ համար գրեմ Աստծուն, - հարցրեցի ես:

- Դու այդքան միայնակ չես զգա քեզ:

- Ոչ այդքան միայնակ մեկի հետ, ով գոյությո՞ւն չունի:

- Այնպես արա, որ Նա գոյություն ունենա: - Նա կռացավ մահճակալիս սնարքին: - Եթե գոնե մի

փոքր հավատաս Նրան, Նա ամեն անգամ մի փոքր ավելի իրական կդառնա քեզ համար: Համառ

եղիր, և Նա իրականում գոյություն կունենա քեզ համար: Եվ դա քեզ բարիք կբերի:

- Իսկ ի՞նչ գրեմ Իրեն:

- Կիսիր Նրա հետ քո մտքերը: Չարտահայտված մտքերը կպչուն են, նրանք ծանրանում են,

տխրեցնում են քեզ, զրկում են միտքդ ճկունությունից, թույլ չեն տալիս նոր մտքերին առաջանալ:

Եթե չարտահայտես դրանք, ուղեղդ կդառնա հին մտքերի մի գարշահոտ աղբանոց:

- Ասենք, թե:

- Եվ հետո, հիշիր, Օսկա´ր, դիմելով Աստծուն, ամեն անգամ միայն մեկ բան կարելի է խնդրել:

Հիշի´ր, միայն մեկ բան:

- Ռոզա Տատիկ, ի՞նչ է, ձեր Աստված այդքան թո՞ւյլ է: Նույնիսկ Ալադինը իր ջինով ու լամպով

կարող էր երեք ցանկություն պահել:

- Բայց ավելի լավ չէ՞ մեկ ցանկություն մի օրում, քան երեքը՝ ամբողջ կյանքում:

- Օ’ քեյ: Ուրեմն, ես ինչ ասես կարո՞ղ եմ խնդրել իրենից: Խաղալիքներ, կոնֆետներ, մեքենա…

- Ոչ, Օսկար: Մի շփոթիր Աստծուն Ձմեռ Պապի հետ: Դու կարող ես խնդրել Իրենից միայն հոգևոր

բաներ:

- Օրինա՞կ:

- Օրինակ` արիություն, համբերություն, պայծառություն:

- Հա, հասկանալի է:

- Բացի դրանից, Օսկար, դու կարող ես հուշել Իրեն, որ Նա ողորմություն ցուցաբերի ուրիշների

հանդեպ:

- Դե չէ, էլ ի՞նչ կուզեիք, Ռոզա Տատիկ, ընդամենը մեկ ցանկություն օրում՝ դա հաստա´տ ես ինձ

համար կպահեմ:

Այսպիսով, Աստված, դա իմ առաջին նամակն է Քեզ: Ես մի փոքր պատմեցի, թե ինչպիսի կյանք

եմ վարում այստեղ՝ հիվանդանոցում, ուր ինձ որպես բժշկությանը խոչընդոտ են դիտում: Հիմա

խնդրում եմ Քեզ, պարզություն բեր. կհաջողվի՞ ինձ առողջանալ: Պատասխանիր՝ այո կամ ոչ:

Կարծում եմ, դա այդքան բարդ չէ: Այո կամ ոչ: Որը պետք չէ՝ ջնջել:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ. Գ. Ես չունեմ Քո հասցեն, ինչպե՞ս ուղարկեմ Քեզ այս նամակը:

* * *

Սիրելի´ Աստված:

5

Բրավո´: Ի´նչ ուժեղ ես: Ես չհասցրեցի ուղարկել Քեզ նամակը, բայց արդեն պատասխանը

ստացա: Ինչպե՞ս է դա Քո մոտ ստացվում:

Այսօր առավոտյան, երբ ես սրահում շախմատ էի խաղում Էյնշտեյնի հետ, այնտեղ եկավ

Փոպկոռնը, որ զգուշացնի ինձ.

- Քո ծնողները այստեղ են:

- Իմ ծնողնե՞րը: Չի կարող պատահել: Նրանք գալիս են միայն կիրակի օրերը:

- Ես տեսել եմ իրենց մեքենան՝ կարմիր ջիպ սպիտակ վերնածածկով:

- Դա հնարավոր չէ:

Ուսերս թոթվելով՝ ես վերադարձա շախմատի տախտակին, բայց չէի կարողանում

կենտրոնանալ, Էյնշտեյնը թռցրեց իմ քարերը, և դա էլ ավելի ինձ նյարդայնացրեց: Նրան Էյնշտեյն

են ասում բոլորովին ոչ նրա համար, որ նա ուրիշներից խելացի է, ուղղակի նրա գլուխը երկու

անգամ մեծ է: Թվում է, այնտեղ, ներսում, ջուր է: Ափսոս, որ դա պատահեց հենց ուղեղի հետ, թե

չէ, Էյնշտեյնը այնպիսի գործեր կաներ…

Տեսնելով, որ գործը մոտենում է ավարտին, ես դադարեցրի խաղը և, ոտքերս քարշ տալով,

հետևեցի Փոպկոռնին հիվանդասենյակ, որի լուսամուտները նայում են ավտոկանգառին: Նա

ճիշտ էր. դա իրոք մերոնք էին եկել:

Պիտի ասեմ քեզ, Աստված, որ մեր տունը հեռու է այստեղից: Ես չէի հասկանում դա, երբ ապրում

էի այնտեղ, բայց հիմա, երբ ես այլևս այնտեղ չեմ ապրում, ինձ թվում է, որ դա, իրոք, հեռու է:

Բացի դրանից, ծնողներս կարող են տեսակցության գալ ինձ մոտ միայն շաբաթը մեկ՝ կիրակի

օրերին, քանի որ կիրակի օրերին նրանք չեն աշխատում, իսկ ես՝ առավել ևս:

- Դե, համոզվեցի՞ր, ով է ճիշտ, - ասաց Փոպկոռնը: - Ի՞նչ ինձ կտաս, որ քեզ զգուշացրեցի:

- Ես ունեմ ընկույզով շոկոլադ:

- Իսկ ելակ էլ չունե՞ս:

- Ոչ:

- Օ’ քեյ, այդ դեպքում շոկոլադն էլ կլինի:

Իհարկե, ես իրավունք չունեի կերակրելու Փոպկոռնին, նրան հիվանդանոց պառկեցրին հենց դրա

համար, որ նա նիհարի: Ինը տարեկանում՝ իննսունութ կիլո՝ մետր տաս մետր տասի չափերով:

Միակ բանը, որ նա կարող էր իր վրա ձգել, ամերիկյան գծավոր սվիտեր-պոլոն էր: Ընդսմին այդ

գծերից բոլորի մոտ ծովային հիվանդություն էր սկսվում: Անկեղծ ասած, ոչ ես, ոչ էլ իմ

ընկերներից որևէ մեկը չենք հավատում, որ նրան երբևէ կհաջողվի նիհարել. նա միշտ այնպիսի

սոված է ման գալիս, որ մենք սկսում ենք խղճալ իրեն և թաքուն տալիս ենք նրան չկերած

կտորները: Ի՞նչ է խեղճ շոկոլադե սալիկը, ճարպի այնպիսի զանգվածի համեմա´տ: Իհարկե,

գուցե մենք սխալ ենք, բայց նույնիսկ դայակները դադարեցին նրան լուծողական մոմիկներով

լցոնել:

Ես վերադարձա իմ սենյակը, մտածելով, որ ծնողներս ուր որ է կգան: Սկզբում, շնչակտուր

լինելով, ես չհասկացա, թե ինչքան ժամանակ է անցել, հետո հասկացա, որ իրենք արդեն քսան

անգամ կարող էին հասնել ինձ մոտ: Հանկարծակի գլխի ընկա, որտեղ կարող են իրենք լինել: Ես

սողոսկեցի միջանցք, ոչ ոք ինձ չնկատեց, իջա աստիճաններով, հետո կիսախավարի մեջ, ոտքերս

քարշ տալով, հասա բժիշկ Դյուսելդորֆի աշխատասենյակը: Իրո´ք: Նրանք այնտեղ էին: Դռան

հետևից լսվում էին իրենց ձայները: Ես ամբողջապես ուժասպառ եղա, այդ պատճառով ստիպված

մի քանի վայրկյան սպասեցի, մինչև սիրտս տեղն ընկնի, և ամեն ինչն այստեղ էլ կատարվեց: Ես

լսեցի այն, ինչ չպիտի լսեի: Մայրս հեկեկում էր, բժիշկ Դյուսելդորֆը կրկնում էր. «Մենք արդեն

ամեն ինչ փորձեցինք, հավատացեք, մենք արդեն ամեն ինչ փորձեցինք», և հայրս ընկած ձայնով

պատասխանում էր. «Ես դրանում համոզված եմ, բժիշկ, ես դրանում համոզված եմ»:

Ականջս կպցրած մետաղե դռան՝ ես սառեցի տեղում: Չգիտեմ, թե ինչն էր ավելի սառը՝ մետաղը,

թե ես ինքս:

Հետո բժիշկ Դյուսելդորֆն ասաց.

6

- Դուք ուզո՞ւմ եք տեսնել նրան:

- Ես, ուղղակի, չեմ համարձակվի, - պատասխանեց մայրս:

- Չի´ կարելի, որ նա տեսնի, թե ինչ վիճակում ենք մենք, - ավելացրեց հայրս:

Եվ այդժամ ես հասկացա, որ իմ ծնողները, ուղղակի, վախկոտ են: Չէ, ավելի վատ՝ վախկոտներ,

որոնք կարծում են, թե ե´ս էլ եմ վախկոտ:

Աշխատասենյակից տեղից շարժվող աթոռների աղմուկ լսվեց, ես հասկացա, որ նրանք հիմա

կհայտնվեն դռան շեմին, ու առաջի պատահած դռնով ներս ծլկվեցի: Այսպես ես հայտնվեցի

խորդանոցում, որտեղ տնտեսական իրեր էին պահում, այնտեղ, փակի տակ, ես անցկացրեցի

մնացած առավոտը, քանի որ, ինչպես Քեզ հայտնի է, այս պահարանիկները կարելի է բացել

միայն դրսից և ոչ ներսից: Երևի, մարդիկ վախենում են, որ գիշերը բոլոր այս հատակի փայտերը,

դույլերը և լաթերը կարող են փախչե´լ: Ամեն դեպքում, նստել այնտեղ, խավարում, բոլորովին

դժվար չէր, որովհետև ես չէի ուզում այլևս որևէ մեկին տեսնել, և բոլոր լսածներիցս հետո

ձեռքերս և ոտքերս ասես անզգայացել էին:

Մոտավորապես կեսօրին վերևի հարկում սաստիկ իրարանցում սկսվեց: Ես լսեցի ոտնաձայներ,

հիվանդանոցը շարքով հետախուզում էին: Հետո ամենուրեք սկսեցին բարձրաձայն կանչել իմ

անունը.

- Օ´սկար: Օ´սկար:

Հաճելի էր լսել, որ քեզ կանչում են և չպատասխանել: Ես ուզեցի աշխարհում բոլորին

հիմարացնել: Կարծեմ ես մի քիչ ննջեցի, հետո ճանաչեցի հավաքարար մադամ Ն’ դայի

կոշիկների քստքստոցը: Նա հրեց դեպի ներս դուռը, և այնժամ մենք իրականում երկուսս էլ

վախեցանք ու ամբողջ ուժով գոռալ սկսեցինք. նա՝ որովհետև չէր սպասում հանդիպել ինձ

այստեղ, իսկ ես՝ որովհետև մոռացա, որ նա այնքան սև է, բացի դրանից նա թույլիկ չէր բղավում:

Հետո սկսվեց խառնաշփոթը: Բոլորը վազեցին մեզ մոտ՝ բժիշկ Դյուսելդորֆը, ավագ բուժքույրը,

հերթապահ քույրերը, սպասարկող անձնակազմը: Ես սպասում էի, որ նրանք կփետեն

փետուրներս, բայց նրանք գրեթե պատրաստ էին աչքերը թացացնել, ու ես հասկացա, թե ինչպես

կարելի է օգտվել այս իրավիճակից.

- Ուզում եմ Ռոզա Տատիկին տեսնել:

- Բայց դու որտե՞ղ էիր, Օսկար: Ո՞նց ես քեզ զգում:

- Ուզում եմ Ռոզա Տատիկին տեսնել:

- Ինչպե՞ս ես հայտնվել այս խորդանոցում: Դու հետևո՞ւմ էիր որևէ մեկին: Դու ինչ-որ բան լսե՞լ

ես:

- Ուզում եմ Ռոզա Տատիկին տեսնել:

- Ջուր խմի:

- Ոչ: Ուզում եմ Ռոզա Տատիկին տեսնել:

- Գոնե մի կում արա…

- Ոչ: Ուզում եմ Ռոզա Տատիկին տեսնել:

Գրանիտ: Ժայռ: Բետոնե ամբարտակ: Նրանց բոլոր հարցումները որևէ արդյունք չտվեցին: Ես

ընդհանրապես չէի լսում, թե նրանք ինչ էին ինձ ասում: Ես ուզում էի տեսնել Ռոզա Տատիկին:

Բժիշկ Դյուսելդորֆը՝ սաստիկ դժգոհ նրանից, որ իր աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարող

ազդել իմ վրա, վերջապես տեղի տվեց.

- Գտե´ք այդ տիկնոջը:

Այդ ժամանակ ես համաձայնվեցի մի քիչ հանգստանալ և մի փոքր պառկեցի իմ սենյակում:

Երբ ես արթնացա Ռոզա Տատիկը այստեղ էր: Նա ժպտում էր.

