46
Սուսաննա Հարությունյան ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ Դժոխքի մասին առաջին տեղեկացնողը շատ բարի մարդ է եղել: Նա ուզեցել է մեզ մխիթարել, ուզեցել է ասել, որ կյանքը մարդու հանդեպ Աստծո արած ամենավերջին վատությունը չէ, դրանից դենն էլ կա: Իսկ դրախտի գոյության լուրը առաջինը հրապարակ է նետել սատանան` որ մեզ ջիջիլացնի, որ ցույց տա, թե ինչ հնարավորություններ ունի Երկնավորը և դրանից մեզ ընդամենը ինչ է կամեցել: Այո, դա արված է հատուկ` մեր և Երկնավորի հարաբերությունները փչացնելու համար: Ես այս կարծիքին էի, երբ կռացած մահճակալիս տակ, երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրում էի օձի գալարների հետքերը: Համենայն դեպս, ես չէի հասկանում և հավանաբար երբեք էլ չեմ հասկանա, թե մենք էդ ի՞նչ ենք արել խելքից դուրս, որ Երկնավորը մեր հոգին արտաքսել է մարդկային մարմնի մեջ, ինչի անհարմարությունից անձամբ ես նեղվել եմ ի ծնե: Առավոտյան, սովորությանս համաձայն, միացրել էի հեռուստացույցը, և հիմնականում չլսելով, թե ինչ է ասում, պատուհաններն էի մաքրում: Ականջիս պատառներ էին հասնում հաղորդավարի ձայնից. ինչ-որ ինստիտուտ հրապարակել էր թվեր` համաձայն որի մարդը կյանքում էսքան ժամ կորցնում է քնելու վրա, էսքան` ուտելու, էսքան` զուգարան նստելու, էսքան` լողանալուՓաստորեն ամեն ինչի վրա ժամանակ ծախսում է, բացի սեփական հոգուց: Որից հետո հնչեց քաղաքապետարանի զգուշացումն առ այն, որ հարուստները երևանամերձ սարուձորերում ռեստորաններ ու հասարակաց տներ են կառուցում` նվաճելով օձ ու կարիճների բնակատեղին, վերջիններս էլ ստիպված լցվել են քաղաք, և երեկ կեսօրին Գայի պողոտայի տասներեք շենքի չորրորդ հարկի բնակիչը իր մահճակալի տակից հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ, որը բռնել և նվիրել է գազանանոցին: «Բնակիչնե՛ր, զգո՛ն եղեք. նրանց հանդիպելիս աշխատեք լինել սառնասիրտ և չվնասել, սովորեք օձերի հետ ապրել: Հիշե՛ք` նրանք ազնվաբարո կենդանիներ են և երբեք առաջինը չեն հարձակվում»։ Զգուշացումը խուճապի մատնեց քաղաքի ողջ առաջին, երկրորդ և երրորդ հարկերում ապրողներին: Նրանք գլխապատառ նետվեցին ստուգելու իրենց մահճակալների տակերը, որովհետև, փաստորեն, մինչև չորրորդ հարկ բոլոր տեղերը խիստ զբաղված են եղել, որ այդ խեղճ գյուրզա տեսակը իր ծանր մարմինը քարշ է տվել այդքան վեր: Որպես փսիխոթերապիայի կուրս, ցուցադրեցին, թե ինչպես են ծնվում օձերը. ինչպես հավերը և բադերը, դուրս են գալիս ձվից։ Այո, դա նրանց դարձնում է պակաս սարսափելի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ ձվերից ևս հաջողությամբ կարելի է ձվածեղ պատրաստել: Ցուցադրեցին օձ պարացնողների, որպես հավաստում, որ նրանք մարդու կողմից միանգամայն կառավարելի և վերահսկելի են, և ամենավերջում` մարդու անպարտելիության և ամենազորության ապացույցը` չինական խոհանոցԽոհարարը բռնեց օձի գլխից, օձը վիզ չունի, դրա համար էլ գլխից բռնեց՝ ականջներից, ու հսկայական դանակով իջավ վրան, ճիշտ այն տեղին, ուր պիտի լիներ վիզը: Գլուխը շպրտեց մի կողմ: Օձի բերանը ցավից բացվեց, բայց չսատկեց: Անկյունում ընկած՝ բերանը բաց նայո՜ւմ էրԿաշին հանեցին, կտրատեցին, եռման ձեթ ու սոխառածի մեջ տապակեցին, լցրին ափսեներն ու սկսեցին ծամել. այդ ողջ ընթացքում կտրված գլուխն անկյունում ընկած, բերանը բաց դեռ նա՜յում էր, չէր սատկելՀետաքրքիր է. ուրիշ էլ ի՞նչ էր ուզում տեսնել օձի իմաստուն գլուխը, որ դեռ չէր սատկում: Այն բանից հետո, երբ օձի աչքի առաջ ձեթ ու սոխառածով տապակեցին, կերան նրա անձնական մարմինը, ես սկսեցի երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրել կասկածյալ օձին` չինացիների հավանական ճաշը: Չգտա: Վախվխելով նայում եմ այն տեղերը, ուր կարող է խցկված լինել աստվածաշնչյան սողունը ու, չնայած վախիս, նաև ուզում եմ, որ օձը եկած լինի: Տեսնես` եթե գա, էս անգամ ի՞նչ գայթակղություն է բերելու` էլի մրգայի՞ն, թե՞ դրախտն անցել է մսակերության: Մտածելով

Anmahutyan sahman@

Embed Size (px)

DESCRIPTION

Susanna Harutyunyan

Citation preview

Page 1: Anmahutyan sahman@

Սուսաննա Հարությունյան

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Դժոխքի մասին առաջին տեղեկացնողը շատ բարի մարդ է եղել: Նա ուզեցել է մեզ մխիթարել, ուզեցել է

ասել, որ կյանքը մարդու հանդեպ Աստծո արած ամենավերջին վատությունը չէ, դրանից դենն էլ կա:

Իսկ դրախտի գոյության լուրը առաջինը հրապարակ է նետել սատանան` որ մեզ ջիջիլացնի, որ ցույց

տա, թե ինչ հնարավորություններ ունի Երկնավորը և դրանից մեզ ընդամենը ինչ է կամեցել: Այո, դա

արված է հատուկ` մեր և Երկնավորի հարաբերությունները փչացնելու համար: Ես այս կարծիքին էի,

երբ կռացած մահճակալիս տակ, երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրում էի օձի գալարների հետքերը:

Համենայն դեպս, ես չէի հասկանում և հավանաբար երբեք էլ չեմ հասկանա, թե մենք էդ ի՞նչ ենք արել

խելքից դուրս, որ Երկնավորը մեր հոգին արտաքսել է մարդկային մարմնի մեջ, ինչի

անհարմարությունից անձամբ ես նեղվել եմ ի ծնե:

Առավոտյան, սովորությանս համաձայն, միացրել էի հեռուստացույցը, և հիմնականում չլսելով, թե ինչ

է ասում, պատուհաններն էի մաքրում: Ականջիս պատառներ էին հասնում հաղորդավարի ձայնից.

ինչ-որ ինստիտուտ հրապարակել էր թվեր` համաձայն որի մարդը կյանքում էսքան ժամ կորցնում է

քնելու վրա, էսքան` ուտելու, էսքան` զուգարան նստելու, էսքան` լողանալու… Փաստորեն ամեն ինչի

վրա ժամանակ ծախսում է, բացի սեփական հոգուց: Որից հետո հնչեց քաղաքապետարանի

զգուշացումն առ այն, որ հարուստները երևանամերձ սարուձորերում ռեստորաններ ու հասարակաց

տներ են կառուցում` նվաճելով օձ ու կարիճների բնակատեղին, վերջիններս էլ ստիպված լցվել են

քաղաք, և երեկ կեսօրին Գայի պողոտայի տասներեք շենքի չորրորդ հարկի բնակիչը իր մահճակալի

տակից հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ, որը բռնել և նվիրել է գազանանոցին: «Բնակիչնե՛ր, զգո՛ն

եղեք. նրանց հանդիպելիս աշխատեք լինել սառնասիրտ և չվնասել, սովորեք օձերի հետ ապրել: Հիշե՛ք`

նրանք ազնվաբարո կենդանիներ են և երբեք առաջինը չեն հարձակվում»։ Զգուշացումը խուճապի

մատնեց քաղաքի ողջ առաջին, երկրորդ և երրորդ հարկերում ապրողներին: Նրանք գլխապատառ

նետվեցին ստուգելու իրենց մահճակալների տակերը, որովհետև, փաստորեն, մինչև չորրորդ հարկ

բոլոր տեղերը խիստ զբաղված են եղել, որ այդ խեղճ գյուրզա տեսակը իր ծանր մարմինը քարշ է տվել

այդքան վեր: Որպես փսիխոթերապիայի կուրս, ցուցադրեցին, թե ինչպես են ծնվում օձերը. ինչպես

հավերը և բադերը, դուրս են գալիս ձվից։ Այո, դա նրանց դարձնում է պակաս սարսափելի, մանավանդ

եթե հաշվի առնենք, որ այդ ձվերից ևս հաջողությամբ կարելի է ձվածեղ պատրաստել: Ցուցադրեցին օձ

պարացնողների, որպես հավաստում, որ նրանք մարդու կողմից միանգամայն կառավարելի և

վերահսկելի են, և ամենավերջում` մարդու անպարտելիության և ամենազորության ապացույցը`

չինական խոհանոց… Խոհարարը բռնեց օձի գլխից, օձը վիզ չունի, դրա համար էլ գլխից բռնեց՝

ականջներից, ու հսկայական դանակով իջավ վրան, ճիշտ այն տեղին, ուր պիտի լիներ վիզը: Գլուխը

շպրտեց մի կողմ: Օձի բերանը ցավից բացվեց, բայց չսատկեց: Անկյունում ընկած՝ բերանը բաց նայո՜ւմ

էր… Կաշին հանեցին, կտրատեցին, եռման ձեթ ու սոխառածի մեջ տապակեցին, լցրին ափսեներն ու

սկսեցին ծամել. այդ ողջ ընթացքում կտրված գլուխն անկյունում ընկած, բերանը բաց դեռ նա՜յում էր,

չէր սատկել… Հետաքրքիր է. ուրիշ էլ ի՞նչ էր ուզում տեսնել օձի իմաստուն գլուխը, որ դեռ չէր

սատկում:

Այն բանից հետո, երբ օձի աչքի առաջ ձեթ ու սոխառածով տապակեցին, կերան նրա անձնական

մարմինը, ես սկսեցի երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրել կասկածյալ օձին` չինացիների

հավանական ճաշը: Չգտա: Վախվխելով նայում եմ այն տեղերը, ուր կարող է խցկված լինել

աստվածաշնչյան սողունը ու, չնայած վախիս, նաև ուզում եմ, որ օձը եկած լինի: Տեսնես` եթե գա, էս

անգամ ի՞նչ գայթակղություն է բերելու` էլի մրգայի՞ն, թե՞ դրախտն անցել է մսակերության: Մտածելով

Page 2: Anmahutyan sahman@

դրախտի մասին, ես հիշեցի Աստվածաշունչը, մի տեսակ չհավատացի, որ տիեզերքն իր ողջ

ճոխությամբ դանակով հավասար կիսված է երկու մասի` դրախտի ու դժոխքի։ Հիշեցի, որ, կարծեմ

միջին դարերում, Աստվածաշունչը խմբագրվել է կրոնավորների կողմից, ու հետաքրքրությունից մեռա.

