18
1 ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ ԿՐԱՏԵՐ Կրատեր՝ հունարեն նշանակում է խառնարան։ Հին հույները գինին անխառն չէին խմում, ջրով բացում էին, իսկ կրատերը այն անոթն էր, որտեղ ջուրը խառնում էին գինուն։ Ստորև ներկայացվողը փաստերի անոթ է՝ կրատեր, որին այս կամ այն կերպ առնչվում է հայ վաճառականությունը։ ԱՄՆ *** Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է ծագումով խարբերդցի Քրիստափոր Սերոբյանը։ 1843 թ. նա գալիս է Նյու Յորք, մի քանի տարի սպասավորություն անում, ապա աշխատում ախոռապան ու ձիաբույժ։ 1848-ին ավարտում է տեղի համալսարանը, դառնում ճանաչված քիմիկոս և հորինում դոլարի կանաչ գույնի բաղադրությունը (մինչ այդ դոլարը դեղին գույնի էր ու հեշտությամբ կեղծվում էր)։ Նյութական անձկության պատճառով Ք. Սերոբյանը 6000 դոլարով իր գյուտի մենաշնորհը վաճառում է ամերիկյան կառավարությանը, ապա վերադառնում է Կ. Պոլիս, ուր պաշտոն է ստանում Օսմանյան Թուրքիայի դրամահատարանում։ *** 1924 թ. ԱՄՆ 23 նահանգների 91 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. գորգավաճառներ՝ 332 անձ և 29 ընկերություն, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվողներ՝ 77 անձ և 2 ընկերություն, ռեստորանատերեր՝ 76 անձ և 1 ընկերություն, հյուրանոցատերեր՝ 45, ծխախոտավաճառներ՝ 28, ակնավաճառներ՝ 25, ակնագործներ՝ 12, ադամանդավաճառներ՝ 4, բիզնեսի այլ տեսակներով զբաղվողներ՝ 23 անձ և 3 ընկերություն. ընդամենը՝ 645 հոգի և 35 ընկերություն։ ԱՎՍՏՐԱԼԻԱ XIX դ. վերջերին Մելբուրնում մի նախիջևանցի հայ՝ Մարտին կամ Մարտիրոս անվամբ, անգլիացի գործընկերոջ հետ երկար տարիներ զբաղվում էր ոսկեխուզությամբ։ Եվ ահա, ավստրալական իշխանություններն օրենք են ընդունում, համաձայն որի ասիացիներին, այդ թվում և՝ Մարտիրոսին, արգելվում էր բնակություն հաստատել Կանաչ մայրցամաքում։ Սակայն մեր նախիջևանցին հեշտությամբ պարտվողներից չէր, նա 1905-1906 թթ. դատավարություն սկսեց իշխանությունների դեմ և ապացուցեց, որ հայերը եվրոպացիներ են, հետևաբար իրավունք ունեն ապրելու Ավստրալիայում։

krater

Embed Size (px)

DESCRIPTION

Xachatur Dadayan

Citation preview

Page 1: krater

1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ԿՐԱՏԵՐ

Կրատեր՝ հունարեն նշանակում է խառնարան։ Հին հույները գինին անխառն չէին խմում, ջրով բացում էին, իսկ կրատերը այն անոթն էր, որտեղ ջուրը խառնում էին գինուն։ Ստորև ներկայացվողը փաստերի անոթ է՝ կրատեր, որին այս կամ այն կերպ առնչվում է հայ վաճառականությունը։

ԱՄՆ

***

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է ծագումով խարբերդցի Քրիստափոր Սերոբյանը։ 1843 թ. նա գալիս է Նյու Յորք, մի քանի տարի սպասավորություն անում, ապա աշխատում ախոռապան ու ձիաբույժ։ 1848-ին ավարտում է տեղի համալսարանը, դառնում ճանաչված քիմիկոս և հորինում դոլարի կանաչ գույնի բաղադրությունը (մինչ այդ դոլարը դեղին գույնի էր ու հեշտությամբ կեղծվում էր)։ Նյութական անձկության պատճառով Ք. Սերոբյանը 6000 դոլարով իր գյուտի մենաշնորհը վաճառում է ամերիկյան կառավարությանը, ապա վերադառնում է Կ. Պոլիս, ուր պաշտոն է ստանում Օսմանյան Թուրքիայի դրամահատարանում։

***

1924 թ. ԱՄՆ 23 նահանգների 91 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. գորգավաճառներ՝ 332 անձ և 29 ընկերություն, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվողներ՝ 77 անձ և 2 ընկերություն, ռեստորանատերեր՝ 76 անձ և 1 ընկերություն, հյուրանոցատերեր՝ 45, ծխախոտավաճառներ՝ 28, ակնավաճառներ՝ 25, ակնագործներ՝ 12, ադամանդավաճառներ՝ 4, բիզնեսի այլ տեսակներով զբաղվողներ՝ 23 անձ և 3 ընկերություն. ընդամենը՝ 645 հոգի և 35 ընկերություն։

ԱՎՍՏՐԱԼԻԱ

XIX դ. վերջերին Մելբուրնում մի նախիջևանցի հայ՝ Մարտին կամ Մարտիրոս անվամբ, անգլիացի գործընկերոջ հետ երկար տարիներ զբաղվում էր ոսկեխուզությամբ։ Եվ ահա, ավստրալական իշխանություններն օրենք են ընդունում, համաձայն որի ասիացիներին, այդ թվում և՝ Մարտիրոսին, արգելվում էր բնակություն հաստատել Կանաչ մայրցամաքում։ Սակայն մեր նախիջևանցին հեշտությամբ պարտվողներից չէր, նա 1905-1906 թթ. դատավարություն սկսեց իշխանությունների դեմ և ապացուցեց, որ հայերը եվրոպացիներ են, հետևաբար իրավունք ունեն ապրելու Ավստրալիայում։

Page 2: krater

2

Դրդապատճառները հայտնի չեն, սակայն դատավարությունը շահելուց հետո այդ անդադար մարդը մեկնեց Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, բնակություն հաստատեց Յոհաննեսբուրգի մոտ գտնվող մի գյուղում և սկսեց զբաղվել վագրի որսով ու վագրի մորթու առևտրով։

ԵԳԻՊՏՈՍ

***

643 թ. արաբները գրավեցին Ալեքսանդրիան, և արաբական բանակի զորավարներից էր հավատափոխ հայ Վարդան էլ-Ռումին։ Էլ-Ռումի՝ հունացի, մականունը նա ստացել էր այն բանի համար, որ դրանից առաջ եղել էր հունական բանակի զորավար։ Վարդանը նշանակվեց Եգիպտոսի հարկապետ, Կահիրեում կառուցեց մի վիթխարի վաճառանոց, որը 14 դար շարունակ կոչվում էր Սուքի Վարդան՝ Վարդանի շուկա։

***

Եգիպտոսի կուսակալ Մուհամեդ Ալիի օրոք (1769-1849) Կահիրեի ամենախոշոր վաճառականը կաթոլիկ հայ Ֆրանցեսկո Վալմասն էր։ Նա քաղաքի բոլոր շենքերի վերահսկիչն էր և ուներ բոլոր բնակիչների՝ ապրողների, գաղթականների, աշխատողների և օտարահպատակների ցուցակները։

***

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թ. ապրիլի 15-ին, Կահիրեում։ Սկզբնական շրջանում բարեգործականն ուներ այսպիսի խրախուսական մրցանակներ. 20 ֆունտ ստերլինգ նրան, ով կամուսնանար որբուհու հետ, դրամական օժանդակություն՝ 6 ողջ երեխա ունեցող հայ գյուղացիներին, 10 ֆունտ ստերլինգ այն գյուղացուն, որի կովն ամենագեղեցիկն ու ամենախնամվածը կլիներ։

