12
ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ Գայլի կոճի Խուդինյան Նիկալը կոլտնտեսությունում շինբրիգադավար էր, ձախ ոտքից` կաղ, աջ աչքից` կույր, մտքով` հարուստ, լեզվով` ճարտար, սրտով` վախկոտ։ Պատերազմը մի չորս-հինգ տարի առաջ էր վերջացել։ Գյուղացու մեջքը կոտրող մի անձրևառատ գարուն էր, ու գյուղին շրջկենտրոնից ծխախոտի պլան էին տվել։ Ծխախոտի պլան էին տվել, ու Նիկալն իր բրիգադով շինափայտն ստացել, գյուղի ներքևի մասում, ձորապռնկին կիտել ու հայ-հարաքաթով չորանոց էին սարքում։ Գյուղի և կոլտնտեսության համար տուկատ տարիներ էին, ու պետության ունեցվածքն էլ աչքի լույսի պես էր պահպանվում, իսկ կորածի համար պատասխանատուն պատժվում էր օրենքի ամենախիստ կետով։ Այն ժամանակ ամենաթանկարժեք շինանյութը բրիգադի համար մեխն էր և քանի որ թանկարժեք էր, բրիգադավարի խնդրանքով ու նախագահի կարգադրությամբ այն բաց էր թողնվում պահեստից, ամեն օր առավոտյան, կիլո-կիլո, գրամ-գրամ, համարյա հաշվով, հատ- հատ։ Մի անգամ էլ այնպես պատահեց, որ շինանյութ ստանալու համար պահեստապետը մի քանի օրով գնալու էր Երևան, ու Նիկալը մի շաբաթվա մեխը` ամբողջ մի արկղ, ստացավ միանգամից ու ստացածի համար էլ ստորագրեց` Ն. Խուդինյան։ Մեխն ստացավ, սայլով տեղ հասցրեց, ու որ սայլից իջեցնում էին սայլապետի հետ, վերջինս թե. -Վարպետ Նիկալ, էդ զահրումարից մի բուռ հնար արա, էլի՜,- ասավ, հետո աչքերը խեղճացած իջեցրեց թաց գետնի վրա ու շարունակեց։- Մի տարի է փայտ եմ առել, տախտակ քաշել, որ պետքարան սարքեմ ու դրա պատճառով,- նա հայացքը վախվորած փախցրեց արկղի վրայով,- առանց էն բանի ենք յոլա գնում։ Նիկալը քթի տակ քմծիծաղեց. -Էլ խելք ունե՞ս, թե՞ եղած-չեղածն էդ է, բարեկամ։ Սայլապանն ավելի խեղճացավ. -Վարպետ,- ասավ` մարմանդ եկող շաղից թրջված գլխարկը գլխից հանելով,- գարնանը մի բան կանեմ, պարտքի տակ չեմ մնա, տնամերձդ կվարեմ,- ապա թուքը կուլ տվեց ու աջ ձեռքով, որով պահում էր գլխարկը, սրբեց ճակատի շաղախառն քրտինքը։ Նիկալը խնդաց բազմանշանակ ու կարծես սկսում էր բարկանալ.

Vanush

Embed Size (px)

DESCRIPTION

Vanush Shermazanyan-Gayli kotchi

Citation preview

Page 1: Vanush

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Գայլի կոճի

Խուդինյան Նիկալը կոլտնտեսությունում շինբրիգադավար էր, ձախ ոտքից` կաղ, աջ աչքից` կույր, մտքով` հարուստ, լեզվով` ճարտար, սրտով` վախկոտ։

Պատերազմը մի չորս-հինգ տարի առաջ էր վերջացել։ Գյուղացու մեջքը կոտրող մի անձրևառատ գարուն էր, ու գյուղին շրջկենտրոնից ծխախոտի պլան էին տվել։ Ծխախոտի պլան էին տվել, ու Նիկալն իր բրիգադով շինափայտն ստացել, գյուղի ներքևի մասում, ձորապռնկին կիտել ու հայ-հարաքաթով չորանոց էին սարքում։ Գյուղի և կոլտնտեսության համար տուկատ տարիներ էին, ու պետության ունեցվածքն էլ աչքի լույսի պես էր պահպանվում, իսկ կորածի համար պատասխանատուն պատժվում էր օրենքի ամենախիստ կետով։

Այն ժամանակ ամենաթանկարժեք շինանյութը բրիգադի համար մեխն էր և քանի որ թանկարժեք էր, բրիգադավարի խնդրանքով ու նախագահի կարգադրությամբ այն բաց էր թողնվում պահեստից, ամեն օր առավոտյան, կիլո-կիլո, գրամ-գրամ, համարյա հաշվով, հատ-հատ։

Մի անգամ էլ այնպես պատահեց, որ շինանյութ ստանալու համար պահեստապետը մի քանի օրով գնալու էր Երևան, ու Նիկալը մի շաբաթվա մեխը` ամբողջ մի արկղ, ստացավ միանգամից ու ստացածի համար էլ ստորագրեց` Ն. Խուդինյան։ Մեխն ստացավ, սայլով տեղ հասցրեց, ու որ սայլից իջեցնում էին սայլապետի հետ, վերջինս թե.

-Վարպետ Նիկալ, էդ զահրումարից մի բուռ հնար արա, էլի՜,- ասավ, հետո աչքերը խեղճացած իջեցրեց թաց գետնի վրա ու շարունակեց։- Մի տարի է փայտ եմ առել, տախտակ քաշել, որ պետքարան սարքեմ ու դրա պատճառով,- նա հայացքը վախվորած փախցրեց արկղի վրայով,- առանց էն բանի ենք յոլա գնում։

Նիկալը քթի տակ քմծիծաղեց.

-Էլ խելք ունե՞ս, թե՞ եղած-չեղածն էդ է, բարեկամ։

Սայլապանն ավելի խեղճացավ.

-Վարպետ,- ասավ` մարմանդ եկող շաղից թրջված գլխարկը գլխից հանելով,- գարնանը մի բան կանեմ, պարտքի տակ չեմ մնա, տնամերձդ կվարեմ,- ապա թուքը կուլ տվեց ու աջ ձեռքով, որով պահում էր գլխարկը, սրբեց ճակատի շաղախառն քրտինքը։

Նիկալը խնդաց բազմանշանակ ու կարծես սկսում էր բարկանալ.

Page 2: Vanush

-Շառդ քաշի, քե մատաղ, հո գիշերվա երազ չե՞ս, ամեն մի հատի համար գլխով եմ պատասխանատու, ստորագրելիս աջ ձեռքիս հետ ձախն էլ էր դողում, տո ոտքերս էլ էին դողում, գլուխս էր տմբտմբում, սիրտս էր թփրտում... շան որդի,- նրա առողջ աչքը լայն բացվել ու կարծես պատրաստվում էր շրջել սայլապանին սայլի հետ, անհետացնել։- Տո շուն շան որդի, ի՞նչ է, կաշառք ես խոստանում, որ ինձ քշե՞ն, մի տնամերձ վարելով ընտանիքս յոլա կերթա, կորի աչքիցս, թե չէ հո՞ գիտես...

Նրա ձախ աչքը կարծես աղեղի մեջ դրած նետ լիներ, աղեղը քաշած էր, և ուր որ էր նետը պիտի պոկվեր. աջ ոտքը ձգվել էր, զգաստացել, ու ձախը քամու բերանն ընկած ծառի կոտրած ճյուղի նման թեթև տարուբերվում էր։

Սայլապանը, որ մինչ այդ մտքում արդեն սարքել էր պետքարանը, տեղադրել տնից հեռու, այգու անկյունում փորած հորի վրա, ներս էր մտել, դուռը ներսից կողպել ու մնում էր, որ հազար ողորմի տա շինբրիգադավարի անցյալներին, միանգամից ուշքի եկավ, ճիպտեց ականջներն ու շողիքը կախ գցած եզներին և գլուխը տարուբերելով, սայլի ճռճռոցով, եզների վրա գոռգոռալով, կորավ Նիկալի տեսադաշտից` արկղի մոտ թողնելով թրջված գլխարկը, որ անկախ իրենից շպրտել էր ճիպոտը վերցնելիս։ Նիկալը նայեց նրա ու սայլի հետևից։ Սայլապանի հետքը չկար, կար միայն սայլինը, ակները զոլ-զոլ գծեր էին թողել ճամփի վրա, ու անձրևաջուրը դրանց միջով հոսում էր պղտոր ու սահուն։

Այդ օրը չգիտես ինչու Նիկալը մտքերի հետևից ընկավ, հիշեց նախապատերազմյան տարիները, հիշեց սայլապանի հորը, Հայրապետանց Գիքորին, որի հետ անցել էր իր կյանքի ջահել ու հասուն տարիները, որի հետ հազար ու մի քաղցր և նաև ընդամենը մի դառը հուշ էր կապված, և չգիտես ինչու, այդ հազար ու մի քաղցրը թողած, Նիկալը հիշեց այդ մի հատիկ դառը։

* * *

Գիքորը կոլտնտեսության ավագ մեղվապահն էր, Նիկալը` նրա օգնականը։ Մի անգամ, հունիսի կեսերին էր, նախագահը սարից վերադառնալիս ոչխարաբուծական ֆերմայի վարիչի հետ մտավ մեղվանոց, որը ճանապարհի վրա էր։ Նիկալը փուքսով ծուխ էր տալիս բաց փեթակին, Գիքորն էլ հատ-հատ ստուգում էր նոր-նոր ջահել մեղրով լցվող շրջանակները։ Նախագահը ձին դանդաղ քայլքով քշեց մինչև մեղվափեթակները, սանձը ձգեց իրեն։ Ձին առջևի աջ ոտքը խփեց գետնին, ռունգերն իրար բերելով ու խորը շնչելով թափահարեց գլուխն ու կանգ առավ։ Հեծյալը մի ոտքը ազատեց ասպանդակից, երկու ձեռքով ամուր կառչեց թամբի առջևի մասից ու ձիու բաշից, զգուշությամբ ազատ ոտքը բարձրացրեց զույգ տռուզ խուրջինների արանքից ու թեթևորեն իջնելով գետնին, ձիու սանձը տվեց վարիչին, որն արդեն իջել էր իր ձիուց ու սպասում էր հենց դրան։ Դեպի Գիքորը առաջացավ նախագահը` միջահասակ, հաստամարմին, բոխախը` կախ, հաստ բեղերը` ոլորած վեր, աչքերը` խորամանկ ու ծոր տվող, դրանց արանքում փայլուն կարմիր քիթը ու գլխին էլ հովհարավոր գլխարկը, որ այն ժամանակ միայն հատուկենտ պաշտոնյաներ էին կրում։ Նա եղնիկի ոտքի վրա հյուսած մտրակով տկտկացնելով խրոմե երկարաճիտ կոշիկներին, առանց ողջույնի, ժպտալով հարցրեց.

Page 3: Vanush

-Պարոն Գիքոր, էս անգամ ինչո՞վ ես հյուրասիրելու ղեկավարիդ, անց կենող տարվա մեղրաքափից մնու՞մ է, թե՞ պիտի հրամայես սպասել մինչև օգոստոս, հը՛-ը՜-ը՜։

Անցյալ տարի Գիքորը մինչև վերջին կաթիլ մեղրը կշռել ու պահեստ էր հանձնել, ու երբ նախագահը իր բերանով նրանից մեղր էր ուզել, վերջինս ձմռանը մեղուներին կերակրելու համար թողած մեղրաքափից էր առաջարկել։

-Բարով եկաք, ընկեր Մացակյան,- շրջանակը տեղը դնելով, փեթակը կափարիչով փակելով ու ցանցը գլխից հանելով ընդառաջ եկավ մեղվապահը, ճիշտ և ճիշտ նախագահի հակապատկերը, կարճահասակ, նիհարավուն ու ժպտերես,- մի ծաղկից հարցրեք, բերքից հետաքրքրվեք, ախր գիտե՞ք ի՜նչ տարի է էս տարին, մեղրի տարի է, մեղրի, մի ամիս, ամսուկեսից հետո փեթակները պայթելու են առատությունից։

-Իսկ ավելի կա՞րճ,- կասկածախառն հարցրեց նախագահը, մտրակը մի ձեռքից մյուսը փոխելով։

-Ավելի կարճ...,- վիրավորված ուզեց կիսատ խոսքը շարունակել Գիքորը, բայց չկարողացավ։ Նա հիշաչար չէր նախագահի պես, բայց նաև նրանցից էլ չէր, ովքեր ելնելով սեփական շահերից, կարողանում են րոպեապես մոռանալ ղեկավարի հասցրած անտեղի վիրավորանքը։

-Հա՛, հա, Գիքի, ավելի կարճ, քեզ ասում եմ՝ ղեկավարիդ ինչո՞վ պիտի հյուրասիրես, նեկտարամեղրո՞վ, թե՞ մեղրաքափով։

Մեղվապահն ու նախագահը եկել հասել էին իրար ու կանգ առել դեմ-դիմաց։ Նրանց արանքում աններկ, երեսը թիթեղ քաշած կափարիչով փոքրիկ մեղվափեթակ էր, որի արկանոցը կիսով չափ բաց էր ու ժրաջան մեղուները դուրսուտուն էին անում դրանով։ Մի համերաշխ բվվոց էր բարձրանում նրանց օջախից, ու Գիքորը, որ երևակայությամբ տեսնում էր, թե ինչ ջանքերով ու հոգատարությամբ էր լցվում մոմաթերթի ամեն մի թաղանթը, նեղսրտելուց ավելի փոքրացավ մարմնով և կուչ եկավ ու սպասեց նոր հարվածի։ Կուչ եկավ ու սպասեց ոչ նապաստակի նման, որ ասել է թե` առ խփիր, կամ` խնայիր, կամ` էս եմ, չկամ` էլի էս եմ, կուչ եկավ ու սպասեց փշերն իրար բերած ու պաշտպանության պատրաստ ոզնու նման։ Նա հասկացավ, որ Մացակյանը մտածված է այս ամենը անում, որ ինքը նրա համար այսօր թիրախ է, անկախ նրանից ցանկալի է նրան այդ բանը, թե` տհաճ։ Նրան միայն մի ելք էր մնում, լռել ու խուսափել բացաշկարա ընդհարումից։ Նախագահն էլ իր հերթին միամիտներից չէր, նա հեռվից քչփորում էր Գիքորի համբերությունը, ինչպես շնաճանճի բունն են խառնում նրան կատաղեցնելու դիտավորությամբ, ամեն պահ պատրաստ լինելով ծխի մի մեծ քուլա շպրտել նրա վրա ու ցայտնոտի բերել։

Եղավ մի պահ, երբ երկուսն էլ լուռ հայացքներն իջեցրին արկանոցին, մեղուների մի ամբողջ խումբ փոքրիկ անցքից դուրս էր բերում ձրիակեր ու արդեն սպանված բոռին, և քանի որ անցքի առջևի մասը մեծ չափով փակ էր, դաշտից բերքով վերադարձածները, չկարողանալով ճիշտ ժամանակին հասնել իրենց հատկացված մոմաթերթի հատվածին, բարկացել էին ու խառնվել իրար։

-Պարոն Գրիգոր,- շուրջը տարածված բզզոցը իր բամբ ձայնով խլացնելով, սպասմամբ լի հարցադրեց նախագահը։

Page 4: Vanush

-Հրամանքըդ, աղա Մացակյան,- ջրին ջուր և կրակին կրակ էր ավելանում։

-Ասում ես` ի՞նչ ես պատիվ անում,- նահանջեց նախագահը։

-Հաց ու պանիր, թարմ կանաչի, քամած մածուն, սառը ջուր...

Նիկալը կողքից գիտեր նախագահի ուզելիքը, ճիշտ և ճիշտ նույն ձևի գիտեր նաև Գիքորը, մի երկու շրջանակ՝ կիսով չափ լցված մեղրով։ Նիկալը նաև գիտեր, որ մեղվապահը բերքի սկզբին կիսատ շրջանակ կտրելը նույն ձևի մեղք է համարում, ինչ-որ հղի կենդանուն մորթելը։ Օգնականը նայում էր փոքր ինչ ավելի հեռու, խնձորի ծառի կողքին, ձիերի հետ ինքն իրենից ու նախագահի և մեղվապահի ընդհարումից գոհ կանգնած ոչխարաբուծական ֆերմայի վարիչին, որը ամենապակասը երևի մի տասնհինգ գլուխ ոչխար էր պահում հանրային հոտում Մացակյանի անունից, որի համար էլ նրա աչքի լույսն էր, հիմա էլ երկու խուրջին անքաշ պանիր ու կաշին հանած մատղաշ գառ է դրել հետը, Գոլ ուրթից իջել են Ավլուկոտ ուրթ, նստել են կլկլան Աառնաղբյուրի կողքին ու վայելել հովիվների բացած սեղանը, գառան խաշլամայով ու սալորի օղիով։ Վայելել են ու հիմա էլ նախագահը ուզում է շարունակել օրվա վայելքը, ուզում է շարունակել, բայց ինչ-որ չի ստացվում, ուզում է քաղցրացնել տրամադրությունը, ու ընդհակառակը` դառը մաղձ է դառնում նույնիսկ մինչև այդ ստացած հաճուքը, ինքնագոհությունը։ Սովոր լինելով անսահման արտոնություններով գործելու ու հիմա դեմ առնելով մեղվապահին, նա նեղսրտում էր Գիքորի դիմադրությունից, նեղսրտում էր այդպահ իրեն պատած անզորությունից, կոկորդը սեղմում էր մաղձը ու սիրտը շրջանակի մեղր էր ուզում, սիրտը քաղցրություն էր ուզում զորանալու համար, հարձակվելու համար, վարիչի աչքի առաջ մեղվապահին ոտնատակ տալու համար, վերջապես իր ով և ինչ լինելը ցույց տալու համար...

-Արա, Գիքի, բա մեղրո՞վ, մեղրով չե՞ս ուզում պատիվ անել նախագահիդ,- երկար Գիքորին նայելուց ու զննելուց հետո արհամարհական տոնով հարցրեց Մացակյանը ու Նիկալը հեռվից տեսավ, թե ինչպես է նա թուքը կուլ տալիս, տեսավ, բայց չհասկացավ, որ նախագահը ոչ թե թուքն է կուլ տալիս, այլ մեղվանոցում ստացած վիրավորանքը։

-Ախր, ասի, չէ՞, ընկեր Մացակյան, մի ամիս, ամիսուկես հետո... էն ժամանակ աչքիս վրա, հիմա ախր, դե գիտեք, չէ՞, թե մեղվի համար ինչ ժամանակ է, փեթակում եթե մի բան փոխվի, մեղուն կգժվի, դուք հո լավ գիտեք, թե բանն ինչումն է,- Գիքորը շփոթվել էր ինքն իրեն կեղծելուց։

-Մեղավորը ես եմ,- գլուխը տմբտմբացնելով, հատ-հատ ու զղջողական տոնով արտաբերեց Մացակյանը ու երկու ձեռքը բարձրացնելով, օդում պտտելով, խփեց մեկը մյուսին, կարծես նրան մուրճ ու մեխ էին տվել ու նա էլ մեխեց։- Ապերախտ, քեզ մի բաղ եմ տվել, դու ափսոսում ես մի ճիտ խաղող տալ։

-Բաղ ես տվե՞լ, ոնց որ թե հորդ սեփականությունն է եղել ու հիմա էլ գլխիս քարոզ ես կարդում, ի՞նչ է, կարո՞ղ է վարձով ես տվել ու ես էլ հրաժարվում եմ վարձից,- Գիքորը վերջին խոսքերը քմծիծաղով ասաց ու դրանք փշից առավել ծակեցին դիմացինին, մեխը խլի էր դեմ առել ու Մացակյանը մոլորվում էր, նա թափով մտրակը խփեց ծնկանը, շրջվեց ու գնաց դեպի ձիերը, ուսի վրայից շպրտելով.

Page 5: Vanush

-Գիքի տղա, ես իմ հոր տղեն չեմ լինի, եթե էս օրը քթիցդ չհանեմ, միտդ պահի, ձմեռ գլուխ որ մոծակը կծի, իմացի կաց, որ ես եմ։

...Երկու շաբաթ անց Գիքորին տարան, ու մինչև հիմա էլ նրանից մի տեղեկությունն ինչ է, չկա։

* * *

Նիկալը աշխատանքի ավարտից հետո բոլորին զգուշացրեց, որ սղոցների, մուրճերի, ուրագների ու մյուս գործիքների հետ մեխն էլ տանեն ու թաքցնեն ամենաապահով տեղում, զգուշացրեց, բայց հետո չվստահեց, ինքն էլ գնաց, ամեն ինչ իր ձեռքով արեց, ու չգիտես որտեղից-որտեղ մի հոգնություն իջավ մարմնին, տեղում գամող մի հոգնություն, մեկ ուզեց այդպես էլ գլուխը հենել արկղին ու մինչև լուսաբաց հանգստանալ, մեկ էլ զգաց, որ շաղն արդեն տակն է արել, ներքնաշապիկը կպչում է մեջքից, գնաց, բայց վայ էն գնալուն, արկղը հետևից ձգում էր մագնիսի պես, ու հոգնությունն էլ իր մեջ վախի տեսք էր ստանում։ Ինչ որ էր, աշխատեց հիվանդ ձևանալ, որ ենթակա հյուսները ոչինչ չհասկանան, այդպես էլ գնաց, ճանապարհին մեկ-մեկ նրանց բարի գիշեր մաղթելով, վերջը մենակ մնաց։ Տունը գյուղի գլխին էր, ճանապարհն էլ ցեխ ու անպետք, գնում էր, մտքերը դեռ Գիքորի հետ ու հուշերի ծանրությունը փաթաթվել էր կաղ ոտքին և դժվար էր քայլում, չէր քայլում, պարզապես քարշ էր տալիս անպիտան ոտքը, իրեն գոնե այսպահ ոչ պետքական ու ոչ ձեռնտու մտքերի հետ։

Կնոջ լիահամբույր ժպիտին միակ աչքի ճպպոցով պատասխանեց, հրաժարվեց ընթրիքից ու երեխաների դասերն ստուգելուց, անկողինը բացել տվեց, սպիտակեղենը փոխեց ու պառկեց քնելու, չպատասխանելով կնոջ և ոչ մի հարցին։

Հետո գիշերը գալարվում էր աջ ու ձախ, երազների մեջ փախչում էր ինքն իրենից, ընկնում սև կատուների սև թագավորությունը, որտեղ ճրագների նման նրանց աչքերն էին լուսարձակում նրա ճանապարհը, ու նա գնում էր սայլի ու սայլապանի հետևից նրա պատրաստած պետքարանից օգտվելու, հետո սայլն էր մնում առանց սայլապանի ու եզների, ճիպոտը` առանց ձեռքի, ճաղերի մեջ ցցած ու սայլապանի գլխարկը` թաց, ճիպոտի ծայրին։ Սայլն էր մնում առանց սայլապանի` մի խոր հորի մոտ։ Նիկալը նայում էր հորը, որտեղից աստղերն էին փայլ տալիս նրա միակ աչքին, և նա սկսում էր լուսին փնտրել ու հանկարծ լուսնի տեղակ նկատում էր, որ աստղերի միջով, առավոտյան հաստափոր պահեստապետից ստացած մեխի արկղն է արևելքից արևմուտք գլորվում։ Նա իրեն գցում էր հորի մեջ, արկղի հետևից ու սև-սև կատուների աղեկեզ ու չարագուշակ մլավոցների ուղեկցությամբ հայտնվում էր սև եզան մեջքին, մի քիչ անց նկատվում էր սպիտակ եզը հեծած, իրեն կողքից սլացող սայլապանին, անմիջապես հիշում էր, որ աստղերի մեջ գլորվող լուսնարկղի հետևից է եկել ու ոտքերով խփում էր սև եզան նիհար կողերին, ամուր կառչելով նրա պոզերից։ Եզները թռչում էին հավասար, անցնելով խոշոր աստղերի կողքից, իսկ առջևից լուսնարկղն էր մեխի զրնգոցով գլորվում ու շողարձակում շրջապատը։ Հետո սպիտակ եզը անցնում էր նրանցից սայլապանի հետ, ու վերջինս, հասնելով սույն լուսնարկղին, կռնատակում էր այն ու սկսում էր իջնել։ Սև եզը առաջկտրուկ էր անում ու պոզահարում էր լուսնարկղը, այն փշուր-փշուր էր լինում, երկնքով մեկ զրնգում էին մեխերը ու արծաթե փայլ արձակելով թափվում էին ներքև։

Page 6: Vanush

* * *

Արթնացավ լուսամութին։ Սիրտը տրոփում էր սովորականից արագ։ Հագնվելով իրեն տնից դուրս գցեց ու ոտքը քարշ տալով, աչքը տրորելով մերվեց սովոր ճամփին։ Անձրևը արդեն երկրորդ շաբաթն էր շարունակում էր տեղալ ու կտրվելու միտք էլ չուներ, գյուղի չորս կողմը ամպ ու չանգ էր չոքած։

Մինչև շինհրապարակ ոչ ոք չպատահեց բացի նավսոտ Մանասից։ Նա էլ հերիք էր, Նիկալի ոտքերը թուլացան, ուզեց ճամփեն թեքել, որ չհանդիպի, հնար չեղավ, ուշ էր, Մանասը դուրս պրծավ դիմացից, գլուխն ու մեջքը զոլավոր ջվալի մեջ, ոչխարներն առաջն արած։

- Բարըլուս, ախպերացու,- խփեց նա շինբրիգադավարի ճակատին ու երկար ձեռնափայտը կողքին թեքելով հետ տվեց խրտնած ոչխարին։

«Չար սատանին բարըլուսըդ, ես քու..», նեղսրտեց ինքն իր մեջ Նիկալը, ու առանց ծպտուն հանելու անցավ նավսոտի կողքից, հիշելով թե քանի՜-քանի՜ մարդ են Մանասի «բարի լույսից» հետո անհաջողության մեջ ընկել։

Տեղ հասավ։ Սիրտն այդպես էլ վկայում էր, տախտակները շաղ տված էին ու «էն բանն» էլ չկար։ Ձախ ոտքի ծանրությունը փաթաթվեց նաև աջին ու շինբրիգադավարը տեղնուտեղը նստեց ցեխի մեջ։ Նրա շշմած ու սառած աչքի առաջ մի անծայր ու անորոշ տարածություն էր, վրան արկղերով, սայլերով, լուսիններով, կատուներով, ճրագներով, ճիպոտներով, գլխարկներով ու հազար ու մի բաներով գրած. «Սիբիր»�

Նրա սառած հայացքի առաջ կինոժապավենի նման ինչ որ բան էր պտտվում ու նա տեսնում էր ինքն իրեն աղի հանքերում չոքեչոք ներսուդուրս անելիս։ Ներսուդուրս էր անում, մեջքին, ձախ ոտքից էլ ծանր մի կողով, քարաղով լի։ Ծնկները մաշվել էին ու նա բերանում մնացած մի քանի ատամով կրծում էր շրթունքը, որ չգոռա վերքին պատճառած աղի մղկտոցից...

Տղաները եկան իրենց սովորական ժամին ու զարմացան, բրիգադավարը նստած էր ծալապատակ արած, ձեռքերը ծնկներին, գլխարկը թարս դրած, մի աչքը ամեն անգամվա պես կույր ու փակ, մյուսը` սառած ու հեռուն նայող։

Առաջին մոտեցողը Նիկալի հորեղբոր տղան եղավ, նա պպզեց բարեկամի կողքին, հաստ ափերով գրկեց նրա ուսերը ու անհանգիստ հարցրեց.

- Նիկալ, խեր ըլի՞, էս ի՞նչ բանի ես�

Բրիգադավարը ձայն չհանեց, նրա կողովը աղով լի էր ու նա չորեքթաթ տանում էր իր բեռը, աղի հանքի նեղ թունելով դրսում թափելու։

-Ընկեր Խուդինյան, կա-չկա դու էստեղ գիշերը աստղեր ես հաշվել,- իրեն հավատով փորձեց կատակել լոնդի Սումբաթը ու նույնպես իր երկար հասակը ծալեց Նիկալի կողքին։

Շինբրիգադավարն արդեն դատարկել էր կողովը ու թեթև էր զգում իրեն, այդպես թեթև էլ նա վեր թռավ տեղից ու շրխկացրեց բոլորի վրա.

-Շան որդենի, ոչ մեկիդ չեմ խնայի, բոլորիդ Սիբիր քշել կտամ, կես ժամ ժամանակ եմ տալիս, կես ժամից հետո ամեն ինչ իրեն տեղում լինի, ես ձեր...

Page 7: Vanush

Նա դողում էր իրեն գոռոցից և գիտեր, որ դատարկ գոռոց է, պայթյուն երբևէ չի եղել իր գոռոցի մեջ ու երբևէ չի էլ լինելու։ Գիտեր, բայց գոռում էր, ահով, սարսափով, ատելությամբ, դաժանությամբ, գոռում էր ավելի շատ անզորացած ու խեղճացած։

Բրիգադը ի մի եկավ Նիկալի շուրջը, հետո ցրվեց աշխատատեղով մեկ։ Առաջ պահած տեղը փնտրեցին, ապա արդեն մնացած քունջ ու պուճախներում, ցրվեցին, ի մի եկան, ի մի եկան, ցրվեցին, ոչ մի արդյունք, իսկ Նիկալը եռում ու բլդբլդում էր, ոնց որ կրակին դրած խաշիլով լի կաթսա։

-Բոլորիդ Սիբիր կքշեմ շան որդենի, ոչխարի պես առաջս կանեմ ու կքշեմ...

Կես ժամ չէ, կես օր անցավ, ոչինչ չգտնվեց։ Անձրևը շարունակում էր մարմանդ տեղալ, ու գործն էլ կանգնած էր։ Գործը կանգնած էր, ու բրիգադիրն էլ գիտեր, որ պարտավոր է կատարվածի մասին տեղյակ պահել նախագահին, գիտեր, որ պարտավոր է, բայց խելքը հացի հետ չէր կերել, նաև գիտեր, որ հայտնելուց հետո ինքը ապրանքատար գնացքի վագոններից մեկի անկյունում, խոնավ հարդի վրա կուչ եկած, աղահանքի ճանապարհին կլինի։ Մի ամբողջ արկղ մեխ էր կորել, հանաք բան չէր, անց կենող տարի դաշտից մի մաղախ կարտոֆիլ գողանալու խաթեր Գալուստանց Այվազին քշեցին, մի կապոց թութուն կորցնելու համար Անխելքանց Փերիխանին... Մեխ է կորել, Մեխ, Մեխ, իսկ իր ստորագրությունը հիմա ուտում է պահեստապետի թղթերը...

Երեկոյան հավաքվեցին, թրջված, անհույս, ձեռնունայն ու գլխիկոր, լուռ շարվեցին Նիկալի առաջ և հոգնած ու հիվանդ տրորում էին ցեխը, մի ոտքից մյուսին անցնելով, մի մասը փռշտում էր, մի քանիսը` հազում։

-Սումբաթ տղա,- անձրևից ծանրացած հագուստի տակ կախ ընկած ուսերը վերուվար անելով նորից հոխորտաց բրիգադավարը,- ես գիշերը աստղեր եմ հաշվել, դու գործընկերներիդ հետ,- նա գլուխը վեր բարձրացրեց ու կզակով ցույց տվեց իր առաջ ու Սումբաթի աջ կողքին անհավասար շարվածներին,- Սիբիրում պիտի ատամ-ատամ դողացնեք ու անցկացրած օրերն ու ժամերը հաշվեք, ատամ թափելով ու ծունկ մաշելով: Վռազիլ մի, շուն-շան որդի, դեռ ինձ լավ չեք ճանաչում, կաշիներուդ գլուխներովդ պիտի հանեմ,- նա ոսկորը ձեռքից խլած շան պես ղռռաց բոլորի վրա ու հայհոյեց։- Ես ձեր ստեղծողը... բոլորիդ քշելու եմ։

Շարքը մի պահ ցնցվեց, կարծես էլեկտրական հոսանք դիպավ նրան ու կտրեց գետնից, շարքը ցնցվեց, բայց ընդամենը մի պահ։ Ախր, տղերքը արդեն երկրորդ շաբաթն է թրջվում էին, հոգնում էին, մրսում էին, հիվանդանում էին, հետո բարկանում ու սրտնեղում էին իրենք իրենց մեջ բրիգադավարի վրա, որն անխղճորեն, առավոտից-իրիկուն անձրևի տակ աշխատեցնում ու տուժում էր նրանց։ Շարքը մի պահ ցնցվեց իրեն ուղղված հայհոյանքից, հետո նրա անդամներն արդեն յուրաքանչյուրը յուրովի կշռեց վիրավորանքը առանձին, մեխն ու Սիբիրն առանձին և համոզվեց, որ միայն Սիբիրը, նույնիսկ առանց մեխի, անխղճորեն ծանր է ու չգիտես ինչու մեկը-մեկից թաքուն իրենց ընտանիքները մտաբերեցին, այդ երևակայական Սիբիրի անջերմ ու դաժան պատկերացող լույսի տակ նրանց համար այնքան տաքուկ ու այնքան քաղցր ներկայացան իրենց տները, իրենց գյուղը, ներքևի մեծ ձորը, վերևի սարերը՝ անտառներով, աղբյուրներով, եղնիկներով, արդեն երկրորդ շաբաթում չդադարող, նրանց ներվն ու ոսկորը մաշող անձրևով և վերջապես այս անխիղճ, լեղաճաք եղած, միաչքանի, մեկուկես ոտքանի բրիգադավարով։

Page 8: Vanush

Կանգնածներից Նիկալի հորեբոր տղան գոտին ամրացրեց, համարձակություն հավաքեց, կմկմաց, ուզեց մեջ ընկնել, մխիթարություն գտնել, մխիթարել, բրիգադավարը խոսք չտվեց.

-Ձենդ կտրիր, գնացեք ման եկեք, ձորում չկա, սարում գտեք, սարում չկա` դաշտում գտեք, բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի իմացել մեխի տեղը։

Ասաց, կարգադրեց ու բոլորը ցրվեցին, իսկ ինքը սկսեց թքոտել։ Մեխը, այդ չարաբաստիկ բառը կարծես թե ծակել էր նրա լեզուն, և արյունը հավաքվելով, խառնվելով թքին, տհաճ համ էր ստեղծում նրա բերանում։ Թքեց, լեզուն քսեց ատամներին, քիմքին ու երբ համոզվեց, որ լեզուն անվնաս է մնացել, հանկարծ հիշեց սայլապանին, ախ քաշեց, ափսոսաց, որ վկա չունի, ապա միտն եկավ պետքարանի համար քաշած տախտակը ու ոնց որ թե վկա գտավ, ուզեց հանգստանալ, հանգիստ շունչ քաշել, բայց հետո գլխի ընկավ, որ վկան անլեզու է, համր է, կույր է իր աջ աչքի պես, կաղ է իր ձախ ոտքի պես։ Նորից սկսեց զոռ տալ գլխին, զոռ տվեց ու ճամփա ընկավ սայլապանի տան վրա։ Գնում էր շրջապատում ոչնչի վրա ուշադրություն չդարձնելով, ինքը մտքերի մեջ էր, մտքերը՝ իր, երկուսով միասին վերածվել էին կասկածե մի գնդի։ Գունդը գլորվեց, գլորվեց ու, հասնելով սայլապանի տան դռանը, խփեց նրան ու հետ ընկրկեց։ Քիչ անց պատշգամբում երևաց տանտերը, ճակատին ու հոնքերին զարմանքի մի փունջ կախած, նա այդպես զարմացած էլ բացեց դուռը ու ձեռքը մեկնեց:

-Բարի իրիկուն, վարպետ Նիկալ...

-Այ բարևդ գլխիդ դիպչի, հարամ լակոտ, ո՞վ կսպասեր էն տեսակ հորից` էս տեսակ զավակ..

-Ի՞նչ է պատահել վարպ...,- Նիկալը չթողեց սայլապանին խոսքը հարցի հետ ավարտել, մեջը մնացած թույնը շնչատում էր նրան, և նա շտապում էր թափել այն, որ հանգստանա, անցած գիշերը ծանր հուշաբեռի պես կպած էր ուղեղին, և նա չարացած թափահարում էր գլուխը, որպեսզի ցրի անդուր հուշերը։

-Չոռ ու ցավը քեզ է պատահել,- նա կաղ ոտքի թաթը մեկ կտրում էր գետնից, մեկ` իջեցնում, չարչարվելով դրանով գոնե պահպանել իր մտքերի հավասարակշռությունը,- քեզ պես հիմար անասունի պատճառով էսօր ամբողջ օրը բրիգադը կանգնած է եղել, դու էդ ի՞նչ է, քանի՞ գլուխ ունես ուսերիդ վրա, թե՞ առյուծի սիրտ ես կուլ տվել,- խոսքերի տարափը դուրս էր հորդում նրա գունաթափ ու դողացող շուրթերի արանքից, լեզուն ասես թեթևություն էր բերում բռունցքի պես սեղմված ուղեղին։

Սայլապանը գլուխն առել էր ուսերի մեջ, հոնքերը բարձրացրել, աչքերը չռել, պռոշներն իրար բերել ու այդպես քարացած, մի ոտքը առաջ, մյուսը` հետ դրած, լսում էր Նիկալի հանդիմանանքը։ Մերթ ընդ մերթ բացվում էր նրա բերանը, ու նա կմկմում էր.

-Վար... Նիկ... Վարպ... Նի... Վարպե... Ն...,- շուրթերի բացվելու հետ հոնքերն իջնում էին, ճակատի ծալքերը բացվում, ու Նիկալին թվում էր, թե հարթված ակոսներից ուր որ է իջնելու են երազի եզները, մեղմ, ճախրալի, թեթևասահ` իրենց հետևից բերելով կախարդական սայլը ու սայլի վրա էլ լուսնարկղը` լույս ճառագող մեխերով լի։ Երբ հոնքերը նորից բարձրանում էին ու փակում սայլի ճանապարհը, Նիկալը դողում էր ամբողջ մարմնով, նրա ձեռքերը տենչում էին թռչել, կառչել դիմացինի հոնքերից, բացել ճակատի ծալքերը ու գորգ փռել այնտեղից իջնող եզների ու սայլի առաջ, ձեռքերը տենչում էին, իսկ ատամները սեղմվում էին իրար և իրենց լարվածությամբ գետնին գամում առողջ ու կաղ ոտքերը։ Նրա աչքը նորից լարվում էր,

Page 9: Vanush

աղեղը ձգվում, նետը պատրաստ էր լինում արձակման, սակայն պահը երկարում էր սար բարձրացող կածանի պես, խառնվում էր հազար ու մի խաչմերուկների, և քանի որ նշանակետն էլ չէր երևում, աղեղը գնալով թուլացավ, մտքերի մի մասը թողեցին իրեն տիրոջը ու նրա օրինակով տընկլի տալով լքեցին նրան։ Նիկալը ինքն իր հետ մենակ մնաց, բայց մի բան պիտի ասեր, ասելիք էլ, փառք Աստծո, ուներ և առանց երկարացնելու սայլապանին նույնպես Սիբիրով սպառնալով, պահանջեց իր կամքով հետ վերադարձնել մեխով լի արկղը։

Սայլապանի զարմանքախառն հայացքին կասկած խառնվեց. «Խելքը հո հետ չի՞ տվել էս մարդը», իսկ քիչ ավելի անց նաև վախ. «Իսկ եթե հայտնի, որ ի՞նձ է կասկածում։ Մարդկանց մեջ մի տեսակ կա, որը սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի ընդունակ է, զրպարտությունից մինչև հայրենադավության, իմ հորը որ տարան, ո՞վ ում ինչ ասեց»�

Մինչ սայլապանը խառնվել ու խճճվել էր կասկածների մեջ, Նիկալի փախած մտքերն իրենց թողած թելով սկսեցին քաշել նրան, ու շինբրիգադավարը ձախ ոտքը մեկ թռցնելով, մեկ քարշ տալով գնաց, որ խառնվի նրանց, գունդ կազմի, ամբողջություն դառնա ու մի ճար անի իր սև օրվան։ Գնաց` Հրեպետանց Գիքորի տան շեմքափետին մտամոլոր ու վախվորած թողնելով նրա սայլապան որդուն և նույն տան ներսի սենյակի կիսաբաց դռան ճեղքից, ութ ամսական երեխան գրկին, երկուսուկես տարեկանը` փեշից կախված, ամուսնուն ծիկոլ անող սարսափահար եղած սայլապանի ջահել կնոջը։

Երբ հասավ մտքերին ու ձուլվեց նրանց, արդեն տանն էր։ Կինն էլ իր հերթին էր սարսափահար եղել, հավաքել էր մոտիկ բարեկամներին, ծանոթներին, հարևաններին, ու խորհուրդ էին անում, ճանապարհ փնտրում Նիկալի համար։ Մինչև կեսգիշեր նստեցին, ոչ մեկը մի սփոփիչ ու խելքին մոտ բան չկարողացավ արտաբերել։ Կեսգիշերն անց ցրվեցին խուսափող հայացքներով, նրանցից ամեն մեկը ինչ-որ բանում իրեն մեղավոր էր զգում Նիկալի առաջ, և չգիտես որտեղից անսպասելիորեն ժամանած մի տարօրինակ ցանկություն կար նրանցից յուրաքանչյուրի «բարի գիշերում», վիշտը կիսելու ցանկություն։ Յուրաքանչյուրի հրաժեշտի մեջ մի ներքին ու խորը զգացում կար, ցավակից ու կարեկցող, որ հոգին կարող էր շշնջալ հոգուն` ձեռքերի սեղմմամբ, ափերի հպմամբ։ Նրանց համար իրենց նախնիների ու շրջապատի կողմից անզորաբար ինչ-որ չափով էլ հիմարաբար ընդունված մի սահմանում կար՝ մարդու ճակատին ինչ գրած է, այդ էլ նրա բախտն է, որ ծննդյան պահից Աստված օրհնանքի տեղ բաշխում է նրան, թալիսմանի տեղ կապում բազուկից ու ասում`«գնա՛, ապրի՛ր ու տառապի՛ր», հետո ուզում ես թեկուզ կաշվիցդ դուրս արի, ուզում ես ուրիշի կաշվի տակ մտիր, մեկ է` ճակատիդ գրածի տերը դու ես, ու այդ գիրն էլ քո տերն է։

Այդ գիշեր Նիկալի աչքից քունը փախավ, տան կենտրոնում դրված լամպի արձակած լույսի տակ նա երկար հայացքով շոյեց անկողիններում արդեն անուշ քնած իր չորս զավակներին` տասներեքամյա Սուրենին, իննի մեջ մտած Սաքոյին, հինգը նոր բոլորած Խաժակին ու երկուսուկեսամյա Խաչատուրին, շոյեց նրանց երկար, հետո եկավ, նստեց գյուղին նայող իր տան պատուհանի կողքին, ձեռքերը հենեց նրա գոգին ու աչքը բաց թողեց գիշերվա մթության ու գարնանային անձրևի տակ տնքացող գյուղի վրա։ Աշխատեց հույս ու հենարան գտնել լռության փափուկ սավանից ներս, անձրևի միալար ու դանդաղ հնչյուններում, ախր այս երկուրսի ներսում ու չորսբոլորը, անշուշտ, պապանձված լեզու կար այդ պահին, մեկի սիրտը հիմա երևի պատռում էր սեփական կրծքավանդակը, մեկը քրտնում էր վախից ու արյունը սառում էր երակներում, մոտ զգալով նախախնամության հարվածը, չէ՞ որ կար, կամ պիտի որ

Page 10: Vanush

անպայման լիներ այդ մեկը, այդ եզակի միավորը, հիմա պիտի դողային նրա ծնկները, աչքերը պիտի մթնեին, կոկորդը պիտի չորանար, լեզուն բերանի խոռոչում վար ու վեր աներ ջրից դուրս ընկած ձկան շարժումներով` աշխատելով դուրս պրծնել ատամների արանքից ու հոգնած շան հևումով լիզել ցամաքող շուրթերը, երբ փորձեր կուլ տալ թուքը, խնձորիկը չպիտի ենթարկվեր նրան ու դրանից ականջները թեթև պիտի շարժվեին ծով նետված անտեր նավակի թիակների թեթևությամբ, պետք է, պետք է, որ նախախնամությունն աննկատ գործեր մթության մեջ, ու նրա ձեռքն ընկածին էլ պրծում չպիտի լիներ։

Արյան եռքը արձագանքվում էր ականջներում` ինչ-որ չափով խլացնելով կղմինդրե տանիքին թափվող անձրևային աղմուկը։ Երբեմն կողքի սենյակից լսվում էր կնոջ կեղծ հազը, որն ավելի շատ կարծես ամուսնու մենությանը խառնվելու անհաջող փորձ էր կամ իր մենությանն ու տանջալից մտքերին ընկեր գտնելու մտահղացում։ Սակայն Նիկալը հեռու էր այդ ամենից, ու արձագանք էլ նրանից չէր կարելի սպասել, նա մտքով ակամա գնացել, ընկել էր պայթյունների խորքը, խրամատների մեջ ու պայթած ռումբի բեկորներից աչքը, մեջքը և ոտքը արյունաթաթախ ընկած, արմունկները` արնաշաղախ, գլուխը` սառը խրամատի եզրին հենած, առողջ աչքն առանց թարթելու ծխամած երկնքում պահած, մի պուտ կապույտ ամպ էր փնտրում։ Կես տարվա մեջ նա այնքան մահ էր տեսել, որ կյանքն ինչպես բոլորի, այնպես էլ իր համար կորցրել էր պատերազմի առաջին օրերին ու ընդհանրապես դրանից առաջ ունեցած արժեքն ու քաղցրությունը։ Իրենց վաշտից միայն Վասյան էր՝ Չուրիլինը, որ մինչև վերջ այդպես էլ չկորցրեց վախի զգացումը։ Նա երեսն աղվամազով նոր-նոր ծածկվող մի պատանի էր, ֆաշիստների կործանիչների հերթական ռմբակոծությունից հետո նրա հայրենի գյուղից ու հարազատներից ոչ մի հետք չէր մնացել։ Գնացած էր եղել անտառ` հիվանդ քույրիկի համար հատապտուղ բերելու, ու երբ վերադարձել էր, գյուղի տեղը տակնուվրա արված մի տարածություն էր գտել, որտեղից հարազատներին ու համագյուղացիներին հիշեցնողը վառված տների մոխրահոտն է եղել: Ամեն անգամ, երբ հեռվից լսվում էր ռմբակոծիչների շարժիչների հռնդյունը, անկախ նրանից, սովետական կլինեին դրանք, թե թշնամական, Վասյայի համար տարբերություն չկար։ Նա փակում էր ականջները ու հիվանդ քրոջ անունը գոռալով, լացելով, հիստերիայի մեջ վազում էր ու կանչում.

-Մաա՜-շա՜- ա՜- ա՜... ա՜...

Այդպիսի մի օր էլ Չուրիլինը քրոջը կանչելով գնաց դեպի հայրենի տունը, ու այդ անգամ չհասցրին նրա առաջն առնել, գնաց, և ռմբակոծության ավարտից հետո պարզվեց, որ նրա հոգին գտել է հարազատներին, դեմքին բերանից գնացած, շուրթերին ու ծնոտի սառած արյունը հանգստություն էր բերել նրան, կարծես փնտրել ու գտել էր անկողնում պառկած, տենդից տառապող քրոջը ու նրան էր հանձնել նրա երազած հատապտուղը։

...Արյունը դեմքից իջնում, ու պարանոցի վրայից սահելով մի պահ ջերմացնում էր ծնոտը, ակնթարթ էր լինում, երբ նա ուշքի գալով նորից ու նորից սև ու մթագնած երկնքում մի պուտ կապույտ ամպ էր փնտրում, նա գիտեր, որ այդ կապույտը գտնելու ու տեսնելու համար հարկավոր է դուրս սողոսկել խրամատից ու սողալով հասնել երկրորդ, ապա նաև երրորդ կրակագծերին, որտեղից դեռևս շատ աղոտ լսվում էին մարտկոցների պատասխան կրակահերթերը, հարկավոր էր հասնել այդ կրակահերթերին ու այնտեղից էլ էլի գնալ, գնալ, գնալ դեպի թիկունք, որտեղ ամպերը դեռևս կապույտ էին, բայց մի ոտքով սողալը, այն էլ մեջքից հոսող տաքության հետ, նույնն էր, ինչ ծխամած երկինքը այսպահ միանգամից

Page 11: Vanush

կապույտ դարձնելը: Նրա միակ տենչը այնպահ հանգիստ ու խաղաղ մեռնելն էր, անաղմուկ, անհրմշտոց, և թվում էր, թե բախտը նրան չէր զրկել այդ հաճույքից։ ՈՒ մինչ նա պատրաստվում էր շրջվել կրծքավանդակի վրա, գրկել հողը, գլուխը թեքել ձախ հայացքը դեպի յուրայինները ու առանց ցավերի հանձնվել Աստծո ողորմածությամբ իրեն ուղարկված վաղնջական հանգստին, չհասցնելով նույնիսկ ափսոսալ, եթե ոչ ծեր ծնողներին, ջահել կնոջը, ապա գոնե իր իսկ արյան շարունակությանը` երկու տղաներին... Հանկարծ մի կապույտ աղջիկ հայտնվեց երկնքում զինվորական համազգեստով ու շուրջը սև ամպերը հօդս ցնդեցին, այդ կապույտ էությունը վիրակապեց իրեն, այդ կապույտ էության փաղաքշալի ձեռքերը աշխատում էին վարժ ու արագ, և շուրթերն էլ ջերմորեն ինչ-որ բան էին շշնջում։ Նրան թվում էր, թե մայրն է ինչ-որ տեղ մոտիկից օրորոցային երգում, թվում էր, թե կինն է տղաներին գրկած իրեն կանչում, ու երկինքը կապտում էր ու կապտում, հետո այդ աղջիկն օգնեց իրեն դուրս գալ խրամատից ու տանում էր նրան, ձգում էր նրան, և ինքն էլ գնում էր մի ոտքով, ծալում էր առողջ ոտքի ծունկը, հենում սառը ձյանը, նորից բացում էր այն և այդպես շարունակ։ Մի կապույտ էություն էր պարուրվել նրա մարմնին, ու ինքը կարծես լողում էր այդ կապույտի մեջ։ Շնչառություն, հևք ու հոգոց խառնվել էին իրար ու մերթ ընդ մերթ փոթորկի պես բարձրացող ձյունը ու նրան հաջորդող պայթյուններն էին փորձում խլացնել ու իրարից զատել այդ ամենը, բայց կապույտ աղջիկը բաց չէր թողնում նրան, մեկ ձեռքից էր քաշում, մեկ կռնատակում էր, մեկ փորձում էր մեջքին շալակած տանել, ու հորդորանքն էլ չէր պակասում. «Դե հարազատս, դիմացիր, մի քիչ էլ, ու տեղ հասանք, մի քիչ էլ, հարազատս, հարազատս տեղ հասանք, մի քիչ էլ...»�

Երեք ամիս անցկացրեց հոսպիտալում ու քուն թե արթուն, նրա հետ էր։ Երբ աչքը կպչում էր, գալիս էր կապույտ-կապույտ, ոսկե վարսերը զինվորական գլխարկի եզրերից դուրս թափված ցորենի շարմաղ հասկերի նման, ժպտերես ու երկնաչ, գալիս ու կանչում էր. «Դե հարազատս, դիմացիր, մի քիչ էլ, ու տեղ հասանք, հարազատս...»� Անունը գոնե չգիտեր, չիմացավ ու դրանից հետո, ամեն բարի ու լավ նրա համար կապույտ երանգ ստացավ ու հասկի փայլ...

Ակամա գնացել, ընկել էր պայթյունների ու խրամատների մեջ, և երբ հետ եկավ, այգն արդեն բացվում էր, նայեց պատուհանից, անձրևը դադարել էր և ամպ ու չանգ քոչները կապած, խոսքները մեկ արած, հեռանում էին գյուղից, իրենց տեղը զիջելով զուլալ, լազուր երկնքին։

Վեր կացավ, ոտնաթաթերի վրա քայլելով մտավ պատշգամբ ու փայտյա փոքրիկ աստիճանով բարձրացավ տանիք։ Երկրորդ տարին էր, ինչ ամեն անձրևի ու ձնհալի սկսվելու հետ, տան հատակին չոր տեղ չէր մնում։ Կինը խնդրում էր փոխել տանիքի կոտրված կղմինդրները, կինը խնդրում էր, իսկ ինքը միշտ էլ հետաձգում էր` երկու ոտքերով խրված լինելով կոլտնտեսության գործերի մեջ, ժամանակ չէր գտնում ու հիմա անսպասելիորեն որոշեց ի կատար ածել կնոջը տված խոստումը։ Քայլեց կիսախավարում, գտավ պահեստային կղմինդրների փոքրիկ կույտը ու համբերությամբ սկսեց փոխել։ Երբ վերջին կղմինդրն էր փոխում, վաղուց արդեն լուսացել էր ու նրա ուշադրությունը գրավեց կղմինդրների կույտի մոտ ընկած փոքրիկ ոսկրակտորը, փոշով պատված հորթի կոճին, որով երեխաները մինչև աշուն խաղացել էին, իսկ աշնան վերջում այն թաքցրել տանիքում մինչև գարուն։ Տեսավ ու գլխի մեջ խառնվեցին տատի արած հին-հին պատմությունները, բոլորը կապված կոճու, և այն էլ գայլի կոճու զորության հետ։ Տատի վկայությամբ հնում բոլոր-բոլոր մարդասպանությունների, գողությունների, ստորությունների և նման այլ ծանր հանցանքների հախից գայլի կոճով էին գալիս։ Տուժողները կամ նրանց տերերը կրակի վրա այրում էին գայլի

Page 12: Vanush

ամենազոր կոճին, և մեղավորները, ինչպես տատն էր վկայում, կաթվածահար էին լինում, խլանում, կուրանում, կուչ էին գալիս ու վերջում էլ սատկում շան պես։ Կոլեկտիվացման տարիներին Նիկալի մայրը շրջանն ընկած գայլի կոճի էր փնտրում, որ վրեժխնդիր լիներ Նիկալի հոր ու իր ամուսնու համար, որին սպանել էին գիշերով, նոր ստեղծվող կոլտնտեսության ցորենի պահեստը հսկելիս։ Փնտրեց ամբողջ երկու տարի, փնտրեց մինչև մահվան դուռը հասնելը ու այդպես էլ չգտավ, գայլի կոճին էն ժամանակ իրենց համար աղվեսի սև մորթի էր դարձել, իսկ հորը սպանողներն այդպես էլ անպատիժ մնացին։

Նիկալը կյանքում գայլ տեսած չկար, ինչ մնաց թե` գայլի կոճի։ Տեսած չկար, բայց հիմա չգիտես թե ինչու, նրան թվաց, որ այս հորթի կոճին գայլի կոճուն շատ է նման։ Թվաց ու հավատաց, չնայած ինքն էր քառասուներեքին մորթել այդ հորթը, գյուղից դուրս եկող ճանապարհի վրա, սև խաչքարի կողքին, Անուշ նանի խնդրանքով, որպես մատաղ ու զոհաբերություն նրա բանակ գնացած երեք որդիներից ամենամեծին (մյուս երկուսի «սև թղթերը» արդեն ստացել էին)� Անուշ նանը աստծու դռանը խոստացած ուխտին իր բազմամանուկ ընտանիքի միակ չորսոտանին էր զոհ բերել, որպեսզի ամենակարողը ողորմած լինի, ու խղճա, եթե ոչ իրեն` Անուշ նանին, ապա գոնե նրա ավագ որդու` Սարգսի յոթ երեխաներին, որոնցից մեկը տասնչորս տարեկան էր, փոքրը` երկու։ Չնայած այն բանին, որ Աստված չէր իմացել Անուշ նանի մտադրությունը և նրա մեծ տղայի «սև թուղթը» արդեն երեք ամիս էր քրտնահոտում ու խամրում էր գյուղխորհրդի նախագահի ծոցագրպանում, քանի որ փոստատարը սիրտ չէր անում երևալ Անուշ նանենց թաղում, իսկ նախագահն էլ խղճում էր Սարգսի մորը, ջահել կնկանը ու ավելի շատ երեխաներին, խղճում էր ու թողնում էր, որ նրանք մի քիչ էլ ապրեն հույսով...

Այնուամենայնիվ, թվաց, թե գայլի կոճի է գտել, թվաց, ապա նաև համոզվեց, այդպես էլ չփոխեց վերջին կղմինդրը, զգուշորեն վերցրեց կախարդական թվացող ոսկրակտորը, գորովանքով սրբեց այն բամբակաբաճկոնի թևով ու եթե մինչ այդ որոշել էր պատուհանների կոտրած ապակիները փոխել, ապա հիմա կոճին շտապ գրպանը դրեց և վախվորած ու կասկածախառն մտքերն ու հայացքը տանիքում թողնելով` զգուշորեն իջավ տանիքից և կնոջ հիմար թվացող ժպիտը դեմքին, երկարաճիտ կոշիկները հագնելով` շտապեց աշխատատեղ հասնել, շտապեց հասնել, չնայած մտքով վաղուց արդեն այնտեղ էր, այն պահից, երբ ուղեղի մի անկյունում ծնունդ առավ գայլի կոճուն գտած ոսկրակտորի նման լինելը, այն կոճու, որի կրողը Անուշ նանի խոստմամբ ու խնդրանքով մորթվել էր իր կողմից աստծու սուրբ դռանը, գյուղից դուրս եկող ու ձորը մտնող ճանապարհի եզրին կանգնած սև, փոքրիկ ու տխուր խաչքարի առաջ։ Մորթվել էր, որպեսզի օջախի ծանր, դժվար ու հուսահատ պահերին խոսքե սփոփանք ու խոսքե հենակ դառնար, կիսակլոր ու համարյա ոտաբոբիկ երեխաներ