տեսնես` հանված գլուխներում ու տողերում ի՞նչ է ասված եղել, Երկնավորի այդ ո՞ր խոսք-ուղերձը

դուր չի եկել տերհայրերին: Սկսեցի թերահավատորեն նայել` եթե իրենց թույլ են տվել Տիրոջ խոսքից

մասեր հանել, կարող էին և նույն հաջողությամբ այդ խոսքերին մարդկային մտքեր ներարկել: Իսկ այն

ամենին, ինչին դիպչում է մարդու ձեռքը, դառնում է անպետք: Նույնիսկ կյանքը, այդ հրաշքը, մեր

կատարմամբ ավարտվում է մահով։ Վախեցա, որ կասկածների ու նման սատանայական մտքերի

համար Երկնավորը ինձ կպատժի… «Բայց ի՞նչ անեմ, Տեր ջան, դժվա՞ր էր մի կես ժամ հա՛, շատ չէ,

իջնեիր, խոսքդ ասեիր, լսողը` լսեր, գրի առնողը` գրի առներ, իմանայինք, որ ասողը դու ես: Կես ժամը

քո հավերժության մեջ էդ ի՜նչ ժամանակ էր, որ դու մեզ համար չգտար, գրիչդ տվիր սրա-նրա ձեռքը`

մեկը «ա» է գրում, մյուսը` «բ», երրորդը երկուսն էլ խմբագրում է…»։ Ինչ գլուխ տանեմ, շատ վախեցա,

բայց անմիջապես էլ ինձ մխիթարեցի. «Աստված նաև սատանայի ստեղծողն է և նրա հանդեպ ևս

հայրական զգացմունքներ է տածում»: Եվ այստեղ ես խաչ հանեցի…

Ամերիկայի մուտքը Հայաստան նշանավորվեց խորհրդարանի սպանությամբ. երբ վարչապետը գնաց

Ամերիկա, խոստումներ տվեց, պայմանագրեր կնքեց` վերադարձավ ու… մի քանի զինված հայ

ներխուժեցին խորհրդարան և կրակահերթ բացեցին: «Ռուսաստանը իր ազդեցության գոտին է

պահում,- մտածեց ժողովուրդը:- Ավելի լավ էր մենք արած լինեինք, սպանելու համար էլ ուժ ու

զորություն է պետք, քան այնքան չնչին լինեինք, որ առանց մեզ հաշվի առնելու մտնեին մեր տուն ու

վարվեին ոնց սրտներն ուզի»: Եվ ամուսինս հիասթափված թքեց հայրենիքի վրա ու գնաց Բելգիա` փող

աշխատելու, մանավանդ որ այդ ժամանակ մեր բնակարանը գրավ էր դրված մի չինովնիկ-վաշխառուի

բանկում, և թեև օրենքով կարող էինք դատի տալ, բայց նա այնքան փող ուներ, որ կշահեր ցանկացած

դատ, անգամ` ահեղ դատաստանը: Որից հետո քրիստոնյա աշխարհը շուտափույթ եկավ մեզ փրկելու:

Նա եկավ մեր մղած ծանր պատերազմից հետո, երբ արդեն հաղթել էինք, երբ բակերում

խելագարության նոպաների մեջ ճոճվում էին գերի եղած զինվորները, որոնց երակների մեջ

ազերիները ամիսներ շարունակ բենզին էին ներարկել, և դրանից քայքայվել էին հատկապես հոգին ու

երիկամները, երբ մարդիկ այնքան էին անզոր նայել երկինք, որ այդ մասերում երկինքը մաշվել-

քրքրվել էր մինչև վերջին թելը, դրանից դենը կոչվելու էր ցնցոտի… Այս ամենից հետո Հայաստան եկավ

եվրոամերիկառուսական համախառն բարեկամությունը` փրկելու եղբայրական հայ ազգին։ Եկան մեր

հողում փնտրելու Նոյի` դեռևս չփտած ոսկորները, տապանից մնացած փետուփշուր, քարեր`

բիբլիական Արարատից, որպեսզի տանեն ու հարստացնեն իրենց թանգարաններն ու

համաշխարհային հումանիզմը: Դրա դիմաց նրանք բերել էին մոդիֆիկացված սերմեր, որոնք վաղուց

արդեն ապացուցված թույներ էին, իրենց սիլիկոնային մշակույթը և կլոնավորված ճշմարտությունը,

որին չարի գեն էին ներարկել. սատանան ներմուծվել և ավերածություններ էր անում այնտեղ։ Նա

գործում էր ներքին գործերի պրոֆեսիոնալ աշխատակցի նման` ռետինե ձեռնոցներով, և եթե վաղը

Աստված գա ահեղ դատաստանի, չի գտնի ոչ մի մատնահետք, ոչ մի հանցանշան:

Այո, գալ էր, որ գալիս էին… Այդպես արագ չեն սուրացել անգամ Տիգրան Մեծի զորքերը: Ոչ էլ Չինգիզ

խանի: Այդպիսի արագությամբ, որով գալիս էին արտասահմանյան ծրագրերն ու փողերը, սուրում է

միայն մահվան բոթը… Վիրավորական է: Եթե Եվրոպայում դինոզավրի մի փտած ատամ են գտնում,

անմիջապես թանգարան են կառուցում, հոգատարությամբ շրջապատում, փայփայում,

անվտանգության համակարգեր անցկացնում… Իսկ մենք` դինոզավրից էլ հնագույն ազգ, և դեռ ողջ,

ամբողջությամբ պահպանված, ու մեզ նեղում են ամեն տեսակ գաղափարներով, փողերով ու

քաղաքակրթությամբ:

Այս դեպքերից մի քանի տարի անց ես զգացի երկրորդ ցավը` կրծքումս, պտուկի տակ: Ընդհանուր

առմամբ` հինգ շաբաթ, սարսափն էլ գումարած` հազարապատիկ ավելի, տանջվեցի, մինչև դողացող

ձայնով՝ բժշկին ասացի այդ մասին: Մինչ այդ ինձ թվում էր, թե հենց այդ բանը բարձրաձայն ասեմ,

դնելու-հաստատելու եմ իմ վերջակետը, ինչպես համապատասխան կրթություն ունեցող պրոֆեսիոնալ

գործավարն է կնիքը շփփացնում փաստաթղթի տակ, այնպիսի մի ուժով, որ պարզ է` բեկման ենթակա

չէ: Եվ հինգ շաբաթվա սարսափն էլ գումարած` իմ տանջանքը, ցավը, հիասթափությունը հավատ էին

արթնացնում առ երկինք, հույս, որը բորբոքվում է ծանր պահերին, թե կյանքը հաշվեհարդար չէ:

Ու հինգ շաբաթ կասկածների մեջ տանջվելով, ի վերջո, զանգահարեցի բժշկին.

- Ձախ կուրծքս ցավում է, մեռնում եմ… ռակ չլինի՞:- Ես արդեն պատկերացնում էի, թե ինչպես է բժիշկն

ինձ համոզում հեռացնել կուրծքս, և, ուզենալով լուսավոր բան տեսնել դրա մեջ, ավելացնում`

Page 3: Anmahutyan sahman@

ամազոնուհիները ինքնակամ հեռացնում էին իրենց աջ կուրծքը, որ զենք բռնելը հեշտ լիներ: Ես,

բնականաբար, չեմ համաձայնվում` ամազոնուհիները, փաստորեն, ուրիշ զենք էլ են ունեցել, իսկ ես

չունեմ: Բժիշկը կզգուշացնի` Դուք կարող եք կորցնել կյանքը: Իսկ ես կյանքի մասին գիտեմ այնպիսի

մանրամասներ, որ կորչում է հարգանքդ նրա հանդեպ, և քամահրանքով կնետեմ` արժե՞ դողալ այս

անհեթեթ կյանքի վրա: Ավելի լավ է մեռնել, գնալ էկոլոգիապես մաքուր դրախտ, քաղաքական մրի

փոխարեն շնչել մաքուր օզոն, ճառագայթվել ոչ թե ատոմային ռումբից, այլ հրեշտակների լույսից, քեզ

կքշի-կտանի ոչ թե պատերազմի ու սովի, թշնամանքի հզոր ալիքը, այլ` երկնային սիրո...

Առավելություններն ակնհայտ են, եթե իհարկե... իսկ ո՞վ ասաց` դրախտ: Ինչպես տեսնում ենք կյանքի

դաժան փորձից` ամեն խոստացված բան չէ, որ տրվում է. մեկ էլ տեսար հրեշտակների փոխարեն

հայտնվեցին սև սատանաները, տարան, գցեցին դժոխքի եռման ձեթի մեջ, որը ամեն օր

Պարսկաստանից ֆուռերով ներկրում են Հայաստան:

- Մի վախեցիր, վատ բանը չի ցավում, եթե ցավում է, ուրեմն բարորակ ինչ-որ բան է: Լսեցի՞ր: Ոչ մի

դեպքում հույսդ չկտրես,- ցուցում է տալիս բժիշկը,- ոչ մի դեպքում… Հեչ որ չէ` Ամերիկայում բուժում

կա։

- Չեմ կտրի,- խոստանում եմ,- Ամերիկային ես արդեն ծանոթ եմ։

Չնայած հույսս չկտրելու իմ խոստմանը, սարսափահար ու ճնշված նստում եմ` անզոր անգամ ձեռքս

վերցնել հենց նոր ցած դրված ընկալուչից: Մտքովս ինչ ասես, որ չի անցնում։ Պատկերացնում եմ իմ

իմացած բոլոր դժբախտությունները, ընդհուպ` սեփական թաղումս, որովհետև իմ բախտին ես ծանոթ

եմ։ Միշտ էլ էդպես է եղել. երբ տանը հաց էր լինում, պանիր չէր լինում, երբ պանիր էր լինում` հաց չէր

լինում: Երբ երկուսն էլ լինում էր` ես տանը չէի լինում:

Բոլորս էլ գիտենք, որ հավերժական չենք, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե որքան արագորեն կարճ է

կյանքը, որքան հիմարաբար մենք… չենք ապրում: Մեր չապրած օրերը… Որոշ հաշվարկներով դրանք

այնքան շատ են, որ հենց դա էլ կարելի է կոչել կյանք: Ու ես, որպեսզի չկենտրոնանամ ինձ վրա,

միացրի հեռուստացույցը: Ոչ մի լավ բան` ամենուր հեղափոխություններ, սպանություններ,

ահաբեկություն, Ամերիկայի խոստումները վիճակը կարգավորելու մասին, Եվրամիության

սանկցիաները… Ոչ ոք չի ապրում, բոլորը զբաղված են կյանքի կարգավորման մասին օրենքներ

մշակելով` Աստծուց սկսած Եվրամիությունով վերջացրած: Հետաքրքիր է` սա՞ է մեզ այդպես

դաժանորեն խոստացված աշխարհի վերջը, թե՞ դեռ նոր է գալու։ Իսկ գուցե աշխարհի վերջը

հետաձգվել է ևս երկու հազար տարով: Գուցե այն ամենը, ինչ կատարվում է մեզ մոտ ամեն օր,

աշխարհի վերջին օրվա գլխավոր փո՞րձն է… Այո, որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, ահեղ

դատաստանը սկսվում է մեզանից, հատկապես նրանցից, ովքեր լկտիություն ունեն չվախենալու`

սովից, պատերազմից, իշխանավորից…

Բազմոցին փռված շոշափում եմ կուրծքս: Դա ինձ բժիշկն է սովորեցրել, ասել է` «Կպառկես մեջքի վրա,

մի ձեռքդ կդնես գլխիդ տակ, մյուսով մանրազնին կշոշափես կուրծքդ, եթե կասկածելի մի գունդ, մի

բան… առանց ժամանակ կորցնելու, վազելով կգաս»:

- Շիզիկ,- գոռում է նա ինձ խոհանոցից վիզը դուրս ձգած,- էդ ի՞նչ ես անում, օնանիզմո՞վ ես զբաղվում,

արի փողը տուր, էս երկրից գնամ պրծնեմ:

- Փող չունեմ,- ասում եմ շոշափելը շարունակելով:

- Էդ ո՞ր հայը իր թաղման փողը չունի պահած, արի տուր,- գռգռացնելով դարակների եղած-չեղածը

լցնում է գետնին:- Չեմ ամաչի, լիֆիդ մեջ կստուգեմ,- ասում է ներվայնությունից,- արի քո կամքով

տուր:

- Մի ջղայնացրու, առանց էն էլ` գլուխս ցավում է:

- Ուրեմն անհուսորեն դատարկ չէ, մեջը մի բան կա, չնայած քո դեպքում հաստատ թեփ կլինի… Փողի

տեղն ասա:

- Չունեմ, վերջին տասը հազարը տվել եմ Վալոդին, որ ինձ տանի Քյավառ, Վարսիկի մոտ: Իսկ

Վարսիկը պատահական բախտ բացող կամ ստի-մտի թուղթուգիր քանդող չէ: Նրան ասում են`

հայկական Վանգա։ Նույնիսկ եսակենտրոն Եվրոպան է նրանով հետաքրքրված, նրան հրավիրել են

Հոլանդիա` Կախարդների միջազգային ակադեմիա, բայց նա չի գնացել, որովհետև ինձ պիտի բուժի:

- Դու անբուժելի ես,- ասում է,- քեզ ոչ տասը հազարը կփրկի, ոչ միլիոնը, ոչ էլ անգամ աշխարհի բոլոր

Վանգաները միասին վերցրած:

…Այ այստեղ Ամերիկան համը հանում է. նա ռմբակոծում է Իրաքը։

- Ինչի՞ ես էդպես ասում, հանկարծ ու` Վարսիկը դեռ ինձ չտեսած բացականչում է` ահա հայոց հաջորդ

պրեզիդենտը: Հնարավոր է, չէ՞:

Page 4: Anmahutyan sahman@

- Քո դեպքում` չէ,- բրինձը դատարկում է գետնին,- քեզնից ի՞նչ պրեզիդենտ, քո դարդից Ամերիկան

հարձակվեց Իրաքի վրա, Իրանի վրա էլ ատոմային ռումբ է գցելու։ Էնպես որ` քո դեպքում ուրիշ հնար

չկա:

Առավոտ շուտ, դեռ վեցը չեղած, տղաս գետնին է դատարկել միջանցքի պահարանի դարակները`

ասեղից սկսած: Պահածս փողն է փնտրում: Վիրավորված է: Նրան մերժել են: Կանայք չէ, ավելի վատ`

արաբները: Նրանք խոստացել էին հրապարակում բացված իրենց ֆիրմայում աշխատանքի ընդունել,

եթե իմանա արաբերեն: Բայց մինչև նա արաբերեն որոշ բառեր ու քերականական կանոններ սերտեց,

արդեն ուշ էր: Անցած անգամ էլ պարսիկներն էին էդպես արդարացել` հո չե՞ն կարող վեց-յոթ ամիս

նստել ու սպասել, մինչև ինքը լեզու սովորի, գործարարի րոպեն փող արժե: Չեմ հասկանում` ինչո՞ւ են

հրապարակի վրա հսկա պաստառ կախել. «Հայաստանի պետական լեզուն հայերենն է», երբ

աշխատանք փնտրելու ճանապարհին վերջին չորս տարում նա արդեն ուսումնասիրել է ութ լեզու,

որովհետև ցանկացած արտասահմանցի, ով գործ է ձեռնարկում Հայաստանում, մեզանից պահանջում

է իր լեզվով խոսել: Հո ազգովի պոլիգլոտ չե՞նք դառնալու։ Սահմանադրության մեջ պետք է լուրջ

փոփոխություն մտցնել. այն մասում, ուր ասվում է, թե Հայաստանը ՀՀ քաղաքացիների

սեփականությունն է, պետք է գրել` Հայաստանը աշխարհի սեփականությունն է, իսկ ՀՀ

քաղաքացիները` ծառաներ, հարճեր, ճորտեր, սնունդ, հումք… Ճորտատիրությանը տրվել է ավելի

քաղաքակիրթ և գերժամանակակից ձևակերպում` գլոբալիզացիա:

Երկու-երեք մեծ լոնք եմ անում թափթփածի վրայով ու հասնում դռանը:

- Մինչև գաս,- սպառնում է ինձ,- փողն արդեն գտել եմ, տոմսն էլ առել:

- Քեզ էլ թվում է` հուսահատությունից կոշիկներո՞վ եմ քնելու,- ծաղրում եմ:- Բարի ճանապարհ… Փողը

չխնայես, բիզնես կլասով կթռչես։

Տղաս հավաքել է իր թափած դարակները, սիրուն դասավորել, կարտոֆիլ տապակել ու ամաններն է

լվանում։ «Մալադեց Վարսիկ»,- հիանում եմ ու մեջս կասկած է առաջանում. գուցե Հայաստանում մի

այլ զորավոր կախա՞րդ էլ կա, այս անգամ` չար, ու նրա գոյությունը գաղտնի է պահվում, ինչպես

սովետական տարիներին` խոշոր գիտնականներինը, որոնց զմռսում էին որևէ զինվորական օբյեկտում

ու քամում նրանց ուղեղը, և ոչ ոք չգիտեր, որ նրանք կան ու գյուտեր են անում: Այ էդպիսի մեկը նստած

իր կաբինետում` գիշեր-ցերեկ աշխատում է, էնպես է անում, որ մենք էշանանք, լռենք, հավաքենք ինչ

ունենք-չունենք ու գնանք մեր երկրից, որպեսզի Հայաստանը դատարկվի, մի սարի վրա տեղադրեն

ռուսական ռազմական բազաները, մյուսի վրա` ամերիկյան, մեզ էլ մնա Արարատի երրորդ գագաթը, ու

այդպես երջանիկ ապրենք հայառուսաթո՛ւրք-ամերիկյան եղբայրական դաշինքի մեջ:

Իրաքի ռմբակոծումից երկու օր հետո, երբ Հայաստանում դեղին անձրև եկավ, կավի բարակ շերտ

նստեց տերևներին և իմ արյան ճնշումը բարձրացավ սպանելու աստիճան, եկավ բժիշկը:

- Շոշափե՞լ եք կուրծքը, կասկածելի բան չկա՞,- հարցնում է:

- Ոնց որ թե` կա:

- Հասկանո՞ւմ եք, դա կանացի խռովկանության դրսևորում է,- նա մատներով սեղմրտում-զննում է

կուրծքս, ինչպես սկսնակ հացթուխն է խաղում խմորի հետ,- օրգանիզմը չի ստանում

համապատասխան դոզայով սեր, սկզբում նեղանում է, հետո` խռովում, հետո խռովածությունը

դառնում է ցավ: Քառասունի մոտ այն թանձրանում է, պնդանում, ինչպես ավազահատիկը ժամանակի

ընթացքում` քար, ու քարը` սար: Եվ այդպես առաջանում է ուռուցքը:

- Մոտավորապես ճապոնական խարակիրի,- ծիծաղում եմ ես:

- Ապուշ են ճապոնացիք,- գոռում է տղաս,- նրանցից ոչինչ պետք չէ սովորել։ Պատկերացնո՞ւմ ես` 15

թվին մտածեինք ճապոնացու նման. մի կողմից թուրքը մեզ սպաներ, մյուս կողմից` մենք, մի կողմից

թուրքը, մյուս կողմից` խարակիրի: Էշության գագաթնակետ:

- Սեքսի գործը ո՞նց է,- հարցնում է բժիշկը:

- Նորմալ,- պատասխանում եմ,- ամուսինս քանի՜ տարի Բելգիայում է:- Ես իհարկե նրան չեմ

պատմում, որ երբ ամուսինս այստեղ էր, այդ հարցը էլի առանձնապես լուծված չէր, որովհետև նա

հաճախ էր տուն գալիս ծաղկեփնջով, որի մեծությունը ուղիղ համեմատական էր իր գործած մեղքի

մեծությանը: Սկզբում ներս էր մտնում փարթամ փունջը, ապա ինքը. դռների մեջ հիանում էր, թե ի՜նչ

հանճար է եղել Իգիթը ու երգում նրա` «Պառավ յարս թանկ է, թանկ» երգը: Անկախացման տարիներին

փողի սակավության պատճառով ծաղկեփնջերը լղարեցին-լղարեցին, ապա բոլորովին անհետացան,

բայց նա շաբաթը առնվազն երկու անգամ շարունակում էր հիանալ Իգիթի հանճարով: Մի օր էլ տուն

եկավ ուրիշի երկար, ներկած մազը օձիքին կպած: Վրայից էլ կանացի էժանագին օծանելիքի հոտ էր

Page 5: Anmahutyan sahman@

փչում: Չխանդեցի` զարմացա. «Ուրեմն ինձնից բան են գողացել, էն էլ` տղամարդ, ու ես տեղյա՞կ չեմ»:

«Ախ, դու, սրիկա,- մտածում էի սեղանին հացը դնելիս և նրա` «Ի՞նչ ես տալիս ուտեմ» հարցին

«Աճարով փլավ» պատասխանելիս,- ուրեմն ընտանիքի հոգսը վրաս գցած, քեֆեր ես անում»:

Ամուսնուս միջանկյալ սերերի մասին գաղափար չունեի, բայց վերջին` ներկած մազի առկայությունը

թույլ էր տալիս ենթադրել, որ նրա ճաշակը վերջնականապես փչացել է: Մեկ մտածեցի մարդ վարձել,

որ հետևի, բայց անմիջապես էլ փոշմանեցի. տղամարդը չարժե, որ նրա վրա կյանք ու սիրտ ու գումար

ծախսվի: Ավելի լավ է այդ գումարով էլեկտրական թեյնիկ գնեմ: Առանց այդ էլ պարզ է, թե ինչ որակի

սեր է վայելում դրսերում իր աշխատած քնձռոտ երկու կոպեկով. պարզ, բարի աղջիկ, հավանաբար

Բաքվից գաղթած, ընտանիքը կորցրած… ամեն հաճախորդից հետո փոխում կամ չի փոխում

անկողինը, Էջմիածնում լցրած ֆրանսիական հայտնի օծանելիքների շշերի որոշակի պաշարով, և

ուզում է անպայման աշխատած լինել իր վերցրած փողը ու քնքուշ է տեղին-անտեղի…

Ես այս ամենը բժշկին չեմ պատմում, ուղղակի նրա հարցին պատասխանում եմ` նորմալ։

- Հոպար,- ներս է գալիս տղաս,- հայաստանաբնակ մեկ կնոջը բաժին է ընկնում 0,000001 տոկոս

տղամարդ. եթե էդ հաշվարկով առաջնորդվենք, մեկ միլիոն կնոջից միայն մեկին է բաժին ընկնում այդ

կարևոր` զրո ամբողջ եսիմորերորդական մասը:

- Ես հասկանում եմ, Դուք հավատարիմ կին եք,- բժիշկը բանի տեղ չի դնում տղայիս ու շարունակում է

խոսել ինձ հետ,- բայց մեր օրգանիզմը կառուցված է մեր սրտին և տրամաբանությանը հակառակ:

Երբեմն նա ունենում է պահանջներ, որոնք մենք բավարարում ենք և պե՛տք է բավարարենք, բայց

որոնք չեն արդարացվում սրտով ու տրամաբանությամբ։ Մի խոսքով, ձեր տարիքում խիստ

անհրաժեշտ է սեքսով նորմալ զբաղվելը… ավելի, քան երիտասարդներին, թե չէ` կարող եք հայտնվել

հոգեբուժարանում:- Ու աչքերիս մեջ նայելով շշուկով ավելացնում է այն խանութի հասցեն, ուր

վաճառվում է սիրո պերճանքի եվրոպական տեսականի. «Ափսոս, այնտեղ միայն արտադրական

խոտան է Եվրոպայից, ուր դրանք չեն արդարացրել կանանց սպասումները… և բնության մեջ այդպիսի

ձևերով ու չափերով առհասարակ գոյություն չունեն»:

- Բիձա,- գոռում է տղաս` նրա թևից քաշելով,- հլա մի ռադ էղի էստեղից, էդ ի՞նչ ես ակնարկում, մորս

ինչի՞ ես դրդում…15 թվին բոլոր հայ տղամարդիկ մորթվեցին, 37-ին` աքսորվեցին, 41-ին` զոհվեցին,

բայց պատմությունը կանանց մասսայական խելագարության դեպքեր ինչ-որ չի գրանցել: Չլինի՞

փափլիկ կնիկ տեսար, մտքովդ բան անցավ… հլա մի ռադ էղի էստեղից: Ես քու տիրոջ մերը…

Բժիշկը վախեցած վազում է դեպի դուռը.

- Էս ի՜նչ են հիմիկվա ջահելները` այլանդակություն…- ու սարսափահար ցած է վազում`

աստիճանները չորս-չորս թռնելով:

- Մտքովդ չանցնի, էղա՞վ,- հիմա էլ ինձ է սպառնում,- չեմ նայի, որ մերս ես` կմորթեմ:

- Հանգստացիր, հա՞, խանգարված… իմ տարիքի կնոջ վրա նայողն ո՞վ է: Ո՞ւմ եմ պետք…

Կատաղությունից փնչացնում է.

- Ինձ գժի տեղ մի դիր. քսան տարեկանին պետք չես, վաթսունին` պետք ես. Էյնշտեյն`

հարաբերականության տեսություն… էլի եմ զգուշացնում` կմորթեմ։

- Հիվանդ կին եմ, ի՞նչ ես ուզում ինձնից. է՛լ ճնշում, է՛լ ուռուցք, է՛լ բորբոքված լեղապարկ… թող

հանգիստ մնամ։

- Եթե բարոյականությունդ թույլ տար` մի քիչ էլ սպիդ կլինեիր, չէ՞,- ծաղրում է։

- Չամաչեցի՞ր…- ցավով նայում եմ կիսաբաց դռանը, որտեղից փախավ բժիշկը: Թեև

երիտասարդության հարցում նրա հետ համաձայն չեմ. մեր երիտասարդությունը այնքան էլ փչացած

չէ: Նրա միայն 40 տոկոսն է նարկոման, մյուս քառասունը զբաղվում է անառակությամբ, մյուս

քառասունը` փախել է արտասահման, մյուս քառասունը` մուրացիկ է, մյուս քառասունը` հոգեկան

հիվանդ… ցանկացած դեպքում, որպես հույս, մնում է առողջ 60 տոկոսը: Բայց եթե իրար գումարենք

բոլոր քառասունները, ապա այն ոչնչացված է 200 տոկոսով:- Չամաչեցի՞ր,- կրկնում եմ,- բա դա անելու

բա՞ն էր:

- Ամաչեցի` էն էլ ոնց,- ասում է խորամանկ, խարդախ ու ինքնագոհ ժպիտը թաքցնելով,- ուղղակի

գետինն եմ մտնում: Հը՛,- ծիծաղում է,- էդ ինչ դեմքով ես նայում, ոնց որ դառը ճշմարտությունը լինես։

- Հավեսդ չունեմ… է՞ս է քո պահած հիվանդը,- գրկում եմ փորս,- որ ներվայնանում եմ, ստամոքսս

կծկվում է, գնա սուրճ դիր կամ ավելի լավ է` մի թեթև բան բեր ուտեմ: Դարակի վրա «Հերկուլես» կա,

ստամոքսիս համար եմ առել, եռման ջուր լցրու վրան, թող մի քիչ մնա, բեր:

Հինգ րոպե հետո խոհանոցից կանչում է.

- Էս դարձել է լափ, ուտելու բան չէ:

- Ինչի՞ է լափ, Անգլիայի թագուհին քսանհինգ տարուց ավել է` առավոտները դրանով է սնվում:

Page 6: Anmahutyan sahman@

- Իբր Անգլիայի թագուհին ո՞վ դառավ,- ասում է,- էդ անգլիացիք չէի՞ն, որ ազատ արձակեցին Հայոց

ցեղասպանության կազմակերպիչներին... դրանց թագուհին հազիվ էլ... բա ուզում էիր երկնային

մանանայո՞վ սնվեր: Բան ես գտել ընդօրինակելու... հիմա, ասենք, Չինաստանի թագուհին էլ որդերից

եփած փլավ է ուտում, սկսելու ես անձրևաորդե՞ր ուտել:

- Մի քիչ կաթ լցրու վրան. դիետիկ սնունդ է, բա ի՞նչ էիր ուզում:

- Լավ, ես գիտեմ ինչ կանեմ…

Բերում է «Հերկուլեսը»` վրան լավ յուղոտ սոխառած է լցրել, կարտոֆիլ, համեմ` սննդարար սուպ,

դնում է անկողնուս վրա։

- Էդ եղավ արևելյան յուղոտ ճաշ, ինձ դիետիկ է պետք: Դե լավ,- թարմ կանաչու տեսքից ախորժակս

գրգռվում է,- բեր բացառություն անենք, համ էլ դիետիկը փտած եվրոպացիների համար է, որ ուտում են

ոչ եվրոպական ժողովուրդների միսը, խմում նրանց արյունը, տռզում, ճարպակալում ու շնչահեղձ են

լինում սեփական ճարպից: Մեզ ուժեղ սնունդ է պետք` խորովածով-բանով, մենք ենթարկվում ենք

Արևմուտքի թունավոր ազդեցությանը, պիտի ուժեղ սնունդ ընդունենք, որ դիմանանք: Հալալ չէ՞ր

սովետական տարիներին,- ասում եմ ճաշը ֆռթացնելով,- սովետական թունավոր

գաղափարախոսությանը զուգահեռ մեզ կերակրում էին ուկրաինական խոզի սալով, մոսկովյան

շոկոլադներով ու հայկական կոնյակով` որպես փոխհատուցում: Իսկ Արևմուտքը սխալ

քաղաքականություն է վարում, իր փտած գաղափարները հուպ է տալիս, և ոչ մի սնունդ։ Ամեն ինչը

մոդիֆիկացված, իրենք` կլոնավորված, ուղն ու ծուծով կառչած իրենց սեռական բնազդներին...

Ուտելուց հետո տղաս ինձ դեղահաբ է տալիս.

- Արտասահմանում սա եղբայրը եղբորը չի տա… բռերով խմում են ու` ճախրում երանության մեջ,

ուռում-անջատվում: Մեզ մոտ դա կոչվում է ներվ հանգստացնող: Պատկերացնո՞ւմ ես` մենք ի՜նչ

կատաղած ենք, նրանք խմում են` անջատվում, մենք խմում ենք` հանգստանում:

- Բա քեզ որտեղի՞ց էդ խուժան բանը, հլա առանց ամաչելու էլ ինձ ես տալիս:

- Բուժքույրն է բերել քեզ համար, թե չէ սա ինձ ո՞վ կտար, սա հումանիտար օգնություն է, հատուկ

դեղատոմսով են դուրս գրում` խիստ վտանգավոր շիզիկների համար:

Խմում եմ.

- Կարևորը` հանգստացնում է:

Սպասում եմ մի ժամ, երկու. ոչ հանգստանում եմ, ոչ էլ ճախրում:

- Ուրեմն ժամկետանց էր, աշխատիր սեփական ուժերով քնել,- խորհուրդ է տալիս տղաս ու գնում

ինտերնետ մտնելու:

Սեփական ուժերով հաջողվում է միայն ննջել: Քնի-արթնության արանքում իբր դուռը ծեծում են, բայց

հաստատ չեմ կարող ասել` իրո՞ք ծեծում են, թե` իբր: Տղաս բացում է դուռը. «Զինվորագրվեք

հայրենիքին, ընտրեք` ո՞ր պատերազմին եք ուզում մասնակցել` թուրքերի՞ դեմ, ռուսների՞,

պարսիկների՞ դեմ, վրացիների՞, թե՞ եվրո-ամերիկյան կանոնավոր զորքերի, աղանդավորների՞, թե՞

չարքերի»: «Ինչի Հայաստանը քանի՞ սահման ունի,- զարմանում է տղաս ու տեղեկացնում եկողին,-

ապեր, ես արտասահման եմ գնալու, հուր-հավիտյան զինվոր մնալու զահլա չունեմ, հատկապես

անգլո-ամերիկյան կանոնավոր զորքերի դեմ: Ես գնալու եմ Եվրոպա, ֆիրմա եմ բացելու, սիրուհի եմ

ունենալու` էլ դու սուս. նա էնպիսի կին է լինելու, որի ամենազարգացած սեռական օրգանը լեզուն է

լինելու: Էդ առումով աշխարհում նրա նմանը չի լինելու, լեզվի ակտիվությամբ նա զիջելու է միայն

քաղաքական գործիչներին, էնպես որ, ապեր, ձեզ հաջողություն, գնացեք մղեք ձեր

պատերազմները…»:

- Ո՞վ էր,- հարցնում եմ քնաթաթախ:

- Ոչ ոք,- ասում է նա:

Վեր եմ կենում, նստում: Դեղը հավանաբար ազդել է: Շշմած եմ, ամեն ինչ տեսնում եմ մառախուղի մեջ։

Գլխումս ճարճատյո՜ւն է… չեմ հասկանում` ներսի՞ց է, թե՞ դրսից: Վերջ, հենց տղաս գնաց

արտասահման ու էնտեղից փող ուղարկեց, եվրոպատուհաններ կդնեմ` հերմետիկ, որոնք, ճիշտ է,

խիստ վտանգավոր են առողջության համար, ինչպես Եվրոպայից մեզ հասած ցանկացած

քաղաքակիրթ ժառանգություն, նեխացնում են տան օդը` շնչում ես թթվածին, արտաշնչում ես գազ,

շնչում ես գազ, արտաշնչում ավելի թունավոր գազ… բայց փոխարենը չեն թողնում, որ ներս թափանցի

դրսի աղմուկը, ժխորը, աղբը… հերթական եվրոպական նարկոտիկ, որը քեզ կտրում է աշխարհից,

խաղաղության ու երջանկության պատրանք ստեղծում, դու մոռանում ես, որ դրանք` ժխորը, աղմուկը,

այլասերված երեխան, կինն ու տղամարդը քեզ հետ որևէ կապ ունեն, մոռանում ես, որ դա քո

հայրենիքն է, որովհետև դու արդեն Եվրոպա ես` եվրոպատուհանով: Ես կբացեմ աչքերս ու` չկա՛ն:

Լվացքի պարանները, որ հավերժորեն կապված են շենքից շենք ու քամին դրանց վրա ֆռֆռացնում է

լվացքը` նորածնի թաթիկներից սկսած ադեի թումբաններով վերջացրած, քամին պոկել տարել է, և

Page 7: Anmahutyan sahman@

շենքից շենք ընկած օդային տարածությունը մաքուր է, ինչպես նորածնի հոգին, այնտեղ կարող են

իրենց մատնահետքը թողնել թռչունները, երազները, աստվածները, քամին, ռուս-թուրքական

կործանիչները: Նայում եմ ցած` փողոցն էլ է մաքուր: Բոմժերը շրջում ու չեն գտնում հավաքելու ոչ մի

բան` ոչ կծած, պատուհանից դուրս նետված խնձոր, ոչ սիգարետի ծխուկ, ոչ կիսաուտել թխվածք` որևէ

մեկի բերանի չափը վրան. այդպես մաքուր, կոկիկ ու ամեն ինչ տեղը-տեղին լինում է միայն

գերեզմանոցում: Չկա նույնիսկ դիմացի շենքի տատիկը, որին ամեն օր զբոսանքի է հանում

վարժեցրած հսկա շունը, ու նրանք մինչև ուշ գիշեր «զբոսնում» են բակի նստարանին նստած։ Իսկ

տասնմեկի կողմերը բարեկիրթ շունը սկլերոտիկ տատիկին տանում է քնելու: Ասում են` էդ շունը

ավելի թանկ արժե, քան երևանյան մեկ սենյականոց բնակարանը, ասում են` պառավի տղան Միջին

Ասիայում նարկոբարոն է: Ինձ միշտ սարսափեցնում է սկլերոտիկ տատին իր պահապան-հրեշտակ

շնով: Եթե տղաս գնա արտասահման, դա կլինի իմ պայծառ ապագան. եթե, իհարկե, կյանքը թույլ տա

ինձ ծերանալ, և տղաս էլ այնքան խելք ունենա, որ դառնա նարկոբարոն:

Վերջ, ես խմել եմ ժամկետանց ներվ հանգստացնող ու դարձել եմ եվրոպացի, որովհետև այդքան

սարսափելի, տգեղ ցնորք չի տեսնում անգամ եվրոպացի պրոֆեսիոնալ նարկոմանը գարյաչկայի

նոպայի մեջ: Պատկերացնում եմ այն նարկոմանների շքեղ ցնորքները, ովքեր այս դեղերը խմում են

դեռևս ուժը չկորցրած ու բռերով: Տեսնես աշխարհում կա՞ ցնորքների և ցնորամիտների մրցույթ,

Գինեսի գիրքը գրանցե՞լ է նման ռեկորդ: Եթե չկա, ուրեմն պետք է դիմել Մարդու իրավունքների

եվրոպական դատարան, որովհետև ամեն տեսակ մրցույթներ կան, իսկ, այ, ցնորքների ու

ցնորամիտների իրավունքը ոտնահարվում է, նրանք իրենց օտարված են զգում հասարակությունից։

Որպեսզի օտարված չզգան, այլ զգան ինչպես յուրայինների մեջ, բոլորս պիտի դառնանք նարկոման ու

ցնորքներ ունենանք: Հետաքրքիր է, ո՞վ է եղել աշխարհի առաջին ցնորամիտը: Նո՛յը: Ցնորամիտ,

հոգնած ծերուկ, որ չի հասկացել, թե պետք է շրջանցել Արարատ լեռը: Լսո՞ւմ ես, Նո՛յ, դու պետք է

շրջանցեիր Արարատ լեռը, գնայիր ու գնայիր այնքան, քանի դեռ մի կաթիլ ջուր էր մնացել, մինչև

հասնեիր երկնքի դարպասներին ու մարդկությունը տեղափոխեիր այնտեղ: Եվ այդ ժամանակ

բոլորովին այլ կլիներ մեր հայրենիքը: Քո ծուլության և կարճատեսության պատճառով մենք մի անգամ

ևս կորցրինք դրախտը… Տղամարդու երեսից... Նրանք թափթփված ցնորամիտներ են, անընդհատ

կորցնում են` փողերը, ծնողներին, կանանց, կյանքը, երկնքի բանալիները… Փաստորեն տղամարդիկ

շատ վատ գանձապահներ են: Բայց բոլոր դեպքերում, անկախ Նոյից, ի՞նչ եղան մեր բակի բնակիչները.

երեկ նրանք կային, և նույնիսկ մի հոգի ավել կար` մի քյավառցի ձուկ էր ծախում, և նրա լեզվի

քերականական ճոխությունը ապահովում էր խրոնիկ լեշահոտը: Հասկացա: Նրանք ոչնչացել են`

չինական թռչնի գրիպից: Չինական հավերը սավառնել, հասել են Հայաստան, խախտել են օդային

սահմանը չխախտելու մասին միջպետական պայմանագրերն ու Ժնևի կոնվենցիան, փռշտացել են

շենքերի վրա, և նրանց քիթ-բերնից ծորացող փսլինքը թափվել է ցած ու վարակել բոլորին: Նրանք

հազել, հազել ու ոչնչացել են… Նրանք ինձ երեկ այդ մասին զգուշացրին: Հավերը չէ, սանէպիդկայանի

աշխատակիցները: Նրանք ծեծեցին դուռս և հարցրին՝ արդյոք պատրա՞ստ եմ դիմակայելու չինական

թռչնի գրիպին: Նրանք հարցրին, որովհետև պարտավոր են մաքուր պահել երկիրը և մաքրել անգամ

մարդկանցից, եթե դա է պահանջում հայրենիքի միջազգային ռուս-ամերիկյան շահը: Ես նրանց

հարցրի. «Ի՞նչ է` մենք արդեն դիմակայե՞լ ենք անգլիական մսի հետ եկած կովերի կատաղությանը…

իսկ սպի՞դը: Ասում են` դա կապիկներն են տարածել, որոնք փախել են ԱՄՆ հատուկ

լաբորատորիաներից և նախատեսված են եղել նեգրերին ոչնչացնելու համար: Բայց կապիկները

փախել ու անբարոյական են գտնվել մարդկանց հանդեպ առանց ռասայական խտրականության:

Փաստորեն, պարոնայք,- ասում եմ ես նրանց,- այն ամենը, ինչը մեզ է հասնում մնացյալ աշխարհից,

ունի կենդանական ծագում: Ինչ է` մարդկային ոչինչ չկա՞ մեզ փոխանցելու, մի՞թե մնացյալ աշխարհը

դեռ զարգացման այդ փուլում է»:

Պատուհանը բացում եմ ու նայում երկինք։ Հետաքրքիր է` ո՞վ է առաջին անգամ երկնքի ու երկրի միջև

սահման գծել, ո՞վ է տիեզերքը բաժանել պատառների, ինչպե՞ս է որոշել` որտեղից որտեղ է հող և

որտեղից որտեղ` երկինք։ Այո, երկնքի ընկալումը զուտ անհատական բան է, ինչպես ճակատագիրը։

Քիմիկոսը, օրինակ, կարող է ասել, թե երկնքի քանի տոկոսն է ջուր, քանիսը` աղ, քանիսը` գազ, և

քանիսն է, որ առհասարակ չկա: Ֆիզիկայի ուսուցիչն էլ գիտե` երկնքից ինչքան լույս է գալիս և ինչքան

մութ է հեռանում քամիների տեսքով, բանաստեղծը գիտե, որ երկինքն այն տեղն է, որտեղով անցնում է

հավերժության սահմանը, և առհասարակ, երկինքն այն է, ինչը մենք ուզում ենք ունենալ, առանց

իմանալու նրա իրական բաղադրությունը… Աշխարհում դեռ չի եղել մի մահկանացու, որ որևէ

հանճարեղ բան ասած չլինի երկնքի մասին, ի վերջո` երկինքն այն վայրն է, հանուն որի մենք մեռնում

ենք, առանց հասկանալու` արժե՞ արդյոք…

Page 8: Anmahutyan sahman@

Միջանցքով հուշիկ գնում եմ տղայիս սենյակի կողմը, բացում դուռը: Ռադիոն կամա՜ց խոսում է

ականջի տակ, իսկ ինքը ինտերնետում քուջուջ է անում:

Նստում եմ թախտի եզրին:

- Քունս չի տանում:

- Թե՞ էլի վատ երազ ես տեսել... հլա ճիշտն ասա` էլի երազում մարդդ ուրիշ կին ունե՞ր:

- Նախ` ամեն տղամարդ էլ իրավունք ունի իր կյանքը երբեմն-երբեմն այլ կանանցով թարմացնելու. դա

դեռ ոչինչ չի նշանակում։ Երկրորդն էլ` երազ առհասարակ չեմ տեսնում:

- Սև ու սպիտակ է՞լ չես տեսնում... դա էլ հո ամենաէժան ու մատչելի երազն է,- ծաղրում է:- Լավ, նստի,

երիտասարդական ռադիոկայանով հաղորդում է,- բարձրացնում է ռադիոյի ձայնը,- լսի,

հաղորդավարը ընկերս է,- ու շարունակում կառչած մնալ համակարգչային մկնիկից:

Հաղորդավարը խոսում է. «Բարև ձեզ… Սկսում ենք մեր «Մշակութային ժամը»։ Այսօր մայիսի

տասնութն է, օրը կիրակի… ժամը տասնվեցն է…(մի պահ լռություն), իսկ հիմա արդեն տասնվեցն անց

մեկ րոպե: Ինչպես ասացի` բարև ձեզ… Մեկ րոպե առաջ տասնվեցն անց էր մեկ րոպե, այժմ տասնվեցն

անց է երկու րոպե, մեկ րոպե հետո կլինի տասնվեցն անց երեք րոպե… Ինչպես ասացի` բարև ձեզ, ես

Դավկան եմ»։

- Էդ ի՞նչ անուն է,- զարմանում եմ։

- Ժամանակակից հայերեն անուն` «Դավկան» «Դավիթ» բառի եվրոպական տարբերակն է։

- Այսինքն` կրտած,- կտրում եմ արհամարհական։ Իսկ ռադիոն շարունակում է. «…Եվ այսպես` բարև

ձեզ… սկսում ենք մեր վիկտորինան: Հարցերին ճիշտ պատասխանողը կստանա մեկ տուփ

պահպանակ: Շտապեք հաղթել: Եթե ձեզ հոգնեցրել են սեքսի ավանդական ձևերը, ձեր բախտն

ուղղակի բերել է` պահպանակները օժտված են վարդի հոտով և ելակի համով… հաղորդման

հովանավորը Մոր և մանկան առողջության պահպանման ամերիկյան կենտրոնն է, ուր կարող եք

ստանալ լուրջ խորհրդատվություն` ինչպես պաշտպանվել հղիությունից, քանի դեռ չի լրացել ձեր

տասը տարին… Եվ այսպես` ես Դավկան եմ, Երևանում այսօր սպասվածից շոգ է, ժամը տասնվեցն

անց է տասը րոպե, ինչպես հիշում եք` մի քիչ առաջ տասնվեցն անց էր երեք րոպե… և այսպես,

ուշադրություն, սկսում ենք. մեզ կարող եք զանգահարել ինը-մեկ-մեկ համարով, բայց մենք

Ամերիկայում չենք, հա, հա, հա, և ոչ մի դեպքում այս համարով չզանգեք, եթե ձեր տունը գող է մտել:

Հիշեցնեմ` ես Դավկան եմ… գնացինք: Հարց` սեռական ո՞ր փոքրամասնության ներկայացուցիչ է

ամերիկյան հայտնի դերասանուհի եսիմ ով և քանի՞ կիլոգրամ սիլիկոն է ծախսվել նրա հետույքի

պլաստիկ վիրահատության ժամանակ»։ Հաղորդավարը խոսում է` ինչպես կրոնավորը հիվանդի

գլխին աղոթք կարդալիս` սիրտ հալեցնող ձայնով և կարևոր, շա՛տ կարևոր: Իսկ վերջում, վազող

տողով, ինչպես շուտասելուկ, հնչում է. «Այսօր լրանում է հայ հանճարեղ… դըբ… դըբ… դըբ… խըզ…