***

1910-ական թթ. Եգիպտոսի Մաթարիա բնակավայրում Հայկ Էքիզլերը զբաղվում էր տարաշխարհիկ մի բիզնեսով՝ ուներ սեփական ջայլամաբուծարան և փետուր էր արտահանում Եվրոպա։ Նա ենթադրել իսկ չէր կարող, որ 70-80 տարի անց ջայլամի նուրբ կաշվից կպատրաստեն բաճկոնակներ, որոնց գինը կկազմի շուրջ 2000 եվրո։

***

Page 3: krater

3

1939 թ. Եգիպտոսի 5 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. զանազան վաճառականներ՝ 332 հոգի, գործարանատերեր՝ 23, կալվածատերեր՝ 19, ակնավաճառներ՝ 15, սեղանավորներ՝ 10, ռեստորանատերեր՝ 6, մեկ նավատեր (Օնիկ Նազարեթյան) և 1 կինոպրոդյուսեր (Կոնստանտին Կոստանով)։ Բացի այդ, Կահիրեում կար 12 հայկական բաժնետիրական ընկերություն և 5 խոշոր վաճառատուն։

ԵԹՈՎՊԻԱ

1865 թ. Պոլսում, սպիտակեղենի վաճառական Գևորգ Մուրադյանի ընտանիքում ծնվեց Միհրանը։ Համիդյան ջարդերից հետո նա եղբայրների հետ գաղթեց Մանչեստր ու հիմնեց հոր անունը կրող «Գևորգ Մուրադյան» ֆիրման։ 1920-ական թթ. Միհրանը Պոլսից տեղափոխվեց Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբա, սկսեց ներմուծել բամբակ, մանվածք, կտորեղեն, աղ, արտահանել՝ սուրճ, կաշի և այլ ապրանքներ։ Ֆիրման դարձավ ժամանակի ամենառաջնակարգ առևտրային տներից մեկը և մասնաճյուղեր բացեց Եթովպիայի Դիրե-Դավա ու Ջիմմա քաղաքներում, ինչպես նաև Եգիպտոսում, Իտալիայում, Ռումինիայում, Բուլղարիայում։

1928 թ. Միհրան Մուրադյանը, ի հիշատակ հոր, կառուցեց Ադիս-Աբեբայի Սբ. Գևորգ հայոց եկեղեցին։

Իսկ ո՞վ էր Գևորգ Մուրադյանը. բացառիկ պարկեշտ անձնավորություն։ Նա մի հույն գործընկեր էր ունեցել, որը մահացել էր և իրեն պարտքի տակ թողել։ Տարիներ անց հարստացած Գ.Մուրադյանը գնացել էր Հունաստան, գտել գործընկերոջ կնոջն ու զավակներին և պարտքը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձրել։ Սա ժամանակի համար այնպիսի մի արտառոց արարք էր, որ հայ վաճառականի անունը հայտնի դարձրեց ամբողջ Պոլսում։

ԹՈԻՐՔԻԱ

***

Երևանի Նուբարաշեն համայնքի փողոցներից մեկը կոչվում է Չնքուշ։ Այդ անվամբ մի հայկական գյուղաքաղաք կար Դիարբեքիրի նահանգում, Եփրատի ձախ ափին, ծվարած քարքարոտ լեռնալանջի վրա։ Որտեղի՞ց է ծագել այդ տարօրինակ Չնքուշ անվանումը։

Ուշ միջնադարում մի հայ վաճառական առևտրական գործերով գնում է Չինաստան ու վերադառնալով ծննդավայր՝ իր հետ բերում... թութակ։ Այդ զարմանահրաշ թռչունը իսկական իրարանցում է առաջացնում, մարդիկ հերթով գալիս են վաճառականի տուն՝ Աստծո ստեղծած արտասովոր արարածին տեսնելու, և բոլորի շուրթերին երկու բառ էր՝ չինի ղուշ, չին ղուշ։ Չին ղուշի համբավն այնքան է տարածվում, որ գյուղաքաղաքի հին անվանումն աստիճանաբար մոռացվում է և բնակավայրն սկսում է կոչվել Չնքուշ։

1915թ. եղեռնի ժամանակ չնքուշցիների մի մասը բարձրացավ լեռները, զինված դիմադրություն ցույց տվեց թուրքերին ու փրկվեց։ Մնացածներին՝ 5700 մարդու, ցեղասպանները տեղահանեցին և մահվան մատնեցին Տիտան կոչվող կիրճի անդունդում։

Page 4: krater

4

***

Ֆրանսերենում կա «Avoir un dent contre quelque un», ռուսերենում՝ «Иметь зуб на кого-то» արտահայտությունները, որոնք թարգմանաբար նշանակում են «Ինչ-որ մեկի դեմ ատամ ունենալ»։ Այլ լեզուների մեջ անցած այս արտահայտությունները բխում են... հայ իրականությունից։

Բանն այն է, որ երբ քուրդը փողի կարիք էր ունենում, քաշում-հանում էր ատամներից մեկը, ապա գնում էր աշիրապետի մոտ և հանիրավի ամբաստանում որևէ հարուստ հայի, թե, իբր, իրեն ծեծել է ու որպես ապացույց՝ ցույց տալիս ատամը։ Եթե աշիրապետը կաշառք չստանար, ապա կդիմեր թուրքական իշխանություններին, որոնք էլ կսահմանեին կաշառքի գումարից մի քանի անգամ ավելի տուգանք։

Քուրդը հանած ատամը պահում և գործածում էր բազմաթիվ անգամներ, նույնիսկ՝ փոխարինաբար տալիս էր իր ցեղակիցներին։ Սա է պատճառը, որ մենք ունենք մի ժողովրդական ասացվածք ևս. «Քուրդն իր ատամները գրպանում է պահում»։

***

1859թ. օսմանյան կառավարությունը բռնագրավեց Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանի ունեցվածքը, իսկ Ենի Քյոյի ծովեզրյա նրա ապարանքը տրամադրեց Ավստրիային, որպես դեսպանատան շենք։ Մեկ տարի անց ամիրան մահացավ լիակատար թշվառության մեջ, սակայն Ավստրիայի դեսպանատան ճակատին մնաց նրա հայերեն սկզբնատառերի փորագրությունը՝ ՄՃ։

***

1860թ. Կ.Պոլսում հիմնվեց Հայոց բարեգործական ընկերությունը, որը երկու տարվա կյանք ունեցավ, և պատճառը բավականին այժմեական է։ Բանն այն է, որ մի քանի հարյուր մարդու նվիրատվությունները՝ 2000 օսմանյան ոսկի (վիթխարի՜ գումար), հանձնեցին կաթոլիկ հայ, սեղանավոր Գյուզելին, որպեսզի նա գումարը գործի մեջ դնի և շահույթ վաստակի։ Սակայն սեղանավորը գումարի հետ անհետացավ Փարիզում...

***

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թուրքիայում Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատների շենք-ապարանքները, որոնք գտնվում էին Բոսֆորի եվրոպական ափին, նախկինում պատկանում էին Սեղբեստրոս և Յաղուբ հայ ամիրաներին։

***

Խարբերդի նահանգի ամենանշանավոր գերդաստաններից մեկը Ֆաբրիկատորյանների տոհմն էր։ 1837թ. Գրիգոր Իփեքճյանը Արաբկիրից գալիս է Խարբերդ, զբաղվում մետաքսագործությամբ, ապա ամուսնանում է և ունենում 5 տղա ու 5 աղջիկ։ Հետո մեկնում է Անգլիա, 7 տարի մետաքսագործություն ուսումնասիրում ու վերադառնում։ Որդիների հետ զարգացնում, ընդլայնում է գործը, ԱՄՆ-ից բերում «Cropton and Knoweles Loon Work»

