7
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ (հատված «Ագռավի թռիչք» անտիպ վեպից) ԱՅՆ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ Ահա, այնպես պատահեց, որ Օտտավա-Երևան ինքնաթիռ հայտնվեց և վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդակայանումֈ Երբ շարժասանդուղքը մոտեցավ ինքնաթիռին, դուռը բացվեց ու դռան բացվածքում հայտնվեցին երկուսը՝ ուղեկցորդ աղջիկը և ինքնաթիռի երեք սալոնների ամենաուժեղ տղան, որի լրիվ անունն էր Հաբեթնակ Բլաքֈ Նրա հետ մենք արդեն ծանոթ ենք, սիրելի ընթերցող, և քանի որ մեր այս հույժ ճշմարտապատում պատմության մեջ նրան որոշակի դեր է վերապահված, պատմենք առավել մանրամասնֈ Ինչպես իմացանք, նա ծագումով հայ էր, կրթությամբ՝ պարաշյուտիստ, այսինքն` չուլ ու փալասի օգնությամբ վերից վար իջնող և այդ բանն անում էր ամեն անգամ կենդանի մնալու հաճույքիցֈ Վերջին հատկությունը և անունը միակ հատկանիշներն էին, որ բնորոշում էին Հաբեթնակ Բլաքին, որպես ծագումով հայիֈ Հորը նա չէր հիշում, մորը չէր տեսելֈ Պապը՝ ֆրանսացած, ապա արագորեն կանադացած մի հայ, պահել էր նրան, մինչև դիմանալու ծայրագույն սահմանը՝ 16 տարեկան, ապա «Շյեն արմենիեն» աղաղակով վռնդել տնիցֈ Իսկ տատ նա ընդհանրապես չէր ունեցել, ոչ մի կողմից, թեև չար լեզուները պնդում էին, նրանք երբեք չեն ասում, միայն պնդում են, թե տատու անունը Նոյեմզար է եղել, որ կանադերեն նշանակում է Ռոզի-Լյուիզ, և որը շատ շուտ է անհետացել պապու կյանքից, դառնալով ոչ հայֈ Ընկերները մեր հերոսին կրճատ Հաբեթ էին ասում, թշնամիները՝ Հաբեթտոսթե, տիտանները, այսինքն` հաղթանդամ ամերիկացիները՝ Յապետոսֈ Ինչևիցե... Սա էր, այս անորոշ միջազգայնականը, որ իջավ ինքնաթիռից և հայացքն Արտա- շատի շրջանի կողմը դարձնելով, դիմեց իր Ներքին ձայնին. - Վուալա... - Վուասի,- հաշտվողաբար պատասխանեց Ներքին ձայնըֈ Առայժմ, «ՕՏԱՐՈՒԹՅԱՆ» մեջ նրանք միմյանց շատ լավ էին հասկանումֈ Հիմնականում անբան միլիցիոներներից, կասկածելի անձանցից ու ամեն գույնի բերանբացներից բաղկացած տեղական ամբոխը ճեղքելով, Հաբեթնակ Բլաքն իր կովբոյական, երկարաճիտ, բարձրակրունկ, կեղծ խթանավոր կոշիկները կտկտաց- րեց մայր հայրենիքի հարազատ, ճաքած ու խորդուբորդ ասֆալտին և օդակայանի բաց սյունասրահի քնձռոտ սրճարանում սուրճ ու կոնյակ պատվիրեց, օձի կաշվից հրաշք սապոգները դնելով սեղանին և համոզված, թե ինքն այստեղ այնքան կարևոր բողկ է, որ բերած վիթխարի բագաժը հենց այստեղ, սրճարանի առաջ կդնեն մեքենա

Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

Embed Size (px)

DESCRIPTION

Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք» անտիպ վեպից հատված

Citation preview

Page 1: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

(հատված «Ագռավի թռիչք» անտիպ վեպից)

ԱՅՆ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԵՐԵՑԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ՊԱՐԱՇՅՈՒՏԻՍՏԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ

Ահա, այնպես պատահեց, որ Օտտավա-Երևան ինքնաթիռ հայտնվեց և վայրէջք

կատարեց «Զվարթնոց» օդակայանումֈ Երբ շարժասանդուղքը մոտեցավ

ինքնաթիռին,

դուռը բացվեց ու դռան բացվածքում հայտնվեցին երկուսը՝ ուղեկցորդ աղջիկը և

ինքնաթիռի երեք սալոնների ամենաուժեղ տղան, որի լրիվ անունն էր Հաբեթնակ

Բլաքֈ

Նրա հետ մենք արդեն ծանոթ ենք, սիրելի ընթերցող, և քանի որ մեր այս հույժ

ճշմարտապատում պատմության մեջ նրան որոշակի դեր է վերապահված, պատմենք

առավել մանրամասնֈ

Ինչպես իմացանք, նա ծագումով հայ էր, կրթությամբ՝ պարաշյուտիստ, այսինքն`

չուլ ու փալասի օգնությամբ վերից վար իջնող և այդ բանն անում էր ամեն անգամ

կենդանի մնալու հաճույքիցֈ Վերջին հատկությունը և անունը միակ հատկանիշներն

էին, որ բնորոշում էին Հաբեթնակ Բլաքին, որպես ծագումով հայիֈ

Հորը նա չէր հիշում, մորը չէր տեսելֈ Պապը՝ ֆրանսացած, ապա արագորեն

կանադացած մի հայ, պահել էր նրան, մինչև դիմանալու ծայրագույն սահմանը՝ 16

տարեկան, ապա «Շյեն արմենիեն» աղաղակով վռնդել տնիցֈ Իսկ տատ նա

ընդհանրապես չէր ունեցել, ոչ մի կողմից, թեև չար լեզուները պնդում էին, նրանք

երբեք չեն ասում, միայն պնդում են, թե տատու անունը Նոյեմզար է եղել, որ

կանադերեն նշանակում է Ռոզի-Լյուիզ, և որը շատ շուտ է անհետացել պապու

կյանքից, դառնալով ոչ հայֈ

Ընկերները մեր հերոսին կրճատ Հաբեթ էին ասում, թշնամիները՝ Հաբեթտոսթե,

տիտանները, այսինքն` հաղթանդամ ամերիկացիները՝ Յապետոսֈ

Ինչևիցե...

Սա էր, այս անորոշ միջազգայնականը, որ իջավ ինքնաթիռից և հայացքն Արտա-

շատի շրջանի կողմը դարձնելով, դիմեց իր Ներքին ձայնին.

- Վուալա...