խըզ… խըզ…», սուլոց, ապա եթերում շրխկաց «Աշտարակկաթ» մածունի ռեկլամը, ու ես չհասցրի

հասկանալ` հայ հանճարի ծննդյա՞ն, մահվա՞ն, թե՞ առհասարակ որևէ առիթի… բայց հասկացա, որ

եթե հանճարին սեփական հողում այսպես վրաերթի են ենթարկում տնտեսական ռեկլամները և

արտասահմանյան դերասանուհիների սիլիկոնային հետույքները, ուրեմն ինձ պես շարքային

մահկանացուի վիճակը լուրջ է:

- Սա՞ էլ է երկնագույն,- գլխով ցույց եմ տալիս ռադիոն, այսինքն` հաղորդավարին:

- Չգիտեմ, առայժմ սրա գույնը որոշված չէ:

Հանկարծ պատկերացնում եմ տղայիս օպերայի բակում, դրանց գույնզգույն խմբի հետ, ովքեր գիշերը

յուբկաներ հագած, կնոջ կերպի տակ թաքնվել, արել են իրենց լրբությունը` թուրք, արաբ, պարսիկ,

բախտը բերելու դեպքում` նաև եվրոպացիների հետ… Նրանք լուսաբացին լվացվում են, յուբկաները

կախում պահարանում, լվանում են գրիմը, ջնջում են իրենց դեմքը, տեղը տղամարդ նկարում, հանում

են ցանցավոր գուլպաները, որ Եվրոպայից է օգնություն եկել, ցանում են տղամարդու կոպիտ

բնավորությունն ընդգծող սուր հոտով օծանելիքը, որն Ամերիկայից է եկել օգնություն, ծխում են

Վրաստանի սահմանով մտած նարկոտիկը. ի միջի այլոց, Հայաստան մտնող միակ բանը, որը

ժամկետանց կամ մոդիֆիկացված չէ, ու երանելի ժպիտը դեմքներին գնում են տուն` երջանկացնելու

իրենց կին ու երեխային:

- Թե ինչի՞ են էդ հսկայական ներկապնակը թողած երկնքի գույնը կպցրել դրանց... դա էլ, գիտե՞ս,

երկինքը ստորացնելու ձև է:

Նա չի ուզում քննարկել ընկերոջը, խոսքը փոխում է.

- Ինտերնետով մի եվրոպացու հետ եմ ծանոթացել, չգիտի էլ, որ Հայաստան երկիր կա,- ասում է

ականջակալները ականջները խոթելով:- Բայց ի՜նչ մեղք են էդ եվրոպացի երեխաները,

պատկերացնո՞ւմ ես, արթնանում են ու` ոչ օտար լեզու է պետք սովորել` աշխատանք ունենալու

Page 9: Anmahutyan sahman@

համար, ոչ զենքին է պետք տիրապետել` ապրելու համար…. Բա դրանք իրենց ժամանակը ինչի՞ վրա

են ծախսում:

- Կանեփ են ծխում, ուռում են, բռնաբարում են, սպանում են, սկզբից իրար, հետո հավեսի են ընկնում`

անցնում են հարևաններին, հարևան երկրներին: Էնպես որ` լավ է, որ դարդուցավ ունենք, թե չէ հիմա

մենք էլ անհոգությունից ազգուտակով նարկոման ու խուժան էինք,- էսպես դաստիարակչական

խոսում եմ, բայց ես էլ կգնայի. Ամերիկա, Եվրոպա, Մոզամբիկ. այնտեղ, ուր մենք չկանք… ուր չկա

հայրենիքը, որի համար անպայման պետք է զոհվել` կա՛մ թշնամու, կա՛մ յուրայինի ձեռքով, երրորդ

տարբերակը բացառված է: Ուր չկան երկիրը լքած երեք միլիոն հայերը, որ գնացել են` իրենց

հայրենասիրության բեռը քո ուսերին թողած, ովքեր բացակա են, բայց նրանց ձայներով

քվեարկություններ են կատարվում ընտրությունների ժամանակ, ուր մնացած մեկ միլիոնը պետք է

նրանց փոխարեն պատերազմներ մղի ու հարկեր վճարի։

Կգնայի, կդառնայի եվրոպացի ծնող, որ միլիարդատեր է, բայց ոչինչ չի տալիս իր երեխաներին: Դրանց

երեխաները աղքատության ու կարիքի մեջ նստած սեփական ծնողի մահն են երազում: Այնքան են

երազում, մինչև մի օր դա կատարվում է, ու հիմա էլ իրենք են դառնում եվրոպացի ծնող: Կգնայի,

կդառնայի եվրոպացի կին, ով կոպտորեն թքում է գետնին, քացով խփում, դառնում է զինվոր,

վարակվում է վեներական վարակներով, քնում է բոլոր պատահած ու չպատահած տղամարդկանց

հետ: Եվ այդ դեպքում նա չի մեռնում կրծքի ուռուցքից, որովհետև նրա օրգանիզմը ստանում է

համապատասխան դոզայով տղամարդ ու տղամարդկություն: Կգնամ։ Կգնամ ու կասեմ` այ Ամերիկա,

ա՛յ լիրբ բարեկեցություն, ի՞նչ ես ուզում մեր քրքրված ջանից. մենք օվկիանոսից էս կողմ, դու` էն կողմ:

Ա՛յ անամոթ քաղաքակրթություն, էդ ի՜նչ մեծ-մեծ ես գցում քայլերդ, էդ ի՜նչ վստահ ես քո վրա: Թե՞ քեզ

թվում է` քո համար ենք երեխա բերել։ Ամերիկա, մարդավարի եմ ասում, ինձ համբերությունից

չհանես, քանի ուշ չէ` խելքդ գլուխդ հավաքի: Թե չէ որ եկա...

- Վա՞տ կլինի` կմնաս կողքիս, կպսակվես, կդառնաս գոնե երկու երեխու տեր` երկուսն էլ տղա, կիրակի

օրերին երեխեքիդ կտանես գազանանոց, նրանց բամբակ ու փուչիկ կառնես… էդ ժամանակ արդեն

Հնդկաստանից բերած կլինեն Գրանդ փղիկի հարսնացուին:

Նա ասում է, որ ընտանիք ունենալը ծերանալու ամենալավ ձևը չէ, բայց ամենահեշտն է, իսկ փղիկի

հարսնացուն որ` առհասարակ չի լինի, ծիծաղում է երազանքիս վրա, անգլիացի բնապահպանները դեմ

են, ասում են` Հայաստանը վատ ջունգլի է, փղիկն այնտեղ կոչնչանա:

- …Կտեղավորվես աշխատանքի, եվրանորոգված կաբինետում կնստես: Կընդունես, կարդուկես,

այբբենական կարգով կդասավորես Եվրոպայից եկած քաղաքական մտքերը և բարձր ամբիոններից

աստվածաշնչյան ճշմարտությունների տեղ դրանք կծախես ժողովրդի վրա: Դու ուրիշ տեղ չես կարող

ապրել: Մի՛ նայի, որ հերդ գնաց: Նա հիսունին մոտ տղամարդ է` ապրած, հազար հիասթափության

միջով անցած` խարդախություն էլ գիտի, ձևանալ ու կեղծել էլ, սուտ երդվել էլ, խորամանկություն էլ

գիտի. սատանի հետ կգնա գործարքի` առանց հոգին ծախելու։ Դու գնացիր` կկորչես, կուլ կգնաս, ռուս

ու թուրք, եվրոպացի ու ամերիկացի քեզ կուլ կտան: Կդառնաս անտուն-անտեղ, անհայրենիք, չղջիկի

պես մի բան, կտանջվես ու չես հասկանա` սողո՞ւն ես, թե՞ թռչուն: Այնտեղ դու ոչ ոք ես լինելու։ Նրանց

չափանիշներով քո հայրենիքը երրորդ սորտի երկիր է, դու էլ` երկրորդ սորտի մարդ, և քո կոչումը

իրենց ծառայելն է. դու պիտի իրենց պառավների համար մաչո լինես, բիձեքի համար` գոմիկ, շեֆերի

համար` նեգր… որովհետև ով ոտքի տակ հող չունի` գլխավերևում էլ երկինք չի ունենա: Քո

սնանկացած, աներկինք, կուլակաթափ եղած աստվածը կդառնա մարդ, ու դու կմնաս անտեր:

- Էդ ինչ սարսափելի կարծիքի ես աշխարհի մասին,- ծիծաղում է,- գոնե ոտքդ շեմից դուրս գցած կա՞ս:

Չեմ լսում: Խոստանում եմ, որ Եվրոպայի գեղեցկության մրցույթում առաջին տեղը գրաված հայ

գեղեցկուհուն կուզեմ իրեն. գայթակղում եմ, բայց ուզողն ո՞վ է. տասնհինգ տարեկանում նրանք անում

են առաջին աբորտը, քսանհինգում, որպես վաստակաշատ լիրբ, գնում թոշակի, երեսունում` բացում

հարսանեկան զգեստների խանութ, քառասունում` ինքնասպան լինում:

- Չեմ ուզում... Չնայած մեջը աստղոտ ինչ-որ բան կա, բայց վերջնական տարբերակը չէ, Տերը երևի

սևագրություն է արել ինչ-որ գեղեցկուհու ստեղծելուց առաջ:- Իմ արած աղայությունից հրաժարվում է

տղաս այնպիսի մի տոնով, ասես Եվրոպայի գեղեցկուհին լողացել, պատրաստ իրեն է սպասում, բայց

ինքն արհամարհած ունի։- Եվ բացի այդ, երբ կինը ի ցույց բացում է մարմինը, նշանակում է

հաջողության հասնելու մնացած բոլոր շանսերը վաղուց արդեն սպառված են կամ էլ էդպիսի շանս

բնությունն առհասարակ չի տվել: Ես կգնամ Եվրոպա, կաշխատեմ, քեզ գյուռ-գյուռ փողեր կուղարկեմ:

Մեքենա կառնեմ, մեքենաս նստած կգամ` պիբի՜փ,- օդի մեջ ձեռքը սեղմում է երևակայական ավտոյի

շչակին,- դու դուրս կվազես:

- Սուտ ես ասում, էդ ո՞ր գնացողն է Եվրոպայից վերադարձել… էդ նույնն է, որ երկինքը տեսնելուց

հետո նորից վերադառնաս հող։ Էդ մենակ հիմարը կանի, մեկ էլ թռչունը, որովհետև երկինքը նրանց

Page 10: Anmahutyan sahman@

տալով, Տերը երկրի վրա է թողել կերը: Իսկ էստեղ սով է, էստեղ կեր չկա: Կգնաս, կամուսնանաս մի

էնպիսի կնոջ հետ, որի անկողինը նման է Հռոմի հրապարակին, ուր ազատորեն ելումուտ են անում

հազարավոր մարդկանց ինտերնացիոնալ ոտքերը: Նա երեխա կունենա, որի մի աչքը հայի կլինի,

մյուսը՝ ճապոնացու, ականջները` շան, դունչը` վիետնամցու, քիթը` ռուսի… նա անճոռնի կլինի, կլինի

կոսմոպոլիտ երեխա: Նրան ոչ ոք չի տա իր հայրությունը, ոչ ոք չի ընդունի, որ դա իր ժառանգն է, նրան

չի ընդունի անգամ Սան Դիեգոյի գազանանոցը: Եվ ահա այստեղ կհայտնվի խիղճը: Եթե հավատանք

հայկական ռադիոյին, խիղճը այնպիսի մի բան է, որ հորինել են չար մարդիկ` դրանով բարիներին

տանջելու համար… Ու այդ երեխայի հայրությունը կկոտրեն քո վրա: Երեխան կգրվի հայ, բայց դու

կլինես եվրոպացի: Ինձ կուղարկես քո հին շորերը, հին կոշիկները, ժամկետանց օրենք ու սնունդ: Դու

կդառնաս միջազգային բանկ, մեր պետությանը փողեր պարտք կտաս, որն անմիջապես կյուրացնի

կառավարությունը, իսկ պարտքը պիտի փակի 2010 թվին ծնվելիք երեխան, ինձանից հետո եկողը…

Բայց ինձնից հետո եկող չի լինի: Վե՛րջ, դու սնանկացար: Իսկ որ մնաս` էս երկրի տերն ես, ուր մարդ ու

մարդկություն կա: Բա չէ` Եվրոպա, ուր բոլորը փողի ետևից վազող ռոբոտներ են և կյանքն ապրում են

առանց հոգու մասնակցության: Էնտեղ մարդկային սիրտը մեծ դեֆիցիտ է, ցուցադրվում է

թանգարաններում, ֆորմալինի հատուկ լուծույթի մեջ, որպես կենդանական հատուկ ցուցանմուշ,

նեոնային լույսերի տակ, ինչպես մեր Մատենադարանում ցուցադրվում է հին մագաղաթը, որ բոլոր

գույներն ու խազերը լավ երևան, ապակե դռներով կաղնեփայտե փակ պահարանում, որ հանկարծ

ձեռք տվող չլինի, որովհետև եթե փչացավ` էլ վերջ, էլ հուր-հավիտյան մարդու մարդկային ծագման

երկրորդ վկայություն չի ճարվի:

- Մամ ջան, էս երկրի կույսերն էլ քեզ, մարդիկ ու մարդկությունն էլ, չինովնիկներն էլ` բոլոր

բարեմասնությունները քեզ. ես գնում եմ… Միլիոնուկես պառավների մեջ մնամ, որ ի՞նչ... ինչի ես քո

համար ծերանոցի վարի՞չ եմ, թե՞ թաղման բյուրո... ինչի ինձնո՞վ պիտի էս ազգի ճակատագիրը որոշվի,

ինչի ես Սասունցի Դավի՞թն եմ, թե՞ Հերկուլեսը, որ աշխարհի բեռը ուսերիս տանեմ,- ասում է

համակարգչից հնչող Էլթոն Ջոնի երգի տակ մատները սեղանին տկտկացնելով:

- Գիտե՞ս վաղաժամ կլիմաքս ի՞նչ է նշանակում,- խեղճանում եմ,- նշանակում է չապրած կյանք,

չունեցած սեր, չվայելած գիշեր, սպանված ջահելություն, չհագած շոր…

- Ոչինչ, որ գնացի, քեզ հետս կտանեմ, չեմ թողնի մենակ մեռնես, Կարմիր խաչից էլ գան, քեզ թաղեն,

իրենց հաշվետվություններում էլ ձևակերպեն, թե քո վրա կես միլիարդ փող են ծախսել, որովհետև

թաղել են ադամանդե դագաղով:

- Ես կգա՞մ... էդ ժխորը, էդ արևելյան շուկան իմ տե՞ղն է,- ըմբոստանում եմ,- կմեռնեմ, չեմ դիմանա.

Եվրոպան մեր հակապատկերն է` նրանք փող ունեն, մարդկային ոչ մի բան չունեն, մենք մարդկային

ամեն ինչ ունենք` փող չունենք:

- …Մի հարուստ բիձա կճարեմ քո համար` երեխաներից լքված, կինը մեռած, անզոր, անփայփայանք….

քեզ որ տեսնի` վրա կպրծնի. մեղք, լավ մարդ կլինի, մենք մեր հոգու ջերմությունը կծախենք նրա վրա

ու գոհ կապրենք։

- Ես չեմ գա,- ըմբոստանում եմ,- Աստծո տիրույթներում երեք տեղ կա, ուր հոգեկան

հարմարավետություն եմ զգում` մոր արգանդը, հայրենիքը և դրախտը։

- Էլ ով դիմանա՜…- ճպպացնում է,- հլա մի էդ կրոնափիլիսոփայական զեղումներդ թող։ Սերը չեն

պահանջում, դրան արժանանում են։ Հայրենիքը հո գողակա՞ն չէ, որ ամեն գնով խլի իր բաժինը ու

վերջ։ Հայրենիքն էլ զավակի հանդեպ պարտք ունի կատարելու։ Ինչի՞ս է պետք հայրենիքը, որը քսան

տարեկանում քեզ դարձրել է թոշակառու, վամպիրի պես ատամները խրել է մսիդ մեջ ու ծծկում է`

արյունդ, կյանքդ, երազանքներդ, և քեզնից դատարկված կաշին շպրտում արևի տակ չորանալու`

եվրոպական գործարաններում մոդայիկ կոշիկ կարելու համար։ Ես գուցե հայրենասեր չեմ, բայց

ինքնասպան էլ չեմ։

- Իզուր էլ խոսում եմ,- հատակի վրա ոտքով չուստս փնտրելով` վեր եմ կենում,- ես քո վրա կարեցողը

չեմ։

Դարակից շոր հանեցի, սկսեցի փոշիները սրբել. հեռուստացույց, սեղան, աթոռ, գիրք, դարակ,

հեռախոս… Ատում եմ հեռախոսը. կյանքում բոլոր վատ լուրերը ինձ հեռախոսով են հայտնել`

հարազատների մահերը, կոմունալ վարձերի պարտքերը, էլ չասած ամենօրյա իմ դոպինգը, թույնի

պարտադիր դոզան` կեսուրիս զանգը: Չկա: Ուրիշ օրեր էս ժամին առնվազն երեք անգամ զանգել էր,

թերագնահատել նախորդ անգամ արածս գնումները, ի միջի այլոց նկատել` «Շուկա գնալն ի՞նչ է, որ…

Անյայի հարսը երկու ժամում էնպիսի ուբոռկա արեց, որ ուրիշները մի տարում էլ չեն անի։ Իսկ Անյան

ո՞վ է` ռսի բոզ: Էհ, կյանքը դրանցն է: Առածդ խմորեղենն էլ կարող ես թափել: Ես զզվում եմ առածից,

պիտի աչքիս առաջ թխեն, որ տեսնեմ` ի՞նչ գցեցին մեջը, ձեռքերը լվացի՞ն շաղելուց առաջ, շաղողի

Page 11: Anmahutyan sahman@

եղունգի տակը մաքո՞ւր էր… Էն զուգարանի թուղթն ինչի՞ էիր տեղական արտադրության առել,

չասեցի՞ կիևյանը առ, տեղականը բարակ է, ամոթ էլ է ասելը` մարդու մատները թրջվում են: Տալիդ էն

բլուզն ինչի՞ չես տանում հագնես, ինչ անենք, որ վրադ նեղ է, զատո ֆրանսիական է, մի տասը տարի

առաջ շատ մոդա էր… ըհը, դե արի լավություն արա»: - Մեր քնքուշ մայրերը... ծերանում ու դառնում

են քյառ ջադուներ` սադիզմի ընդգծված հակումներով: Հենց միայն դրա համար արժե Աստծուն դուելի

հրավիրել: Հասկանալի է, առանց փոփոխությունների կյանքը ձանձրալի կլիներ, բայց մարդուն փոխել

սարսափեցնելու աստիճան... ինչի՞ համար:

Տեսնես էսօր ո՞ւմ գլխին է թափել խրոնիկ դժգոհության մաղձը, ո՞ւմ ներվերի հաշվին է կարգավորել իր

արյան ճնշումը: Էլի նայեցի հեռախոսին… Թե դրա՞ն ինչ եղավ… դա նրանից չէ… Քսան տարվա մեջ

նման դեպք դեռ չի գրանցվել. «Ուրեմն մեզանից մեկնումեկը մեռել է,- եզրակացրի,- հավանաբար` ես»:

Չգիտեմ աշխարհի մյուս ծագերում ոնց, բայց հայ կանայք պաշտում են միայն մի բան` մահվան

զգեստը: Նրանք այդ շորերի վրա դողդողում են ավելի, քան սիրային նամակների: Դրանք բծախնդիր

ընտրում, գնում ու գուրգուրելով դասավորում են պահարաններում դեռևս երիտասարդության

տարիներից։ Այս առումով սկեսուրս աննորմալ երևույթ է, որովհետև նրա պաշտամունքի առարկան

փորլաթերն են: Հիմա արևին է տվել վաթսուն թվից մինչ օրս նվեր ստացած ու իրար վրա դարսած

փորլաթերը, պարանի վրայից հատ-հատ հավաքելով` խնամքով դասավորում է: Ջահել ժամանակ

ամենասիրունները պահում էր բժշկի գնալու։ Բժշկի գնալը ամենապատասխանատու բանն էր իր

համար։ Հիմա ամենալավերը դնում է մի կողմ` մահվան համար, կարծես հասնելուն պես հրեշտակ ու

սատանայի հետ պիտի քնի` դեռևս քաղաքացիություն չստացած: Իսկական դրախտի ապրանք: Ուժեղ

կլինի` մեռնի, գնա տեսնի խաբել են` ի՜նչ դրախտ, ի՜նչ դժոխք, ի՜նչ Աստված… երկնքում ոչինչ չկա

երբեմն-երբեմն երկրի գլխին ընկնող քարերից բացի։ Վակուում: Անօդ տարածություն, ուր

անկշռելիության մեջ տարուբերվում են մարդկանց թևաթափ աղոթքները: Բայց կոնկրետ ինքը

խորապես համոզված է, որ սրբերի ցուցակում կանգնած է հաշվառման:

- Դիտմամբ չզանգեցի,- աչքերի առաջ պահում է գիպյուրե դեղին փորլաթն ու հիանում,- ասեցի`

տեսնեմ կվախենա՞ս,- ինքնագոհ` ժպտում է իր արած չարաճճիությունից:

- Ինչի՞ց պիտի վախենայի։

- Վախենայիր, թե մեռել եմ,- ասում է։ Հավանաբար կարծում է, թե իր մեռնելով ոչ միայն իմ, այլև

մոլորակի կյանքը կանգ կառնի։ Ուզում եմ ասել, թե` քեզ մահ չկա, դու հավերժ ես, ինչպես Աստծո

անեծքը, բայց այլ բան է դուրս գալիս բերանիցս.

- Վախենալն էլ խո՞սք է… սիրտս պիտի կանգներ:

Պա՜հ… երջանիկ է, որ ամեն ինչ իր սպասածի նման է։ Ինքնագոհ թարթում է աչքերը, ձեռքերը խաչում

փորին.

- Ո՞նց ես,- հարցնում է։

- Լավ չեմ։

- Սկլերո՞զ… Ես էլ արդեն նշաններն ունեմ։

- Փառք չէ՞ր,- ասում եմ,- սկլերոզն ի՜նչ է որ… սկլերոզն ընտիր հիվանդություն է` ամեն րոպե

նորություն ես իմանում։

- Բա մեր տարիքում էլ ի՞նչ,- ինչպես ողջ կյանքում` ինձ ու իրեն հավասարեցնում է։

- Կանացի...

- Ահ, էդ ո՞վ չունի որ… բոլորն էլ ունեն… նազ ես ծախում։ Իսկ խեղճ Հայկը…- Ամուսնուս հորեղբայրը

թույլ է տվել կյանքի հետ անհամատեղելի արարք` մահացել է:- Հայկը միանգամից չի մեռել։ Ահագին

պառկել է։ Տերտերը երեք օր սնարի մոտ նստած համոզել է Աստծուն` Տե՛ր, ընդունիր նրան։ Չորրորդ

օրը գնացել է իր բան ու գործին։ Քսաներորդ օրը նոր Երկնավորի փորը խիղճ է ընկել. մարդը քնել, չի

արթնացել,- մղկտում է։

Ափսոսում եմ, բայց իմ ցավը թողած, ուրիշինի համար չեմ կարող ողբալ.

