Upload
others
View
18
Download
0
Embed Size (px)
Citation preview
1
Սուրահ «Մարիամ»
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո
1. Քաֆ, Հա, Յա, Էյն, Սադ:
2. Ահա պատմությունն աստվածային գթության, որ ցույց է տրվել
Զաքարիային:
3. Այն օրը, երբ նա իր Տիրոջը գաղտնի դիմեց օգնության համար:
4. Ասաց. «Տե՛ր, մարմինս թուլացել է, և մազերս ճերմակում են: Ես երբեք Քեզ
համար աղոթելիս հուսահատ չեմ եղել»:
5. Ես վախենում եմ իմ հարազատներից,(որ ինձանից հետո չպահպանեն Քո
ուսմունքը): Կինս ամուլ է, ինձ մի զավակ պարգևիր և լրացրու Քո
շնորհները:
6. Նա թող լինի իմ ժառանգորդը, Հակոբի ընտանիքի ժառանգորդը, և արա
այնպես, Տե՛ր, որ Քեզ հաճելի լինի:
7. Ո՛վ Զաքարիա, քեզ ավետում ենք, որ մի զավակ ես ունենալու, և նրա
անունը Յահյա (Հովհաննես) պիտի լինի: Իրենից առաջ այս անունը ոչ ոք
չի կրել:
8. Զաքարիան ասաց. «Տե՛ր, ես ինչպե՞ս կարող եմ զավակ ունենալ, եթե կինս
ամուլ է, իսկ ես թևակոխել եմ անկարողության տարիքը»:
9. (Հրեշտակը) պատասխանեց. «Հրամանը պիտի իրականանա: Քո Արարիչն
ասել է, որ այդ հրաշքն Իր համար հեշտ է (կատարելը), քեզ նույնպես
ստեղծել է ոչնչից:
10. Ծերունին ասաց. «Տե՛ր, ինձ մի նշան տուր»: Պատասխանեց. «Նշանը այն է
լինելու, որ ամբողջ երեք գիշեր համր ես մնալու, այն դեպքում, երբ լեզուդ
առողջ է»:
2
11. Նա (Զաքարիան) դուրս եկավ աղոթատեղիից և դեպի իր ժողովուրդն
առաջանալով՝ նրանց ասաց, որ գիշեր ու ցերեկ գովաբանեն Աստծուն:
12. Ո՛վ Հովհաննես, եռանդուն հավատքով կարդա այս Գիրքը: Մենք նրան
ընտրեցինք դեռ շատ փոքր հասակից:
13. Տվեցինք նաև բարեպաշտություն և ողորմածություն ու պարկեշտություն:
14. Նա արդար եղավ իր ծնողների հանդեպ և ոչ գոռոզություն ցույց տվեց, ոչ
էլ՝ անհնազանդություն։
15. Խաղաղություն թող իջնի նրա ծնված ու մեռած օրվա վրա: Խաղաղությունը
պիտի նրան ընկերակցի նաև հարության օրը:
16. (Ո՛վ մարգարե), Ղուրանի մեջ գովեստով խոսիր Մարիամի մասին.
փառաբանիր այն օրը, երբ նա հեռացավ իր ընտանեկան հարկից ու դեպի
Արևելք (Երուսաղեմ) գնաց:
17. Նա գաղտնի ծածկվեց մի քողով, և մենք նրան ուղարկեցինք մեր հոգին՝
անթերի մարդու կերպարով:
18. Նա (Մարիամն) ասաց. «Ես քեզանից Ամենաողորմածին եմ ապավինում,
եթե Նրանից երկնչում ես»:
19. (Հրեշտակն) ասաց. «Ես քո Աստծո առաքյալն եմ, եկել եմ քեզ օրհնյալ
զավակ նվիրելու»:
20. (Կույսը) պատասխանեց. «Ինչպե՞ս պիտի ունենամ այդ զավակը: Ոչ մի
մահկանացու իմ հետ չի մերձեցել, և մեղքն ինձ անծանոթ է»:
21. (Հրեշտակն) ասաց. «Այսպես է հրամայել քո Բարձրյալը՝ Դա հեշտ է Ինձ
համար: Մեր կողմից նրան հաստատելու ենք որպես նշան մարդկանց
համար ու նաև գթության (ապացույց): Այս է երկնային պատգամը»:
22. Այսպիսով Մարիամը նրանով հղիացավ և նրա հետ գնաց մի հեռու տեղ:
3
23. Երկունքի ցավերը վրա հասան մի արմավենու մոտ, ու նա գոչեց. «Երանի
թե հղիանալուց առաջ մեռած լինեի, և բոլոր մարդիկ ինձ լքեին ու
մոռանային»:
24. (Հրեշտակն) աղաղակեց. «Մի՛ մտահոգվիր: Քո Աստվածը ոտքերիդ տակ
մի առու է հոսեցրել»:
25. Թափ տուր արմավենին դեպի քեզ և կտեսնես, որ ոտքերիդ տակ թարմ
արմավներ պիտի թափվեն:
26. Կեր, խմիր, ու թող աչքդ լույս լինի, և եթե մեկը քեզ հարցնի, ասա նրան.