Page 5: krater

5

ֆիրմայի արդիական սարքավորումներ և հիմնում Թուրքիայի ամենազարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Իփեքճյան ազգանունը մոռացվում է, և ընտանիքը կոչվում է Ֆաբրիկատորյան։ Հոր մահից հետո որդիները՝ Մամասը, Ահարոնը, Տիգրանը, Կարապետը և Սամվելը ընդարձակում են բիզնեսը՝ արտադրելով բարձրորակ ու ծաղկանախշ կերպասներ, որոնք վաճառվում էին ոչ միայն Թուրքիայում, այլև Ռուսաստանում ու եվրոպական մի շարք երկրներում։ Նրանց գործարանում աշխատում էր 250-300 մարդ, իսկ եղբայրների կարողությունը գնահատվում էր շուրջ 500 հազար օսմանյան ոսկի (ավելի քան 2 մլն ամերիկյան դոլար)։

Ֆաբրիկատորյան եղբայրներն ու նրանց ընտանիքները ապրում էին կողք-կողքի, յուրաքանչյուրը՝ սեփական առանձնատանը, 27 հոգով։ Եղեռնի ժամանակ թուրք ցեղասպանները սրի քաշեցին ամբողջ գերդաստանը։ Փրկվեց միայն Ահարոնի դուստրը՝ Եսթեր Չիլինկիրյանը, շնորհիվ ունևոր ամուսնու կարողության ու շրջահայացության։

ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիա բառը ծագում է փյունիկերեն «Ի-շպաննիմ» արտահայտությունից, որը բառացիորեն նշանակում է «Ճագարների ափ»։

Իսպանական Կադիս քաղաքի Սանտա Մարիա եկեղեցին 1670թ. իրենց դրամական միջոցներով հիմնովին նորոգեցին նորջուղայեցի Զաքարի որդիներ, վաճառականներ Դավիթը, Հակոբը և Պողոսը, ինչից հետո հայերն իրավունք ստացան եկեղեցու մի անկյունում իրենց աղոթքն անել։ Այս մասին հայերեն և լատիներեն արձանագրություններ են պահպանվել քաղաքի մի մարմարե ջրավազանի և դրա 10 գեղեցկատես հախճապակե սալիկների վրա։ 1685թ. Կադիսում ապրում էր մի քանի հայ վաճառական ընտանիք, որոնք ունեին 12 հոգուց բաղկացած «Հիսուս Նազարեթ» անվամբ եղբայրություն։ 1726-ից հետո իսպանական այս քաղաքում հայերի մասին այլևս հիշատակություն չկա։

ԻՐԱՔ

1638 թ. վարպետ Գևորգ Նազարը մի թնդանոթ է ձուլում ու նպաստում, որ թուրքերը պարսիկներից վերագրավեն Բաղդադը։ Դրա դիմաց թուրքերից հողատարածք է խնդրում, որպեսզի հայոց եկեղեցի ու գերեզմանոց կառուցվի։ 1640-ական թթ. կառուցվում է Բաղդադի ներկայիս Սբ. Աստվածածին եկեղեցին, իսկ թաղամասը մինչեւ 1960-ական թթ. կոչվում էր «Մահալլեթ Կեորկ Նազար»։

ԼԵՀԱՍՏԱՆ

***

Թուրքիայի Եվդոկիա (Թոքատ) քաղաքից Վարշավա է տեղափոխվում Հարություն Հակոբյանը՝ Պասխալ Յակուբովիչը, և 1761 թ. հիմնում ծխախոտի, սաթի, օձիքների ու զանազան գոտիների վաճառատուն։ Ապա Վարշավայի Զիելյոնկի կոչվող արվարձանում ձեռք է բերում հողատարածք և հիմնում բրդի, զանազան գործվածքների ու գոտիների արտադրություն։ Հատկապես մեծ պահանջարկ ունեին ոսկե և արծաթե թելերով ընդելուզված

Page 6: krater

6

լայն ու երփնազարդ գոտիները, որ գործածում էր Լեհաստանի ազնվականական վերնախավը։ Պ. Յակուբովիչն աստիճանաբար ընդլայնեց գործունեության շրջանակները և շուտով վաճառատներ ու պահեստներ հիմնեց Կրակովում, Լվովում, Լուցկում։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Լեհաստանի թանգարաններում, որպես կիրառական արվեստի անկրկնելի նմուշներ, ցուցադրվում էին Պ. Յակուբովիչի գոտիները. դրանք կրում էին նրա առևտրանշանը՝ Paschalis me fecit (Պասխալն է ինձ պատրաստել), Paschalis կամ P. y. սկզբնատառերով Գառն Աստուծոյ պատկեր կամ միայն գառնուկ։ Ավելացնենք, որ դրանց հեղինակը լեհերեն գրել չգիտեր և թագավորներին ու զանազան բարձրաստիճան պալատականներին հղված նամակների տակ հայերեն էր ստորագրում՝ Հարություն Հակոբյան։

ՀԱՅԱՍՏԱՆ

***

1546 թ. հայոց հիշատակարաններից մեկի հեղինակը, նկարագրելով թուրքերի ահավոր ավերածությունները Հայաստանում, ասում է. «Ոսկի, արծաթն ժամանակիս շատ թանգ է և մուլքն ու հայրենիքն աժան»։

***

XIX դ. 80-ական թթ. Երևանում վիթխարի ծավալների էր հասել մաքսանենգ ապրանքների առևտուրը, «ձախ» ապրանքն այստեղ վաճառում էին բացեիբաց, անգամ՝ խոշոր խմբաքանակներով։ Ցանկանալով պայքարել մաքսանենգության դեմ, ռուսական իշխանությունները որոշում են Երևան գործուղել Բաքվի մաքսային շրջանի պետ Լեբեդևին, որպեսզի նա կարգուկանոն հաստատի։ Սակայն այդ մտադրության մասին հայտնի է դառնում, և Բաքվի հայ վաճառականները Երևանի իրենց գործընկերներին այսպիսի բովանդակությամբ մի հեռագիր են ուղարկում. «Երեխա է գալու, մկրտեք նրան»։ Ու երբ 2 շաբաթ անց Լեբեդևը հասնում է Երևան, բնականաբար, քաղաքի վաճառասեղաններից արդեն անհետացած է լինում ամբողջ մաքսանենգ ապրանքը։ «Երեխան մկրտվում է»։

***

Բազազները բացառապես կտորեղենի առևտրով զբաղվող վաճառականներ էին։ Երևանցի բազազներն իրենց ապրանքն ստանում էին հիմնականում թիֆլիսաբնակ ազգակիցներից, բայց իրենք էլ էին հաճախակի գնում Ռուսաստան, Վարշավա, Վիեննա ու եվրոպական այլ քաղաքներ։ 1869 թ. Երեւանում կար 223 բազազ, որոնց տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում էր 310 հազ. ռուբլի, ամենահարուստներինը՝ 25-40 հազար, ամենաչունևորներինը՝ 100-150 ռուբլի։

Երևանի խոշորագույն բազազները Խուդաբաշյաններն էին, որոնք քաղաքի ամենահարուստ մարդիկ էին։ Նրանց առևտրային կապիտալը ձևավորվել էր 1820-ական թվականներից, իսկ 1850 թ. Խուդաբաշյանների ապրանքաշրջանառությունը կազմել էր շուրջ 80 հազ ռուբլի։

Page 7: krater

7

***

1919 թ. մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց որոշում՝ Շուշիում նավթարդյունաբերող Ղուկասյան եղբայրների հիմնած Մարիամյան օրիորդաց դպրոցի համար նյութական միջոցներ հատկացնելու մասին, որտեղ ասված էր. «Շուշվա Մարիամյան օրիորդաց դպրոցի ուսուցիչ-ուսուցչուհիներին 1919 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ռոճիկներ տալու համար հատկացնել 40.500 ռուբլի»։ Պատերազմող երկրում սով էր, ավեր, համաճարակներ, սակայն կառավարությունը առաջնահերթություն էր համարում կրթական գործը։

***

1919-1920 թթ. իտալական ՍԱԳՕ բաժնետիրական ընկերությունը Հայաստան էր ներմուծում տարատեսակ ապրանքներ, այդ թվում՝ ժանյակներ, գուլպաներ, կորսետներ և գինիներ, արտահանում էր բամբակ, բուրդ, կաշի, մորթի, բոժոժ, գորգեր, թանկագին քարեր և այլն։ Թուրքերի հարձակման ժամանակ ասկյարները Ալեքսանդրապոլի ՍԱԳՕ-ի պահեստից թալանեցին 1 մլն 300 հազ. ֆրանկի ապրանք։