- Վուասի,- հաշտվողաբար պատասխանեց Ներքին ձայնըֈ

Առայժմ, «ՕՏԱՐՈՒԹՅԱՆ» մեջ նրանք միմյանց շատ լավ էին հասկանումֈ

Հիմնականում անբան միլիցիոներներից, կասկածելի անձանցից ու ամեն գույնի

բերանբացներից բաղկացած տեղական ամբոխը ճեղքելով, Հաբեթնակ Բլաքն իր

կովբոյական, երկարաճիտ, բարձրակրունկ, կեղծ խթանավոր կոշիկները կտկտաց-

րեց մայր հայրենիքի հարազատ, ճաքած ու խորդուբորդ ասֆալտին և օդակայանի

բաց սյունասրահի քնձռոտ սրճարանում սուրճ ու կոնյակ պատվիրեց, օձի կաշվից

հրաշք սապոգները դնելով սեղանին և համոզված, թե ինքն այստեղ այնքան կարևոր

բողկ է, որ բերած վիթխարի բագաժը հենց այստեղ, սրճարանի առաջ կդնեն մեքենա

Page 2: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

ու կտանեն հեռավոր լեռներում, կամ պամպասներում գտնվող աղետյալ գոտու որևէ

ռանչո, ուր նա իր ձմեռային հանգիստը կվայելի, դահուկ քշելով կամ երբեմն

որսորդությամբ զբաղվելովֈ Սակայն շուտով, շատ շուտով նրա բոլոր ակնկալիքները

պիտի փշուշ-փշուր լինեին, բախվելով դաժան իրականության հոծ պատինֈ

Եվ մինչ միլիցիայի ամենամոտ քարշ եկող դասակներից մեկը կսկսեր զգուշորեն

շրջապատել «ամերիկացուն»` ծրագրելով տուգանել հասարակական վայրում

ոտքերը սեղանին դնելու համար, նախապես ստուգելով, արդյո՞ք վտանգավոր չէր

նման արկածը, քանի որ դասակի պետը վազել էր ղեկավարության մոտ, պարզելու

այդ բանը, նաև հնարավոր էր նախանձի պոռթկում մյուս դասակների մոտ... մինչ այս,

մինչ այն, մենք պատմենք, թե ինչպես և ինչու Հաբեթնակ Բլաքը հայտնվեց Երևանի

օդակայանի կեղտոտ սրճարանում, իր կարծիքով` 1988 թ. դեկտեմբերի 30-ին, թե 40-

ին, ծննդյան տոների խառն օրերին, և անմիջապես էլ պարզեց, որ Երևանում ամառ էֈ

Հայտնվեց վիթխարի Ագռավի ահազդու կերպարանքը, սակայն գլխից վանեց

անհեթեթ միտքը, չէ՞ որ ագռավները չվող թռչուններ չեն, հետո ամառվա ու ձմեռվա

տարբերության միջև ագռավն ի՞նչ գործ ունի: Փորձեց վերհիշել ամեն ինչ սկզբից։

Կանադական ձմեռային մի ցուրտ օր, կանադահայ պարաշյուտիստ Հաբեթնակ

Բլաքը լրիվ մերկ մարզվում էր սեփական փակ ու տաք լողավազանում, երկու

հիասքանչ էսկիմոսուհիների օգնությամբ, որոնք ոսկե ձկների նման խայտում էին

ավազանի կապույտ ջրերում, և թվում էր՝ ոչինչ չի կարող խաթարել այդ

հովվերգությունը, երբ հանկարծ ավազանի մոտ դրված վիթխարի հեռուստացույցը

սկսեց քանդվող շենքեր ցույց տալ և Հաբեթնակ Բլաքի ուղեղը ճեղքեց «Արմենիա»

բառըֈ Նա թռչող ձկան նման դուրս ցատկեց ավազանից, նոր ծնվածի

ինքնազգացողությամբ և անմիջապես դարձավ հայ-հայրենասերֈ Քիչ անց

հեռուստացույցը հուշեց, թե ինչ պիտի աներ այդպիսին մնալու համարֈ

Հեռուստացույցը պարզ ասում էր. «Ով ինչքան հին շոր, հին կոշիկ ունի, թող հանձնի

մեզ և մենք վստահեցնում ենք, որ առանց օգտագործելու, կհասցնենք աղետի գոտի ու

կհանձնենք այդ գոտու աղետյալներին»։

Հաբեթնակ Բլաքն անմիջապես գործի գցեց իր ուղեղում հենց նոր գոյացած

հայկական թարմ ուղեղային ճեղքը, որ տեկտոնական ճեղքի նման ձգվում էր երկու

կիսագնդերի միջով և երբեք չէր աշխատելֈ Եվ ահա, թե ինչ զրույց տեղի ունեցավ նրա

ՈՒղեղային թարմ ճեղքի և Անձնական օգտագործման ես-ի միջևֈ Տեղի սղության

պատճառով, այսուհետև՝ ՈՒԹՃ և ԱՕԵֈ

ԱՕԵ - Դա ընդունել որպես հրամա՞նֈ

ՈՒԹՃ – Ընդունել, որպես ջերմ ցանկության դրսևորումֈ

ԱՕԵ - Դա վերաբերում է բոլորի՞նֈ

ՈՒԹՃ – Ինձ թվում է՝ միայն բարի կամքի տեր մարդկանց։

ԱՕԵ - Դա կանադացիների՞ մասին էֈ

ՈՒԹՃ - Բոլորի, բոլորի, բոլորի...

Երկու չքնաղ էսկիմոսուհիները դադարեցին խայտալ ավազանի լուսաճաճանչ

ջրերում և իրենց անտեսանելի աչքերը մեխեցին Հաբեթնակ Բլաքի շախմատաձև

փոփոխվող դիմագծերին, որոնց միջոցով պարզ երևում էր կանադացի և հայ

դառնալու աշխարհացունց հերթագայությունըֈ Հանկարծ նա սկսեց խոսել երկու

աղջիկներին, և ամենապշեցուցիչը՝ հենց իրեն անծանոթ լեզվով.

- Ի՞նչ ա, պոնչո ջան,-դիմեց նա աջ էսկիմոսուհուն,- ընչի՞ ես տենց շշմած նայում,-

ապա դիմեց ձախ էսկիմոսուհուն,- սիրուն ջան, էս ձեր գործը չիֈ Դուք լողցեք, լողցեք:

Page 3: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

Եվ երկուսին հետ հրեց ջրի մեջֈ Խոսակցությունը դարձյալ ծայր առավ, բայց այս

անգամ հայերեն ու ֆրանսերեն, և երկուսն էլ շատ լավ հասկանում էին միմյանց.

ԱՕԵ - Բայց դեպքը կատարվել է Արմենիայումֈ

ՈՒԹՃ – Հենց այդ պատճառով էլ դա դժբախտություն է համայն աշխարհի համարֈ

ԱՕԵ - ՈՒրեմն՝ հին շոր, հին կոշի՞կ...

ՈՒԹՃ - Առայժմ՝ այդքանֈ

ԱՕԵ - Ինչո՞ւ առայժմֈ

ՈՒԹՃ -Գիտես, ինձ թվում է՝ հայերը պետք է մի քիչ ավելի լայն ծրագրով հանդես

գան:

ԱՕԵ - (առանց առկա վտանգը զգալու) Իհարկե, իհարկե...

ՈՒԹՃ - Բայց ես հայ եմ, չէ՞...

ԱՕԵ - Տո, բա ի՞նչ զահրմար ես...

Ասաց ու կծեց լեզուն, քանզի վերջին արտահայտությունը հայերեն էրֈ Եվ երկուսն

էլ, նախանձելի ու հազվադեպ միասնականությամբ, կանչեցին. «ՈՒրեմն, ի գործ»։

Եվ հենց նույն պահին Հաբեթնակ Բլաքի մթնդած դեմքը պայծառացավ և լայն, ազ-

գային ժպիտը լուսավորեց այդ դեմքը հազարավոր արեգակների պայծառությամբֈ Նա

հայ դարձավ վերջնականապես և անմիջապես պատկերացրեց՝ ինչպես, բարի,

մխիթարող ժպիտը դեմքին, հին շոր, հին կոշիկի պարկը շալակած, Սանտա-Կլաուսի

հագուստով, պարաշյուտից կախված վայրէջք է կատարում Արարատի ծեր

կատարին:

Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպֈ Հաբեթնակ Բլաքը տոմս պատվիրեց

Օտտավա-Երևան չվերթով և բոլոր քաղաքակիրթ մարդկանց նման նստեց «Նոյան

տապան» կոչված ինքնաթիռն ու ժամանեց Երևանֈ

Եվ այն պահին, երբ կեղտոտ սրճարանում արևելյան սուրճ ու հայկական կոնյակ էր

վայելում, նրան շրջապատող միլիցիոներին հրհրելով հայտնվեցավ Քրձենավորըֈ

Նրա գանգուր մորուքն ու մազերը ծածկում էին ամեն ինչ, նույնիսկ անհայտ

ճանապարհով դեմքին հայտնված անտեսանելի աչքերըֈ Այդ աչքերը զարմանալի

հատկանիշներ ունեինֈ Դրանք երկուսն էլ ձախ էին և տեսնում էին այնտեղ այն, ինչ

պետք չէր տեսնել և հակառակըֈ Ոտքերին պատառոտած բարձովկաներ էինֈ

Հազարամյակներով չլվացված քուրձի վրայից մի վիթխարի երկաթե խաչ էր կախված,

գամփռ կապելու շղթայովֈ Մինչդեռ թիկունքից, ողնաշարի այն մասում, ուր

կենդանիների մոտ սկսվում է պոչը, անճոռնի ձեռագրով գրված էր. «Պիեռ-գարդեն»:

Քրձենավորի սոսկ տեսքից ահաբեկված միլիցիոներներն օքսիդացան, ի պատիվ

նրանց, մեծ վարպետությամբ ու կարգապահությամբ, թաքնվելով օդակայանի

անհամար ծակուծուկերումֈ Քրձենավորը գլխի թեթև խոնարհումով ողջունեց

Հաբեթնակ Բլաքին և փռչերի արանքից մի պահ ակնդետ զննեց նրան, ապա

արձանացավ մի ուրիշ պահֈ Հրապարակ լցվեցին դողդողացող միլիցիոներները

Հաբեթնակ Բլաքի բերած պարկերը շալակներինֈ Ինչ-որ տեղից հայտնվեց մինչև

պռունկը փախստականներով լցված մի երկհարկանի ավտոբուսֈ Քրձենավորը

հարձակվեց ավտոբուսի վրաֈ Փախստականնները, իրար տրորելով, դուրս

թափվեցին ավտոբուսի դռներից, պատուհաններից ու փախան, ամեն մեկը՝ մի կողմ,

հենց վազքի ընթացքում վերածվելով տեղացիների, մինչդեռ Քրձենավորը երկաթե

խաչով անողոքաբար ջարդում էր ժողովրդական վարորդի կողոսկրերըֈ Այդ

ընթացքում միլիցիոներները պարկերը լցնում էին ավտոբուսի մեջֈ

-Տես, խեղճ մարդը հենց նոր է փրկվել հերթական հացադուլից,- ամեն կողմից

բղավեցին ամբոխի հատուկ ներկայացուցիչները և ամբոխը սկսեց մետաղադրամներ

Page 4: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

ընծայել Քրձենավորինֈ Ասֆալտի վրա մի հսկայական սար գոյացավ և նույն

ակնթարթին ողջ սարը ներծծվեց քուրձի մեջ, ասես չէր եղելֈ Այդ ընցացքում

ժողովրդական վարորդը ճողոպրեցֈ Քրձենավորը նստեց ավտոբուսի ղեկին, փակեց

դռները, դարձյալ թեթև խոնարհում արեց Հաբեթնակ Բլաքինֈ Եվ այդ պահին նրա

ջունգլիանման դեմքն անսահման գթություն էր ճառագումֈ Եվ անմիջապես էլ սլացավ

դեպի գործարանային թաղամաս, խախտելով ճանապարհատրանսպորտային

երթևեկության բոլոր գրված ու անգիր կանոններըֈ

Իսկական կանադահային վայել սառնասրտությամբ Հաբեթնակ Բլաքն ըմբոշխնեց

սահմռկեցուցիչ տեսարանը և սահուն կանգնեց իր կանադական երկար ոտքերի վրաֈ

ՈՒղիղ ոտքերի տակ մի փոքրիկ պարկ էր մնացել, բերանը պինդ կապածֈ Հաբեթնակ

Բլաքը զարմացավ իր պարկերը ոչնչով չհիշեցնող միայնակ պարկի տեսքից,

մանավանդ որ պարկը դողում էր ու փորձում մոտենալ պարաշյուտիստինֈ Նույն

մասնագիտությանը բնորոշ վարժ շարժումով բացեց պարկի բերանը, որտեղից դուրս

սողաց մի քերթած օձ, որին, կաշին քերթելուց հետո, ցելոֆանե շապիկ էին հագցրելֈ

- Էս ոն՞ց ես խցկվել պարկի մեջ,- հոգնած հառաչեց Հաբեթնակ Բլաքը,- քեզ կարող

էին բռնել և տուգանել անտոմս ուղևորության համարֈ Գոնե մի փոքր հայրենասիրու-

թյուն հանդես բերեիրֈ Դու խայտառակում ես Կանադանֈ

- Ես հայրենիք չունեմ,- աղեկտուր հեկեկում էր Օձը,- Ես Կանադայում ապրում էի

փախստականի կարգավիճակով, ա-ա-ա...

- Կամաց, կամաց,- օձի պես ֆշշացրեց Հաբեթնակ Բլաքը, շուրջը նայելով,- այստեղ

քնած մարդիկ կանֈ

-Եթե չեմ սխալվում, այստեղ բոլորն էլ քնած են,- լրջացավ Օձըֈ

Հաբեթնակ Բլաքը դարձյալ շուրջը նայեցֈ Իրավ, հենց այդպիսի տպավորություն էր:

- Ով քնած է՝ արթուն կացեք,- ցանկացավ բղավել նաֈ

Օձը մտովի չեղած կաշվից դուրս էր գալիս, նրան հաճոյանալու համարֈ

- ՈՒզու՞մ ես քեզ համար պաղպաղակ թռցնեմ, որ ուտես ու խեղդվես, անխիղճ-

անաստված...

- Դե, ձենդ կտրի,- կեղծ զայրանում էր Հաբեթնակ Բլաքը, տառապելով խղճի խայթի

հաճելի ծակծկոցից, ինչպես «Բեռնար» տեսակի հոսանքով բուժում են ռադիկուլիտը:

Նա կտկտացնում էր հիասքանչ սապոգները աննման ասֆալտին, իսկ օձն արյան

հետքեր թողնելով թավալվում էր, հետևում էր նրան կրնկակոխ:

- Հետ տուր կաշիս՝ ես քեզ կդարձնեմ երջանկագույնը մահկանացուներից,-

բառաչում էր նա գարնանային որձ գոմեշի ձայնով:- Հանիր կոշիկներդֈ Բոլոր

աստվածներն են վկա, որ դրանց նմանը չկա,- պարզունակ պոեզիային սաթաշմիշ էր

ըլնում սողունն անմխիթար,- մի՞թե այդ ոտնամաններն են, որ պիտի երջանկացնեն

քեզ և քո սերունդներինֈ

- Լսիր, ես քեզ քանի՞ հազար անգամ եմ ասել,- համբերությունը կորցնում էր

Հաբեթնակ Բլաքը,- սրանք ոչ միայն քո կաշվից են, այլև այն գվատեմալական

իգուանայի, որ ամերիկյան քերթանոցում, շունչը փչելուց առաջ, հասցրեց նզովել իր

կաշին հագնողինֈ Մի՞թե ուզում ես նզովքի տակ ընկնելֈ

-Ես հիշում եմ պահն այդ,- հառաչում էր Օձը,- Իգուանան կողքի բոքսում էր

պառկածֈ Ես, որպես անմահ օձ, նրա ջերմությունն էի չափումֈ Սակայն դու էլ ես

հագել այդ կաշին, ինչո՞ւ նզովքի տակ չես ընկելֈ

-Բա չե՞մ ընկելֈ Դառել եմ հայրենասերֈ

-Էդ ինձ չի քորում,- թնկթնկում էր Օձը,- շոգից մեռնում եմ, համ էլ ես հայրենիք

չունեմֈ

Page 5: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

-Երեք սուտ մեկ արտահայտության մեջ,- հայավարի ձեռքերն իրար զարկեց

Հաբեթնակ Բլաքը,- Անհայրենիք` ոչ ոք չկաֈ Մեկֈ Երկրորդ՝ օձերը չեն մեռնում,

սատկում ենֈ

-Լավ,- ցելոֆանե թիկնոցը շխկշխկացնելով համաձայնեց դժբախտ Օձը,- Շոգից

սատկում եմֈ Երրորդն ասաֈ

Հաբեթնակ Բլաքը կանգ առավ ու դասախոսի տեսք ընդունեց.

-Ինչպես հայտնի է կենսաբանությունից՝ օձերը, որպես սողուններ, սառնարյուն

արարածներ են և երբեք չեն շոգում, առավել ևս՝ քրտնում:

Անմխիթար Օձը, ի պատասխան, թափ տվեց ինքզինքը և քրտնակաթիլների

շատրվանը բազմագույն ցոլքերով ցայտեց Տիեզերքի բոլոր հնարավոր

ուղղություններովֈ

-Դա ջրհեղեղի վերջին կաթիլներն են,- չարախնդաց Հաբեթնակ Բլաքը` շարունակելով

կտկտացնել երազային կոշիկները երևանյան կարկատած ասֆալտինֈ

-Հետ վերադարձրու կաշիս. խնդրում եմ, աղաչում եմ, համոզում ու պաղատում եմ,-

ախմախ պոեզիայի անցավ ցելոֆանաբնակ Օձըֈ

Նա հուսահատ շարունակում էր սողալ սեփական կաշվի հետևիցֈ

-Նախ, պիտի ապացուցես, որ սա քո կաշին է, այն պետք է կշռել, քանի որ կաշին

մարդու մարմնի ամենածանր մասն է, ուստի ամենացուցանշական, բնորոշֈ

-Ես գիտեմ, որ կաշեգործների մոտ լավագույնը համարվում է մարդու կաշին,-

քծնելու փորձ կատարեց նաև խորամանկ Օձը,- արի, փոխենք, հ՞ը...

-Բայց շատ օձն ես, հա...

Այդ խոսքի հետ Հաբեթնակ Բլաքը վճռականորեն մտավ փնթի խորովածանոցը

և մեկ դոլար նետեց վաճառասեղանին.

-Արաղ տուֈ

Բուֆետչիկը մի շիշ օղի դրեց սեղանին.

- Քո ձեռով բաց, որ հետո ամբախ -զամբախ դուս չտասֈ

Հաբեթնակ Բլաքը անկարեկից նայեց շշին, բացեց ու ողջ շիշը բերանացի քաշեց

գլուխը, հետո էլի մի դոլար նետեց սեղանին.

-Էրկու հատ պիվաֈ

-Հա, զապիվատ ես անո՞ւմ,- ժպտաց բուֆետչիկն ու երկու գավաթ գարեջուր դրեց

սեղանին:

Հաբեթնակ Բլաքը հերթագայելով խմեց երկու գավաթ գարեջուրն ու սկսեց սիրտը

բացել, իր կարծիքով, բարմենի առաջֈ

- Առաջ,- հեղինակի վերջին բառից կառչելով սկսեց նա,- առաջ այսպես չէրֈ Մեզ

համար խիստ դժվար էր հայրենիք գալըֈ Անձամբ ինձ համար սա առաջին դեպքն է,

սակայն տարօրինակ զգացումներ են համակել անձիս, հենց առաջին պահից

անսահման գթության, բարության հորդում զգացի հոգուս ծալքերում, ինչ զարմանալի

երկիր է մայր... գըխտ... Հայր... գըխտ... ենիքը...

-Սուտ ա ասում,- անսպասելի լսվեց Օձի ձայնը,- ակնբախ սուտ էֈ Շան լեզու ունիֈ

Օձին բնից զադնիով կհանիֈ Նրա մեջ գթության հատիկն Աստված չի ցանելֈ

Օձը փորձում էր քյաբաբնոց սողոսկել դռան ճեղքից, գլուխն արդեն մտել էր:

Կարիերիստ Բուֆետչիկը, որ աերոպորտի համբալներից էր աճել, հասել ներկա

գագաթներին, որն իր կյանքում շատ արտառոց բաներ էր տեսել, այժմ ապշեց

իսկական վայրենու նմանֈ Քաղաքակրթության նման դրսևորումը նրա համար ցնցող

էրֈ

- Յա, արա,- համբալի իր մոռացված ձայնով գոռաց նա,- էս մխտա՞ռն ով աֈ

Page 6: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

Հաբեթնակ Բլաքը նետվեց դռան կողմը, փորձելով արգելել ցելոֆանաբնակ Օձի

անցանկալի մուտքը սույն մշակութային կենտրոնի սահմաններ, սակայն հաստ

ապակու միջով նրա առջև բացվեց մի սրտամորմոք տեսարանֈ Մինչ ինքն այստեղ

օղի և գարեջուր էր ըմբոշխնում, քաղաքավարի օձը սպասման տանջանքից, հույսի և

հիասթափության տատանումներից մի քանի անգամ պտտվել էր վետերոկի շուրջըֈ

Օձի խոր ոտնահետքերը պարզ ընդգծվում էին ամառային ջերմ ձյան խիստ

հակասական մակերևույթինֈ Հաբեթնակ Բլաքին թվաց, թե Օձը ծիսական պար է

կատարել և հուզմունքից հասկացավ, որ ինքը Երևանում դադարել է լինել անսիրտ և

դարձել է գթառատֈ Նա ներս թողեց Օձին, որն անսահման նազանքով քայլեց մինչև

սրահի կենտրոնն ու սկսեց շուրջը դիտելֈ

-Ձեզ մոտ այնքան էլ վատ չէ,- սկսեց նա,- գիտեք, ես միշտ խուսափել եմ

բազմամարդ և աղմկոտ վայրերիցֈ

-Ստոպ,- գոռաց Բուֆետչիկը, անսպասելի կռահումից ապշած, ինչպես Զևսի

նետած շանթից ածխացած շունը,- ինչպես հներն էին բարբառում,- չուտողի մալը

ուտողին հալալ աֈ

-Առակդ զի՞նչ ցուցանե,- երջանիկ կանխազգացումից ցնցվեց երախտապարտ Օձը:

-Չլինի՞ էդ սապոգները քո կաշվից ենֈ

-Հա, է, հա,- ոռնաց օձը որդեկորույս գայլի ֆալցետով,-դե էս էշին մի խոսք

հասկացրուֈ

-Լսի, քաղաքացի ամերիկացի,- առայժմ քաղաքավարի սկսեց Բուֆետչիկըֈ

Բայց այս անգամ Օձի փոխարեն սկսեց հեկեկալ Հաբեթնակ Բլաքը.

-Օ, մայր հայրենիք,- ոռնում էր նա գործարանային շչակի նման,- որքան հրաշքներ

կան վարդագույն այս քաղաքում...

Եվ այնպես անկեղծ, այնքան խոր էր հայրենադարձ երիտասարդի ապրումը, որ

այս անգամ Օձն ու Բուֆետչիկը սկսեցին նրան մխիթարելֈ

-Արաղ տվեք ինձ, դարձյալ տվեք ինձ սույն թույնը,- գոռում էր նա,- քերթեք նաև

իմ կաշինֈ Եթե ես մարդ լինեի, իմ կաշին կլիներ լավագույնը...

Բուֆետչիկը իրեն և Օձին երկու պատկառելի բաժակ օղի լցրեցֈ

- Կաշվի շուտափույթ վերադարձ եմ ցանկանում,- կարճ, բայց կարևոր կենաց

արտասանեց Բուֆետչիկն ու խմեցին, ապա հարցական նայում էին միմյանցֈ

- Շա՞տ ա խմել,- հարցրեց Օձը վշտահար պարաշյուտիստին նայելովֈ

- Հեչ բան, ուղղակի պիվի հետ ա խառնել,- արհամարհանքով պատասխանեց

Բուֆետչիկըֈ

- Բա էս ի՞նչ հալի աֈ

- Դարդ ունի, երևի,- խորիմաստ ենթադրեցֈ

Դարձյալ փոխանակեցին հարցական, տարակուսական, խորիմաստ, անիմաստ

և հիմնավորված հայացքներ, որոնք ոչինչ նորույթ չէին բերում, բացի հաջորդ

բաժակներից, ու հանկարծ բաժակների չխկոցն ու միջչխկոցային լռությունը խախտեց

Հաբեթնակ Բլաքի բյորսերկյան անլսելի ճիչը, որ հաստատ, հոգու խորքից էր հնչում.

-Օ, իգուանա, իգուանա, որքան եմ տանջվել քեզ համարֈ

Օձը, որ արդեն ուժասպառ էր եղել դարավոր տառապանքից, պաշտոնյաների

աներեսությունից, մեծամիտ մարդկանց արհամարհանքից և հարբածության

ակնհայտ նշաններ էր ցույց տալիս, կանգնեց պոչի վրա ու լայն տարածելով թևերը,

արտասանեց.

Ով դու փսլնքոտ

Ոչխարի լակոտ,

Page 7: Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ. «Ագռավի թռիչք»

Քո խորունկ վիշտը

Բաժանում ենք մենք,

Քո հեծեծանքը հարազատ է մեզ

Հարազատության ծայրագույն եզրի

Ծայրասահմանից մինչև ավարտըֈ

Ի՞նչն է վշտացրել հոգին քո վերքոտ,

Եվ միանգամիցֈ

Աղեխարշ հառաչանքով Օձին միացավ Բուֆետչիկը և երկու ձայնով երգեցին.

Պատմիր, օ, պատմիր,

Ոչխարի լակոտֈ

Հաբեթնակ Բլաքը երախտագիտության ցնցում ունեցավ իր վշտակիցների նկատ-

մամբ ու քարացած Նիոբեի բամբ ձայնով երգեց.

Իգուանա, իգուանա,

Մենք քեզ երբեք չենք մոռանաֈ

Եվ երեքով բարձրացրին բաժակները.

Խմենք կենացն այն սողունի,

Ով մեր թասն է լցնում հիմի

Վշտից քամած արտասուքով...

Օղորմաթաս անվանելով

Լուսահոգի սույն սողունի

Ապրած կյանքը,

Վերջը վսեմ...

-Օղորմաթաս,օղորմաթաս, օղորմաթաս... ուղեղները պատած մշուշի մեջ

արձագանքում էր Տիեզերքը համայնֈ

Բուֆետչիկը ներսից կողպեց դուռը, բանալին գցեց ճերմակ խալաթի գրպանըֈ

- Պըրծ,- հայտարարեց նա Ռուբիկոնն անցնելու հրաման տվող Կեսարի ձայնով,-

պակաս բան չունենք, յոթ օր օղորմաթաս ենք խմելուֈ

Դռան շրխկոցն ու բանալու ձայնը Հաբեթնակ Բլաքին պարզ հասկացրին, որ

վերջ, ինքն արդեն հայրենիքում է, և նա երջանիկ փռվեց աթոռինֈ

Եվ սկսվեց...