«Աստծուն ուխտ եմ արել, ծոմ պահել ու ոչ մի մարդու հետ չեմ կարող
խոսել»:
27. Մարիամը վերադարձավ ընտանիքի մոտ՝ իր զավակը գրկում: Ու նրան
ասացին. «Ո՛վ Մարիամ, հիրավի, դու անօրինական քայլ ես արել»:
28. Ո՛վ Ահարոնի քույր, քո հայրը վատ մարդ չէր, և մայրդ էլ անբարոյական
չէր:
29. Որպես պատասխան՝ Մարիամը նրանց ցույց տվեց նորածնին ու նշան
արեց, որ նրան հարցնեն: Ասացին. «Ինչպե՞ս հարց ուղղենք օրոցքի մեջ
պառկած մանկանը»:
30. (Հիսուսը) ասաց. «Ես Աստծո ծառան եմ, Աստված Գիրք տվեց ինձ ու ինձ
մարգարե նշանակեց»:
31. Նրա օրհնությունն ամեն տեղ ինձ հետ պիտի լինի: Նա ինձ պատվիրեց ողջ
կյանքի ընթացքում հավատարիմ մնալ աղոթելու և ողորմություն տալու
պատվիրանին:
32. Նա իմ սրտում որդիական սեր դրեց մորս նկատմամբ ու ինձ ազատեց
գոռոզությունից ու անհնազանդ լինելուց:
33. Խաղաղություն իջավ իմ վրա այն օրը, երբ ծնվեցի, և խաղաղությունը
պիտի ընկերակցի մահվանս ու հարությանս օրերին:
4
34. Այսպես խոսեց Հիսուսը՝ Մարիամի ճշմարիտ որդին, որի վրա շատերը
կասկածում էին:
35. Աստված չի կարող զավակ ունենալ: Հեռու Նրանից նման
սրբապղծությունը: Երբ մի բան որոշի՝ կասի՝ եղիցի՛, և կլինի:
36. Աստված թե իմ և թե ձեր Տերն է: Պաշտեցեք նրան: Փրկության ճամփան
այդ է:
37. Սակայն նրանցից (որոշ) խմբեր շատ վիճաբանեցին, բայց վայ նրանց,
որոնք չեն հավատա մեծ օրվա դատաստանին:
38. Նրանք ինչեր պիտի լսեն և ինչեր պիտի տեսնեն, երբ մեր դատաստանի
առջև կանգնեն: Այսօր նրանք բացահայտ մոլորության մեջ են:
39. Նրանց իմաց տուր իրենց չարչարանքների մասին այն օրը, երբ վճիռը
պիտի արձակվի: Հիմա նրանք անհոգության ու անհավատության մեջ են:
40. Երկիրը և այն ամենը, ինչ այն պարունակում է, մեր ժառանգությունն են.