- Բրավո, Օսկար, քո գրոհումը հաջողվեց: Դու մի լավ ծեծ տվեցիր դրանց: Բայց արդյունքում

հիմա նրանք նախանձում են ինձ:

- Թքած:

- Նրանք լավ մարդիկ են, Օսկար: Շատ լավն են:

7

- Իսկ ես թքած ունեմ դրա վրա:

- Ինչ-որ բա՞ն է պատահել:

- Բժիշկ Դյուսելդորֆը ասաց իմ ծնողներին, որ ես շուտով կմեռնեմ, իսկ նրանք, պոչը կծկելով,

թողեցին, փախան: Ատում եմ նրանց:

Ես մանրամասն պատմեցի նրան ամեն ինչ, ինչպես որ Քեզ՝ Աստված, այս նամակում:

- Մ-մ-մ, դա ինձ հիշեցրեց իմ մենամարտը Սարա Հոպ-ա-Դրմբոնի հետ Բեթյունում, ըմբիշի, որը

միշտ յուղով էր քսվում: Այս օձաձուկի պես ճկուն կրկեսամարզիկը համարյա մերկ էր

մենամարտում ու դրա հետ միասին յուղով էր քսվում և բռնելու ժամանակ անընդհատ ձեռքերիցդ

դուրս էր պրծնում: Նա բեմ էր դուրս գալիս միայն Բեթյունում և ամեն տարի գավաթ էր շահում

այնտեղ: Իսկ ես այնպես ուզո´ւմ էի ստանալ այդ բեթյունյան գավաթը:

- Եվ ի՞նչ արեցիք, Ռոզա Տատիկ:

- Մինչդեռ նա բեմ էր բարձրանում, ընկերներս ալյուր շաղ տվեցին նրա վրա: Յուղ գումարած

ալյուր՝ գերազանց թաթախանյութ է: Երկու դոփյուն, երեք շրխկոց, ու ես գորգ ուղարկեցի այս

Սարա Հոպ-ա-Դրմբոնին: Այս գոտեմարտից հետո նրան ոչ թե Բեմի Օձաձուկ էին կոչում, այլ

ալյուրաթաթախ Ձողաձուկ:

- Կներեք, Ռոզա Տատիկ, բայց ես այստեղ ոչ մի կապ չեմ տեսնում:

- Իսկ ես շատ լավ տեսնում եմ: Ելքը միշտ էլ գոյություն ունի, Օսկար, միշտ կարելի է ինչ-որ հնար

գտնել, նման այս ալյուրով պարկի ֆոկուսին: Գիտե՞ս ինչ, դու պիտի գրես Աստծուն: Նա

համենայնդեպս ավելի հզոր է, քան ես:

- Նույնիսկ բեմո՞ւմ:

- Այո: Նույնիսկ բեմահարթակում: Աստծո մոտ ամեն ինչ հաշվի է առնված: Փորձիր, փոքրիկս:

Ի՞նչն է քեզ ամենից շատ տանջում:

- Ատում եմ, ուղղակի ատո´ւմ եմ իմ ծնողներին:

- Այդ դեպքում, ինչքան կարող ես ավելի ուժեղ ատիր նրանց:

- Դուք ինձ այդպիսի բա՞ն եք ասում, Ռոզա Տատիկ:

- Այո: Ինչքան կարող ես ուժեղ ատիր իրենց: Դա ոսկորի պես կլինի: Իսկ երբ այն կրծես

վերջացնես, կտեսնես, որ չարժեր: Պատմիր այդ ամենը Աստծուն ուղղված քո նամակում, խնդրիր

Նրան, որ այցելի քեզ:

- Ի՞նչ է, Նա կարող է տեղաշարժվե՞լ:

- Կարող է: Ոչ հաճախակի: Ես կասեի հազվադեպ:

- Ինչո՞ւ: Նա ինձ նման հիվա՞նդ է:

Ռոզա Տատիկը հոգոց հանեց, երևում էր, նա չէր ուզում խոստովանել, որ Դու էլ, Աստված, Քեզ

այդքան էլ լավ չես զգում:

- Օսկար, մի՞թե ծնողներդ երբեք չեն ասել քեզ Աստծո մասին:

- Էհ, թողեք: Իմ ծնողները ոչինչ չեն հասկանում:

- Դե, հա: Բայց մի՞թե իրենք երբեք չեն խոսել քեզ հետ Աստծո մասին:

- Խոսել են: Միայն մեկ անգամ: Ասացին, որ իրենք չեն հավատում Նրան: Իրենք հավատում են

միայն Ձմեռ Պապին: Դուք չե´ք կարող ձեզ պատկերացնել: Մի անգամ ես վերադարձա դպրոցից և

ասացի նրանց, որ բավական է ինձ հիմարի տեղ դնել, որ ես, ինչպես և իմ բոլոր ընկերները,

գիտեմ, որ Ձմեռ Պապ չկա և չկար: Նրանք այնպիսի տեսք ունեին, ասես Լուսնից էին ընկել: Ես,

ուղղակի, կատաղած էի. չէ´, պիտի´ ինձ այդպիսի հիմար ցույց տայի դպրոցի բակում, և իրենք

իսկույն երդվեցին, որ ընդհանրապես չէին ուզում ինձ խաբել, որ անկեղծ հավատում էին Ձմեռ

Պապի գոյությանը: Նրանք շատ հիասթափվա´ծ էին, պատկերացնո՞ւմ եք, շատ հիասթափվա´ծ

էին, իմանալով, որ դա սուտ է: Ասում եմ ձեզ, Ռոզա Տատի´կ, դա անտանելի էր:

- Ուրեմն, նրանք չե՞ն հավատում Աստծուն:

- Ոչ:

- Եվ դա քեզ չհուզե՞ց:

8

- Եթե ինձ հետաքրքրեր, թե ինչ են մտածում իրենք, ես ժամանակ չէի ունենա մտածելու կարևոր

բաների մասին:

- Դու ճիշտ ես: Բայց այն փաստը, որ քո ծնողները, ինչպես դու ես ասում, ոչինչ չեն հասկանում…

- Այո´, ոչինչ չեն հասկանում, Ռոզա Տատիկ:

- Եվ այսպես, թող քո ծնողները սխալվում են և չեն հավատում Աստծուն, բայց ինչո՞ւ դու ինքդ

չհավատաս ու չխնդրես Նրան այցելել քեզ:

- Լավ: Բայց չէ՞ որ, դո՞ւք չեք ասել, որ նա գամված է անկողնուն:

- Ոչ: Բայց նա ունի մարդկանց այցելելու Իր յուրահատուկ ձևը: Նա կայցելի քեզ մտքերում:

Գիտակցությանդ մեջ:

Դա ինձ դուր եկավ: Դա ուժեղ էր: Ռոզա Տատիկը ավելացրեց.

- Այ կտեսնես, Նրա այցելությունները բարիք են բերում:

- Օ’քեյ: Ես կխոսեմ Նրա հետ դրա մասին: Իսկ հիմա, եթե ինձ ինչ-որ բան բարիք է բերում՝ դա ձեր

այցելություններն են:

Ռոզա Տատիկը ժպտաց և գրեթե շփոթված տեսքով կռացավ, որ համբուրի իմ թուշը: Բայց

չհամարձակվեց: Նա հայացքով թույլտվություն խնդրեց:

- Կարելի է: Գրկեք ինձ: Ես ոչ ոքի չեմ ասի: Որպեսզի չընկնի մենամարտիկի ձեր համբավը:

Նրա շուրթերը դիպան իմ այտին, ես զգացի ջերմություն և թեթևակի ծակծկոց, դիմափոշու ու

օճառի բույրը դիպավ իմ քթին:

- Ե՞րբ նորից կգաք ինձ մոտ:

- Ես իրավունք ունեմ գալու ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ:

- Դա անհնարի´ն է, Ռոզա Տատիկ: Սպասել երե´ք երկար օր:

- Կարգը այդպիսինն է:

- Ո՞վ հորինեց այդ կարգը:

- Բժիշկ Դյուսելդորֆը:

- Այս բժիշկ Դյուսելդորֆը հիմա ինքն է ինձանից վախենում: Հարցրեք նրանից թույլտվություն,

Ռոզա Տատիկ: Ես կատակ չեմ անում:

Նա անվստահորեն նայեց ինձ:

- Ես կատակ չեմ անում: Եթե դուք ամեն օր ինձ չայցելեք, ես չեմ գրելու Աստծուն:

- Լավ, ես կփորձեմ:

Ռոզա Տատիկը դուրս եկավ հիվանդասենյակից, ու ես լաց եղա:

Ես չէի գիտակցում մինչ այժմ, որ կարիք ունեմ օգնության: Չէի գիտակցում, ինչքան ծանր եմ

հիվանդ: Այն մտքից, որ ինձ, հնարավոր է, այլևս չի հաջողվի տեսնել Ռոզա Տատիկին, ես

հանկարծակի ամեն ինչ հասկացա, ու աչքերիցս այտերս այրող արցունքներ գլորվեցին:

Բարեբախտաբար, նա անմիջապես չվերադարձավ:

- Ամեն ինչ դասավորվեց, ես թույլտվություն ունեմ: Տասներկու օրվա ընթացքում ես կարող եմ

ամեն օր քեզ այցելել:

- Ինձ և ոչ ոքի բացի ի՞նձ:

- Քեզ և ոչ ոքի բացի քեզ, Օսկար: Տասներկու օր:

Այդ պահին ես արդեն չգիտեմ, թե ինչ ինձ հետ կատարվեց, բայց արցունքները նորից հոսեցին:

Թեպետ ես գիտեմ, որ տղաները չպիտի լաց լինեն, առավել ևս ես՝ իմ ձվանման գլխով՝ ոչ տղա, ոչ

աղջիկ, ավելի շուտ՝ Մարսի բնակիչ: Ոչինչ չես կարող անել, ուղղակի չկարողացա ինձ զսպել:

- Տասներկո՞ւ օր: Ամեն ինչ այդքան վատ է, հա՞, Ռոզա Տատիկ:

Ռոզա Տատիկը ազդվեց, նրա աչքերը նույնպես թացացան: Նա տատանվում էր: Նախկին

կրկեսամարզիկը թույլ չէր տալիս թուլանալու նախկին աղջկան: Զավեշտալի էր դիտել այդ

պայքարը, և ես մի քիչ շեղվեցի հարցի էությունից:

- Այսօր ի՞նչ օր է, Օսկար:

- Ի´նչ հարց: Տեսնո՞ւմ եք իմ օրացույցը: Այսօր դեկտեմբերի տասնինն է:

9

- Գիտե՞ս, Օսկար, մեր կողմերում կա մի լեգենդ նրա մասին, որ ավարտվող տարվա տասներկու

օրվա ընթացքում կարելի է կանխատեսել եղանակը հաջորդ տասներկու ամիսների համար:

Բավական է ամեն օր դիտել եղանակը, որպեսզի ստանաս ամբողջ տարվա մանրապատկերը:

Դեկտեմբերի տասնինը ներկայացնում է հունվարը, քսանը՝ փետրվարը, և այդպես շարունակ

մինչև դեկտեմբերի երեսունմեկը, որ կանխատեսում է հաջորդ դեկտեմբերը:

- Դա ճի՞շտ է:

- Դա լեգենդ է: Լեգենդ տասներկու կախարդական օրերի մասին: Ես ուզում եմ, որ մենք, դու ու ես,

խաղանք դա: Հատկապես դու: Այս օրվանից սկսած՝ նայիր քո յուրաքանչյուր օրվան այնպես,

որպես թե այն հավասար լինի տաս տարվան:

- Տաս տարվա՞ն:

- Այո: Մեկ օրը՝ դա տաս տարի է:

- Այդ դեպքում, տասներկու օր հետո ես կդառնամ հարյուր երեսո´ւն տարեկան:

- Այո: Հիմա դու հասկացա՞ր:

Ռոզա Տատիկը գրկեց ինձ ու գնաց:

Եվ այսպես, ես ծնվել եմ այսօր առավոտյան, ես դա մշուշոտ եմ հիշում, Աստված. կեսօրին ամեն

ինչ ավելի պարզ դարձավ. երբ դարձա հինգ տարեկան, գիտակցությունս տեղն եկավ, սակայն դա

ոչ այդքան լավ լուրեր բերեց. այսօր երեկոյան ես տասը տարեկան դարձա, դա բանականության

տարիք է: Օգտվեմ դրանից, որպեսզի մի բան քեզ խնդրեմ, Աստված. եթե կուզենաս ինձ ինչ-որ

բան հաղորդել, ինչպես այսօր, կեսօրին, խնդրում եմ, ամեն դեպքում, ավելի մեղմ դա արա:

Շնորհակալություն:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ. Գ. Խնդրում եմ Քեզ ևս մեկ բան: Գիտեմ, որ հենց նոր արդեն օգտագործեցի իմ իրավունքը, բայց,

ամեն դեպքում, ասեմ:

Ես համաձայն եմ կարճ հանդիպման: Երևակայության մեջ, և ոչ թե տեսանելի: Դա թույլ չէ: Ես

շատ կուզեի, որ Դու այցելես ինձ: Ես բաց եմ առավոտյան ութից մինչև երեկոյան ինը: Մնացած

ժամանակ ես քնած եմ: Երբեմն ես նույնիսկ ցերեկը կարող եմ մի քիչ ննջել, դեղերի պատճառով:

Եթե գտնես ինձ այդ վիճակում, արթնացրու առանց տատանվելու: Միայն պակասամի´տը կարող

է բաց թողնել այդպիսի րոպե:

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր ես ապրում եմ պատանեկության շրջան, ի միջի այլոց, ոչ միայնակ: Ա´յ քեզ պատմություն:

Դժվարությունների մի ամբողջ շարան ի հայտ եկավ ընկերներիս, ծնողներիս հետ, և այդ ամբողջը

աղջիկների պատճառով: Հիմա երեկո է, և ես այդքան էլ չեմ տխրում նրա համար, որ արդեն քսան

տարեկան եմ, որովհետև կարող եմ ինձ ասել. օֆֆ, ամենավատն անցել է: Ահա քեզ

շնորհակալությո´ւն, այդ հասունացման շրջանի համար: Մեկ անգամ դեռ կարելի է ապրել, բայց

նորի´ց՝ ո´չ մի դեպքում:

Աստված, ամենից առաջ ասեմ Քեզ, Դու չեկար: Ես այսօր գրեթե չեմ քնել տարիքային

խնդիրներիս պատճառով, ուրեմն չէի կարող բաց թողնել Քո գալուստը: Եվ հետո, ես արդեն ասել

եմ Քեզ` եթե ես ննջել եմ` արթնացրու ինձ:

Երբ ես արթնացա, Ռոզա Տատիկը արդեն այստեղ էր: Նախաճաշի ժամանակ նա պատմում էր

ինձ իր մենամարտերի մասին Թագավորական Բազկի հետ, որը սխտորով երեք կիլո հում միս էր

կլանում օրեկան` լցնելով դրա վրայից մի տակառիկ գարեջուր: Որպեսզի հաղթի նրան, Ռոզա

10

Տատիկը ստիպված էր հնարել նոր ռազմավարություն. հագնել հատուկ գլխանոց` աչքերի համար

արված անցքերով, նախապես թրջելով այն նարդոսով, և անվանվել Կարպենտերի Սարսափ:

Ինչպես նա ասում է, պայքարը պահանջում է, որ ուղեղում նույնպես լինեն մկաններ:

- Օսկար, ո՞վ է քեզ ամենաշատը դուր գալիս:

- Այստե՞ղ, հիվանդանոցում:

- Այո:

- Բեկոնը, Էյնշտեյնը, Փոպկոռնը:

- Իսկ աղջիկների՞ց:

Ես լռեցի: Չէի ուզում պատասխանել: Բայց Ռոզա Տատիկը սպասում էր, իսկ համաշխարհային

կարգի մարզիկի առջև երկար դերասանություն չես անի:

- Պեգի Բլուն:

Պեգի Բլուն երկնագույն մաշկով աղջիկ է: Նա պառկած է նախավերջի հիվանդասենյակում:

Գրեթե ոչինչ չի ասում, միայն ամոթխած ժպտում է, ասես մի փերի, որը պատահաբար հայտնվեց

հիվանդանոցում: Իր մոտ ինչ-որ բարդ հիվանդություն է՝ երկնագույն, ինչ-որ բան, կապված

արյան հետ, որ պիտի անցնի թոքերով, սակայն չի անցնում, ու մաշկը հանկարծակի կապտում է:

Նա սպասում է վիրահատությանը, որպեսզի վարդագույն մաշկ ունենա: Ափսոս, եթե դա տեղի

կունենա, ինձ թվում է, որ երկնագույնով Պեգի Բլուն նույնպես շատ գեղեցիկ է: Նրա շուրջը

այնքան լուսավոր լռություն է…Երբ մոտենում ես, կարծես թե եկեղեցու կամարի տակ հայտնվես:

- Իսկ դու ասե՞լ ես իրեն դրա մասին:

- Ես հո չեմ կարող առանց որևէ պատճառի «նկարվել» նրա առջև և հայտարարել. «Պեգի Բլու, ես

քեզ սիրում եմ»:

- Հենց այդպես: Ինչո՞ւ դու չարեցիր դա:

- Ես նույնիսկ տեղյակ չեմ, գիտի՞ նա, որ ես ընդհանրապես գոյություն ունեմ:

- Առավել ևս:

- Բայց դուք նայե´ք իմ գլխին: Միգուցե նա սիրո՞ւմ է այլմոլորակայիններին, բայց դրանում հենց

ես համոզված չեմ:

- Իսկ ինձ թվում է, որ դու շատ գեղեցիկ ես, Օսկար:

Ռոզա Տատիկի այս դիտողությունից հետո մեր զրույցը ընդհատվեց: Իհարկե, հաճելի է այդպիսի

բան լսել, բայց անհասկանալի է, ինչ սրան պատասխանես:

- Ռոզա Տատիկ, բայց ես ուզում եմ, որ ոչ միայն իմ արտաքինը նրան դուր գա:

- Լսի´ր, ի՞նչ ես զգում, երբ դու տեսնում ես նրան:

- Ես ցանկանում եմ պաշտպանել նրան ուրվականներից:

- Ինչպե՞ս: Ի՞նչ է այստեղ ուրվականնե՞ր են գալիս:

- Հա, այն էլ ամեն գիշեր: Նրանք մեզ արթնացնում են, էլ չգիտեմ ինչի համար: Դա ցավոտ է,

որովհետև նրանք ճմկթում են: Սկսում ես վախենալ, որովհետև նրանք չեն երևում: Եվ հետո ոչ մի

կերպ չես կարող քնել:

- Իսկ քո մոտ այս ուրվականները հաճախակի՞ են գալիս:

- Ոչ: Ես խորն եմ քնում: Բայց երբեմն գիշերներին ես լսում եմ, թե ինչպես է ճչում Պեգի Բլուն: Ես

այնպե´ս ուզում եմ պաշտպանել նրան:

- Ասա իրեն դրա մասին:

- Ես ոչ մի կերպ չեմ կարող դա անել, որովհետև գիշերը մենք հիվանդասենյակից դուրս գալու

իրավունք չունենք: Ռեժիմը այդպիսին է:

- Իսկ ուրվականները հետևո՞ւմ են ռեժիմին: Ոչ, իհարկե, ոչ: Ավելի խորագետ եղիր. եթե նրանք

լսեն, ինչպես ես ասելու Պեգի Բլուին, որ կպաշտպանես իրեն, ապա նրանք չեն համարձակվի

գիշերը հայտնվել:

- Հա-ա…

- Քանի՞ տարեկան ես, Օսկար:

11

- Չգիտեմ: Ժամը քանի՞սն է հիմա:

- Ժամը տասն է: Շուտով դու տասնհինգ տարեկան կդառնաս: Քեզ չի՞ թվում, որ արդեն

ժամանակն է համարձակվել ու արտահայտել քո զգացմունքները:

Ուղիղ տասն անց կես ես որոշում կայացրեցի և ուղղվեցի դեպի նրա հիվանդասենյակը: Դուռը

բաց էր:

- Բարև, Պեգի, ես՝ Օսկարն եմ:

Նա նստած էր իր մահճակալին, ճիշտ ինչպես Սպիտակաձյունիկը՝ արքայազնի սպասմամբ, այն

ժամանակ, երբ պարզամիտ թզուկները կարծում են, որ նա մահացել է: Սպիտակաձյունիկ՝

ինչպես այն ձյունապատ լուսանկարները, ուր ձյունը երկնագույն է, այլ ոչ թե սպիտակ:

Նա շրջվեց իմ կողմ, և այդ պահին ինքս ինձ հարց տվեցի. ո՞վ եմ ես թվում նրան՝ արքայազն, թե՞

թզուկ: Անձամբ ես թզուկին կդնեի` իմ ձվաձև գլխի պատճառով: Սակայն Պեգի Բլուն ոչինչ

չասաց: Ամենահրաշալին այն է, որ նա միշտ լուռ է, և այդ պատճառով ամեն ինչ խորհրդավոր է

մնում:

- Ես եկա ասելու քեզ, որ եթե ուզում ես, այս և հաջորդ բոլոր գիշերները ես կպահպանեմ քո

պալատի մուտքը, որպեսզի ուրվականները այստեղ չմտնեն:

Նա նայեց ինձ, թարթեց աչքերը, և ինձ մոտ դանդաղեցրած նկարահանման զգացում առաջացավ՝

օդն ավելի թափանցիկ ու թեթև դարձավ, լռությունն՝ ավելի լուռ, ես ասես ջրի վրայով էի քայլում,

և ամեն ինչ փոխվում էր, մինչդեռ մոտենում էի նրա մահճակալին՝ լուսավորված չգիտես

որտեղից ընկնող լույսով:

- Ա~յ Ձվագլո´ւխ, կանգնի´ր՝ Պեգիին ե´ս եմ պահպանելու:

Փոպկոռնը ձգվեց դռնանցքում, ավելի ճիշտ, փակեց իրենով այդ անցքը: Իմ մեջ դող ընկավ: Եթե

նա է պահպանելու, ապա հաստատ, ոչ մի ուրվական ներս չի սողոսկի:

Փոպկոռնը հայացքը գցեց Պեգիին.

- Այ, Պեգի´: Ի՞նչ է, մենք քեզ հետ ընկերնե՞ր չենք:

Պեգին հայացքը հառեց առաստաղին: Փոպկոռնը դա համաձայնության նշան համարեց և դուրս

քաշեց ինձ հիվանդասենյակից.

- Եթե քեզ ընկերուհի է պետք, վերցրու Սանդրինային: Պեգին արդեն զբաղված է:

- Ի՞նչ իրավունքով:

- Այն իրավունքով, որ ես հիվանդանոցում քեզանից շատ ավելի վաղուց եմ: Ձեռ չի՞ տալիս,

ուրեմն, կմենամարտենք:

- Իրականում դա ինձ շատ լավ ձեռ է տալիս:

Ես շատ հոգնած էի ինձ զգում, գնացի խաղասենյակ մի փոքր շունչ քաշելու: Իսկ Սանդրինան,

ասես գետնի տակից հայտնվեց, դեմս դուրս ելավ: Նրա մոտ լեյկեմիա է, ինչպես ինձ մոտ, բայց

նրան կարծես թե բուժումը ի օգուտ եղավ: Նրա մականունը Չինացի դրեցին, որովհետև նա սև

պարիկ է կրում: Ուղիղ փայլուն մազերը խոպոպի հետ միասին չինացու են նմանեցնում իրեն: Նա

նայեց ինձ ու ծամոնից փուչիկ փչեց:

- Ուզում ես, կարող ես համբուրել ինձ:

- Ինչի՞ համար: Քեզ ծամոնը բավական չէ՞:

- Դու նույնիսկ ընդունակ չես դրան, դմբլո: Համոզված եմ, դու կյանքում չես համբուրվել:

- Ե՞ս, հ-մմ: Ես արդեն տասնհինգ տարեկան եմ և կարող եմ քեզ հավաստիացնել, ես արդեն

հազար անգամ դա արել եմ:

- Դու տասնհի՞նգ տարեկան ես, - զարմացած հարցրեց նա: Ես նայեցի ժամացույցին.

- Այո: Արդեն տասնհինգ տարեկան եմ:

- Միշտ երազել եմ, որ ինձ տասնհինգտարեկանը համբուրի:

Եվ այդ ասելով՝ նա մի այնպիսի անհնարին ծամածռություն արեց, շրթունքները առաջ բերեց,

ինչպես ապակուն կպչող վանտուզ, ու ինձ տեղ հասավ, որ նա սպասում է համբույրի:

12

Շրջվում եմ ու տեսնում, որ այնտեղ ժողովուրդը արդեն հավաքվեց՝ «ներկայացում» նայելու:

Երևում է, ուրիշ ելք չկա: Ի՞նչ արած: Մոտենում են նրան, համբուրում: Նա մեջքիս ետևից

միացրեց ձեռքերը, դուրս չես պրծնի, և ընդհանրապես թաց է, ու հանկարծակի, առանց

զգուշացնելու այդ Սանդրինան հրամցնում է ինձ իր ծամոնը: Զարմանքից ես այն ամբողջությամբ

կուլ տվեցի ու կատաղեցի:

Հենց այս պահին ուսիս ինչ-որ մեկը իր ձեռքը դրեց: Իրավացի է, դժբախտությունն երբեք

միայնակ չի գալիս. եկան ծնողներս: Ես ընդհանրապես մոռացել էի, որ այսօր կիրակի է:

- Օսկար, ծանոթացրու մեզ ընկերուհուդ հետ:

- Նա իմ ընկերուհին չէ:

- Ամեն դեպքում, ծանոթացրու մեզ:

- Սանդրինա: Իմ ծնողներն են: Սանդրինա:

- Շատ հաճելի է ձեր հետ ծանոթանալ, - քաղցր ժպիտով երգեց Չինացին:

Այդ պահին ուզում էի խեղդել նրան:

- Օսկար, ուզո՞ւմ ես, որ Սանդրինան գա մեզ հետ քո պալատը:

- Ոչ: Սանդրինան կմնա այստեղ: Մահճակալին պառկելիս ես հոգնածություն զգացի և մի փոքր

ննջեցի: Ամեն դեպքում ես չէի ուզում նրանց հետ խոսել:

Երբ ես արթնացա, պարզվեց, որ իրենք մի բոլ նվերներ են ինձ բերել: Այն ժամանակից, երբ ես

ընկա այս հիվանդանոցը, ծնողներիս դժվար դարձավ ինձ հետ խոսել, այդ պատճառով նրանք

բերում են ինձ զանազան նվերներ, ու մենք փչացնում ենք օրը՝ խաղերի կանոններ և

օգտագործման եղանակներ կարդալով: Հայրս խիզախորեն հարձակվում է ցուցումներին, թեկուզ

դրանք թուրքերեն կամ ճապոներեն գրված լինեն, նրան չես վախեցնի, իրեն հաց մի տուր, միայն

թե սխեմա ուսումնասիրել թույլ տուր: Եթե պետք է կիրակի մեռցնել, դրանում մենք ուղղակի

աշխարհի չեմպիոններ ենք: Այսօր նա բերեց ինձ CD-նվագարկիչ: Այս պահին ես էլ չէի կարող

քմահաճություն անել, նույնիսկ եթե այդպիսի ցանկություն առաջանար:

- Իսկ երեկ դուք չէ՞իք եկել:

- Երե՞կ: Ինչո՞ւ ես հարցնում: Չգիտե՞ս, որ մենք միայն կիրակի օրերը կարող ենք գալ: Ինչո՞ւ

մտքովդ դա անցավ:

- Ինչ-որ մեկը տեսել է ձեր մեքենան ավտոկանգառում:

- Դե, իհարկե, ամբողջ աշխարհում միայն մեկ կարմիր ջիպ կա: Չէ´ որ, դրանք բոլորը մի դեմքի

են:

- Հա: Ի տարբերություն ծնողների: Ափսոս:

Դրանով ես ուղղակի տեղում գամեցի նրանց: Ես վերցրեցի նվագարկիչը ու հենց իրենց աչքերի

առջև երկու անգամ առանց դադարի լսեցի «Շելկունչիկի» սկավառակը: Նրանք ստիպված երկու

ժամ անցկացրեցին առանց որևէ բառ փոխանակելու: Տեղն է իրենց:

- Դուրդ գալի՞ս է:

- Ըհը: Ես քնել եմ ուզում:

Ծնողներս հասկացան, որ ժամանակն է գնալու: Նրանք իրենց տեղը չէին գտնում: Ես զգում էի, որ

նրանք ինձ ինչ-որ բան են ուզում ասել, սակայն բառեր չեն գտնում: Ես հաճույք էի զգում,

տեսնելով իրենց տառապանքը, հիմա իրենց հերթն է հասել: Հետո մայրս մոտեցավ, ամուր գրկեց

ինձ, շատ ամուր, ու ասաց դողացող ձայնով.

- Ես սիրում եմ քեզ, իմ փոքրիկ Օսկա´ր, ես այնպե~ս եմ քեզ սիրում:

Սկզբից ես ուզում էի դիմադրել, բայց վերջի պահին ետ չքաշվեցի, ես հիշեցի առաջվա

ժամանակները՝ իրենց պարզ գուրգուրանքներով, ժամանակներ, երբ «ես սիրում եմ քեզ, Օսկա´ր»

բացականչությունը բոլորովին խաղաղ էր հնչում:

Դրանից հետո ես ստիպված էի մի փոքր ննջել:

Ռոզա Տատիկը արթնացնելու չեմպիոնն է: Այն պահին, երբ ես բացում եմ աչքերս, նա միշտ

այստեղ է՝ ժպիտը դեմքին:

13

- Տեսա՞ր ծնողներիդ:

- Արդյունքը՝ զրո, ինչպես միշտ: Բայց իրենք նվիրեցին ինձ «Շելկունչիկի» ձայնագրությունը:

- «Շելկունչիկի» ձայնագրությո՞ւնը, հետաքրքիր է: Ես ունեի այդպիսի մականունով ընկերուհի:

Զարմանալի չեմպիոն: Իսկ Պեգի Բլուին դու տեսե՞լ ես:

- Մի հիշեցրեք նրա մասին: Նա Փոպկոռնի հարսնացուն է:

- Այդ մասին Պեգի՞ն է քեզ ասել:

- Ոչ, Փոպկոռնը:

- Հորինո´ւմ է:

- Չեմ կարծում: Ես համոզված եմ, նա շատ ավելին է դուր գալիս Պեգիին, քան ես: Նա ուժեղ է, իսկ

դա վստահություն է ներշնչում:

- Ասում եմ քեզ, հորինո´ւմ է: Ես մկնիկի տեսք ունեմ, բայց մրցասպարեզում ինձ հաջողվել էր

կետի կամ գետաձիի չափերով հակառակորդների հաղթել: Օրինակ, Սալորի Տապակային՝

իռլանդուհու, քաշը՝ հարյուր հիսուն կիլոգրամ, դա անոթի վիճակում, տրիկոյում, նախքան

«Գիննես» գարեջուրը, ուսերը՝ կոնքերիս պես, բիցեպսները՝ բուդի պես, կոնքերը՝ ընդհանրապես

չես գրկի: Ոչ մի գոտկատեղ՝ բռնելու տեղ չկա: Անհաղթելի´:

- Եվ ի՞նչ արեցիք:

- Եթե չես կարող գրկել, նշանակում է՝ դա կլոր է, ու պետք է գլորել: Ես վազացրեցի նրան մինչև

յոթերորդ քրտինքը, հետո չլեպ՝ ու շուռ տվեցի այդ Սալորի Տապակային: Հետո կարապիկ պետք

եկավ նրան բարձրացնելու համար: Դու, փոքրիկ Օսկար, թեթև ոսկորներ ունես, բիֆշտեքսներ

քիչ ես կերել, դա ճիշտ է, բայց հմայքն ամենևին կախված չէ ոսկորներից կամ մսից, այն գալիս է

սրտից: Իսկ այն ինչ գալիս է հենց սրտից, դու ավելցուկով ունես:

- Ե՞ս:

- Գնա Պեգի Բլուի մոտ և ասա նրան այն, ինչ քո սրտում է:

- Ես մի քիչ հոգնած եմ:

- Հոգնա՞ծ ես: Քանի՞ տարեկան դարձար այս պահին: Տասնո՞ւթ: Տասնութ տարեկանում

հոգնածություն չեն ճանաչում:

Ռոզա Տատիկը գիտի ինչ ասել. իսկույն էներգիադ շատանում է:

Արդեն մթնել էր, ու ամեն մի շշուկ, ամեն մի աղմուկ արձագանքում էին մթի մեջ, միջանցքի

լինոլիումը փայլփլում էր լուսնի լույսի տակ: Ես ներս մտա Պեգիի հիվանդասենյակը ու մեկնեցի

նրան իմ նվագարկիչը.

- Վերցրու: Լսիր «Ձյունափաթիլների վալսը»: Դա այնքան գեղեցի´կ է: Երբ լսում եմ այն, ես քո

մասին եմ մտածում:

Պեգին լսում էր «Ձյունափաթիլների վալսը»: Նա ժպտում էր, ասես այս երաժշտությունը, վաղեմի

ընկերուհու պես, ինչ-որ ուրախ, զվարճալի բան էր շշնջում նրա ականջին:

Նա մեկնեց ինձ նվագարկիչն ու ասաց.

- Գեղեցիկ է:

Դա իր ասած առաջին բառն էր: Զարմանալի է չէ՞:

- Պեգի Բլու, ուզում եմ ասել քեզ. ես չեմ ցանկանում, որ քեզ վիրահատեն: Դու այսպես էլ ես

գեղեցիկ: Քեզ սազում է երկնագույնը:

Ես նկատեցի, որ դա իր դուրն եկավ: Իհարկե, ես այդ նպատակով չասացի նրան այդ, բայց,

հաստատ, իր դուրն եկավ:

- Ես ուզում եմ, որ հենց դու, Օսկար, պահպանես ինձ ուրվականներից:

- Կարող ես վստահել ինձ, Պեգի:

Ես շատ հպարտ էի: Չէ՞ որ, վերջին հաշվով, ես էի հաղթել:

Պեգին ժպտաց ինձ:

- Ցտեսություն, Պեգի:

- Ցտեսություն, Օսկար:

14

Այսպիսի օր ես ապրեցի, Աստված: Ես հասկանում եմ, որ դեռահասության շրջանը այնքան էլ

հաճելի չէ: Այն դժվար է: Բայց, վերջին հաշվով, քսան տարեկանում հանդարտվում ես: Այնպես

որ, ես դիմում եմ Քեզ այսօրվա խնդրանքով. ես ցանկանում եմ, որ Պեգին ու ես ամուսնանանք:

Համոզված չեմ, որ դա հոգևոր խնդրանք է, կարո՞ղ ես Դու կատարել նման ցանկություն: Չեմ

ուզում շտապեցնել Քեզ, սակայն հիշեցնեմ, որ ինձ շատ քիչ ժամանակ մնաց: Եվ այսպես.

Օսկարի և Պեգի Բլուի հարսանիքը: Այո, թե՞ ոչ: Ինձ ձեռ կտար, եթե Դու կարողանայիր:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ. Գ. Եվ իսկապես, ո՞րն է Քո հասցեն:

* * *

Սիրելի´ Աստված:

Եղավ, ես ամուսնացած եմ: Այսօր մեզ մոտ դեկտեմբերի քսանմեկն է, շուտով ես երեսուն

տարեկան կդառնամ, և ես ամուսնացած եմ: Ինչ վերաբերում է երեխաներին, մենք Պեգիի հետ

որոշեցինք, որ հետո կերևա: Իրականում ինձ թվում է, որ նա դեռ պատրաստ չէ:

Այս գիշեր, մոտ ժամը մեկին, իմ ականջին հասավ Պեգիի հոգոցը: Ես վեր թռա մահճակալում.

ուրվականնե´րը: Պեգի Բլուին տանջում են ուրվականները, չէ´ որ ես խոստացել էի պաշտպանել

նրան: Նա կհասկանա, որ ես ստախոս եմ, և այլևս ոչ մի բառ ինձ հետ չի փոխանակի, ու ճիշտ

կանի:

Ես վեր կեցա ու գնացի այնտեղ, որտեղից ճչոցն էր լսվում: Հասնելով Պեգի Բլուի

հիվանդասենյակին՝ ես տեսա, որ նա նստած է մահճակալում ու զարմանքով ինձ է նայում: Երևի

ես էլ զարմացած տեսք ունեի, քանի որ Պեգի Բլուի բերանը փակ էր, բայց ճչոցները չէին

դադարում:

Այսպես ես հասա հաջորդ դռանը ու հասկացա, որ դա Բեկոնն է՝ գալարվելով մահճակալում,

այրվածքների պատճառով ճչում: Մի պահ խղճի խայթ զգացի, ես հիշեցի այն օրը, երբ չնկատեցի

հրդեհը. տանը հրդեհ բռնկվեց, բաժին հասավ և կատվին, և շանը, խորովվեցին նույնիսկ ոսկե

ձկնիկները, մտածում եմ, արդյունքում նրանք պիտի ուղղակի եփվեին: Ես պատկերացրեցի, թե

ինչ էին նրանք ստիպված ապրել և մտածեցի. «լինում է, ամեն ինչ ավելի վատ է վերջանում՝

հիշողություններ ու տանջահար այրվածքներ, ինչպես Բեկոնի մոտ՝ չնայած մաշկի

փոխպատվաստման ու զանազան քսուքների»:

Բեկոնը կուչ եկավ ու դադարեց ճչալ: Ես վերադարձա Պեգի Բլուի մոտ.

- Ուրեմն դա դո՞ւ չէիր հոգոց հանում, Պեգի: Իսկ ես միշտ կարծում էի, որ դու ես ճչում

գիշերներով:

- Իսկ ինձ թվում էր, որ դու ես:

Մենք էլ չանդրադարձանք նրան, ինչ տեղի էր ունեցել, կարծելով, որ իրականում մեզանից

յուրաքանչյուրս երկար ժամանակ մտածում էր մյուսի մասին:

Պեգի Բլուն էլ ավելի երկնագույն դարձավ, դա նշանակում էր, որ նա շատ հուզված է:

- Ի՞նչ ես անելու, Օսկար:

- Իսկ դո՞ւ, Պեգի:

Խելագարվել կարելի է, ինչքան մեր մեջ ընհանուր բան կա՝ միևնույն մտքեր, միևնույն հարցեր:

- Ուզո՞ւմ ես այստեղ քնել, իմ սենյակում:

- Օ’ քեյ:

Ես պառկեցի նրա մահճակալին: Մի փոքր նեղ էր, բայց մենք անցկացրեցինք հրաշալի գիշեր:

Կողք կողքի պառկելով՝ մենք քնում էինք, երազում էինք, պատմում էինք մեկս մյուսի իր կյանքի

մասին:

15

Երբ առավոտյան ավագ բուժքույր մադամ Գոմետը հայտնաբերեց մեզ, այստեղ, իրոք, սկսվեց

իսկական օպերա: Նա բղավում էր, գիշերային քույրը՝ նույնպես, նրանք ճչում էին երկու ձայնով՝

մեկ Պեգիի, մեկ իմ վերևը, դռները աղմուկով բացվում-փակվում էին, նրանք բոլորին վկա էին

կանչում, անվանում էին մեզ «դժբախտ փոքրիկներ», այն ժամանակ, երբ մենք շատ երջանիկ

էինք: Վերջապես Ռոզա Տատիկին հաջողվեց վերջ տալ այդ համերգին.

- Դուք հանգիստ կթողնե՞ք այս երեխաներին, թե՞ ոչ: Դուք ո՞ւմ եք ծառայում, հիվանդների՞ն, թե՞

կանոնակարգին: Իսկ հիմա լռե´ք: Այստեղ ձեր համար շուկա չէ´:

Առարկություններ չհաջորդեցին, ինչպես միշտ, երբ գործին միջամտում է Ռոզա Տատիկը: Նա

ուղեկցեց ինձ պալատ, և ես մի կարճ ժամանակ ընկղմվեցի քնի մեջ:

Երբ ես արթնացա, մենք կարողացանք ամեն ինչ քննարկել:

- Օսկար, ի՞նչ է պատահել:

- Ռոզա Տատիկ, ես շատ երջանիկ եմ: Այսօր Պեգին ու ես ամուսնացել ենք:

- Ամուսնացե՞լ եք:

- Այո: Եվ մենք քնել ենք մի մահճակալում, ինչպես հարսանիքից հետո:

- Ախ, այսպե՞ս:

- Դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել, ես…ժամը քանի՞սն է, ես արդեն քսան տարեկան եմ ու կառուցում

եմ իմ կյանքը այնպես, ինչպես հասկանում եմ:

- Դե, իհարկե:

- Գիտե՞ք, առաջ ես ամուսնության մասին երբեք չէի մտածում ու չէի երազում: Զարմանալի է չէ՞,

ինչպես է ամեն ինչ փոխվում:

- Օսկար, ես հիանում եմ քեզանով: Դու շատ առաջ գնացիր:

- Մենք միայն մեկ բան չարեցինք՝ շուրթերով չհամբյուրվեցինք, Պեգի Բլուն վախենում էր, որ

դրանից երեխաներ են լինում: Ի՞նչ եք կարծում դրա մասին:

- Մտածում եմ, որ նա ճիշտ է:

- Ի՞նչ: Եթե համբուրես շուրթերին, կարելի է երեխանե՞ր ունենալ: Այդ դեպքում իմ ու Չինացու

մոտ երեխաներ կլինեն:

- Հանգստացիր, Օսկար, դա քիչ հավանական է: Գրեթե անհավանական է:

Ռոզա Տատիկը կարծես թե համոզված էր իր խոսքերում, և դա ինձ մի փոքր հանգստացրեց:

Ես մի քիչ ննջեցի: Մենք Ռոզա Տատիկի հետ միասին ճաշեցինք, ու ես ինձ ավելի լավ զգացի:

- Խելագարվել կարելի է, ինչքան հոգնած էի ես առավոտյան:

- Դա նորմալ է, քսան-քսանհինգ տարեկանում սիրահարվում են, զբոսնում են, չեն քնում

գիշերներով, երեկույթներ են կազմակերպում և, ընդհանրապես, չեն խնայում ուժերը: Դրա

համար վճարել է պետք: Լսիր, գնանք տեսնենք Աստծուն:

- Ճի՞շտ է, որ դուք ունեք Նրա հասցեն:

- Մտածում եմ, մենք կգտնենք Նրան մատուռում:

Ռոզա Տատիկը հագցրեց ինձ, ինչպես Հյուսիսային բևեռ մեկնելու համար, գրկեց ուսերիցս և

ուղեկցեց ինձ մատուռ, որ հիվանդանոցի այգու խորքում է, սառած բացատներից հետո: Թեպետ

ինչո՞ւ եմ փորձում բացատրել Քեզ, որտեղ է դա, չէ որ դա Քո տեղն է:

Քո արձանը տեսնելով՝ ես քարացա, ես վերջապես տեսա, ինչ վիճակում ես. գրեթե

ընդհանրապես մերկ, հյուծված, այս խաչի վրա, ամեն տեղ վերքեր, ճակատին արյուն՝ փշերից,

գլուխը՝ ուժասպառ լինելուց կրծքին ընկած: Դա ստիպեց ինձ մտածել իմ մասին: Ներսումս բողոք

բարձրացավ: Եթե ես Աստված լինեի, ինչպես Դու, ես թույլ չէի տա, որ ինձ հետ այսպես վարվեն:

- Ռոզա Տատիկ, եթե լուրջ խոսենք. դուք ըմբշամարտով էիք զբաղվում, դուք մեծ չեմպիոն էիք,

դուք չե´ք կարող հավատալ դրան:

- Ինչո՞ւ, Օսկար: Մի՞թե դու ավելի շատ կվստահեիր Աստծուն, եթե կուլտուրիստ տեսնեիր՝ հսկա

մկաններով, փայլփլուն մաշկով, կարճ սանրվածքով, կոկետ լողազգեստով:

- Դե-ե…

16

- Մտածիր, Օսկար: Ո՞վ է քեզ ավելի մոտ. Աստված, որ ոչինչ չի ապրել, թե՞ չարչարվող

Աստվածը:

- Իհարկե, չարչարվողը: Բայց եթե ես Նա լինեի, եթե ես Աստված լինեի, եթե ես Նրա

հնարավորությունները ունենայի, կաշխատեի խուսափել չարչարանքներից:

- Ոչ ոք չի կարող խուսափել չարչարանքներից: Ոչ Աստված, ոչ դու: Ոչ քո ծնողները, ոչ ես:

- Լավ: Համաձայն եմ: Բայց ինչի՞ համար է չարչարանքը:

- Դու ճիշտ ես: Շատ կարևոր է հասկանալ, ինչի համար ես չարչարվում, և ինչի համար ես

մեռնում: Ուշադիր նայիր Նրա դեմքին: Լավ նայիր: Մի՞թե նա հուսահատ մարդու տեսք ունի:

- Ոչ:

- Եվ երկրորդը. չարչարանք կա, չարչարանք էլ կա: Պետք է տարբերել երկու տեսակ չարչարանք,

փոքրիկ Օսկար՝ ֆիզիկականը և հոգեկան տառապանքը: Ֆիզիկական չարչարանքը՝ փորձություն

է: Հոգեկանը՝ ընտրություն:

- Չեմ հասկանում:

- Եթե քո ոտքերին ու ձեռքերին մեխեր են գամում, դու ստիպված ես ցավ ապրել, ու դու

համբերում ես: Եվ ընդհակառակը, մահվան մասին մտածումը պարտադիր չէ, որ պիտի քեզ ցավ

պատճառի: Դու չգիտես, ինչ է մահը: Այսպիսով, դա կախված է քեզանից:

- Եվ դուք, դուք ինքներդ ճանաչո՞ւմ եք այնպիսի մարդկանց, ում ուրախացնում է մահվան մասին

մտածումը:

- Այո, ճանաչում եմ: Իմ մայրն էր այնպիսին: Մահվան մահճին նրա դեմքին ժպիտ երևաց, նա

սպասում էր, նա ցանկանում էր, որ իրեն բացվի այն, ինչ պիտի լիներ:

Ես այլևս չունեի փաստարկներ: Քանի որ ինձ հետաքրքրում էր շարունակությունը, ես թույլ

տվեցի ինձ մի փոքր խորհել լսածի մասին:

- Սակայն մարդկանցից շատերը չեն ուզում տեսնել աչքով տեսանելի բաներից այնկողմ, -

շարունակեց Ռոզա Տատիկը: Նրանք կառչում են իրենց արտաքին կեղևից, ինչպես ոջիլը

ճաղատից: Վերցնենք, օրինակ, Սալորի Տապական, իմ իռլանդացի հակառակորդուհուն, որ

անոթի, տրիկոյում կշռում էր հարյուր հիսուն կիլոգրամ, նախքան գարեջուր խմելը: Նա ինձ միշտ

ասում էր. «Կներես, բայց ես չեմ պատրաստվում մեռնել, չկա այդ բանի համար իմ

համաձայնությունը, ես այդ բանի համար չեմ ստորագրել»: Նա սխալվում էր: Չէ´ որ ոչ ոք չէր

հավաստիացնում իրեն, որ այս կյանքը հավերժ պիտի տևի, ո´չ ոք: Սակայն նա համառորեն

հավատում էր դրան, ընդվզում էր, հակառակվում էր հենց անխուսափելիորեն հեռանալու մասին

մտքին, կատաղում էր, դեպրեսիայի մեջ էր ընկել, նա նիհարեց, թողեց ըմբշամարտը, այդ

ժամանակ նա կշռում էր ընդամենը երեսունհինգ կիլո, կարելի է ասել ձկան կմախք էր դարձել և՝

կոտրվեց: Հասկանում ես, նա մահացավ, ինչպես բոլորն են մահանում, սակայն մահվան մասին

միտքը թունավորեց նրա կյանքը:

- Այսպես կյանքին վերաբերվելը անխելքությո՞ւն է, հա՞, Ռոզա Տատիկ:

- Այո: Եվ դա հազվադեպ պատահող երևույթ չէ: Դա բավականին հաճախ է հանդիպում

մարդկանց մոտ:

Այստեղ ես համաձայնվեցի, դրա հետ ես լիովին համամիտ էի:

- Մարդիկ սարսափում են մահից, որովհետև վախենում են անհայտությունից: Բայց չէ որ մենք

քրիստոնյա´ ենք: Օսկար, ես առաջարկում եմ քեզ ոչ թե վախենալ, այլ հավատալ: Նայիր խաչված

Աստծո դեմքին. Նա չարչարվում է, բայց հուսահատված չէ ու չի վախենում, որովհետև հավատ

ունի: Նա կրկնում է Ինքն Իրեն՝ ես ցավ եմ ապրում, բայց ես գիտեմ ինչի համար եմ դա անում, ու

դա չի կարող ինձ համար ցավ լինել, որովհետև սիրով եմ դա անում: Ահա սա´ է: Դրանում է

կայանում հավատի շնորհը: Հենց սա էի ուզում քեզ ցույց տալ:

- Օ’ քեյ: Ռոզա Տատիկ, եթե վախը ինձ համակի, ես կաշխատեմ արթնացնել իմ մեջ հավատը:

Նա գրկեց ինձ: Ասեմ, Քեզ, Աստված, ինձ շատ լավ էր եկեղեցում, Քո կողքին, որ այդքան

հաշտված ու խաղաղ ես:

17

Հիվանդասենյակ վերադառնալուց հետո ես երկար քնել եմ: Ես սկսեցի ավելի ու ավելի քնել, ասես

քաղց զգամ քնի հանդեպ: Արթնանալով՝ ես ասացի Ռոզա Տատիկին.

- Անկեղծ ասած՝ ես չեմ վախենում անհայտությունից: Ինձ տանջում է այն, որ պիտի կորցնեմ

նրանց, ում ճանաչում եմ:

- Ես համաձայն եմ քեզ հետ, Օսկար: Ի՞նչ կարծիքի ես, չկանչե՞նք Պեգի Բլուին մեզ հետ թեյելու:

Եվ Պեգի Բլուն մեզ հետ թեյ էր խմում, Ռոզա Տատիկը ու նա շատ լավ լեզու գտան իրար հետ,

մենք հաճույքով լսեցինք Ռոզա Տատիկի պատմությունը նրա և Ժիկլետ քույրերի մենամարտի

մասին, դա երեք քույր-եռվորյակներ են, որոնք փորձում էին մեկ մարդ ձևանալ: Ամեն մի

ռաունդից հետո քույրերից մեկը, մի բոլ ցատկոտելով ու հակառակորդուհուն ուժասպառ անելով,

դուրս էր թռչում խաղահրապարակից այն պատրվակով, որ պետքարանի կարիք ունի, սլանում

էր զուգարան, իսկ նրա քույրը, լինելով գերազանց մարզական վիճակում, վերադառնում էր

որպեսզի վերսկսի գոտեմարտը: Եվ այսպես շարունակ: Բոլորը հավատում էին, որ գոյություն

ունի միակ անխոնջ ցատկոտան Ժիկլետը: Ռոզա Տատիկին հաջողվեց բացահայտել այդ

խարդախությունը, նա փակեց երկու փոխարինողների զուգարանի խցիկներում, ու բանալին գցեց

պատուհանից. իսկ այն մեկի հետ, ով մնաց, նրան հաջողվեց մենամարտը ավարտին հասցնել:

Նենգավոր որոգայթներով լի բան է այս ըմբշամարտը, և սպորտը ընդհանրապես:

Հետո Ռոզա Տատիկը գնաց: Բուժքույրերը հետևում էին ինձ ու Պեգի Բլուին, որպես թե մենք

պայթուցիկ լինեինք, որ ահա-ահա կպայթեն: Վա´յ, չէ´ որ ես արդեն երեսուն տարեկան եմ: Պեգի

Բլուն երդվեց, որ այս գիշեր նա առաջին իսկ հնարավորության դեպքում կգա իմ սենյակ, ես էլ իմ

հերթին երդվեցի, որ չեմ համբուրի նրան:

Դա ճիշտ է, քիչ է միայն ունենալ երեխաներ, պետք է նաև ժամանակ ունենաս՝ նրանց մեծացնելու

համար:

Ահա ինչ ուզում էի ասել, Աստված: Չգիտեմ, ինչ այսօր խնդրեմ Քեզ, որովհետև դա հրաշալի օր

էր: Խնդրում եմ, արա այնպես, որ վաղը Պեգի Բլուի վիրահատությունը լավ անցնի: Այնպես չէ,

ինչպես իմը, Դու հասկանում ես, ինչ նկատի ունեմ:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ.Գ. Վիրահատությունները, երևի թե, չեն վերաբերվում հոգևորին: Այդ դեպքում այնպես արա, որ

ինչպիսին էլ լինի վիրահատության արդյունքը, Պեգի Բլուն ընդունի այն որպես բարին: Հույսս

Քեզ վրա է:

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր վիրահատել են Պեգիին: Ես անցկացրել եմ տասը սարսափելի տարի: Երեսունը պոչով՝ դա

ծանր է, դա հոգսերի ու պատասխանատվության տարիք է:

Ըստ էության, Պեգին ոչ մի կերպ չէր կարող գալ ինձ մոտ այս գիշեր, որովհետև մադամ

Դյուկրյուն՝ հերթապահ բուժքույրը, մնում էր պալատում, որպեսզի նախապատրաստի նրան

անզգայացման: Պեգիին պատգարակին դրեցին ժամը ութին: Սիրտս սեղմվեց այն տեսարանից,

թե ինչպես են իրեն տանում սայլակով, նա այնքան փոքր էր և նիհար, որ իրեն հազիվ կարելի էր

նշմարել զմրուխտե-կանաչ սավանների ներքո: Ռոզա Տատիկը բռնել էր իմ ձեռքը, որ ես

չհուզվեմ:

- Ռոզա Տատիկ, ինչո՞ւ քո Աստվածը թույլ է տալիս, որ մարդկանց հետ պատահի այնպիսի բան,

ինչպես Պեգիի ու ինձ հետ:

- Նա, բարեբախտաբար, ստեղծեց ձեզ, փոքրիկ Օսկար, որովհետև առանց ձեզ կյանքը այդքան

հրաշալի չէր լինի:

18

- Ոչ: Դուք չեք հասկանում: Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մարդիկ հիվանդանան: Նա չա՞ր է:

Կամ պարզապես Նա բավականաչափ կարողությո՞ւն չունի:

- Օսկար, հիվանդությունը՝ ինչպես մահն է: Դա՝ այն ինչ տրված է: Դա պատիժ չէ:

- Ամենևին պա´րզ է, որ դուք ոչնչով հիվանդ չեք:

- Դու ի´նչ գիտես այդ մասին, Օսկար:

Այստեղ ես բերանս փակեցի: Ես չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ Ռոզա Տատիկը, որ միշտ

այնքան ուշադիր է, պատրաստ օգնելու, կարող է իր սեփական խնդիրները ունենալ:

- Ռոզա Տատիկ, պետք չէ ինձանից թաքցնել գործերի վիճակը, դուք կարող եք վստահել ինձ: Ես

առնվազն երեսուներկու տարեկան եմ, ինձ մոտ քաղցկեղ է, կինս վիրահատության է, այնպես որ

ես գիտեմ, ինչ է կյանքը:

- Ես քեզ սիրում եմ, Օսկար:

- Իսկ ես՝ ձեզ: Բայց եթե ձեզ մոտ ինչ-որ բան այնպես չէ, կարո՞ղ եմ ես մի բան անել ձեր համար:

Ուզո՞ւմ եք, ես որդեգրեմ ձեզ:

- Որդեգրե՞ս ինձ:

- Դե, հա, ես արդեն որդեգրել եմ Բեռնարին, երբ նկատեցի, որ նա հիվանդացել է:

- Ո՞ր Բեռնարին:

- Իմ արջուկին: Այնտեղ: Պահարանում: Դարակում: Դա իմ հին արջուկն է, նա արդեն չունի ոչ

աչքեր, ոչ բերան, ոչ քիթ, խծուծը կիսով չափ դուրս է թափվել, ու ամեն տեղ փոքրիկ ծալքեր են

հավաքվել: Նա մի քիչ ձեզ է նման: Ես որդեգրեցի նրան այն երեկո, երբ իմ ծնողները բերեցին ինձ

նո´ր արջուկ: Նրանք մտածում էին, որ դա ինձ բերկրանք կպատճառի: Միգուցե իրենք

կուզենային ինձ է՞լ փոխարինել ինչ-որ փոքր եղբայրիկով, մինչդեռ ես այնտեղ չեմ: Հենց այդ

օրվանից ես որդեգրեցի իմ արջուկին: Ես կկտակեմ Բեռնարին այն ամենը, ինչ ունեմ: Ես կարող

եմ ձեզ էլ, եթե ցանկանում եք, որդեգրել, եթե դա ձեզ կքաջալերի:

- Այո, շատ եմ ուզում: Ինձ թվում է, Օսկար, որ դա ինձ իրոք կքաջալերի:

- Ձեռքդ տո´ւր, Ռոզա Տատիկ:

Հետո մենք գնացինք նախապատրաստելու Պեգիի հիվանդասենյակը նրա վերադարձին`

շարեցինք շոկոլադները, ծաղիկներ դրեցինք:

Հետո ես քնեցի: Խելագարվել կարելի է, ինչքան եմ ես հիմա քնում:

Իրիկնամուտին Ռոզա Տատիկը արթնացրեց ինձ, ասելով, որ Պեգի Բլուն արդեն վերադարձավ, ու

վիրահատությունը հաջող է անցել:

Մենք միասին գնացինք տեսնելու նրան: Սնարքի մոտ նստած էին իր ծնողները: Չգիտեմ, ով

իրենց նախազգուշացրեց, ինքը Պեգին, թե Ռոզա Տատիկը, սակայն նրանք այնպես էին իրենց

պահում, որպես թե իմանային, ով եմ ես, իմ նկատմամբ հարգանքով վերաբերվեցին,

նստացրեցին իրենց միջև, և ես կարող էի նայել կնոջս աներիս և զոքանչիս հետ միասին:

Ես գոհ էի, որ Պեգին առաջվա նման երկնագույն էր: Եկավ բժիշկ Դյուսելդորֆը, ունքերը կիտեց ու

ասաց, որ մոտակա ժամերին ամեն ինչ պիտի փոխվի: Ես նայեցի Պեգիի մորը, նա թեև

երկնագույն չէր, բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ էր, ու ես որոշեցի իմ մեջ, որ այն ամենից

հետո, ինչ-որ պատահեց մեզ հետ, իմ կինը` Պեգին, կարող է ցանկացած գույնի լինել, ինչպիսին

որ կկամենա, ես, միևնույնն է, սիրելու եմ նրան:

Պեգին բացեց աչքերը, ժպտաց մեզ, ինձ, ծնողներին և նորից քնեց:

Նրա ծնողները քաջալերվեցին, սակայն իրենց գնալու ժամն էր:

- Վստահում ենք քեզ մեր աղջկան, - ասացին նրանք ինձ: - Մենք գիտենք, որ քո վրա կարելի է

հույս դնել:

Մենք Ռոզա Տատիկի հետ սպասեցինք, մինչ Պեգին նորից բացի աչքերը, ու հետո ես գնացի

հիվանդասենյակս` հանգստանալու:

Ավարտելով նամակը` ես հասկացա, որ այսօր, վերջապես, լավ օր էր: Ընտանեկան: Ես

որդեգրեցի Ռոզա Տատիկին, մենք աներիս ու զոքանչիս հետ համակրանքով համակվեցինք

19

միմյանց հանդեպ, կինս կրկին քաջառողջ է, թեպետ մոտ ժամը տասնմեկին նա վարդագույն գույն

ընդունեց:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ.Գ. Այսօր ոչ մի ցանկություն: Չէ որ, Դու էլ պիտի հանգստանաս:

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր ես ապրեցի քառասունից-հիսուն տարեկան շրջանը ու շատ հիմարություններ արեցի:

Կպատմեմ հակիրճ, որովհետև դա ուշադրությանը արժան չէ: Պեգի Բլուն իրեն լավ է զգում, բայց

Չինացին, որին ուղարկեց Փոպկոռնը, որ հիմա ինձ տանել չի կարող, չարախոսեց Պեգիին, որ ես,

իբր, համբուրել եմ նրան շուրթերին:

Եվ դրա համար Պեգին ասաց ինձ, որ մեր միջև անեն ինչ վերջացած է: Ես բողոքում էի, ասում էի

նրան, որ Չինացու հետ` դա երիտասարդության սխալ էր, որ դա իրենից շատ ավելի վաղ էր, ու

մի՞թե նա ստիպելու է ինձ ամբողջ կյանք անցած սխալների հաշիվը փակել:

Բայց Պեգին չզիջեց: Որպեսզի ջղայնացնի ինձ, նա նույնիսկ ընկերացավ Չինացու հետ, ես լսում

էի, ինչպես են նրանք ուրախ-ուրախ ծիծաղում:

Այդ պատճառով, երբ տրիսոմիայով հիվանդ Բրիժիտը (*Տրիսոմիան գենետիկ հիվանդություն է`

պայմանավորված քրոմոսոմների կազմում ավել քրոմոսոմի առկայությամբ), որը միշտ կպչում է

բոլորին անխտիր, այդպիսի հիվանդները սարսափելի կպչուն են, եկավ իմ հիվանդասենյակ, որ

բարևի ինձ, ես թույլ տվեցի նրան համբուրել ինձ: Նա քիչ էր մնում խելագարվեր ուրախությունից,

որ ես այդ նրան թույլ տվեցի: Ասես շուն, որ ուրախանում է, որ վերջապես հայտնվեց տերը:

Ամենավատն այն էր, որ Էյնշտեյնը միջանցքում էր: Միգուցե և նրա ուղեղում ջուր է, բայց նա հո

կո՞ւյր չէ: Նա ամեն ինչ տեսել էր և իսկույն վազեց զեկուցելու Պեգիին ու Չինացուն: Հիմա ամբողջ

հարկը ինձ լկտի է համարում, այդ պատճառով քիթս սենյակից դուրս չեմ հանում:

- Ռոզա Տատիկ, ես ուղղակի չեմ հասկանում, ինչպես դա ինձ մոտ ստացվեց Բրիժիտի հետ...

- Օսկար, այդ ամենը միջին տարիքի դիվական խաղերն են: Քառասունից հիսուն տարեկան բոլոր

տղամարդիկ այդպիսինն են: Քո մեջ խոսեց վիրավորանքը, հուսահատությունը:

- Լավ, համաձայն եմ, ես լկտի չեմ, ես նորմալ եմ, բայց, միևնույնն է, ես հիմար եմ, հա՞:

- Հա: Հանգստացիր, դու բոլորովին նորմալ ես:

- Եվ ի՞նչ պիտի ես անեմ հիմա:

- Ո՞ւմ ես դու սիրում:

- Պեգիին: Եվ ոչ ոքի, բացի Պեգիից:

- Ուրեմն ասա նրան դա: Ամուսնությունը հեշտ բան չէ, բայց պիտի հաղթահարես ինքդ քեզ,

որպեսզի պահպանես այն, ընտանիքդ:

Աստված, վաղը Սուրբ Ծնունդն է: Ես երբեք չէի հասկանում, որ դա Քո ծննդյան օրն է: Խնդրում

եմ, արա այնպես, որ մենք Պեգիի հետ բարիշենք: Չգիտեմ, դրանից է, թե ոչ, բայց այսօր երեկոյան

ես շատ տխուր եմ, ու արիությունը ամբողջովին ինձ լքեց:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ.Գ. Հիմա, երբ մենք ընկերացանք, ասա, ի՞նչ նվիրեմ Քեզ ծնունդիդ:

20

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր առավոտյան ժամը ութին ես ասացի Պեգիին, որ սիրում եմ նրան, որ սիրել եմ միայն իրեն

և չեմ պատկերացնում իմ կյանքը առանց նրա: Նա լաց եղավ ու խոստովանեց, որ ես իրեն ուժեղ

ցավ պատճառեցի, որովհետև նա նույնպես ոչ ոքի չի սիրել, և բացի ինձանից ուրիշ ոչ ոք չի

կարող լինել նրա կողքին, առավել ևս հիմա, երբ նա վարդագույն գույնի դարձավ:

Եվ ահա ինչն էր հետաքրքիր. մենք երկուսս էլ հուզվեցինք ու արտասվեցինք, բայց դա շատ

հաճելի էր: Տարօրինակ բան է այդ ընտանեկան կյանքը: Հատկապես հիսունից հետո, երբ

փորձությունները արդեն ետևում են:

Ուղիղ ժամը տասին ես հասկացա, որ այսօր իրոք Սուրբ Ծնունդն է, ու ինձ հնարավոր չի լինի

մնալ Պեգիի հետ, որովհետև նրա բոլոր բարեկամները` եղբայրները, քեռիները, զարմիկները,

կուզենները ուր որ է կհայտնվեն նրա պալատում, իսկ ես պիտի դիմանամ ծնողներիս

այցելությանը: Ի՞նչ են իրենք այս անգամ պատրաստվում նվիրել ինձ: Տասնութ հազար մասից

գլուխկոտրո՞ւկ: Քրդերեն լեզվով գրքե՞ր: Օգտագործման ձեռնարկներով լցված լիքը տո՞ւփ: Իմ

լուսանկա՞րը, նկարահանված այն ժամանակ, երբ ես դեռ առողջ էի: Չգիտեմ էլ ինչ սպասեմ...Մի

խոսքով, կարելի է միայն մեկ բանում վստահ լինել` ինձ տխուր օր է սպասում:

Ակնթարթորեն որոշում կայացնելով` ես կազմակերպեցի փախուստը: Փոքրիկ փոխանակում. իմ

խաղալիքները` Էյնշտեյնին, ծածկոցը` Բեկոնին, իսկ կոնֆետները` Փոպկոռնին: Փոքրիկ

դիտարկում. Ռոզա Տատիկը գնալուց առաջ միշտ մտնում է հանդերձարան: Փոքրիկ

ենթադրություն. ծնողներս գալու են կեսօրից ոչ շուտ: Ամեն ինչ գերազանց ստացվեց. տասնմեկ

անց կես Ռոզա Տատիկը համբուրեց ինձ, մաղթելով լավ անցկացնել Տոնը ծնողներիս հետ, ու

դուրս եկավ հանդերձարան: Ես շվացրեցի: Փոպկոռնը, Էյնշտեյնը և Բեկոնը օգնեցին ինձ արագ

հագնվել, պահում էին ինձ ձեռքերից, մինչև մենք չիջանք աստիճաններով: Նրանք տարան ինձ

ուղիղ Ռոզա Տատիկի դռդռիկի մոտ (նրա մեքենան հաստատ նախնադարում են կառուցել):

Փոպկոռնը, որ վարպետացել է ցանկացած կողպեք բացելու մեջ, քանի որ մեծացել է ոչ

ամենաբարեկեցիկ թաղամասերում, ագռավուկի օգնությամբ բացեց ետևի դուռը, և իրենք

զետեղեցին ինձ հատակին` առջևի ու ետևի նստարանների միջև: Հետո նրանք` որևէ մեկի

կողմից չնկատված, վերադարձան հիվանդանոց:

Ռոզա Տատիկը որոշ ժամանակ անց նստեց իր մեքենան, շարժիչը մի տաս-տասնհինգ անգամ

դխկդխկաց մինչ աշխատելը, ու ավտոմոբիլը դժոխային դղրդյունով շարժվեց: Այս

նախնադարյան մեքենաները` պարզապես հանճարեղ բաներ են: Մի այնպիսի աղմուկ-աղաղակ

է բարձրանում, ասես տոնավաճառի օրը խորդուբորդ ճանապարհով ես սլանում:

Խնդիրը կայանում էր նրանում, որ Ռոզա Տատիկը, պիտի որ, սովորեր վարել իր կասկադյոր

ընկերոջից. նա, մեղմ ասած, ուշադրություն չէր դարձնում ամեն մի լուսաֆորի, մայթեզրի ու

տրանսպորտային հանգուցալույծի, դրա հետ մեկտեղ մեքենային ժամանակ առ ժամանակ ասես

մի ուժ վեր էր թռցնում: Մեքենայի խցիկը սաստիկ թափահարվում էր, իսկ Ռոզա Տատիկը ուժգին

ազդանշան էր տալիս: Ի միջի այլոց, իմ բառապաշարը հույժ հարստացավ, այնպես սիրով էր նա

արտահայտվում ամեն մի խանգարողի հասցեին, որ ճամփին էր պատահում, ես որերորդ անգամ

մտածեցի, որ մրցասպարեզում պայքարը` կյանքի հիանալի դպրոց է:

Ես պատրաստվում էի, երբ մենք տեղ հասնենք, դուրս թռչել, բացականչելով՝ «Ռոզա´ Տատիկ,

ծի´կ», բայց խոչընդոտներով այս երթևեկությունը այնքան երկար տևեց, որ քունն ինձ հաղթեց:

Երբ ես արթնացա, շուրջս առաջվա պես մութ ու լռություն էր, ես հայտնաբերեցի, որ մեքենայում

ոչ ոք չկա, իսկ իմ տակը թաց գորգիկ է: Այս պահին ես առաջի անգամ մտածեցի, որ, երևի թե, ես

հիմարություն արեցի: Ես դուրս եկա մեքենայից, ձյուն էր թափվում: Սակայն դա բոլորովին

այնպես հաճելի չէր, ինչպես «Շելկունչիկի» «Ձյունափաթիլների վալսում»: Ես դողում էի ցրտից:

21

Ես հայտնվեցի մեծ լուսավորված տան առջև: Մեկ քայլ առաջ արեցի: Ինձ բավականին վատ էի

զգում: Մի կերպ ցատկելով՝ դռան զանգը սեղմեցի ու վայր ընկա հյուսած գորգիկին: Հենց այնտեղ

էլ ինձ գտավ Ռոզա Տատիկը:

- Բայց…բայց, - նա փորձում էր ինչ-որ բան ասել: Հետո կռացավ ինձ մոտ ու շշնջաց. – Սիրելի~ս:

Եվ այդ պահին ես մտածել եմ, որ, միգուցե, այդքան էլ հիմարություն չէր իմ արածը:

Հյուրասենյակում, որտեղ նա բերեց ինձ, կանգնեցրած էր հսկա, աչքերը շլացնող զարդարված

տոնածառ: Ես զարմացա, ինչքան լա´վ է նրա տանը: Ռոզա Տատիկը տաքացրեց ինձ կրակի մոտ,

ու մենք ամեն մեկս մի մեծ բաժակ շոկոլադ խմեցինք: Միգուցե, իհարկե, նա ուզում էր սկզբից

համոզվել, որ ես ինձ ավելի լավ եմ զգում, նախքան զայրանար ինձ վրա: Սակայն դրա շնորհիվ ես

հասցրեցի ուշքի գալ, դա այդքան էլ դյուրին չէր, որովհետև այդ պահին ինձ սաստիկ

հոգնածություն պատեց:

- Օսկար, հիվանդանոցում բոլորը քեզ են փնտրում: Այնտեղ այնպիսի խառնաշփոթ է: Քո

ծնողները ուղղակի հուսահատված են: Նրանք արդեն հայտնել են ոստիկանություն:

- Դա ինձ չի զարմացնում: Իրենք ունակ են հավատալու, որ ես կկարողանամ նրանց սիրել,

բավական է ձեռնաշղթաներ ինձ հագցնել:

- Ինչո՞ւմ ես դու մեղադրում նրանց:

- Իրենք վախենում են ինձանից: Չեն համարձակվում խոսել ինձ հետ: Ու ինչքան շատ են իրենք

երկյուղում, այդքան ավելի հրեշավոր եմ ես ինքս ինձ թվում: Ինչո՞ւ: Մի՞թե ես սարսափ եմ նրանց

վրա ազդում: Մի՞թե ես այդքան այլանդակ եմ: Ի՞նչ է, ես տխմար դարձա, ու ինքս դա չնկատեցի՞:

- Օսկար, իրենք քեզանից չեն վախենում: Նրանք վախենում են քո հիվանդությունից:

- Իմ հիվանդությունը՝ իմ մի մասն է: Պետք չէ, որ իրենք փոխեն իրենց վարվելակերպը այն

պատճառով, որ ես հիվանդ եմ: Մի՞թե նրանք կարող են սիրել ինձ, միայն երբ ես առողջ եմ:

- Իրենք սիրում են քեզ, Օսկար: Նրանք ինձ այսպես ասացին:

- Դուք խոսե՞լ եք նրանց հետ:

- Այո: Նրանք նախանձում էին դրան, որ մենք իրար հետ այդքան լավ ենք լեզու գտնում: Ոչ, չէին

նախանձում, ուղղակի տխուր էին: Տխրում էին, որ իրենց մոտ այդպես չի ստացվում:

Ես ուսերս թոթվեցի, բայց բարկությունս արդեն մի փոքր հանդարտվեց: Ռոզա Տատիկը բերեց ինձ

տաք շոկոլադով երկրորդ բաժակը:

- Հասկանում ես, Օսկար, իհարկե, մի օր դու կմահանաս: Բայց չէ՞ որ, քո ծնողները, նրանք ևս

մահանալու են:

Ինձ զարմացրեցին այս խոսքերը: Երբեք չէի մտածել դրա մասին:

- Այո: Նրանք էլ կմահանան: Լրիվ միայնակ: Դաժանորեն մեղադրելով իրենց, որ չկարողացան

հաշտվել իրենց միակ զավակի, սիրելի Օսկարի հետ:

- Մի ասացեք այդպես, Ռոզա Տատիկ: Դա ինձ տրտմություն է բերում:

- Օսկար, մտածիր նրանց մասին: Այո, դու պիտի մահանաս: Դու շատ խելացի ես ու հասկանում

ես դա: Բայց դու չհասկացար, որ միայն դու չէ, որ մահանալու ես: Բոլորն են մահանալու: Քո

ծնողները մի օր՝ նույնպես: Եվ ես՝ նույնպես:

- Այո: Բայց, վերջին հաշվով, ես ձեզանից շուտ եմ գնալու:

- Դա այդպես է: Դու ավելի շուտ ես գնալու: Բայց դրա հետ մեկտեղ, մի՞թե դու ինչ ասես անելու

իրավունք ունես, այն պատճառով, որ ավելի շուտ կգնաս: Ուրիշների մասին մոռանալու

իրավո՞ւնք:

- Ես հասկացա, Ռոզա Տատիկ: Զանգեք նրանց:

Ահա այսպես, Աստված, շարունակությունը ես Քեզ հակիրճ կպատմեմ, թե չէ, ձեռքս արդեն

հոգնեց գրելուց:

Ռոզա Տատիկը զանգեց հիվանդանոց, այնտեղից զգուշացրեցին ծնողներիս, նրանք եկան Ռոզա

Տատիկի տուն, ու մենք բոլորս միասին նշեցինք Սուրբ Ծնունդը: Երբ ծնողներս եկան, ես ասացի

նրանց.

22

- Ներեցեք, ես մոռացել էի, որ դուք էլ մի օր պիտի մահանաք:

Չգիտեմ, գուցե այդ խոսքերը օգնեցին նրանց ազատվելու կաշկանդվածությունից, սակայն

դրանից հետո իրենք առաջվա պես դարձան, ու մենք հոյակապ անցկացրեցինք սուրբծննդյան

երեկոն:

Հետո Ռոզա Տատիկը ուզեց դիտել հեռուստացույցով կեսգիշերային սուրբծննդյան Պատարագը ու

կետչի մրցախաղի տեսագրությունը: Նա ասաց, որ տարեցտարի, թարմանալու համար, նա

սուրբծննդյան պատարագից առաջ կազմակերպում է իր համար մենամարտերի դիտում, ու դա

նրան հաճույք է պատճառում: Մենք նայեցինք իր պատրաստած տեսաերիզը: Դա հրաշալի էր:

Մեֆի´ստան ընդդեմ Ժաննա դ’Արկի: Հորս, կարծես թե, կետչը շատ դուր եկավ: Նա նույնիսկ

կարմրեց ապրումներից: Դժվար է պատկերացնել, թե ծնոտին քանի ուժեղ հարվածներով նրանք

փոխանակվեցին: Ես, երևի, հարյուր անգամ կմեռնեի այդպիսի մենամարտում: «Դա կախված է

պատրաստվածությունից», - ասաց Ռոզա Տատիկը, - «ինչքան շատ հարվածներ ես ստանում

ծնոտին, այդքան ավելի հեշտ է դրանք տանել: Միշտ պետք է հույսը պահպանել»: Եվ իրոք,

հաղթեց Ժաննա դ’Արկը, թեպետ իրականում սկզբից դրան դժվար էր հավատալ: Մի խոսքով, դա

Քեզ դուր կգար:

Ի դեպ, Ծնունդդ շնորհավոր, Աստված: Ռոզա Տատիկը, պառկացնելով ինձ իր ավագ որդու

մահճակալին, նա անասնաբույժ է աշխատում Կոնգոյում, բուժում է փղերին, հավաստիացրեց

ինձ, որ իմ հաշտությունը ծնողներիս հետ կարող է լավ նվեր լինել Քո ծնունդիդ: Անկեղծ ասած,

ես կարծում եմ, թե դա ի՞նչ նվեր է որ, բայց եթե Ռոզա Տատիկը, Քո հին ընկերուհին այդպես է

մտածում...

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ.Գ. Քիչ մնաց մոռանայի խնդրանքիս մասին. թող իմ ծնողները միշտ այնպիսին լինեն, ինչպես

այս երեկո: Եվ ես նույնպես: Դա հրաշալի Սուրբ Ծնունդ էր, հատկապես Մեֆիստան ընդդեմ

Ժաննա դ’Արկի: Ներիր, որ բաց թողեցի Պատարագը, ես ավելի շուտ անջատվեցի:

* * *

Սիրելի´ Աստված:

Ես վաթսուն տարեկան դարձա և հիմա հատուցում եմ երեկվա ավելորդությունների համար:

Այսօր ես, ուղղակի ասեմ, լավագույն վիճակում չեմ:

Հաճելի էր վերադառնալ ինձ մոտ, հիվանդանոց: Ծեր տարիքում միշտ կորչում է ճամփորդելու

ցանկությունը: Ես համոզված եմ, որ հիմա էլ չեմ ուզենա թողնել պալատս:

Իմ երեկվա նամակում մոռացա հիշատակել, որ աստիճաններում, Ռոզա Տատիկի տանը,

գրադարակի գլխին Պեգի Բլուի արձանիկն է դրված: Կարող եմ երդվել ինչով ուզում ես:

Ճշտությամբ ինքն է, միայն թե գիպսից, նույն նուրբ դեմքը, հագուստի ու մաշկի նույն երկնագույն

երանգները: Ռոզա Տատիկը պնդում է, որ դա Սբ. Մարիամ Աստվածածինն է, Քո մայրը, եթե ես

ճիշտ հասկացա. արձանիկը պահվում է իրենց ընտանիքում արդեն մի քանի սերունդ: Նա թույլ

տվեց ինձ վերցնել դա: Ես դրեցի այն պահարանիկի վրա մահճակալիս մոտ: Ամեն դեպքում մի օր

այն նորից կվերադառնա Ռոզա Տատիկի ընտանիք, քանի որ ես որդեգրեցի նրան:

Պեգի Բլուն արդեն ավելի լավ է իրեն զգում: Նա անվավոր բազկաթոռով եկավ ինձ տեսնելու: Նա

չճանաչեց իրեն արձանիկում, բայց մենք միասին հոյակապ ժամանակ անցկացրեցինք: Իրար

ձեռք բռնած՝ «Շելկունչիկ» ենք լսել, դա հիշեցրեց մեզ անցյալը:

Չեմ կարող ավելի երկար Քեզ հետ խոսել, որովհետև ինձ մի քիչ դժվար է բռնել գրիչը: Այստեղ

բոլորը անխտիր հիվանդ են, նույնիսկ բժիշկ Դյուսելդորֆը, այդ ամենը շոկոլադի, սագի լյարդից

23

պաշտետի, շաքարած շագանակների ու շամպայնի հետևանքն է, որոնք ծնողները առատորեն

նվիրել էին անձնակազմին: Ես կուզենայի, որ Դու այցելես ինձ:

Համբուրում եմ: Մինչ վաղը:

Օսկար

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր ես ապրեցի յոթանասունից ութսուն տարեկան հասակը ու շատ խորհել եմ:

Սկզբից ես օգտագործեցի նվերը, որը ինձ մատուցեց Սուրբ Ծնունդին Ռոզա Տատիկը: Չգիտեմ,

ասե՞լ եմ ես Քեզ: Դա Սահարա անապատից բույս է, որին կյանքի համար տրված է ընդամենը մեկ

օր: Հենց որ նրա սերմերը ջուր են ներծծում, այն բուսնում է, ծիլ է տալիս, բաց է թողնում

տերևիկներ, ծաղիկ, սերմեր են առաջանում, հետո նա թոշնում է, կծկվում ու հոպ՝ երեկոյան

ամեն ինչ վերջացած է: Հանճարեղ նվեր է, շնորհակալություն, Դու այն շատ լավ հորինեցիր:

Այսօր առավոտյան ժամը յոթին մենք Ռոզա Տատիկի ու ծնողներիս հետ ջրեցինք այն, ի դեպ, չեմ

հիշում, ասե՞լ եմ Քեզ, որ ծնողներս տեղափոխվեցին Ռոզա Տատիկի մոտ, որովհետև այդպես

ավելի մոտիկ է, այսպիսով, ես կարողացա տեսնել դրա զարգացման բոլոր փուլերը: Շատ

հուզվեցի: Իհարկե, դա բավականին դալուկ ու մանր ծաղիկ է, ոչինչ ընդհանուր բաոբաբի հետ,

սակայն այն մեր աչքերի առջև խիզախորեն, առանց կանգ առնելու, օրվա ընթացքում կատարեց

բույսի իր պարտքը, ոչ պակաս քան թե որևէ խոշոր նմուշ:

Մենք Պեգի Բլուի հետ երկար կարդում էինք Բժշկական բառարանը: Դա իր սիրած գիրքն է: Նրան

անչափ շատ հետաքրքրում են հիվանդությունները, ու նա գլուխ էր կոտրում այն բանի համար,

թե դրանցից որոնք հետագայում կարող են իրեն բաժին ընկնել: Իսկ ես փնտրում էի ինձ

հետաքրքրող հոդվածները. Կյանք, Մահ, Հավատ, Աստված: Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ

դրանք այնտեղ չկային: Նկատիր, դա ապացուցում է թեպետ այն, որ կյանքը, մահը, հավատը ու

Դու ինքդ՝ ամենևին էլ հիվանդություններ չեք: Այնպես որ դա ավելի շուտ լավ նորություն է: Բայց

ամեն դեպքում, մի՞թե այդպիսի լուրջ գրքում չպիտի պարունակվեն ամենալուրջ հարցերի

պատասխանները:

- Ռոզա Տատիկ, ես խորապես զարմացած եմ, որ Բժշկական բառարանում տրված են միայն

մասնավորությունները, նկարագրված են զանազան անսարքությունները, որ կարող են ի հայտ

գալ այս կամ այն մարդու մոտ: Բայց այնտեղ չկա ոչինչ, ինչ վերաբերվում է մեզ բոլորիս՝ Կյանքը,

Մահը, Հավատը, Աստված:

- Օսկար, միգուցե պետք էր վերցնել Փիլիսոփայակա՞ն բառարանը: Ի միջի այլոց, եթե քեզ

նույնիսկ հաջողվի գտնել քեզ հուզող թեմաները, կա վտանգ, որ դու միևնույնն է կհիասթափվես:

Ամեն առիթով այնտեղ տրվում է բավականին տարբեր պատասխանների բազմություն:

- Ո՞նց թե:

- Բոլորին հետաքրքրող հարցերը այնպես էլ մնում են հարցեր: Նրանք շղարշված են գաղտնիքով:

Յուրաքանչյուր պատասխանին պետք է ավելացնել «գուցե»: Վերջնական պատասխան կարելի է

տալ միայն հետաքրքրությունից զուրկ հարցերին:

- Դուք ուզում եք ասել, որ Կյանքը չունի՞ միակ լուծում:

- Ես ուզում եմ ասել, որ Կյանքը ունի բազմաթիվ լուծումներ, ուրեմն, նշանակում է, միակ լուծում

չկա:

- Ես հենց դրա մասին էի մտածում, Ռոզա Տատիկ՝ որ կյանքի համար չկա ուրիշ լուծում, բացի

ուղղակի ապրելուց:

Մեզ մոտ մտել էր բժիշկ Դյուսելդորֆը: Առաջվա պես՝ ծեծած շան տեսքով: Նրա խիտ սև ունքերը

միայն ուժեղացնում են այդ տպավորությունը:

24

- Բժիշկ Դյուսելդորֆ, պետք չէ, որ ձեզ մեղավոր զգաք: Դուք նրանում, ինչ վերաբերվում է

հիվանդություններին, դուք կատարելապես անբիծ էիք: Ձեր մեղավորությունը չէ, եթե դուք

ստիպված եք վատ լուրեր հայտնել մարդկանց, պատմել բոլոր այդ լատիներեն անուններով

հիվանդությունների մասին, նրա մասին, որ դա անբուժելի է: Ձեզ ազատ զգացեք: Թուլացեք:

Դուք Աստված չեք: Դուք չեք կարող հրամայել բնությանը: Դուք միմիայն վերանորոգումով եք

զբաղվում: Բժիշկ Դյուսելդորֆ, դեն գցեցեք լարվածությունը, մի տվեք չափից մեծ նշանակություն

ձեր գործողություններին, այլապես այսպիսի մասնագիտությամբ դուք երկար չեք դիմանա:

Նայե´ք ձեզ:

Իմ խոսքերից բժիշկ Դյուսելդորֆը այնպիսի տեսք ընդունեց, որպես թե ակամայից ձու կուլ տված

լիներ: Հետո նրա դեմքին ժպիտ երևաց: Իսկական ժպիտ: Նա գրկեց ինձ:

- Դու ճիշտ ես, Օսկար: Շնորհակալ եմ, որ ասացիր այդ ամենը:

- Խնդրեմ, բժիշկ: Միշտ պատրաստ եմ ձեզ օգտակար լինելու: Մտեք, երբ կուզենաք:

Ահա այսպես, Աստված: Սակայն Քեզ ես միշտ եմ սպասում: Արի առանց երկմտելու: Նույնիսկ

եթե այդ պահին շուրջս լիքը մարդ է: Ինձ իրապես հաճելի կլինի:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

* * *

Սիրելի´ Աստված:

Պեգի Բլուն գնացել է: Նա վերադարձավ ծնողների մոտ: Ես հո տխմար չեմ ու հասկանում եմ, որ

այլևս իրեն չեմ տեսնի: Երբևիցե:

Ես չեմ գրել Քեզ, որովհետև շատ տխուր էր: Մենք Պեգիի հետ մի ամբողջ կյանք միասին

ապրեցինք, ու հիմա ես մենակ եմ մնացել, ճաղատ, թուլացած, հոգնած՝ պառկած եմ ինձ համար

մահճին: Ինչ տգեղ է այդ ծերությունը: Հիմա ես չեմ սիրում Քեզ:

Օսկար

* * *

Սիրելի´ Աստված:

Շնորհակալ եմ, որ այցելեցիր ինձ:

Դու հենց այն պահը ընտրեցիր, որը պետք էր, որովհետև ես ինձ շատ վատ էի զգում: Միգուցե Դու

է՞լ էիր բարկացած իմ երեկվա նամակի պատճառով…

Երբ ես արթնացա, ինձ թվաց, որ ես արդեն իննսուն տարեկան եմ: Գլուխս շրջեցի դեպի

լուսամուտը, որպեսզի տեսնեմ ձյունը:

Հանկարծ ես հասկացա, որ Դու եկել էիր: Առավոտ էր: Ես մենակ էի Երկրագնդում: Այնքան վաղ

էր, որ թռչունները դեռևս քնած էին, նույնիսկ մադամ Դյուկրյուն՝ հերթապահ բուժքույրը, ննջել էր,

իսկ Դու այդ պահին փորձում էիր արարել լուսաբացը: Դա բավականին դժվար էր, բայց Դու

համենայնդեպս գլուխ հանեցիր: Երկինքը հետզհետե գունազրկվում էր: Դու լցրեցիր օդային

ոլորտները սպիտակով, մոխրագույնով, երկնագույնով, Դու հեռացրեցիր գիշերը ու

կենդանացրեցիր աշխարհը: Դու կանգ չէիր առնում: Հանկարծ այս պահին ես հասկացա Քո և մեր

միջև տարբերությունը՝ Դու անխոնջ ես: Ոչինչ բաց չես թողնի: Մշտապես աշխատում ես: Եվ ահա

ինքը՝ օ´րը: Ահա գիշե´րը: Ահա գարո´ւնը: Եվ ահա ձմե´ռը: Եվ ահա նա, Պեգի Բլյո´ւն: Եվ ահա

Օսկա´րը: Եվ ահա Ռոզա Տատի´կը: Ինչ լա´վ է:

Ես հասկացա, որ Դու այստեղ էիր: Ու Քո գաղտնիքը բացեցիր ինձ՝ պետք է ամեն օր այնպես

նայես աշխարհին, որպես թե այն առաջին անգամ տեսնեիր:

25

Ու ինչ, ես հետևեցի Քո խորհրդին ու կիրառեցի դա: Առաջին անգամ: Ես դիտում էի լույսը, օրվա

գույները, ծառերը, թռչուններին, կենդանիներին: Ես զգում էի, ինչպես օդը մտնում է ռունգներիս

մեջ ու ստիպում է ինձ շնչել: Ես լսում էի միջանցքում տարածվող ձայները, ինչպես եկեղեցու

կամարի տակ: Ես զգացի, որ կենդանի եմ: Անաղարտ ուրախության տրոփյունը, գոյության

երջանկությունը լցնում էին ինձ: Ես լի էի զարմանքով:

Աստված, շնորհակալ եմ, որ Դու արեցիր դա ինձ համար: Ինձ թվում էր, որ Դու, բռնելով իմ

ձեռքը, մտցրեցիր ինձ գաղտնիքի միջուկի մեջ, որպեսզի ես դիտեի այս գաղտնիքը: Շնորհակալ

եմ:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

Հ.Գ. Իմ ցանկությունը. Դու չէ՞իր կարողանա կրկնել այդ առաջին անգամի տրյուկը ծնողներիս

համար: Ռոզա Տատիկը, ինձ թվում է, արդեն ծանոթ է դրան: Ու ևս մեկ անգամ Պեգիի համար,

եթե Քեզ մոտ ժամանակ գտնվի…

* * *

Սիրելի´ Աստված:

Այսօր ես հարյուր տարեկան եմ: Ինչպես Ռոզա Տատիկը: Ես շատ եմ քնում, բայց ինձ լավ եմ

զգում:

Ես փորձեցի բացատրել ծնողներիս, որ կյանքը՝ զարմանալի նվեր է: Սկզբից այդ նվերը

գերագնահատում են՝ մտածում են, որ իրենց հավերժ տևող կյանք են հանձնել: Հետո՝ այն

թերագնահատում են, կարծում են այն բոլորովին անպետք, չափազանց կարճ, գրեթե պատրաստ

են թողնել այն: Եվ վերջապես, գիտակցում են, որ դա նվեր չէր, կյանքով, ուղղակի, թույլ տվեցին

օգտվել: Եվ այնժամ այն փորձում են արժևորել: Ես հարյուր տարեկան եմ, և ես գիտեմ, ինչի

մասին եմ խոսում: Ինչքան ավելի մեծ ես դառնում, այնքան ավելի ուժեղ է կյանքի հանդեպ

ճաշակն արտահայտվում: Պետք է էսթետ լինել, ստեղծագործող: Տասից քսան տարեկան ինչ-որ

տխմար կարող է իր իսկ քմահաճույքով խաղալ իր կյանքով, սակայն հարյուր տարեկանում, երբ

արդեն չես կարող շարժվել, այդժամ արդեն պետք է ինտելեկտը աշխատացնել:

Չգիտեմ, կարողացե՞լ եմ արդյոք նրանց համոզել:

Այցելիր նրանց: Վերջացրու աշխատանքը: Իսկ ես մի քիչ հոգնել եմ:

Մինչ վաղը: Համբուրում եմ:

Օսկար

* * *

Սիրելի´ Աստված:

Հարյուր տաս տարեկան: Դա շատ է: Կարծես, սկսում եմ մահանալ:

Օսկար

* * *

Սիրելի´ Աստված:

Տղան մահացավ:

26

Ես ընդմիշտ կմնամ Վարդագույն խալաթով Տիկինը, բայց երբեք էլ չեմ լինի Ռոզա Տատիկ: Ես եղել

եմ այն միայն Օսկարի համար:

Նա հանգեց այսօր առավոտյան, կես ժամում, միչդեռ մենք նրա ծնողների հետ գնացել էինք սուրճ

խմելու: Դա պատահեց, երբ մենք բացակայել էինք: Մտածում եմ, որ նա, ցանկանալով խնայել

մեզ, սպասում էր հենց այդ պահին: Ասես ուզում էր զերծ պահել մեզ մահվան դաժան

տեսարանից: Իրականում մենք չէ, այլ նա էր խնամում մեզ:

Հոգիս ցավում է, սիրտս ծանրացել է, այնտեղ Օսկարն է ապրում, ու ես չեմ կարող դուրս անել

նրան: Պիտի կարողանամ զսպել արցունքները մինչև երեկո, որովհետև անհնար է համեմատել

իմ վիշտը այն անտանելի ցավի հետ, որ ապրում են նրա ծնողները:

Շնորհակալ եմ, որ ինձ վիճակվեց ճանաչել Օսկարին: Նրա համար ես աշխատում էի զվարճալի

լինել, հորինում էի տարբեր հեքիաթներ: Նրա շնորհիվ ես ճանաչեցի ծիծաղն ու ուրախությունը:

Նա օգնեց ինձ հավատալ Քեզ: Ես լցված եմ սիրով, այն այրում է սիրտս, նա այդքան ինձ տվեց

այն, որ կհերիքի դեռևս շատ տարիների:

Մինչ հանդիպում:

Ռոզա Տատիկ

Հ.Գ. Վերջին երեք օրը Օսկարը մահճակալի մոտ, պահարանիկի վրա բացիկ էր պահում:

Մտածում եմ, դա Քեզ է վերաբերում: Նա գրեց. «Միայն Աստված իրավունք ունի արթնացնելու

ինձ»:

ռուսերենից թարգմանեց

Աննա Կիշինևսկայան

ՍԵԵՄ լրագրողական ակումբ