ՀՆԴԿԱՍՏԱՆ

***

XVIIIդ. երկրորդ կեսում Հնդկաստանի Մուշիրաբադ նահանգում աղի առևտրի մենաշնորհը պատկանում էր նորջուղայեցի խոջա Վազեդին։ Նա օրական 1000 ռուփի զուտ եկամուտ ուներ և տեղի նաբոբի խնդրանքին ընդառաջելով՝ նրան պարտք տվեց 1,5 մլն ռուփի։ Այդ գումարի մասին պատկերացում կազմելու համար ասենք, որ նույն ժամանակ, իսկ ավելի ստույգ՝ 1795 թ., Հնդկաստանում անգլիացի զինվորի ամսական աշխատավարձը 6 ռուփի էր։

***

1757 թ. հնդիկ իշխան, նավաբ Սիրաջ-ուդ-դոուլը գրավեց Կալկաթան, իսկ անգլիացիները փախուստի դիմեցին։ Իշխանը գերեվարեց անգլիական վարչակազմի ծառայողների կանանց, այդ թվում և վարչակազմի ղեկավար Հոլուելի կնոջը՝ Բեբի Ջոնսոնին։ Սակայն կարճ ժամանակ անց նա բոլոր կանանց ազատ արձակեց՝ առանց որևէ վիրավորանք հասցնելու։ Դրա պատճառը հայ վաճառական Պետրոս Հարությունյանի միջամտությունն էր, որն ազդեցիկ դիրք էր գրավում բենգալական արքունիքում։

Page 8: krater

8

ՀՈԼԱՆԴԻԱ

Հույները ատլասներ էին անվանում այն հսկաներին, որոնք ուսերի վրա պահում էին Աֆրիկայի արևմտյան եզրի իրենց երկրամասի ծայրերը, որտեղ էլ գտնվում էին Ատլասյան լեռները։ Աշխարհագրական քարտեզների ժողովածուներն անվանվել են ատլաս այն պատճառով, որ 1595 թ. տպագրված առաջին ժողովածուի՝ Մերկատորի քարտեզների ժողովածուի վրա պատկերված են ուսերին երկրագունդ պահող ատլասներ։

Հայոց առաջին քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյցի» տպագրությունն իրականացվել է Ամստերդամում 1695 թ.՝ Մերկատորի ատլասից ճիշտ ու ճիշտ 100 տարի անց։ Քարտեզը աշխատասիրել և տպագրել են Թովմաս եպիսկոպոս Վանանդեցին, Ղուկաս ու Միքայել Նուրիջանյանները և Մատթեոս Հովհաննիսյանը, իսկ փորագրությունը կատարել են հոլանդացի Ադրիանուս եւ Պետեր Սխոնբեկ եղբայրները։ «Համատարած աշխարհացոյցի» լույս աշխարհ գալը թելադրված էր բացառապես հայ վաճառականների կարիքները բավարարելու նպատակով, իսկ վաճառքի գինն էր 15 ֆրանկ։

ՉԻՆԱՍՏԱՆ

***

XIIIդ. վերջին - XIVդ. սկզբին Կանտոնից՝ ներկայիս հարավչինական Գուանչժոու նավահանգստից վերև, Ֆու-կիան նահանգում աշխույժ առևտրական կենտրոնի համբավ էր ձեռք բերել մի քաղաք, որն արաբները կոչում էին Զայթուն, եվրոպացիները՝ Սայտոն, իսկ չինացիները՝ Ցուեն-Չեու-ֆու կամ Ցե-Թունգ։ Այդ քաղաքում արտադրվում էր մի նուրբ գործվածք, որին արաբները բնակավայրի անունով անվանումում էին զայթունիյե, իտալացիները՝ զետանի, իսկ ֆրանսիացիները և մենք՝ հայերս՝ սատին։

Այդ նույն ժամանակ քաղաքում մի հայ տիկին, որի անունը դժբախտաբար չի պահպանվել, բայց որն անկասկած հայ վաճառականի կողակից պիտի եղած լիներ, իր ծախքով մի փառավոր եկեղեցի է կառուցում և կտակում տեղի ֆրանցիսկյան կրոնավորներին՝ ի դեմս պորտուգալացի արքեպիսկոպոս Գերարդուսի։ Հետագայում եպիսկոպոսանիստ դարձած այդ տաճարը Չինաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից էր։

ՌՈՒՄԻՆԻԱ

***

Չորսուկես դար առաջ իրենց երբեմնի թագավորության Անի մայրաքաղաքից գաղթական դարձած և Տրանսիլվանիայի Ջուրջովա, Բիստրիցա, Սիբվից, Ֆուլֆալույ, Գեորգին, Բեդելեյ, Պադոշ, Վից բնակավայրերում հաստատված շուրջ 3000 հայ ընտանիք 1672 թ. տեղափոխվեց Սամոշ գետի արևելյան ափ ու վրան խփեց Մարդինուց կամ վալաքերեն՝ Գերլա դղյակի շուրջ։ Երեք տարի անց՝ 1675-ին, նրանք արդեն կառուցեցին իրենց առաջին եկեղեցին։ Ներգաղթյալներին հովանավորեց վոյեվոդա Աբաֆի Ա-ն՝ 1680-ին առևտուր անելու ազատություն շնորհելով, իսկ հոր քաղաքականությունը շարունակեց որդին՝ Աբաֆի Բ-ն։

Page 9: krater

9

Լուսավորչական հայերը մի եպիսկոպոս ունեին՝ Մինաս անվամբ, որը կաթոլիկություն ընդունեց, իսկ նրա հաջորդը՝ Ավքսենտիոս Վզրարյանը, 1700 թ. Լեոպոլդ կայսրից Գերլա դղյակի շուրջ հայաքաղաք կառուցելու թույլտվություն ստացավ։ Հայերը հողերը գնեցին, ընդհանուր առմամբ վճարելով 131.514 ֆիորին։ Այդպես հիմնադրվեց Գերլա հայկական քաղաքը, որը հին արձանագրություններում կոչվում էր Արմենոպոլիս, Արմենիենշտադտ, իսկ 1838-ից ստացավ արդի անվանումը՝ Սամույշվար (ներկայում գտնվում է Հունգարիայի տարածքում)։

Հայերն ունեին ընդարձակ արոտավայրեր և զբաղվում էին անասնավաճառությամբ ու կաշեգործությամբ՝ պատրաստում էին կարմիր ու սև կաշվից երկարաճիտ, ընտիր կոշիկներ, որոնք հագնում էին հունգարացի ազնվականները։ Տարածաշրջանի բոլոր ազգությունների մեջ Գերլայի հայերն ամենահարուստն ու բարեկեցիկն էին։

Քաղաքը ղեկավարում էր Վաճառականների եղբայրությունը, որն ուներ նախագահ (դիցուք, Գրիգորի որդի պան Ալեքսանը) և 10 վադահներ՝ առևտրի հսկիչներ։ Մինչ 1801 թ. Եղբայրության ժողովների արձանագրությունները վարվում էին հայերեն։

Վաճառականների եղբայրությունը քաղաքում խստագույն կարգուկանոն էր սահմանել։ Այսպես, 1824թ. ապրանքը թերակշռելու համար Հովսեփ Կաղսագոյանը տուգանվեց 1 ֆիորինով, Թեոդորոս Հարակուն՝ հիշոց տալու համար՝ 4 ֆիորինով, Լադիսլավ Ազբեյը՝ կռիվ սարքելու համար՝ 2 ֆիորին 4 քռնդանով, Գրիգոր Մյուռոնյանը անհնազանդության համար 3 ժամ փակի տակ մնաց, Սողոմոն Մորուշանից թերակշռված ապրանքը բռնագրավվեց ու բաժանվեց չունևորներին։

1845 թ. Վիեննայից վերադարձած վաճառականները մի գեղեցիկ դրոշ բերեցին, որն արժեր 650 ֆիորին։ 400 ֆիորինը տրամադրեց Վաճառականների եղբայրությունը, ապա դիմեց քաղաքին, որպեսզի 250-ն էլ հանգանակվեր։ Քաղաքին ուղղված աղերսագրում նշել էին. «Համոզված ենք, թե քրիստոնեական ջերմեռանդությունը, որ վաղեմի ժամանակներից մեր քաղաքում անչափ ծաղկել է, օգնեց մեր նախնիներին առևտրի մեջ։ Սրանից դրդված որոշեցինք, որ հին դրոշի փոխարեն, որ գրեթե հարյուր տարի ծառայեց, նորը պատրաստել տանք։ Համոզված ենք, որ սրա միջոցով ոչ միայն ջերմեռանդությունը ժողովրդի մեջ կբորբոքվի և Աստծո փառքը կավելացնի, այլև ժողովուրդն էլ ավելի ջերմեռանդությամբ կհամակվի»։

Դրոշը պատրաստված էր դամասկոսյան ծանր մետաքսից, մի երեսին պատկերված էին Սբ. Գրիգոր Լուսավորիչը և չորս ավետարանիչները, դարձերեսին՝ Սբ. Վենտելինոսը՝ վաճառականների հովանավորը, իսկ չորս ծայրերին՝ Սբ. Ֆլորիանոսը, Սբ. Հովհ. Նեպոմուկը, Սբ. Միքայել Հրեշտակապետը և Ավետումն։

Անին կորցրած անեցիները ստեղծել էին նոր Անի՝ ի դեմս Գերլայի։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

***

1390թ. հուլիսին Մոսկվայում բռնկվեց մի ահավոր հրդեհ, որը Պոսադում՝ առևտրաարհեստագործական թաղամասում, ոչնչացրեց հարյուրավոր տներ։ Հրդեհը ծայր էր առել հայ վաճառական Աբրահամի տնից։

Page 10: krater

10

***

1870-ական թթ. Արմավիրը դեռևս զուտ հայկական բնակավայր էր, և առևտուրը, բնականաբար, գտնվում էր բացառապես հայերի ձեռքում։ Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, 1875 թ. քաղաքում կար 611 տնտեսություն, որից ընդամենը 54 տնտեսությունը կամ 8,8 տոկոսն էր պատկանում այլքաղաքացիներին։

1909թ. Արմավիրում պաշտոնապես գրանցված էր 557 վաճառական, որոնցից 252-ը հայ էին։

***

1861 թ. Գորի քաղաքի բնակիչ Ալեքսանդր Մովսեսի Տեր-Դավթյանը Պետերբուրգում բացեց, այսպես կոչված, «ռուս-կովկասյան և կախեթական գինիների» նկուղ։ Բայց նրա բախտը երկար ժամանակ չէր բերում, ապրանքը պահանջարկ չուներ, և պատճառները երկուսն էին։ Նախ, Ռուսաստանի հարավից դեպի հյուսիս մշտական, կայուն երկաթուղային հաղորդակցություն չկար, և բեռնափոխադրման ծախսերի պատճառով գինու ինքնարժեքը բարձր էր, երկրորդ՝ ռուսներ, սովորության համաձայն, գործածում էին օղի, լավագույն դեպքում՝ արտասահմանյան գինիներ՝ խերես, մադերա և այլն։

Պետերբուրգում բնակություն հաստատելուց և 17 տարի համառորեն գինեվաճառությամբ զբաղվելուց հետո Ա. Տեր-Դավթյանի գլխում մի երջանիկ գաղափար ծագեց, թե ինչպես անի, որ կայսրության մայրաքաղաքում պահանջարկ առաջացնի սեփական ապրանքի՝ կախեթական գինիների հանդեպ։

1878թ. օգոստոսի 26-ին նշվելու էր հանգուցյալ Ալեքսանդր II-ի գահակալման հերթական տարեդարձը, և Ցարիցինյան մարգադաշտում նախատեսված էր կազմակերպել ժողովրդական մեծ տոնախմբություն։ Այդ օրը Ա. Տեր-Դավթյանը մի քանի տակառ գինի բերեց և վարձեց մեկ տասնյակի չափ ռուս երիտասարդների, որոնք նրա պատվերով սկսեցին բղավել. «Հոգեշահ ռուսական գինի՜, գինի, որ խմել են Սուրբ Վլադիմիրը, մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախը, ցար Իվան Գրոզնին, կայսր Պյոտր Մեծը։ Ռուսակա՜ն, ռուսակա՜ն, անարատ ռուսական գինի՜, այլ ոչ թե գերմանական գարու ջուր կամ ֆրանսիական բուրդուջուր։ Մեկ գավաթն արժե 10 կոպեկ, համեցե՜ք, մոտ եկե՜ք, փորձեցե՜ք, թե չէ էլ չի մնա՜, կվերջանա»։

Հետաքրքրությունից դրդված՝ հասարակությունը վրա տվեց, և տակառների պարունակությունն իսկույն սպառվեց։ Բերեցին նոր տակառներ, որոնք նույնպես դատարկվեցին։ Գինովցած հանրությունը գոհունակությամբ խոսում էր «հրաշափառ» գինու մասին, որ խմել էր Սուրբ Վլադիմիրը, և լուրն արագորեն տարածվեց Պետերբուրգով մեկ։

Այս իրադարձությունը անսպասելի շարունակություն ունեցավ։ Հաջորդ օրը մայրաքաղաքի շատ թերթեր հանդես եկան անխնա ձաղկումներով, երգիծական ոտանավորներով, որոնցով ծաղրուծանակի ենթարկվեցին ինչպես Ա. Տեր-Դավթյանը, այնպես էլ նրա կախեթական գինին։ Բայց դաժան քննադատությունը հակառակ ազդեցություն ունեցավ. մարդիկ գրոհեցին Ա. Տեր-Դավթյանի գինու նկուղը, որպեսզի անձամբ համտեսեին գինին և սեփական քիմքով ստուգեին դրա որակը։

Մամուլի քննադատությունը դարձավ գովազդի ինքնատիպ ձև...

Page 11: krater

11

ՍՈՒԴԱՆ

1939 թ. Սուդանի 13 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. վաճառականներ՝ 78 հոգի, գործարանատերեր՝ 5, կալվածատերեր՝ 3, ակնավաճառ՝ 1 անձ։

ՎՐԱՍՏԱՆ

Հայ դրամատերերը հաճախ էին ֆինանսական աջակցություն ցույց տալիս վրաց թագավորներին։ Այսպես, Մանուչարը վարկ էր տրամադրում Իրակլի II-ին, Գևորգը և Հարություն Աստվածատրյանը՝ Գեորգի II-ին։ Պահպանվել է 1799 թ. Գեորգի արքայազնի ստացականը, որտեղ ասված է. «Ես՝ արքայազն Գեորգիս, քեզնից՝ Մելիք Շաքարից, պարտք եմ վերցնում 200 ռուբլի։ Երբ քոչվորները յայլաներից վերադառնան, այնժամ լիովին կհատուցեմ։ Խնդրում ենք, որ այս մասին ոչ ոք չիմանա»։

Մելիք Շաքարի ազգանունը Մատինյան էր և նա նախնին էր Ալեքսանդր Ստեփանի Մատինյանի, որը 1879-1891 թթ. Թիֆլիսի քաղաքագլուխն էր, վիթխարի ներդրում ունեցավ քաղաքի կառուցապատման գործում, իսկ 1908-ին 200 հազ. ռուբլի կտակեց Թիֆլիսին։

ՈԻԿՐԱԻՆԱ

***

1589 թ. Լվովի շուկայի հրապարակի 33-ը հարուստ կրպակներից 22-ը պատկանում էին հայերին, 3-ը՝ կաթոլիկներին, 6-ը՝ ուկրաինացիներին։ Համեմատաբար համեստ 24 կրպակներից հայերինն էր 19-ը, կաթոլիկներինը՝ 2-ը, ուկրաինացիներինը՝ 3-ը։ Այսինքն՝ 62 կրպակներից 41-ը հայապատկան էր։

***

Լվովից 89 կմ հեռավորության վրա գտնվող Բերեժանի քաղաքի ունևոր հայերը 1764 թ. հիմնեցին մի գրավատուն, որի շահույթով հոգում էին տեղի հայոց եկեղեցու պահպանման ծախսերը։ Գրավատունն ուներ 7100 զլոտի դրամագլուխ, ինչը հնարավորություն էր տալիս ընդհուպ մինչեւ 1780 թ. կանոնավոր կերպով վճարել ծխական քահանայի տարեկան աշխատավարձը՝ 300 զլոտի։ Հետագայում գրավատան գանձարկղն աղքատացավ, և հնարավոր չեղավ ապահովել քահանային, այդ իսկ պատճառով Յան Կարապետ Նիկիսարյանի մահից հետո (1800 թ.) ոչ ոք չցանկացավ ստանձնել քահանայությունը։ XVIIIդ. վերջին, երբ Բերեժանին անցավ Ավստրիային, և լուծարվեց ազգային ինքնավարությունը, հայերի թիվը նվազեց, ու մնաց 177 մարդ։

Սա տիպական նմուշ է այն բանի, թե ինչպես կապիտալի չքացման հետևանքով վերացավ մի ամբողջ գաղթավայր։

ՖՐԱՆՍԻԱ

Page 12: krater

12

***

Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերություններն այնքան սերտ ու զարգացած էին, որ XII-XIVդդ. Մոնպելյեի համալսարանի դռանը փակցվում էին ֆրանկների ու կիլիկյան դրամների փոխարժեքների սակացանկերը։

***

XIIIդ. վերջին հայ վաճառականները Ֆրանսիայի Պյուի-դը-Դոմ նահանգում հիմնել են Դեզարմենիեն գյուղը, ինչը թարգմանաբար նշնակում է հայերի գյուղ։ Այս առնչությամբ պահպանվել է մի վավերաթուղթ, որն ունի հետևյալ տեքստը. «Մարի դը Լեգրանժը՝ Լուի դը Շազերոնի կինը, 1786թ. փետրվարի 7-ին Կրյոզի իր Պեյռուդետ դղյակը վաճառեց Բիթար դեզ Արմենիեն դը Բորդին, որի ժառանգորդների սեփականությունն է այն մինչ հիմա։ Հայերի հողատարածքը, որ անունն ստացել է Բիթար ընտանիքից, գտնվում էր Բյուսիեր գյուղախմբի մեջ, Պիոնսա կանտոնում, Ռիոնի գավառ, Պյուի-դը-Դոմ նահանգ»։

***

Ալ. Խատիսյանի թիկնապահը՝ Սուրենը, թիֆլիսցի հայտնի միլիոնատեր Համբարձում Մելիքյանի որդին էր։ Տարագրվելով Ֆրանսիա, Հ. Մելիքյանը 1927 թ. Փարիզում հիմնել էր «Շիրակ» անունով օղու և գինու վաճառքի երեք խանութ։

***

1927թ. Ֆրանսիայի 12 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. ակնավաճառներ՝ 67 հոգի, գործարանատերեր՝ 36, գորգավաճառներ՝ 27, ռեստորանատերեր՝ 22, անտիկ իրերի վաճառականներ՝ 15, նավթարդյունաբերողներ՝ 8, ակնատաշներ՝ 7, հյուրանոցատերեր՝ 6, այլ վաճառականներ՝ 140. ընդամենը՝ 329 անձ և ընկերություն։ Բացի այդ, հայերին էր պատկանում 4 բանկ։

ԶԱՆԱԶԱՆՔ

***

Page 13: krater

13

Հանրահայտ է, որ Աստվածաշնչում Հայաստանի վերաբերյալ կա մի ուղղակի հիշատակություն, և դա Արարատի գագաթին Նոյի փրկություն գտնելու մասին է։ Սակայն կա ևս մեկ վկայություն, որն ունի առևտրատնտեսական բնույթ։

Իեզեկիելի մարգարեության Իէ գլուխը կոչվում է «Ողբ Տյուրոսի վրա», իսկ Տյուրոսը Փյունիկիայի վաճառաշահ քաղաքներից մեկն էր։ Այդ գլխի 14-րդ տողահամարում ասված է. «Ի տանէ Թորգոմայ ձիովք եւ հեծելօք եւ ջորւովք լցին զվաճառս քոյ», այսինքն՝ Թորգոմի տնից ձիեր և ձիավորներ և ջորիներ էին բերում քեզ մոտ իբրև առևտրի ապրանք։ Աստվածաշնչի յուրաքանչյուր տող ամփոփում է խորագույն իմաստ։ Իմաստ, որը միանգամայն գիտական բացատրություն ունի։

Ինչպես հայտնի է, Թորգոմը կամ Տորքը մեր ժողովրդի նահապետներից է։ Եթե Թորգոմի տնից՝ Հայաստանից, ձիեր ու ջորիներ էին տանում Փյունիկիա, կնշանակի մեր պատմական հայրենիքը ձիեր էր արտահանում, մասնակցում էր ձիավաճառության միջազգային առևտրին։

Ձիու մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակին, իսկ 1400 թ. հետո ձիաբուծության ամենահամբավավոր երկրներն էին Հայաստանը և Մարաստանը։ Թորգոմի տան հարևանությամբ գտնվող Տավրոսն էր, որ ձիաբուծության կենտրոն էր և ասորական արձանագրություններում կոչվում էր Մուղրի կամ Մուզրի, իսկ հայ մատենագիրների մոտ՝ Մուզուր, Մզուր, Մնձուր։ Փյունիկիայի քարավանային առևտրի ճանապարհը, ձգվելով Տավրոսից դեպի Սիրիական անապատ, իջնում էր Եփրատ գետի հովիտը, որտեղից նրա մի ճյուղը գնում էր հարավ՝ դեպի Բաբելոն, մյուսը՝ հյուսիս, դեպի Կասպից ծովի ավազանը։ Ահա այս ճանապարհով էր Հայաստանը առևտրային կապեր պահպանում Տյուրոսի, Սիդոնի, Բիբլոսի և Փյունիկիայի այլ վաճառաշահ քաղաքների հետ։ Ըստ Ստրաբոնի, Հայաստանի սատրապը՝ պարսից կառավարիչը, ամեն տարի Միհր աստծո տոնին մեր երկրից 20.000 մտրուկ էր ուղարկում Պարսկաստան։ Հույն պատմիչ Քսենոփոնը իր համար մի մտրուկ էր գնել. ըստ նրա, Հայաստանի ձիերն այնքան էլ խոշորամարմին չէին, որքան Պարսկաստանինը, սակայն ավելի առույգ, աշխույժ և կորովի էին։ Եթե նկատի ունենանք, որ Քսենոփոնն ապրել է Ք.ծ.ա. 4-րդ դարում, ապա կնշանակի, որ Հայաստանում ձիաբուծությամբ էին զբաղվում առնվազն 1000 տարի։

***

Անիում խանութները սովորաբար փոքր էին և կոչվում էին «կուղպակներ»՝ կրպակներ։ Իսկ շուկաներում նշանակվում էին «կռփիչներ»՝ վերակացուներ, որոնք հսկում ու կանխում էին նենգությունը, խարդախությունը, դրամանենգությունը։

***

Կիլիկիայում կատարվում էր մի առուծախ, որը բարեբախտաբար ոչ հայկական ապրանք էր, ոչ էլ հայի ձեռնարկ. Կովկասից Եգիպտոսի համար այստեղ էին բերում գերիներ և վաճառում հայկական դրամով։ Գերին արժեր 200 դրամ, գերուհին՝ 400 դրամ։ Կիլիկեցիներն իրենց հավատակից քրիստոնյա գերիներից շատերին գնում էին և ազատ արձակում։

***

Կիլիկիայում ամենաթանկ նավն արժեր 6000 դրամ, իսկ լավ տունը՝ 1500-1700 դրամ։ Հովհաննես վարդապետը ծաղկող Սարգիս Պիծակին (XIV դ. առաջին կես) 1300 դրամ վճարեց

Page 14: krater

14

մի թերավարտ ձեռագիր ավարտուն տեսքի բերելու համար։ Այս փաստը վկայում է այն մասին, որ Կիլիկիայում նյութական ու հոգևոր-մշակութային արժեքները գրեթե համահավասար էին...

***

1570 թվականից սկսած՝ ջուղայեցի վաճառականներն արդեն հանրահայտ էին ամբողջ Եվրոպայում։ Այնքան հայտնի, որ վենետիկցիները բոլոր հայերին անվանում էին ջուղայեցիներ, իսկ ֆրանսիացիները տարբերակում էին դնում հայերի ու ջուղայեցիների միջև, առաջիններին կոչելով՝ աղմենիեն, երկրորդներին՝ շոֆըլան։

***

Գորգը մեր լեզվում ունեցել է մի շարք անվանումներ՝ կարպետ, բազմական, արկանելի, տապաստակ, անկված, օթոց, խալի։ Այն առաջին հերթին ուներ կիրառական նշանակություն, և անվանումները դա էին վկայում. օրինակ, բազմականը ծագում էր բազմել, արկանելին՝ փռել բառից։ Գորգը նվեր էր, օժիտ, նաև՝ ծածկոց, վերմակ։ Իսկ երբ առևտրական քարավանները հայտնվում էին ձյունածածկ, ցեխոտ, լպրծուն ճանապարհներին, ապա գորգեր էին փռում, որպեսզի ուղտերն ու ձիերը չսայթաքեն։

Մեր մատենագրության մեջ գորգը՝ բազմական անվամբ, հայտնի է IV դարից. Փավստոս Բյուզանդը նշում է, որ Գրիգոր Լուսավորչի երկու թոռները՝ Պապը և Աթանագինեսը, գորգերի վրա բազմած՝ զեխությամբ էին զբաղվում։

Գորգը Հին Հայաստանում արտադրվում էր Դվինում, Արտաշատում, Խոյում, Բերկրիում, Արճեշում, Խլաթում, Նախիջևանում, Բաղեշում ու բազմաթիվ այլ բնակավայրերում։ Արդեն V դարից սկասած հայ վաճառականները գորգը և հատկապես կարպետը՝ առանց խավի գորգը, սկսեցին արտահանել Եվրոպա՝ անվանման հետ մեկտեղ. այստեղից էլ ծագել ու մինչ այժմ եվրոպական շատ լեզուներում գործածվում են կարպետի բառաձեւերը՝ հունարեն կարպոսը, լատիներեն կարպիտեն, հին ֆրանսերենի կարպիտը, իսկ անգլերենում այն առաջին անգամ հանդիպում է 1511 թ.։

Միջնադարյան աշխարհում ամենահարգին հայկական գորգն էր։ Այսպես, արաբական խալիֆայությունում ամենից ավելի գնահատում էին Հայաստանի, Պարսկաստանի ու Բուխարայի բրդե գորգերը։ Օմեյադի խալիֆ ալ-Վալիդ II-ի ապարանքի հատակն ու պատերը ծածկված էին հայկական գորգերով։ Հեքիաթային հարստության տեր Հարուն ալ-Ռաշիդի կինը բազմում էր հայկական գորգերի վրա, իսկ նրա սպասուհիները՝ հայկական բարձերին։ 912 թ. Բաղդադի ամենահարուստ մարդը մի ոսկերիչ էր, որի տանը կային միայն Հայաստանի ու Թաբարստանի գորգեր։ Խալիֆ ալ-Մուխթադիրի մոր գանձարանի ամենաթանկարժեք իրերը համարվում էին հայկական գորգերը, իսկ մի հպատակ, ի թիվս այլ ընծաների, խալիֆին նվիրեց 7 հայկական գորգ։

Ինչո՞ւ էին արաբական կայսրությունում այդքան գնահատվում հայկական գորգերը։ Պատճառները մի քանիսն էին։ Առաջինը բրդի որակն էր. արաբ պատմիչ աս-Սաալիբին այն համարում էր երկրորդը՝ եգիպտականից հետո. հայկական բրդին հաջորդում էին Թիքրիթինը, ապա՝ պարսկականը։ Երկրորդ պատճառը նախշազարդերն էին. օրինակ, պարսկական գորգերից գնահատվում էին նրանք, որոնք նախշազարդերով չէին զիջում հայկականներին, մասնավորապես գովում էին Սպահանի շրջանի այն գորգերը, որոնք ամենից ավելի էին նմանվում շքեղ հայկականներին։

Page 15: krater

15

Սակայն հայկական գորգերի ամենամեծ առավելությունը կարմիր գույնն էր, որ ստացվում էր որդան կարմրից, այն բնական ներկանյութից, որ հայ վաճառականները Այրարատ նահանգից հասցնում էին մինչ Հնդկաստան։ Կարմիր գույնի հանդեպ արաբներն ունեին մի ամբողջ խոհափիլիսոփայություն, որ 943 թ. ձևակերպել էր պատմիչ ալ-Մասադին։ Նա գրել է. «Կարմիրը կանանց, երեխաների և ուրախության գույն է։ Կարմիր գույնը ամենալավն է աչքի համար, քանզի դրանից բիբը լայնանում է, այնինչ սև գույնից այն նեղանում է»։ Զուր չէ, որ Եգիպտոսի Ասիութ քաղաքում արտադրվող մորեգույն գորգերի մասին ասում էին, թե դրանք նման են հայկականներին։

Մեր վաճառականների շնորհիվ հայկական գորգի հանդեպ բուռն հետաքրքրություն առաջացավ։

Մարկո Պոլոն գրում էր. «Հայաստանում գործում են ամենալավ և ամենագեղեցիկ գորգերը»։ 1390 թ. հայերը գորգ էին վաճառում բելգիական Բրյուժ քաղաքի Սբ. Դոնատ եկեղեցու առջև, իսկ հետագայում՝ Վենետիկի Սբ. Մարկոս տաճարի մոտ։ 1534 թ. «Հոլի Քրոս» և «Մեթյու Գոնսոն» նավերը Անգլիա էին վերադառնում՝ բեռնավորված մետաքսով, գորգերով և այլ հայկական ապրանքներով։ 1600 թ. լվովցի հայ վաճառական Զախարիաշ Իվաշկևիչը Պոլսից Լվով բերեց բազմաքանակ ապրանքներ, այդ թվում՝ 150 գորգ։ 1610 թ. Ջորջ Սանտիսը վկայում էր, որ անգլիացիները Պոլսի հայ վաճառականներից գնում էին Պարսկաստանից բերված գորգեր։ Իսկ 1702 թ. ֆրանսիացիները հայկական գորգեր էին բերում Զմյուռնիայից։

Եվրոպացիների կողմից ցուցաբերված այս հետաքրքրությունը շուտով աշխարհով մեկ ձեւավորեց շուկայական լայն պահանջարկ, ինչից էլ, բնականաբար, օգտվեցին հայ վաճառականները։ Գորգավաճառության դարավոր առևտրից գոյացած համախառն գումարը մեր ժողովրդի հավաքական կապիտալում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն հում մետաքսին։

***

XVIII դարում Ռումինիայում ու Մոլդովայում խիստ տարածված էր ծաղկախտը, այնինչ հայերից հատուկենտ մարդիկ էին չեչադեմ։ Կարծիք կա, թե ծաղկախտի դեմ պատվաստը հայ վաճառականներն են Եվրոպա բերել։

***

Առևտուրը ծնվել է արհեստից, արհեստն էր ապրանք ստեղծում։ Հայոց ազգանունների զգալի մասը ունի թուրքական ծագում և նշանակում է պատկանելություն այս կամ այն արհեստին։ Այդպիսի ազգանուններ կրողներից շատերը հետագայում դարձան հայոց բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ։ Ահա մի շարք ազգանունների բացատրություններ.

բասմաճի- չիթ նախշազարդող յազմաճի- չիթ գործող

բոյաճի- ներկարար յափուճի- որմնադիր

գույումճի- ոսկերիչ շիլաճի- կարմիր կտորեղեն ներկող

դամիրճի- երկաթագործ չարչի- մանրավաճառ

դուլգյար- հյուսն չուխաճի- կոշկագործ

Page 16: krater

16

թանեքիճի- թիթեղագործ չիլինկիր- դարբին

թաշճի- քարհատ, քարտաշ պագըրճի- պղնձագործ

թերզի- դերձակ սարաջ- համետագործ

թիքիճի- մուճակագործ սեդիճի- կաշեգործ

թուլաճի- աղյուսագործ սըմսար- միջնորդ

խալայճի- անագագործ սրմաքեշ- ժապավենագործ

խույիճի- ջրհոր փորող սուրուկճի- մաշկագործ

ղալեյճի- անագապատող փուռունճի- հացագործ

ճիզմեճի- մույկագործ քիրեմիճի- կղմինդրագործ

մարանկոզ- ատաղձագործ

***

Անցյալ դարի 50-ական թթ. աղբյուրներից մեկում տպագրված է մի հետաքրքրական աղյուսակ, ուր տրված են տարբեր ազգերի 1, 2, 3 ներկայացուցիչների ընդհանրական բնութագրումները։ Ահա դրանք.

1 2 3

Ֆրանսիացի՝ դյուցազն խոսակցություն ընտանիք

Շվեյցարացի՝ քննադատ պանդոկ հանրապետություն

Իտալացի՝ տիպար սեր վիճաբանություն

Ռուս՝ խորհուրդ ռումբ ոչինչ

Անգլիացի՝ սառույց բռնցքամարտ մեծ ազգ

Գերմանացի՝ վաճառական գարեջրատուն պատերազմ

Իսպանացի՝ ցլամարտ տիգահար ցլասպան

Հույն՝ անորոշ միություն վիճաբանություն

Սերբ՝ հողագործ տատամսող հայրենասեր

Ամերիկացի՝ մեկ դոլար երկու դոլար երեք դոլար

Թուրք՝ հավատացող առաջարկ ջարդ

Հայ՝ աշխատող սակարկող անհամաձայնություն

Որքան էլ ժամանակավրեպ ու զավեշտական, բայց այս ամենի մեջ որոշ ճշմարտություն կա։

Page 17: krater

17

***

Բուկովինան XV դարից սկսած պատմական անվանումն է մի տարածքի, որի մի մասն այժմ գտնվում է Ուկրաինայի Չեռնովցի մարզի, մյուս մասը՝ Ռումինիայի Սուչավա մարզի կազմում։ Հայերը՝ անեցիների սերունդները, Բուկովինայում բնակություն են հաստատել XV դարից, գաղթելով Մոլդովայից ու Ղրիմից։ Նրանք զբաղվում էին անասնապահությամբ, անասնավաճառությամբ, կաշեգործությամբ, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդական առևտրով։ Ժամանակի ընթացքում առևտրի միջոցով ձեռք բերած ֆինանսական խոշոր միջոցներով նրանք սկսեցին ձեռք բերել կալվածքներ, որպեսզի հնարավորություն ունենան սեփական արոտավայրերում անասուն պահել։ Բուկովինայի հայ կալվածատերերի մասին է ներքոշարադրյալը։

1910-ական թթ. Սուչավայի ամենահարուստ հայը քաղաքի Ազգային հոգաբարձության նախագահ, ասպետի և ազնվականի տիտղոսներ կրող Վարդերես ֆոն Պրունկուլն էր։ Նրա իսկական ազգանունը Մանուկյան էր, որը թարգմանվել էր ռումիներեն («պրունկուլ»՝ նշանակում է «մանուկ»), իսկ Սուչավայի փողոցներից մեկը կրում էր նրա անունը՝ Պրունկուլ շտրասե։ Վարդերես ֆոն Պրունկուլին էին պատկանում Լիտենի, Ստեժերոյա, Բրայեշտի, Տոլովա, Կորլցելի և Մազանաեշտի գյուղերը։

Սակայն նրանից բացի կային նաև այլ հայեր, որոնք հողային սեփականություն ունեին։

Բարոն Ժորժ Կաբրիի սեփականությունն էին Յակոբեշտի, Գուրասուչչե և Շերբեուց գյուղերը, իսկ նրա ազգական, բարոնուհի Հելենե Կաբրիի՝ Գրոպանա գյուղը։

Անդրեաս և Քրիստոֆ Արթինովիչ եղբայրներին էր պատկանում Շկեա գյուղը։ Իսկ Լվովից ոչ հեռու, Սարնկի անունով իր սեփական գյուղում ապրում էր Գալիցիայի մեծահարուստ հայուհիներից մեկը՝ կոմսուհի Հելենա Միչելսկան։

Այսպիսով, Սուչավայի հայերի քառորդ մասը կալվածատեր էր, մյուսներն զբաղվում էին խոզավաճառությամբ և այլ առևտրով։

Չեռնովցիում ասպետ Խրիստոֆ ֆոն Աբրահամովիչին էր պատկանում Չիրեշ գյուղը, Յոզեֆովիչին՝ Բաբինը, Բոհուսևիչին՝ ռուսական Բանիլա և Բերեզնիցա գյուղերը, տիկին Մարի Ռոմաշկային՝ Բոդուշանիցան, Նեդեյ Յակոբին՝ Բունեշտին, Նիկոլուս Կորժեցկիին՝ Չերեպկոուցը, Թադեոս Բոգդանովիչին և Ադոլֆինե Բոդուշանին՝ Գոուրենին, Սեվերին Վարդերեսովիչին՝ Հորոշոուցը, Ստեփան Վարդերեսովիչին՝ Յուրգոուցը, Գրիգոր Դավիդովիչին՝ Կադոբեշտին, Ռոման Բշելտոֆովիչին՝ Կարաբչիուն, Կազիմիր ֆոն Բոգդանովիչին՝ Օշեխլիբ գյուղը։

Կոլոմեա քաղաքում ամենահարուստ կալվածատերը ավստրիական ազնվական և գավառական մարշալ Ակուբսևիչն էր, որին պատկանում էր Պրուտ գետի ափին գտնվող Նազուրնա մեծ գյուղը։

Ստանիսլավում Օհանովիչին էր պատկանում Վինոգրատ գյուղը։

***

1918թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով սոցիալիստ-հեղափոխականության, հակակապիտալիստականության սկզբունքներով, որոշեց միջամտել շուկայի ներքին գործերին։ Ենթադրելով, թե բամբակի արտադրությունը գտնվում է վաճառականների ձեռքում, և նրանք են գին թելադրում, ինչն անթույլատրելի էր,

Page 18: krater

18

կառավարությունը երկրում մտցրեց բամբակի պետական մենաշնորհ՝ 1 փթի դիմաց սահմանելով 49,5 ռուբլի գին։ Այնինչ 1 փութ բամբակը Բաթումում արժեր 5000 ռուբլի... Սակայն շուտով պարզվեց, որ վաճառականները տնօրինում են բամբակի ընդամենը 10%-ը, իսկ մնացյալը գյուղացունն է։ Հետևեց դաժան հակադարձություն. չկարողանալով անգամ փոխադրման ծախսը հոգալ՝ գյուղացին հաջորդ տարի առհասարակ բամբակ չցանեց։ Աղքատ, տնտեսապես բզկտված երիտասարդ հանրապետության համար դա ունեցավ ողբալի հետևանք՝ 600 հազ. փութ բամբակ արտադրող Արարատյան դաշտավայրը 1919թ. տվեց ընդամենը 600 փութ...