բոլոր արարածները դեպի մեզ պիտի վերադառնան:
41. Գրքում խոսիր նաև Աբրահամի մասին: Նա արդար էր ու մարգարե
դարձավ:
42. Մի օր ասաց իր հորը՝ ինչու՞ ես պաշտում կուռքերին, որոնք ոչինչ չեն
տեսնում և ոչինչ չեն լսում և անկարող են քեզ օգնել:
43. Հա՛յր, ինձ համար եղել են հայտնություններ, որոնք դու չես ստացել:
Հետևիր ինձ, քեզ պիտի առաջնորդեմ դեպի փրկության ճանապարհ:
44. Հայր, սատանային մի պաշտիր, քանզի նա չհնազանդվեց Ողորմածին:
45. Հա՛յր իմ, վախենում եմ, որ Աստված իր պատիժն իջեցնի քեզ վրա, ու դու
դառնաս սատանայի ընկերը:
5
46. (Ծերունին) պատասխանեց. «Ո՛վ Աբրահամ, եթե դու մերժես իմ
չաստվածների կրոնը, քեզ կքարկոծեմ: Հեռացիր ինձանից երկար
տարիներ»:
47. Աբրահամը պատասխանեց. «Խաղաղությունն ընդ քեզ։ Աստծուց պիտի
գթություն հայցեմ քեզ համար: Նրա բարությունը կպաշտպանի ինձ»:
48. Ես հեռանում եմ ձեզանից ու ձեր կուռքերից: Ես պիտի դիմեմ իմ Աստծուն,
թերևս իմ խնդրանքը չմերժի:
49. Աբրահամը թողեց իր ընտանիքն ու նրա պաշտած կուռքերին: Մենք նրան
տվեցինք Իսահակին ու Հակոբին և երկուսին էլ մարգարե դարձրինք:
50. Մենք նրանց շնորհեցինք Մեր բարիքները և նրանց ներշնչեցինք
ճշմարտության գերազանց լեզուն:
51. Ղուրանի մեջ գովերգիր նաև Մովսեսի առաքինությունները: Նա ազնիվ էր
և վսեմ մարգարե ու առաքյալ:
52. Մենք նրան կանչեցինք Սինա լեռան աջ կողմից ու նրան շշնջալով Մեզ
մոտ բերեցինք:
53. Մեր ողորմածությամբ նրա Ահարոն եղբորը, որը մարգարե էր, նրան
ընծայեցինք:
54. Այս Գրքում հիշիր Իսմայիլին, որ հավատարիմ եղավ իր խոստմանը և
առաքյալ ու մարգարե դարձավ:
55. Նա իր ցեղին պատվիրեց աղոթել, ողորմություն տալ և հաճոյացավ
Հավիտենականի աչքին:
56. Այս Գրքում հիշիր Իդրիսին (Ենովք): Նա արդար էր ու մարգարե դարձավ:
57. Մենք նրան շատ վերև բարձրացրինք:
58. Ահա թե ովքեր ընդունեցին Աստծո բարիքները: Ադամի սերնդի
մարգարեներն են նրանք: Նոյի տապանի մեջ մտնողներն են: Աբրահամի
6
ու Իսրայելի սերունդներն են: Երբ նրանց պատմում էին Ամենաողորմածի
հրաշքները՝ ճակատները գետին խոնարհած և արցունքով լեցուն աչքերով
նրանք պաշտում էին Աստծո գերագույն վեհությունը:
59. Նրանց հաջորդեց մի ապականված սերունդ, որ թողեց աղոթքն ու հետևեց
իր կրքերին: Այդ սերունդը պիտի իր մոլորության (պատիժը) կրի:
60. Բայց նրանք, որ զղջալով հավատացյալ դառնան և բարիք գործեն, պիտի
մնան Եդեմի պարտեզների մեջ, ու անգամ մի փոքր անիրավություն նրանց
նկատմամբ չի լինելու:
61. Այդ երանավետ պարտեզները Աստված խոստացավ իր ծառաներին:
Հիրավի, Նրա խոստումը իրականանալի է:
62. Նրանք այնտեղ դատարկ խոսքեր չեն լսելու: Այնտեղ խաղաղություն է
տիրելու: Այդ բնակավայրի հյուրերը գիշեր-ցերեկ պիտի իրենց
հանապազօրյա հացն ստանան:
63. Սա է այն արքայությունը, որ պիտի ճառագեն մեր առաքինի ծառաները:
64. Մենք երկնքից իջնում ենք միայն Աստծո հրամանով: Անցյալը, ներկան ու
ապագան միայն Աստծուն են պատկանում: Քո Աստվածը մոռացկոտ չէ:
65. Նա Տերն է երկինքների ու երկրի ու այն ամենի, որ գտնվում են
մթնոլորտում: Պաշտիր Նրան: Դու նույն անունով մեկ ուրիշ աստված
ճանաչու՞մ ես:
66. Մարդն ասում է. «Ինչպե՞ս պիտի լինի, որ մեռնելուց հետո մարմինս
հարություն առնի»:
67. Մի՞թե մոռացել է նա, որ իրեն ոչնչից ստեղծեցինք ու կյանք տվեցինք:
68. Երդվում եմ Աստծո անունով, մենք հավաքելու ենք մարդկանց ու
սատանաներին: Մենք դժոխքում մի բլուր պիտի կազմենք և նրանց պիտի
ստիպենք, որ այնտեղ մնան ծնկի եկած:
7
69. Այնուհետև մենք պիտի զատենք նրանց, որոնք ամենից անհնազանդն են
եղել գթած Աստծո նկատմամբ:
70. Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են արժանի բոցերի մեջ վառվելու:
71. Նրանք բոլորն էլ այնտեղ են գահավիժելու: Հավիտենականիդ վճիռն
հաստատուն է:
72. Մենք ազատելու ենք նրանց, ովքեր Աստծուց կերկնչեն, իսկ
հանցավորներին ծնկած ենք թողնելու:
73. Երբ մեր կրոնը քարոզեք անհավատներին, նրանք կասեն
հավատացյալներին՝ մեզանից ո՞ր խմբի աստիճանն է ավելի զորավոր և
ատյանը՝ ավելի հաճո:
74. Որքան զորավոր և բարգավաճ ժողովուրդներ են եղել, որ ընկել են մեր
հարվածների տակ:
75. Ասա՛. «Գթածը երկարացնում է նրանց օրերը, ովքեր մխրճված են
մոլորության մեջ, որպեսզի տեսնեն մեր սպառնալիքների գործադրումը
այս կամ հանդերձյալ աշխարհում: Ուրեմն շուտով հասկանալու են՝ ում
աստիճանն է ավելի վատ ու բանակը՝ ավելի անկարող»:
76. Աստված զորացնելու է այն հավատացյալներին, ովքեր դավանում են
ճշմարիտ կրոնը: Բարի գործերը Նրա աչքում մեծ արժեք պիտի ունենան և
շատ գեղեցիկ վարձատրվեն:
77. Դու տեսա՞ր այն անհավատին, որ պարծենում էր, թե հարստություն ու
զավակներ ունի:
78. Բայց նա գիտի՞, թե ինչ է լինելու ապագան: Աստված նրան այդ մասին
խոստում տվե՞լ է:
79. Ոչ, այդպես չէ: Մենք գրանցելու ենք նրա պարծենկոտ խոսքերը և
խստացնելու ենք պատիժը:
8
80. Նրան տալու ենք աշխարհի վրա իր ցանկացած հարստությունները,
սակայն մեր ատյանի առջև նա ներկայանալու է միայնակ:
81. Նրանք իրենց հույսը դրել են երևակայական չաստվածների վրա:
82. Անիմաստ հույս. (այդ կուռքերը) մերժելու են իրենց երկրպագությունը
(նրանց կողմից) և իրենց թշնամի են հռչակելու:
83. Դու չգիտե՞ս, որ մենք սատանաներին ուղարկեցինք անհավատների դեմ,
որպեսզի նրանց գայթակղեն (մեղք գործեն):
84. Մի փորձիր արագացնել նրանց չարչարանքը: Մենք հաշվել ենք նրանց
օրերը:
85. Վերջին դատաստանի օրը հավաքված արդարները Աստծո առջև թափոր
պիտի կազմեն:
86. Ապիրատները դժոխք են գնալու ծարավ:
87. Միայն նրանք, որ ընդունել են աստվածային դաշինքը, բարեխոսներ
կունենան:
88. Նրանք կասեն, որ Աստված ունի որդի:
89. Այս խոսքը սրբապղծություն է:
90. (Այս խոսքից) քիչ է մնում երկինքները ճեղքվեն, երկփեղկվի երկիրը, և
փլվեն լեռները:
91. Նրանք Ողորմածին որդի են վերագրում:
92. Բայց Աստված չէր կարող զավակ ունենալ:
93. Երկինքների ու երկրի վրա գտնվող բոլոր էակները Նրա արարածներն են:
94. Նա հաշվել է նրանց և գիտի, թե քանի հոգի են:
9
95. Հարության օրը բոլոր մարդիկ միայնակ կանգնելու են Աստծո առջև:
96. Գթածը առաքինի հավատացյալների սրտերը սիրով կողողի:
97. Մենք (Ղուրանի) ընթերցումը հեշտացրինք՝ այն գրելով քո լեզվով,
որպեսզի դու երանություն ավետես նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից, և
ազդարարես պատիժ նրանց, ովքեր վիճում են (Աստծո դեմ):
98. Որքան սերունդներ ոչնչացրինք մենք: Կարո՞ղ ես մեզ ցույց տալ մի
մարդու, որ այդ սերունդներից մնացած լինի: Դու լսե՞լ ես, որ նրանցից որևէ
մեկը մի տրտունջ անգամ արձակի: