49
բանաստեղծություններ

Տիրամայր, Գոհար Սարդարյան

Embed Size (px)

DESCRIPTION

Գոհար Սարդարյանի բանաստեղծությունների ժողովածուն

Citation preview

Page 1: Տիրամայր, Գոհար Սարդարյան

բանաստեղծություններ

ԵՐԵՎԱՆ - 2001

Page 2: Տիրամայր, Գոհար Սարդարյան

2

ԱՂՈԹՔ Ես դատարկ անոթ եմ. Լցրու աստվածային հեղուկով: Ես անլույս կրակ եմ. Ինձ լուսավորելու կոչիր: Ես լեզու եմ, Որը խոսք չունի. Բառեր դիր իմ շուրթերին: Ես մայր եմ, Որը չի զգում երեխային. Երեխա տուր գիրկս: Ես անձրև եմ, Որը չի ջրում հողը. Բերքատու արա այն ինձնով: Ես մոլորակ եմ, Բայց տիեզերքից դուրս եմ. Առ ինձ տիեզերքի մեջ: Աստվածային սեր, Ողողիր ինձ քեզնով, Որ արժանի լինեմ Քո ստեղծածը կոչվելու:

Page 3: Տիրամայր, Գոհար Սարդարյան

3

*** Օգնիր ինձ, Տեր, Օգնիր օրեցօր տկարացող իմ հոգուն, Ուժ տուր նրան, Դու քո շռայլ ձեռքի Առինքնող ու վստահ շարժումներով Շաղ տվեցիր բարիքդ մեր շուրջ Եւ ասացիր՝ վայելե ՛ք, ձերն է այն: Տկար է հոգիս, Սիրտս՝ անուժ, Ձեռքերս՝ թույլ, Աչքերս՝ հիվանդ: Արեւ բաց հոգուս մեջ, Որ ամրանամ ես, Ամրանամ ու ապրեմ Քո շռայլության վայելքը: Թե չէ՝ անձրեւներ են թափվում իմ մեջ՝ Տեղատարափ ու մեղմ, Հանդարտ ու կատաղի, Անձրեւներ, անձրեւներ անվերջ: Ես էլ դառնում եմ անհասցե Եւ անվավեր մի օվկիանոս, Որտեղ երեւում է միայն Քո արարչական շռայլության Նավաբեկված կտորտանքները:

Page 4: Տիրամայր, Գոհար Սարդարյան

4

*** Աստված քեզ երեւացրեց ինձ ու տարավ, Ասաց՝ տե ՛ս, նա կա, նա այստեղ է, Դու կարող ես ունենալ քո սերը, Այսինքն՝ ունենալ քո սեփական աստվածությունը: Ասաց՝ տե՛ս, ես քեզ ցույց տվեցի նրան, Նա այստեղերանք է, Պտտվում է քո շուրջ շրջագծի եզրով, Ձեռքդ մեկնես՝ եւ նա քոնն է, Հայացքդ պարզես՝ եւ երջանկությունը ձեռքումդ է: ...Տե՛ր, իմ հոգին խաչմերուկ է դարձել Ամեն հույզերի, հիասթափությունների, Լավի, վատի, անկեղծության եւ կեղծիքի: Ինձանից են սկսվում բոլոր թելերը, Որոնք ձգվում են այս կողմ, այն կողմ՝ ճառագայթի նման: Օգնիր ինձ, Տեր, ո՞րը ընտրեմ, Ես ու՞ր շարժվեմ, Ո՞ր կողմ գնամ, Ինչպե՞ս թեքվեմ, Որ վաստակեմ այս աշխարհում Իմ ունեցած միակ՝ Սիրո իրավունքը:

Page 5: Տիրամայր, Գոհար Սարդարյան

5

*** Տե՛ր, փրկիր իմ հոգին. Ես քուրձերի մեջ կուչ եկած թափառական եմ, Ես քայլում եմ տեղերով, որոնք Արգելված են. Ես խախտում եմ օրենքը: Տե՛ր, եղիր ներողամիտ. Ես ծվարած եմ քուրձերի տակ Կեղծ բարեպաշտի պես: Ես շռայլորեն տալիս եմ ունեցածս՝ Դիմացը պահանջելով խեղճի խարան: Ես անհամեստաբար դարձել եմ խոնարհ, Լսող, ուշիմ ու հնազանդ. Տե՛ր, ներիր անտեղի հպարտությունս: Սողոսկում եմ, մտնում ամեն մի ճեղք. Ներիր անպատկառությունս: Տե՛ր, լիաթոք ծիծաղիր ինձ վրա, Ներողամտորեն սաստիր, Եվ դե ՛ն արա ինձ քո բարեհամբույր աջով:

Page 6: Տիրամայր, Գոհար Սարդարյան

6

*** Երջանկությունը՝ թափանցիկ, կանչող-խաբող ապակի, Դիպչես՝ փշրվեց: Ուրախությունը փուչիկ է կապույտ, Կար՝ հիմա չկա, պայթեց, վերացավ, Ձուլվեց երկնքին: Հաջողությունը վիճակախաղ է՝ բախտդ բերեց, ու դու շահեցիր, Հո արժանի ՞ք չէ՞: Իսկ արժանիքը փքուն, փետրազարդ վիճակն է հոգուդ: Խելքդ ու խոհդ հաճախ դառնում են Անձդ պատնեշող եսասեր պատյան: ...Օդում պարզված ափերս, տեսեք, դատարկ մնացին, Էլ ոչինչ չկա նրանց կշռույթում: Տե՛ր անվերապահ, Քո ամենազոր հայացքով հրե Հալեցիր, տարար ամեն- ամեն բան, Եվ ոչինչ- ոչինչ չմնաց տեղում, Դատարկ ափերիս հսկա ոչնչով Իմ ճանապարհը էլ ինչպե՞ս անցնեմ:

Page 7: Տիրամայր, Գոհար Սարդարյան

7

*** Ես մենակ եմ, լքված եմ, տխուր եմ, Սպառվել է հացս, Ոտքերս թուլացել են, Հյուծվել է մարմինը հոգուս: Տե՛ր, դու մոռացե՞լ ես իմ մասին, Մոռացե՞լ ես, որ ես կամ: Ահա՛ տեղս՝ ես այստեղ եմ, Քեզ սպասող, քո հայացքին ապավեն Արդ: *** Ներիր, մարդ, Մի խելագար կնոջ, Որը փորձում է դնել քո առաջ Ինչ-որ խոհեր, որոնք սին են, Խոսքեր, որոնք անճաշակ են, Մտքեր, որոնք բոլորը գիտեն: Տարօրինակ է, այդ կինը համառում է, Ինչպես ուղտը, Այդ կինը ճահիճների ջրերի պես մամռոտ է, Բայց օվկիանոսի ծփանք է հայում: Նա գորշ է, Բայց պահում է իրեն գեղեցկուհու հանգույն: Նա այնքան սովորական է, Նրանից շուրջդ են հարյուր-հազարներով, Բայց իրեն պարտադրում է քեզ: Ի՞նչ է նրա մտքինը՝ Ինքն էլ չգիտի: Գուցե քեզ հետ խոսելո՞վ փորձում է այդ պարզել, Նա գողանալ է ուզում քեզանից քո իմացա՞ծը: Հասկացա. Նայիր՝ Վտանգների մեջ է: Տես՝ պետք է կործանվի: Խորամանկի քսու շարժումներով Մոտեցել է քեզ, Նա կախվել է վզիցդ, Նա փորձում է ապրել, Կառչել է քեզանից, Փրկության սյունը դու ես:

Page 8: Տիրամայր, Գոհար Սարդարյան

8

*** Այնպես լրջորեն եւ երկար ենք նախապատրաստվում Այս անլուրջ կյանքին, Կարծես օրերը փողոցներ չեն երկար ու ձիգ, Կարծես փողոցների կենտրոնում անակնկալ Չեն հայտնվում փոսերը չարամիտ, Եւ մենք երբեւէ գլուխներս չենք կոտրել, Երբ չնկատելով, ոտքներս ենք գցել փոսը Ու սայթաքել: Այնպես լրջորեն ենք վերաբերվում Ծիծաղելի այս պատմությանը, Որը կրկնվում է ամեն օր, Ամեն քնել- արթնանալուց հետո: *** Ե ՞րբ եմ բացելու դուռս, Տանս դուռը ե ՞րբ եմ բացելու: Կառուցված է արդեն, Կահավորված է, Մնում է՝ մտնեմ ներս Ու թագավորեմ այնտեղ:

Page 9: Տիրամայր, Գոհար Սարդարյան

9

*** Ես տերն եմ այս հողի, Տերն եմ արեւի, աստղերի Ու տիեզերքի: Ես սկսել եմ անհիշելի ժամանակներից Ու գնում եմ դեռ: Ճամփաս երկար է, հարթ է, Դեռ վերջակետն էլ որոշված չէ: Ո՞վ է փորձում հակառակն ասել: Ես ուժեղ եմ ու ջահել, Ժամանակների ու տարածությունների խաչմերուկում եմ, Ժամանակների ու տարածությունների տերը ես եմ: ԻՄ ՕՐԸ Ես գիտեմ՝ կգա օրը, Եւ բոլորը խոնարհումով եւ հիացմունքով Կողջունեն ինձ, Ժպիտները գլխարկ դարձրած կնետեն օդ, Տոն կլինի ամենքի համար: Ես գիտեմ՝ կգա այդ օրը. Ես կլինեմ ուժեղ, իշխող, Ես կլինեմ արքան, Ես կիշխեմ մարդկային հոգիներին, Կիմանամ դրանք կարդալու գաղտնիքը: Ես կլինեմ բնության իշխանը. Լեռները, ծառերը, ծաղիկները Տեղի կտան իմ առաջ, Օվկիանոսներն ու ջրերը Ծովածափ ողջյուններ կուղղեն, Աստղերն ու տիեզերքը Կձգտեն գերել իմ սիրտը: Ես գիտեմ՝ կգա այդ օրը, Բայց դա իմ սիրո՞ օրն է լինելու, Թե՞ մահվան:

Page 10: Տիրամայր, Գոհար Սարդարյան

10

*** Սեր իմ, եկ ձեռքերս բռնիր, Քո ափերի մեջ տաքացրու դրանք՝ Ես լավ մրսել եմ: Սեր իմ, որտե՞ղ ես, ու՞ր ես, Տարածությունը մի՞թե բաժանման պատճառ է դառնում: Սեր իմ, Չէ ՞ որ աշխարհի բոլոր լայնությունները Մեր իշխանության տակ են, Իսկ մենք ապրում ենք մեր տան մեջ, Մեր հսկա տան անդամներն ենք երկու: ԱՆՀԱՆԳԻՍՏ ԿՆՈՋ ԽՈՍՔԸ Ես որքա՞ն քեզ կանչեմ. Ձայն եմ տալիս՝ չես լսում, Խոսում եմ՝ չես պատասխանում, Լռում եմ՝ հայտնվում ես: Խառնում ես ողջ կյանքս, Չես թողնում ապրեմ: Ինչու ՞: Դու հաճու ՞յք ես ստանում Իմ խելագար տվայտանքից, Դու ինձ ցավեցնում ես, Որ ցավո՞վ չափես Իմ սիրո սահմանները: Իմ սերը, ասեմ քեզ, սահման չունի, Չունի տարածական ոչ մի հատկանիշ, Այն չունի անցյալ, ներկա եւ չի ունենա Ապագա: Որովհետեւ այն կա որպես լինելություն, Կա որպես տատանման շերտ Սահմանի եւ անսահմանության միջեւ: Որովհետեւ երբ քո սերն ինձ հետ է, Ես կոնկրետ գոյությունից վերածվում եմ Անսահմանությանը ձգտող էության, Ես տարրալուծվում եմ տիեզերական Անհունության մեջ, Եւ ինձանից են սկսվում ու ճառագում Լույսը, տաքությունը եւ կենարար օդը:

Page 11: Տիրամայր, Գոհար Սարդարյան

11

ՍԵՐ Արի ելնենք գնանք. Ի՞նչ ենք նստել այստեղ: Արի փարվենք իրար Եվ քնքշորեն կյանքին Փարվենք, փարվենք, փարվենք: Ու տիեզերք մտնենք Սիրտը սրտին հպած, Ձեռքը ձեռքին տված: Վարագույրը Աստծու տիրույթների Բացենք, Բացենք ու հրճվենք, Պարզենք առեղծվածը Նրա` նետած մարդուն Ու ծիծաղենք լիաթոք ու ահեղ, Անզուսպ երջանկությամբ:

Page 12: Տիրամայր, Գոհար Սարդարյան

12

ՁՈՆ ՄԱՀՎԱՆԸ 1 Քո սեւ, փայլող աչքերը Դյութում են ինձ: Ինձ հրապուրում ես, Կանչում ես: Ես՝ կախարդված, Քայլում եմ ձայնիդ ընդառաջ: Ինձ տանում ես: Ի՞նչ ես խոստանում քո անհայտների մեջ, Ինչո՞վ ես ստրկացնելու իմ հպարտ հոգին, Ինչո՞վ ես սանձելու իմ անզուսպ միտքը, Ինչո՞վ ես հագեցնելու վայելքի իմ տենդը, Ի՞նչ հեղուկներով ես շիջելու իմ ծարավը: Դու՝ մեռնելու չափ քաղցր դառնություն, Դու՝ անվերապահ, Դու՝ ամբողջը, Դու՝ ընդմիշտը, Դու լինելիություն: 2 Ես քեզ նախապատրաստվում եմ այնպես, Ինչպես իմ հարսանիքին. Ոտքերս լվանում եմ, Ուղեղս թարմացնում եմ կախարդական դեղերով, Մարմինս օծում եմ պահպանիչ հեղուկներով, Որպեսզի տրվեմ քեզ, Տրվեմ անվերապահ ու անմնացորդ, Որպես իսկական, տիեզերական սիրո: -Ես պատրաստ եմ. Բաց քո սիրող, ուժեղ գիրկը, Տարածիր թևերդ, Ես քոնն եմ՝ Առ՛ ինձ:

Page 13: Տիրամայր, Գոհար Սարդարյան

13

ՁՈՆ ՄՈՒԹԻՆ Առ՛ ինձ, Փաթաթիր քո սավանով Եվ հեռացրու աշխարհից: Տար այն տեղերը, ուր դու գիտես, Դատարկիր իմ միջից լույսի տված մաղձը, Դառնությունը, հիվանդությունը Եւ բուժիր քո անկողմնակալ բալասանով: Մո՛ւթ, ես քոնն եմ, քո իշխանությանը, Իմ միակ հույս, միակ փրկության դուռ, Մո՛ւթ, դու մահվան քույր:

Page 14: Տիրամայր, Գոհար Սարդարյան

14

*** Հանդարտ կնետեմ ոտքերս առաջ, Կքայլեմ դանդաղ: Ես քո գերին եմ, Քեզ հնազանդ եմ Ու հլու եմ քեզ: Ա՛ռ, քեզ՝ մարմինս, Ա՛ռ ու վայելիր, Ողջը այն քոնն է: Հազարապատիկ գամում ես խաչին, Արյուն ես առնում հազարապատիկ, Փշե պսակ ես մեր գլխին դնում, Պահում ես անվերջ ծարավ ու քաղցած Կամ էլ ծարավից տոչորվածներին Կաթիլներով ես ջուրը խմեցնում: Քուրձերի մեջ ենք թափառում անվերջ, Անվերջ՝ անիծված, մերժված, անհասցե, Լոկ մահն ես անում մեզ նվեր, սակայն Նվիրառուին ծեծում ես դաժան, Փայտերով բռի գանահարում ես, Սարսափի ահն ես ներարկում նրա Աչքերի մեջ խեղճ, Նոր միայն հանձնում վեհ հանդիսությամբ Խաչը փրկության: Ի՞նչ ենք քո առաջ՝ Վախից կուչ եկող Ստրուկներ դալուկ, Մանուկներ՝ լքված մեծերից իրենց, Որոնց ճամբարում Գազանն է լռին Սողոսկել հանկարծ: Սարսափից խոցված, Կատաղած, վայրի ոստյուններով լայն Այս ու այն կողմ են նետվում մանկտիք, Բայց ուր թեքվում են, Խփվում են միայն պատերին ամուր. Ճամբարը փակ է, Դուռը գոցված է Կողպեքով երկաթ:

Page 15: Տիրամայր, Գոհար Սարդարյան

15

*** Մեզ ապաստան չկա, Որբ ենք, սովալլուկ, Հաց ենք աղերսում: Արցունքն աչքներիս Լալիս ենք ցածր, Թավ, խեղդող ձայնով՝ Հաց ենք աղերսում: Հացը բերում են, տալիս են հացը, Պարզում են՝ վերցրու ՛: Բայց ու՞ր է ձեռքդ, Մեկնվու՞մ է այն... Գլխիկդ թեթեւ երկնքին պարզած Լալիս ես ցածր, Թավ, խեղդող ձայնով: -Ու... արթնանում ես: Երա՞զ էր սա մութ... Բայց կոպերիդ տակ Դեռ տաք արցունքն է, Ձեռքերդ էլ անհույս կողքիդ են ընկած, Հա՛ցը որտե՞ղ է, պարզված հա՛ցը...

Page 16: Տիրամայր, Գոհար Սարդարյան

16

*** Որբ ենք, Որբ ենք մեր ծնված օրից, Դրանից առաջ, Երբ չկար օդը, Չկար երկինքը Եվ հողը չկար: Որբ ենք: Պատերի տակ ենք կուչ եկել-նստել Ու սսկված ենք խեղճ: Ծույլ ենք ու փնթի, Քթներս հողոտ է, Շուրթներս՝ ճաքած, Աչքներս՝ կլոր: Ալարկոտ ձգված, Թեք ընկած՝ ինչպես փալասը նետված, Հաշիվ ենք անում Ծխացող մտքով: Հաշվում ենք, հաշվում, Մեկ էլ խառնում ենք թվերը իրար. Նորի՞ց սկսենք, Սկսենք նորի՞ց...

Page 17: Տիրամայր, Գոհար Սարդարյան

17

*** Կախաղանը պատրաստ է, Կանգնած է ահասարսուռ տեսքով: Ապրի՛ր՝ ճանկռոտելով հողը, քարերը, ժայռերը, Ապրի՛ր՝ շան նման դեմքդ երկինք պարզած կլանչելով, Ապրի՛ր՝ սովատանջ գայլի չդադարող ոռնոցով: Տե՛ս կախաղանի սյուները. Պարանը ճոճվում է դատարկ, Այն կարող է հանգուցվել քո՛ վզին, Եթե հանկարծ նկատես ազատ ճանապարհը Եւ փորձես այնտեղով դուրս գալ ափ: Ո՛չ, դու փորի ՛ր, ճանկռտի ՛ր հողը, Ատամներով դեն նետիր քարերը, Գնա առաջ. Դու կհասնես, Դու դուրս կգաս ափ:

Page 18: Տիրամայր, Գոհար Սարդարյան

18

*** Մեռնում եմ, Եւ ոչ ոք չկա, որ ձեռքս բռնի, Ես եմ, իմ մահը, Իմ անկողինը, Նաեւ պատերը իմ այն սենյակի, Որը ինձ համար ատելի էր միշտ՝ Ճնշում էր անվերջ, Ձգում անընդհատ կոկորդիս դրված Խեղդող պարանը, Բայց հիմա դրանք այնքան բարի են, Այնքան՝ սիրալիր: Մեռնում եմ՝ Իմ անկողինն է, իմ պատերն են ջերմ, Եւ մեկ էլ ես եմ: Բայց... ու՞ր գնացին Դեմքերը ժպտուն, Հայացքները տաք, Բարեկամական ձեռքերը այնքան Այդ ու՞ր չքացան: Իմ կյանքի համար դրանք դարձան լոկ Գեղեցիկ շղարշ, հարսանյաց զգեստ, Հագուստ տոնական: Արարողությունն ավարտվելուն պես Հանեցի արդեն, Դրեցի մի կողմ: Այժմ մենակ եմ, Մեն-մենակ՝ Կանգնած մահվան դեմ, Մահվան աչքերի, Ու սարսռում եմ. -Դե, էլ մի ՛ երերա, Սկսվեց արդեն. Քննությունդ տուր:

Page 19: Տիրամայր, Գոհար Սարդարյան

19

*** Ես գիտեմ՝ Մի օր ինքս ինձնից կհեռանամ, Կամ կձերբազատվեմ, ինչպես ասում են: Որքա՜ն հոգնել եմ, Ինչ ձանձրալի է անընդհատ քեզ կրելը, Երբ արդեն աչքերդ չեն երեւում, Ո՛չ դեմքդ է երեւում, ո՛չ մարմինդ: Գիտեմ՝ Ես կգնամ, Ինձ թույլ կտան, կասեն՝ գնա, եւ կգնամ: Այնքան տեղեր կան, որ մենք չենք եղել, չգիտենք. Ի՞նչ ենք կպել այստեղից: Ասենք՝ կքայլեմ աստղերի միջով /Բայց դա ի՜նչ է որ/: Գրողը տանի, տեղեր պետք է լինեն, չէ՞, Ուր ես պետք է գնամ: Ո՞րոնք են դրանք, որո՞նք են... Չէ, ես պետք է գնամ, պետք է գնամ: Այժմ ցուրտ է, լավ փաթաթվեմ անկողնուս մեջ, Քնեմ, Հետո, կտեսնեք՝ հետո կգնամ:

Page 20: Տիրամայր, Գոհար Սարդարյան

20

*** Չէ՛, թրթուրների տակ չեմ տրորվելու, Չեմ քամվելու ինչպես հասած միրգ, Չեմ երգվելու ինչպես ձայնապնակ, Չեմ սեղմվելու պատին, ինչպես հանդիպակաց քամի: Կբարձրանամ ինչպես օդապարիկ, Կհեռանամ, կհեռանամ ինձնից, Ներքեւում կմնան շորերս: Մարդիկ կմոտենան-կհեռանան, Խոսք- խոսակցություն կլինի ներքեւում, Բայց ես չեմ մասնակցի դրանց. Ես օդապարիկ եմ, ես հեռանում եմ: *** Խոփս առավ քարի, Էլ չի գնում առաջ, Եղան փշուր- փշուր, Ուժ ու եռանդ: Կանգ եմ առել մոլոր՝ Ճամփաս նոր է կիսվել: Ախր ինչպե՞ս անեմ. Պիտի գնամ առաջ, Պիտի քաշեմ լուծս, Պիտի հասնե՜մ, հասնե՜մ, Հասնե ՛մ վերջակետիս:

Page 21: Տիրամայր, Գոհար Սարդարյան

21

*** Փոքրիկ իմ աղջիկ, բարձրացիր սարը, Ճամփան փշոտ է, դժվար է, գիտեմ, Դու՝ ոտաբոբիկ: Վարդագունել են ներբաններդ նուրբ, Արյունոտել են: Բայց, փոքրիկ աղջիկ, բարձրացիր, վեր ել, Ոտքերդ գցիր: Ցավում է, այո, Ցավը ճչում է հոգուդ մեջ, ներսում, Խեղդում է ցավը: Ցից-ցից ժայռերը, Սուր- սուր քարերը Ոտքերդ քերծում, արյունոտում են: Բայց փոքրիկ աղջիկ, Մի քիչ էլ գնա, Տես, երեւում է գագաթը սարի: Ես համբուրում եմ ոտքերդ հոգնած, Ծվատված, ցաված, արյունալվիկ Ոտքերը քո թույլ, Իմ ափերի մեջ առնում եմ դրանք Ու համբուրում եմ ծարավ շուրթերով: Դե, փոքրիկ աղջիկ, Բարձրացիր, գնա, Դե, սիրուն աղջիկ, Գցիր ոտքերդ, Մի քիչ էլ, քիչ էլ...

Page 22: Տիրամայր, Գոհար Սարդարյան

22

*** Գոհարիկ, արթնացիր. Աստված քեզ ծիրանի չի հագցնի, Քո սիրելին կմնա հեռվում, Օրերդ օձի նման կփաթաթվեն վզիդ ու կսեղմեն: Կճչաս, իհարկե, Բոլորը կլսեն, Բայց ոչ ոք չի զարմանա դրանից: Գոհարիկ, արթնացիր, -Թիթեռնիկի պես քնքուշ աղջիկ: Թիթեռնիկը կսեղմվի պատին՝ կչորանա Եւ կդառնա հանածո Վաղվա ուրախ սերնդի համար: Գոհարիկ, արթնացիր, Արթնացիր ու դուրս արի ճանապարհից: ՄԵՆՔ Խխունջի պատյանը քաշել ենք մեզ վրա Եւ կուչ ենք եկել ինքներս մեր մեջ: Լուրջի եւ խելոքի հայացքով ենք նայում Աշխարհի չարաճճիություններին: Քանզի մենք բաներ գիտենք, Որ գիտենք միայն մենք: Իմանա՞լ ես ուզում գաղտնիքը՝ Ձեռքդ երկարիր մեր հոգիների խորքը, Գտիր բանալին եւ բաց գոցված դուռը:

Page 23: Տիրամայր, Գոհար Սարդարյան

23

*** Ինչու՞ է այսպես դժվարությամբ ժպտում իմ ազգը. Ի՞նչ են շալակել ու բերել նրանք իրենց հետ Ժամանակների հեռվից՝ Ժեռ քար, Ծանր ոտքերով հասել են մեր օրերը: Ժպիտը չի ստացվում՝ Հոգնած են: Անպատեհ են առտնին ուրախությունները՝ Նրանք կողքի են կանգնած: Արցունքվում է իմ հոգին Նրանց տեսքից: Բայց ես էլ նրանցից մեկն եմ՝ Գեղջկենի, Եւ ինձ տեսնում եմ անժպիտ, վախեցած հայացքով Աշխարհին նայելիս: ԻՄ ՄՈՐԸ Մայր իմ, փոքրացել ես, Ուսերդ ճկվել են, Կուչ ես եկել: Հայացքդ վախվորած սպասումով Հառում ես մեզ, Իսկ մենք ուժեղ ենք, կարող, ամենազոր, Ոչինչ չկա մեզ համար անհնարին, Փնտրում ես մեր ցանկությունը լոկ, Խուզարկու աչքերով նայում ես թաքուն: Մայր իմ, Քո շաղված աչքերի մեջ Ես տեսնում եմ Դատապարտվածի իմ կործանումը:

Page 24: Տիրամայր, Գոհար Սարդարյան

24

ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ Ոչ յամբ գիտեմ, ոչ՝ անապեստ, Ու հանգերն էլ փախչում են իմ գրչի տակից, Բառերը ինձ քիչ են թվում, Մոմերն էլ որ պիտի վառեմ հիշատակիդ առաջ պայծառ, Ինձ թվում է ոչ այն ծեսը, Որ արժան է քո կերպարին: Եւ իմ խոսքն էլ Լինելու է թույլ, անկարող ու նաեւ՝ խեղճ, Չէ որ ապրած քո մի օրը Եւ իմ կյանքի տարիները երկար ու ձիգ Եթե դնենք նույն կշեռքի նժարներին, Կհասկանամ, որ ես ոչինչ էլ չեմ Ապրել այս աշխարհում: Քո կյանքի մեջ սովորական՝ Այդքան համեստ ու գեղջկենի, Ախր ինչպե՞ս տեղավորվեց Այդքան ապրում, այդքան կրակ: Խնկարկումն այս, գիտեմ, խեղճ է ու՝ թույլ մի ճիգ, Ես զորու չեմ անգամ ապրած քո մեկ օրվա Պատկերը տալ: Տալ կարող եմ, Բայց հասկանալ, Բայց ըմբռնել Եւ ամենակարեւորը՝ չզարմանալ, Լինել այնքան հասու քեզ, որ Չզարմանալ, Կարո՞ղ եմ ես:

Page 25: Տիրամայր, Գոհար Սարդարյան

25

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ Հողը դառնում է երգ Ձեր ոտքերի տակ: Դուք ձեր արյան կաթիլներով Բանաստեղծություն եք գրում հողի վրա: Մեր հողը առասպել է արդեն, Մեր հողը սրբանում է: Ձեր ոտնահետքերն են այդ հողին, Դուք այդ հողի վրա եք՝ Մեռած, թե կենդանի: Դուք կռվում եք, մարտնչում՝ Մեռած, թե կենդանի: Սուրբ-սուրբ տղաներ, Սուրբ-սուրբ մայրեր, Որ մոռացել եք ձեր զավակներին Եւ ինքներդ դարձել հողի զավակները: Ձեզանով մեր հողը արբենում է, Ձեզանով մեր հողը ալիքվում է կատաղի, Վիշապաքաղ տալիս: Իսկ մենք ձեզանով հիանում ենք Եւ բանաստեղծություն գրում ոչ թե հողի, Այլ լոկ...թղթի վրա:

Page 26: Տիրամայր, Գոհար Սարդարյան

26

ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ Գիտության բեռից ձեր ուսերը ճկվել են, Նկուն են արդեն, պառաված, Տանում եք ձեր սայլը, քաշում եք ձիգ՝ Պրկած մկաններդ նիհար: Կանայք եք, անցած են ձեր տարիները, Դրանք ձեզ սե՞ր են խոստացել, Վայելե՞լ եք սերն այդ, Ապրե՞լ եք, Թե սահել եք ստվերների պես Կյանքի երեսով հղկված: Բախտակից իմ քույրեր, Տխրության ընկերներ իմ հոգու, Ուժեղ եք, գիտեմ, ձեր ժպիտն ամուր է այժմ, Ես էլ ձեր ճամփան ընկած քայլում եմ, Քայլում եմ, Քանզի չկա մեկ այլ ճանապարհ: Տխրությամբ ակամա ոտքերս նետում եմ առաջ, Շարժվում եմ Եվ, լույսը թողած թիկունքիս, գնում եմ, Գնում եմ Կորչելու Գիտության խավարում:

Page 27: Տիրամայր, Գոհար Սարդարյան

27

10-րդ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ Հնչում է մեղմ երաժշտությունը, Վայելում եք նրա մեղեդիները, Մարմիններդ շարժվում են առաջ, Պարում եք, պարում, պտտվում: Ու՞ր է սավառնում ձեր հոգին, Ի՞նչ տարածություններ է կամրջում: Ձեր աչքերի պայծառ հայացքը Երազներ է առինքնում ու պահում, Պահում իր մեջ: Ձեր երազները զնգուն են ու հնչեղ, Ձեր երազները քաղցր են ու անուշաբույր, Ես ուզում եմ շնչել, շնչել, Արբենալ ձեր երազների բույրով: Ձեր երազները մաքրում են աշխարհը, Ձեր երազները ամրացնում են աշխարհի Թուլացող բազուկները: Ձեր աչքերի տեսքից եւ ձեր երազների բույրից Ավելի արագ ու արագ են արշավում Ձիերը, ձիերը, հիասքանչ ձիերը:

Page 28: Տիրամայր, Գոհար Սարդարյան

28

*** Փակում ենք աչքներս, Փակ աչքերով անցկացնում ենք մեր օրերը, Իսկ կողքներիցս հոսում է մարդկային դեմքերի վտառը, Խշշում է կյանքը: Աշունն է շրջում իր արտիստիկ պահվածքով Եւ փորձառու տղամարդու վարպետ շարժ ու ձեւով Հմայում մրդկանց միամիտ հոգիները: Տենդագին փնտրտուքով տարված՝ Աչքներս ենք շրջել դեպի մեր ներսը Ու ոչինչ չենք տեսնում: Կա՛նգ առ, Նայիր շուրջդ, Ծրարիր աչքերիդ մեջ այդ պատկերները, Պահիր կոպերիդ տակ, Որովհետեւ դրանք ես կորցնելու Եւ դրանք չես ունենա գետն անցնելուց հետո:

Page 29: Տիրամայր, Գոհար Սարդարյան

29

*** Ինձ սկեսուրս չի հավանում, Ասում է՝ սա ինչ կին է որ, Գործ չի անում, Ամբողջ օրը մեջքը խփում է բազմոցին, Նայում է վերեւ, կամ էլ թավալ է տալիս անկողնում: Ե՜ս... ես երբ ջահել էի, Այն ժամանակ ինձ տեսնեիք՝ Նստելս ո՜րն էր, Տունս էլ փայլում էր, Թե չէ սա կի՞ն է որ: Իսկապես, սկեսուրս ճիշտ է, Այս ինչ անարդյունավետ կյանքով եմ ապրում, Այսքան անգործունյա եւ այսքան... Հո՛րս եմ քաշել: Հայրս այդպես չէ՞ր, Շարունակ մի բան էր ասում. Ա՛յ Աստված, /Ձեռքերով այնպես էր դիմում՝ Կարծես Աստված կողքին էր/, Ա՛յ Աստված, Ամեն ինչ տվել ես, հիմա առնում ես, Այդ ինչի՞ համար էր: Այս հարցը անընդհատ տվեց հայրս Եւ ոչ մի կարգին գործ իր կյանքում չարեց, Այդպես՝ գնաց: Հիմա սկեսուրս ինձնից դժգոհում է, Իսկապես իրավունք ունի դժգոհելու:

Page 30: Տիրամայր, Գոհար Սարդարյան

30

ՄԻ ՏԱՐԵՑ ԿՆՈՋ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԹԻՎ, ՈՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐԻ ՉԷ Ստացվե՞ց քո զրույցը աշխարհի հետ, Թե դու չես էլ մտածել այդ մասին: Չես մտածել գուցե, Բայց առանց զրույցի Դու չէիր անցնի այսքան ճանապարհ: Տարիները քեզ պետք են եղել ինչպես Լիմոնի մզվածք, Վերցրել ես ագահորեն, ագահաբար, Աշխարհը քոնն ես արել, միայն՝ քոնը: Ձեռքերիդ ուժը պակասել է արդ, Մատներիդ շարժումները թույլ են, Իսկ աշխարհը էլի կա ու կա, Բայց քոնը չի դառնում, ավաղ: Հարվա՛ծ է, դիմանու ՞մ ես դու, Ինչպե՞ս: Ախր այս պահին կորցրածդ շատ է, չափազանց շատ, Արժե՞ր այդքանը վերցնել հիմա արդեն Դրանք չունենալու համար: Եթե ծնվես կրկին, կրկին աշխարհ գաս, Կհանե՞ս վրայիցդ, Կնետե՞ս դեն Հագուստդ, Որը հագել էիր փորձելու համար, Ու կպահանջե՞ս հարմարը ավելի:

Page 31: Տիրամայր, Գոհար Սարդարյան

31

*** Ափերիս մեջ եմ գլուխս առնում՝ Քունս է տանում, Էլ ի՞նչ պոեզիա, բանաստեղծություն, Պատրանք ու երազ, Հավատ երկնային, Ընծայաբերում: Մարմինս այնպես հանգստանում է, Հանդարտվում լռին, Ասես զգում եմ Արյանս հոսքը, Որ շարժվում է, վերուվար անում Երակներովս, Սնում, զովացնում Մասերս ամբողջ, Եւ խաղաղությունն ամենակարող Պարուրում է ինձ: Ու կամաց-կամաց Մարմինս թեթեւ իջնում է հուշիկ Բարձերին փափուկ Եւ անէանում, Տեսիլք է դառնում Խոր երազի մեջ:

Page 32: Տիրամայր, Գոհար Սարդարյան

32

*** Ես ո՞վ եմ... Աստված իմ, այս ի՞նչ հարց եմ տալիս. Հռետորները կասեին՝ հարցերի հարցը, Իսկ սովորական մահկանացուները՝ ասենք մեզ նման, Ուսերը վեր կգցեն ու կպատասխանեն՝ Չգիտե՞ս, ինչ է, ո ՞վ ես դու: Իսկ իրականում՝ ո՞վ եմ ես: Փորձեմ պարզել՝ ծնողներս ովքեր են, Կա՞ն նրանք, որտեղի՞ց են սկսվում, որտեղից են գալիս. Կարո՞ղ եմ արդյոք: Չէ՛, հույսս կորցնում եմ՝ Ոչինչ էլ պարզողը չեմ, Ավելի լավ է՝ գլուխս դնեմ բարձին Քնեմ մի քիչ: Կարգին խմեցի քիչ առաջ: *** Իմ անկողինը տաք է ու փափուկ, Այնպես ապահով, Աշխարհի բոլոր զենքերն էլ սուրան՝ Չեն հանդիպի ինձ: Քունս տանում է՝ ես պետք է քնեմ: Թե բնությունը չարանա հանկարծ՝ Ահեղ երկրաշարժ, հրաբուխ, ավեր՝ Ես ապահով եմ ամեն աղետից, Բարձս կգրկեմ, Հանգիստ ու խորը քուն կգա վրաս, Կքնեմ խաղաղ, անխռով, մաքուր Մանկան տաք քնով:

Page 33: Տիրամայր, Գոհար Սարդարյան

33

*** Այնպես ծանր զգացումով եմ ես արթնացել՝ Մեղավորի, մեղսագործի հոգնածությամբ: Մտածում եմ՝ երեկ վատ բան ես չեմ արել, Պարզ, լուսավոր ապրումներով Անկողին եմ մտել խաղաղ, Բայց այդ որտե՞ղ, Բայց այդ կամ ե՞րբ Մեղավորվեց հոգիս այսպես, Խիղճս խարան-խարան եղավ: Երեւում է՝ գիշերը ես Ինչ-որ մի տեղ գնացել եմ, Ինչ-որ բանում մխրճվել եմ, Ու ինչե՜ր եմ արել տեսնես. Մեղքի բեռն եմ ուսիս առել Ու եկել եմ: Հոգնած եմ ես... իմ գիշերը նոր է սկսվում, Թողեք քնեմ՝ հանգստանամ:

Page 34: Տիրամայր, Գոհար Սարդարյան

34

ԽՈՐՀՈՒՐԴ Դաստիարակված աղջիկ, Դու՝ խելացի աղջիկ, Ի ՞նչ ես քեզ դես ու դեն Ու պատեպատ նետում: Վրադ կծիծաղեն, Տես, կնայեն վրադ Չարկամ հայացքներով: Դաստիարակված աղջիկ, Կոկլիկ-սոկլիկ ապրած, Կոկլիկ-սոկլիկ սիրով Արբեցած ու պարտված, Տեղին- տեղին հաղթած, Վերագտած կրկին, Սոսկա հայացքներից Ծաղրող ու ծանակող: Դաստիարակված աղջիկ, Շնորհքդ ու՞ր մնաց, Դաստիարակված աղջիկ, Բա խե՞լքդ ուր գնաց...

Page 35: Տիրամայր, Գոհար Սարդարյան

35

*** Այնքան շատախոս եմ դարձել. Թե ասելիք էլ չկա՝ Բառեր հո կան. Կշարեմ կողք կողքի ու կզրուցեմ, եթե ոչ քեզ, Ապա ինքս ինձ հետ, Ի՜նչ է եղել որ: Այս քանի տարի է, ես չեմ տեսել ինձ, Կարոտել եմ այնքան: -Ողջո՛ւյն քեզ, ,ես,,- գոչում եմ ջերմությամբ Ու ձեռքս եմ սեղմում,- Ողջո՛ւյն քեզ, ,ես,, Այդ ես եմ ամենից շատ քեզ սիրում, Չի չափվի ոչ մի սիրած տղա կամ տղամարդ, Իմ զգացմունքն ավելին է, քան մայրական սերն անգամ, Էլ չեմ խոսում քրոջ, եղբոր կամ ընկերոջ մասին: Ողջույն քեզ, ,ես,, Հիշիր ընդմիշտ, Բոլոր երազները այդ ես եմ քեզ նվիրել, Հեքիաթներ եմ պատմել ես քեզ, Եւ դու քնել ես մանկան անխռով, անուշ քնով, Ես եմ քո պաշտպանը, Ես եմ քո տերը, Տիրականը, Արի ողջագուրվենք սիրով, Թփթփացնենք իրար ուսի Եւ քայլենք միասին Քաղաքի փողոցներով:

Page 36: Տիրամայր, Գոհար Սարդարյան

36

ՆՐԱ ՉՎԱՆԻՆ ՑԱԽ ԴՆԵԼ ՉԻ ԼԻՆԻ Աշխարհի բոլոր էշերը եթե հավաքվեն ու միաձայն զռռան Իրենց էշային կոկորդով, Քո սիրո խոստովանանքի ուժը չի լինի: Աշխարհի բոլոր էշերը, եթե հավաքվեն եւ դժգոհեն Իրենց տերերից, իրենց չարքաշ կյանքից, Չի համեմատվի քո աչքերի կոտրված հայացքի, Քո ձայնի արցունքախառն ելեւէջների հետ: Եւ աշխարհի բոլոր էշերը եթե որոշեն՝ ապստամբեն մեկեն, Թոթափեն իրենց բեռը, վար նետեն փալանը հազարամյա, Չեն ունենա այն կերպարը անկախ, անհոգ, մերկորեն ազատ, Եւ չեն գծի այն անծրագիր կյանքի ուղեգիծը, Ինչպես դու ամեն օր, ման գալով քաղաքի փողոցներում, Եւ նայելով մարդկանց աչքերին, Քո անկշռության եթերում ես վարգում: *** Անհոգության հաճույքը՝ մեծ. Մենք փոքր ենք, Մի փոր հացի բերկրանքը՝ մեծ. Մենք փոքր ենք: Մեկնվիր գոհ մեջքի վրա, փորի վրա, Կուշտ ես, առողջ, ծարավ էլ չես, Գոհ, ինքնաբավ, օրդ ապրի՝ Դու՛ փոքր ես, չէ՞:

Page 37: Տիրամայր, Գոհար Սարդարյան

37

ՏԱՏԻԿՆ ՈՒ ԹՈՌՆԻԿԸ Տատիկը սիրում էր թոռնիկին, Խոսեցնում էր նրան հեռվից, Աչքերի թարթով, Լայն դեմքի աններդաշնակ շարժումով Սերն ու սիրտն էր դնում մանչուկի առաջ: Ծռմռում էր դեմքը, Ծամածռություններ անում, Մուրում էր փոքրիկի համակրանքը: Փոքրիկն էլ ուրախ Ժպտում էր տատիկի դեմքի խաղերի հանգույն, Մերթ ընդ մերթ կչկչում էր անհոգ Եւ նայում էր հսկա տատիկին Որպես մի խոշոր ծիծաղեցնող տիկնիկի: *** Այս մրջնանոցը, աշխարհը այս մեծ Ինչո՞վ է ապրում, Եւ որտեղի՞ց է հայթայթվում արդյոք Սնունդը այդքան: Օ՜, հանճարեղ ես, բնություն, դու մայր, Ձեռքիդ թելերը՝ անթիվ, անհամար, Հիշողությունդ՝ այդպես անհատակ, Տեսողությունդ՝ այդքան թափանցող: Ախր ոչ մեկին, Ոչ մի մրջյունի Սոված չես թողնում, Ծարավ չես թողնում, Չես թողնում անվերջ Իր տխրության մեջ: Ա՛յ հիշողությու՜ն, Ա՛յ տեսողությու՜ն, Սիրառատությու՜ն: Օ՜, հանճարեղ մայր, Օ՜, բնություն մեծ, Մեծ եւ բարեգութ, Բարեգո՜ւթ որքան:

Page 38: Տիրամայր, Գոհար Սարդարյան

38

*** Դեղը իմ բալասան Ափիս մեջ է, Շուռ եմ տալիս ձեռքս, Ափս եմ բացում, Հոտ եմ քաշում խորը Ու լուռ արբենում եմ. Կյանքը թեթեւ- թեթեւ ծտի բեռ է, Օրը մատակ ձիու անհոգ վարգ է: Ինչքան լա՛վ է, լա՛վ է: Մատներովդ խցիր ականջներդ, Ու աչքերդ փակիր, Շուռ տուր ձեռքդ, Ափդ սեղմիր քթիդ. Կյանքդ՝ հանգիստ, սահու՜ն, Կյանքդ՝ վարար առու: *** Երբ չունեմ ես գրասեղան, Թուղթն սպիտակ ճմրթվում է Ասելիքիս ծանրությունից Այստեղ-այնտեղ, պատահական Ու անհարմար տեղերում: Ես այնպիսի ցավ եմ զգում Տողիս համար ու խոսքիս՝ Ասես իմ խոր խոկումներին Հարվածում է անխնա Վիրավորանքը, անհարգալից Խաղն անպատեհ իրերի: Բայց երբ ունեմ գրասեղան Շքեղ ու մեծ, ազդեցիկ, Այս անգամ էլ տողն է հալվում, Անէանում ու կորչում: Ո՞րն է լավը՝ ես չգիտեմ՝ Գրասեղան ունենա՞լը պատշաճող, Թե՞ թափառիկ տողերի խեղճ Հանգրվանը ընչազուրկ:

Page 39: Տիրամայր, Գոհար Սարդարյան

39

ԴԱՄԲԱՐԱՆՈՒՄ Փոքրիկ սենյակը դամբարան է, Ուր պետք է թաղվեն երազներս, Ճիչերը հոգուս կդիպչեն թափով Պատերին ամուր Ու ետ կդառնան: Ես ապրում եմ այս դամբարանում, Ես կմեռնեմ այս դամբարանում: *** Այս աշունը այնքան տառապանք ինձ բերեց, Այնքան ցավեցրեց, վեր ու վար ինձ արեց, Տեղս նստեցրեց, ասաց՝ բա՛վ է, բա՛վ է, Դու ոչ առաջինն ես, վերջինն էլ չես լինի: Մայրամուտ է իջնում, պատրաստությունդ տես, Ճամփա պիտի ելնես, հազար գործեր ունես: *** Ցնցումների աղմուկից Եւ շառաչից զարմանքի, Աղաղակից խավարի, Լույսի գունատ շփոթից Ձայնն է մաշվում ու մեռնում: Լռությունն է իջնում վար. Ոչ ունկ ունես, ու ոչ՝ աչք: *** Թալկացած մարմնով Եւ դալուկ հոգով Ճամփաս եմ գնում: Օրն է ամպամած, Երկինքն՝ անարեւ, Իսկ նպատակը դեռ շատ է հեռու:

Page 40: Տիրամայր, Գոհար Սարդարյան

40

*** Դու երբեք հասցե չունեցար, Ինչու՞. Չկարողացա՞ր, Պակասե՞ց ուժդ, Թե աշխարհ եկար Ոչ այնպես, Որ շահեիր հասցեի իրավունք: Ինչ որ է, Տխուր է անհասցե ապրելը: Գրկիր ծնկներդ, լաց եղիր հոնգուր- հոնգուր, Երբ հատկապես մոտենում է պահը Եւ լքելու ես աշխարհը անհասցե: *** Արի դու, Ես հոգիս կփռեմ քո առաջ Որպես մի մաքուր հարթություն, Որը չի քերծվել տարիների հոսքից: /Ես իմ ցավերը կմոռանամ, Եւ կսկսվի մեր նոր կենսագրությունը/: Քեզ ճանաչում են բոլորը, Քո բոլոր ծանոթները, Նրանք գիտեն, որ դու դո՛ւ ես, Ինչու՞ ինձ այդ մասին տեղյակ չեն պահում: *** Արի ՛ դու եւ հան ինձ թյուրիմացությունից, Որ համառորեն կյանք եմ անվանում: Ուզում եմ ապրել, ուրեմն՝ արի, Ուզում եմ զգալ այս աշխարհ գալու տիեզերական իմաստը, թե կա, Ուզում եմ հոգուս տարածությունը Չափել ու զգալ Եւ բանականի, բարոյականի խտության չափը որոշել Եսիս: Ուրեմն՝ արի:

Page 41: Տիրամայր, Գոհար Սարդարյան

41

*** Ճանապարհի բավիղներում մոլորվել եմ, Վարդ եմ փնտրում, վարդը չկա, Մացառները, խոտերը խիտ Հայացքիս տակ վեր են ցցվել հպարտ ու սեգ՝ Պատրաստակամ կռվի համար: -Վա՞րդ ես ուզում Այս ուշ ժամին, Աշուն է, տե՛ս, Քեզ էլ ի՞նչ վարդ: ...Աշունն էլ լուռ մոտ է սահում Ու հպվում է ճակատիս խուլ Եվ ժպիտով ներողամիտ Դեմքս է շոյում իր պաղ ձեռքով: *** Մեր ճանապարհները մեկը չդարձան, Գոցվեցին դռները սիրո, փոխըմբռնման: Ազատությու՞ն՝ որքան ուզես. Դու գնացիր քո ճամփով, Ես թեւածեցի իմ տարածքներում: Բայց մշուշի պես ինչ-որ ամպեր Տարածվեցին մեր գլղավերևում, Թեթեւ, բայց համառ ամպեր, Որոնք գիտակցում էին իրենց իրավունքը Եւ ճանաչում էին գոյության սեփական տիրույթները: Մեզանից հեռու՝ ամպեր, Մեր մարմնից, Անգամ մտքերից բարձր՝ ամպեր, մշուշներ: Կայծակ եղավ՝ չքացան դրանք, Ամպրոպ եղավ՝ վերացան: Բայց երբ սպառվեց սնունդը, Հոգուս իջավ տամուկ հանգստություն Կամ երբ բացվեց ներդաշնության արեւը, Տեսա այդ ամպերը, Կրկին եկան, կրկի՛ն, կրկի՛ն: -Դու ի՞նչ էիր՝ սե՞ր, Ի՞նչ էր քո անունը՝ ճակատագի՞ր...

Page 42: Տիրամայր, Գոհար Սարդարյան

42

ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ Ախր, Ախր դու սովորական մարդ ես, Քեզ պես գեղեցիկներ էլ կան, Քեզնից գեղեցիկներ էլ: Բայց ես ինչու՞ եմ փնտրում քեզ. Նշա՞ն է արված քեզ վրա: *** Սեր իմ, բանաստեղծություն գրու՞մ են շաղված ուղեղով... Սահմանագիծը ջնջված է, Անցուդարձը այս կողմ ու այն կողմ տեղի է ունենում, Ես սահմանապահ եմ, Բայց ոչինչ չեմ անում արգելելու համար: Դու համբուրում ես աչքերս, շուրթերս՝ Ես չեմ դիմադրում: Մեղմ երաժշտություն է փչում, Հնչյունները հասնում են ինձ: Աչքերս եմ փակել, Չեմ ուզում տեսնել խանգարող ոչինչ: Օրորվում եմ երազի եւ իրականության ճոճաթոռում՝ Այնպես հաճելի է: Ես երազի շղարշով կծածկեմ քարերը, հողը, Եւ կգունավորվի աշխարհը, Կդառնա հեքիաթի գորգ, Իսկ գորգի վրա, Ե՛ս եմ, դո՛ւ ես, Ես ու դու: Դե, փորձիր գտնել սահմանը՝ Չկա այն, Սահմանապահը ես եմ, Իսկ ես չեմ ուզում այն փակել: Հեքիաթի գորգ է, Գորգի վրա Ես եմ, դու ես, Ես ու դու:

Page 43: Տիրամայր, Գոհար Սարդարյան

43

*** Դու ապրիր, սիրելիս, Կյանքը գուրգուրիր քո ուժեղ ձեռքերով, Քո հայացքով ամուր Դարձիր կշռաքարը նրա, Ծիծաղիր եւ տխրիր, Տխրիր եւ ծիծաղիր, Ապրիր, քանզի այն վայել է լիարժեք եւ առողջ մարդուն: Սիրելիս, դու կյանքի հողմապտույտում ես, Դու նրա խառնարանի մոտ ես: Դու ապրիր, ապրիր, քանզի աշխարհ ես եկել, Որպեսզի ապրես Եւ վայելես այն, Իսկ ես կդառնամ համեստ դպիրը կամ քարտուղարը Քո այն օրերի Եւ ողջ կյանքի համար: *** - Դու կաս, ու մենք չհանդիպեցինք, -Դու չկաս, եւ իզուր էր սպասումը: Երկու դեպքում էլ նկարը կյանքի Աղճատվեց եւ կիսատ եղավ: ...Սատանայի մա՞տն էր խառը, Թե Արարչի հավերժական փորձությունն էր:

Page 44: Տիրամայր, Գոհար Սարդարյան

44

*** Ես գիտեմ՝ չես գա, Թե գաս էլ՝ այնքան ուշ կլինի, Խորշոմները վրձնած կլինեն իմ դեմքը, Կրակը մարած կլինի աչքերիս մեջ, Եւ դու այլեւս ինձ չես ճանաչի: Ես քեզ կճանաչեմ, անշուշտ, Կճանաչեմ իմ հոգու աչքերով, Որոնք միշտ բաց են ու ջահել, Բայց տխրորեն կխոնարհեմ գլուխս, Կժպտամ ինքս ինձ Ու ոչինչ, ոչ մի խոսք չեմ ասի: Եւ դա կլինի մեր հանդիպումը: Պատկերացնու՞մ ես, թե որքան ծիծաղելի է լինելու այն, Զավեշտական անգամ: Փաստորեն կպարզվի, որ մեր կյանքն էլ տխուր Եւ մի քիչ էլ ծիծաղելի վերջաբանով Հեքիաթ է, Միայն թե այդ հեքիաթը իմանում ենք լոկ մենք Եւ մեզանից բացի չենք հանդգնում պատմել Ուրիշ ոչ ոքի: *** Շառաչում է համբույրդ, Թեւերդ օղակել են պարանոցս, Շունչդ ողողել է դեմքս: Ես չեմ փորձում հեռանալ քեզնից՝ Անկարող եմ: Նվվում է մարմինս, Տեսնում է մոտակա վայելքը. Ես սեղմվում եմ քեզ Ու ոչնչանում եմ քո գրկում: *** Վրձնի անվարժ շարժումներով Ժպիտ ենք նկարում ու դնում մեր շուրթերին Եւ այն օգտագործում ենք Ամբողջ կյանքի համար:

Page 45: Տիրամայր, Գոհար Սարդարյան

45

*** Աստված պատվիրեց՝ Գտիր ընկերոջդ: Ես ման եմ գալիս ուստի Ծնվածս օրից առ այսօր Եւ դեռ ման կգամ Մինչ մահս /կարծում եմ/, Կփնտրեմ քեզ: Ո՞վ է մեղադրում ինձ. Ես կատարում եմ Աստծո պատվերը, Ես հնազանդ եմ նրա կամքին: *** Կա՞ս դու. գուցե՝ կաս: Ես քեզ փնտրում եմ ամեն քայլափոխի, Մեքենայի յուրաքանչյուր շչակի ուղղությամբ, Ամեն մի թաքուն կամ բացահայտ հայացքի մեջ, Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ: Փնտրում եմ տենդոտ, հիվանդագին սպասումով: Աշունը դուռս է թակում, Օրերս հալչում են, Էլ ժամանակ չկա՝ Շտապի՛ր: *** Անվերջ ցնորքներ, Ցնորքների մեջ՝ քո աչքերը վառ: Քեզ նկարում եմ իմ հոգու հանգույն Ու հավատում եմ քո գոյությանը: Եւ չեմ հավատում քո գոյությանը: Չհավատալու եւ հավատալու խրթին հանգույցը Փորձում եմ անվերջ ձեռքերով քանդել: Քայլ առ քայլ այդպես օրերս եմ ապրում Եւ մոտենում եմ հանրագումարին:

Page 46: Տիրամայր, Գոհար Սարդարյան

46

*** Գիշերային անքնությունը Վերքե վարդեր է ուղեղիս մեջ բացում, Մեղքը դառնում է մաքրության խոսքը Աստծո, Եսը տարալուծվում է մեղքի անուշաբույր Օրորի ճիրաններում: *** Ամպել եմ, Սպասվում է անձրեւ, Տեղատարափ՝ կարծես թե: Ես փորձում եմ հոգիս ծածկել Անջրաթափանց զգեստով, Ես նախապատրաստվում եմ : Որովհետեւ դիմադրությունը պարտադիր է, Որովհետեւ միայն տեղատարափը չէ Իմ զավակը, Ես մայրն եմ եւ դիմադրության: *** Ես կապրեմ առանց սիրո էլ, Ինչ է եղել որ... Պետք չէ ոչ գրկախառնություն, Ոչ համբույր, Ես կգրկեմ ինքս ինձ, Կփաթաթվեմ ինձանով թաքուն, Անկողինս կլցնեմ սեփական մարմնիս ջերմությամբ, Սեփական շունչս, դեմ առնելով բարձիս, Ետ կգա եւ կողողի դեմքս, Կլինեմ երջանիկ, գոհ, բավական, Կապրեմ սիրառատ ու սիրահույզ Ու... Ու աշխարհի հերն էլ կանիծեմ...

Page 47: Տիրամայր, Գոհար Սարդարյան

47

*** Մկրատը վերցրել ու թեւերդ կտրել են, Ինչպես թեւերը թռչունի: Հարվածը ուժեղ էր, դավադիր էր, Սրտիդ էր ուղղված. Դանակը խրված է նրա մեջ: Թիկունքդ թուլացավ, հալվեց. Ողնաշար եղե՞լ է երբեւէ: Աչքերիդ առաջ փռված էր արեւը. Այժմ անորոշ մութ է: Ոտքերդ կտրվեցին հողից. Օդն ես կոխկրտում դատարկ: Ուզում ես հենվել, բայց՝ ինչի՞ . Երիցս ծիծաղելի է ջանքդ: Թեւերդ տարածում ես աղեկեզ՝ Ոչ ոք մոտ չի գալիս, Ոչ ոքի չեն դիպչում դրանք: Այսքանից հետո, տե՛ս, էլի Փորձում ես ապրել, Մոռանում ես Եւ քեզնից թաքուն Երազում ես Ու ժպտում երազիդ մեջ: ԵՌԵՐԳ *** Մա՛յր, Տիրամայր, Մաքրության արգանդ, Սիրո երկունք, Քեզնից սկսվում Ու հանգում ենք Քեզ: Մայր, հավերժ օրորոցայինդ Հանգստացնում, Քնեցնում է մեր Հոգնած մարմինները:

Page 48: Տիրամայր, Գոհար Սարդարյան

48

*** Մայր, Տիրամայր, Ես կին եմ, Իմ մեջ կրում եմ Կանացի Քո հմայքից Մի կայծ, Կանացի Քո գաղտնիքից Մի ծեղ հայտնվել է իմ մեջ: Մայր, Տիրամայր, Շարժվում եմ մթության մեջ, Քայլում եմ. Դրանք են լոկ Ճանապարհը լուսավորող կետերը: Մա՛յր, Տիրամայր, Դեռ շա՞տ եմ Ուտելու տառապանքի հացը, Ե՞րբ են սրտիս զարկերը Դառնալու հանգիստ ու համաչափ, Ե՞րբ եմ հայտնվելու Իմ տան շեմին£ *** Մայր, Տիրամայր, Որպես հետաքրքրաշարժ Աշխույժ երեխա Դեռ շատ կարյունոտենք Մեր քիթը, Բայց խելքի կգանք Ի վերջո Եվ կհասկանանք, Որ մեր տեղը Քո ապահով, Խաղաղ Փեշերի մոտ է£

Page 49: Տիրամայր, Գոհար Սարդարյան

49

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ Էլ-փոստ` ց[email protected] Բջջ.`077120430 ՏԻՐԱՄԱՅՐ, բանաստեղծություններ ԵՐԵՎԱՆ - 2001