- Օղորմի,- ասում եմ:

Լավ մարդ էր, թեև որպես մարդ մի քիչ անհաջող էր. փող ունեցած ժամանակ խմում էր, ջահել

ժամանակ` կանեփ ծխում, լավ ժամանակ ելնում մարդամեջ, վատ ժամանակ` հիշում Աստծուն,

գարուն ժամանակ սիրահարվում էր, սիրտը լցված ժամանակ` հայհոյում… կյանքը թափթփված`

մշտական կինը էստեղ, էն մեկելը` Ռուսաստանում, երեխեքի կեսը հայ, կեսը խառնածին, անցկացրած

օրերի կեսն ապրած, կեսը` մթնեցրած։ Մարդ էր, էլի…

Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ բենզին ու մեքենա չկար գյուղում, նրա էշը տաքսի էր

աշխատում: Հորեղբայրը կարտոնի վրա գեղագրության օրենքներին համաձայն գրել էր. «Տաքսի:

Կիլոմետրը հարյուր դրամ կամ երկու ձու` գերադասելի է հավի»: Որպես բիզնեսմեն էլ ազնիվ էր,

Page 12: Anmahutyan sahman@

«տաքսին» տանողին անպայման զգուշացնում էր. «Էս էշը մարդ է, տիպիկ մարդ` անընդհատ

ճակատագրից ուզում է փախչել, լրբի պես արդեն հազար տեր է փոխել, զգույշ կլինեք...»: Բայց ինձ

ամենից շատ զարմացնում էր նրա հումակերությունը: Լավ անասնապահ էր, լավ էլ մորթ էր անում: Էգ

անասուններին պահում էր, որձերին մորթում: Միայն վիզը կտրելիս էր դանակ օգտագործում,

մնացածը` ձեռքերով… մտնում էր մսի ու մաշկի արանքը, վզից մտնում էր, պճեղներից դուրս գալիս:

Եվ հենց էդպես, արնոտ ու ճարպոտ ձեռքերով, լավաշի մեջ փաթաթում էր որձի ամորձիներն ու

անմիջապես էլ` հում-հում, ուտում: Հում միսը ծեր ատամով կտրելը դժվար է, և նա երկար ու

եռանդագին կրճկրճացնում էր ուտելիքն ատամների արանքում, հաճույքից աչքերը պլպստացնելով`

ծամում: Ինձ համար էդպես էլ հանելուկ մնաց. դա ի՞նչ էր` սեփական սեռի հանդեպ սիրո՞, թե՞

ատելության դրսևորում։ Ո՞վ իմանա. բնության ծայրահեղություններից…

- Տեսնես ավանակն ո՞ւմ է կտակել,- ծիծաղում եմ:

- Շատ բարի մարդ էր,- իմ երգիծական տոնից վիրավորված` սկսում է գովել տեգորը,- էրեխու նման

անշառ, հիմա դրախտի վերին գլխում նստած է,- փորձում է լացել, քամում է աչքերը: Բայց նրա ներսն

այնքան չոր է, որ անգամ արցունքն է դեֆիցիտ։- Գիտեի՞ր,- դառնում է ինձ,- կաթոլիկ ռուսների հոգին

ինը օրում է հասնում երկինք, իսկ մերը` յոթ:

- Պարզ չէ՞։ Մենք բարձրլեռնային երկիր ենք, մեր մոտից դրախտ ճամփան ավելի կարճ է և տոմսն

ավելի էժան:

Նա հումորի սիրտ չունի, ողբում է, որ չի կարող մասնակցել թաղմանը։ Ինձանից հետո կնստի ու բոլոր

մանրամասներով կպատկերացնի թաղումը։ Ուզում եմ նրան դուր եկած լինել ու իր նման վշվշում եմ.

- Մեղք էր, կարելի էր…- բայց իրականում տանել չեմ կարողանում թաղման արարողությունը` մարդ-

մժեղների բազմությունը, որ գալիս են տարբեր նպատակներով` իրենց, հանգուցյալին կամ

Երկնավորին ինչ-ինչ բաներ ապացուցելու համար։ Եվ նույնիսկ հանգուցյալի հարազատներից քչերն

են, որ իրականում սգում են։ Վերջին անգամ ութ տարի առաջ եմ եղել գերեզմանատանը` հորաքրոջս

թաղմանը։ Միակ բանը, որ ազդեց վրաս այդ օրը` տատիս գերեզմանը ծերացել էր. հողը նստել,

ցանկապատի դուռը կախ ընկել, քարի վրա ճաքերը շատացել էին, ինչպես տանջված մարդու

կնճիռներ։

Կեսուր-մայրիկը սկսում է խոսել ուրիշ բաներից: Օրինակ` տղայիցս։ Բայց` բացառապես այն

ժամանակ, երբ կարծում է, թե ամուսինս փող է ուղարկել, ու ես իրեն բաժին չեմ հանել դրանից։ Թե չէ`

տղայիս խելագարի պես սիրում է, նույնիսկ իր գոյությունն է դրանով արդարացնում. «Չմեռնեմ, մինչև

թոռս դպրոց գնա»։ Դպրոց է գնում, հիմա էլ` չմեռնեմ, մինչև ավարտի։ Ավարտում է` չմեռնեմ, մինչև

բանակ գնա։ Բանակում ծառայում, ետ է գալիս` «Չմեռնեմ, մինչև համալսարան ընդունվի»… Բա ո՞նց,

թե չէ գիտեք ուրիշ պայմանով կապրե՞ր։ Չէ՛։ Հիմա էլ նոր արդարացում ունի` չմեռնեմ, մինչև պսակվի։

Էս համառությամբ որ շարունակի, մինչև թոշակի տարիք ուղեկցելու է տղայիս։

- Տղադ եկավ` «Ներիր ինձ, մայրիկ» սանրվածքով… դեռ ականջօղ չի՞ կախում,- թունոտ ծիծաղում է ու

հավաստիացնում,- կկախի։

Ասում, զննող նայում է դեմքիս, որոշում, որ էդքան թույնը լրիվ հերիք է ինձ խելքի բերելու համար, ու

անտարբեր շարունակում է պատմել, թե ինչպես մեկին ինքը հիսուն դոլար էր տվել պարտքով, իսկ սա

պարտքի դիմաց ինչ-որ բան է բերել.

- Հլա մտի սենյակ, տես ի՜նչ հրաշք է:

Մտնում եմ: Սենյակում, իրոք, մարդաբոյ կակտուս: Մտքումս հիանում եմ, բայց քանի որ նա ծաղրել է

տղայիս, ես դա նրան չեմ ներում.

- Ի՞նչն է հրաշք` խմբագրված ծառ,- ասում եմ,- իսկ ավելի ճիշտ` աֆորիզմ:

- Հո բան չի՞ եղել,- զգում է, որ տրամադրություն չունեմ,- մի տեսակ չարքոտվել ես:

Ասում եմ` չէ, բան չի պատահել, սիրտս մի քիչ կախ է, որ տղաս ուզում է գնալ արտասահման, իսկ նա,

որ մի բան մտցրեց գլուխը, միայն գլուխը ջարդելով կարելի է հանել: Կեսուրս դեմ չէ, բայց ասում է` էդ

անտեր տեղի վատն էն է, որ դրանց կանայք երեխա չեն բերում…

- Բա դրանք տեսնես ո՞նց են ապացուցում իրենց իգությունը: Բերածներին էլ վարձու դայակներն են

խնամում։ Տեսնես դրանց երկրում մայր ունեցողը չունեցողից ո՞նց է տարբերվում, եթե երկուսին էլ

օտարներն են պահում-մեծացնում։ Ասում են` էնտեղ ամեն կնիկ ունի բաների ճոխ հավաքածու` սկսած

մանկականից, վերջացրած զառամյալով, չհաշված գույներն ու ազգային պատկանելությունը:

Պատահում է նաև անտիկվարիատ` հնաոճ, տեղ-տեղ փտած, բայց թանկարժեք, համարյա անգին,

ասենք` երկրի պրեզիդենտինը, կամ բոլորովին էկզոտիկա` կրոնավորի,- ծերությունը նրան ազատել է

ամոթից ու ամոթխածությունից. շրջապատին գայթակղելու այդ հնարքն այլևս չի գործածում:-

Պատկերացնո՞ւմ ես` էդպիսի մեկը գա ու մտնի քո ընտանիք: Իսկ մնացած առումներով գուցեև լավ է:

Օրինակ Հայաստանը լավ երկիր չէ. մենք եվրոպացիների նման չենք թալանել արևելքը` Եգիպտոսից

Page 13: Anmahutyan sahman@

սկսած, Չինաստան ու Ճապոնիայով դուրս եկած, և մեր թանգարանները հարուստ չեն փարավոններից

կողոպտված մասերով ու մասունքներով, մեր հրապարակներում կանգնած չեն եգիպտական սյուները,

ինչպես Իտալիա-ֆրանսիաներում, չինական սկիհներն ու մումիաները. ի՞նչ ապրելու տեղ է որ։

- Հարևանուհիս դրսում եղել է։ Ասում է, որ նրանց ապրելը տեսնենք, նոր մեր չապրելը կհասկանանք:

Նա հարևանուհուցս ալերգիա ունի, կատաղությունից ուռչում է, հենց նրա անունը լսում է:

- Դրան քո տնից կտրի, էդ աջբատեսը, էդ կնիկ-Քվազիմոդոն… վարակ է, բացիլ, ո՞նց ես թողնում քո

բաժակով ջուր խմի, ձեր շենքը ներսուդրսով դեզինֆեկցիա պիտի արվի:

- Էդ խեղճն ինչ է արել որ… ինչ է թե` թափանցիկ շորեր է հագնում, աչքիցդ ընկել է։

- Աչքիցս ընկել է,- պարզաբանում է նա,- որովհետև ուղեղ չունի… Դրան հասկացրու, որ մեր տարիքում

մերկ մարմինը այլևս չի խոսում կնոջ օգտին, մեր տարիքում փակել է պետք, ոչ թե բացել,- գլխից

մեռլահոտ է գալիս, բայց էլի ողջ աշխարհի կանանց հավասարեցրեց իրեն։

Որպեսզի հանգիստ թողնի հարևանուհուս, բերածս բանանը դնում եմ սեղանին: Շուռումուռ է տալիս,

չմահավան քշտում քիթը.

- Իրեն հարգող ոչ մի կապիկ սա չէր ուտի, բայց ես կուտեմ. փափուկ է, ատամ չունեմ… Բայց մալադեց

Անյայի հարսին` կեսուրին տարավ բժշկի, ընե՜նց մի պրոթեզ դնել տվեց, ընենց պրոթեզ… ասում են`

ոսկուց է, ոչ ցավացնում է, ոչ էլ դեֆորմացվում։

Ակնարկն անմիջապես հասկանում եմ.

- Գլուխս ազատվի, քեզ էլ կտանեմ, պրոթեզ դնել կտամ… փղոսկրից։

Փղոսկրից պրոթեզ ունենալու հեռանկարը նրան ոգևորում է.

- Եվրոպայում պատրաստին չկա՞, մարդիդ ասա` թող մի հատ իմ բերանի չափսով ուղարկի,- խորհուրդ

է տալիս այնպիսի պաղ տոնով, ասես «մարդը» իր տղան չէ, իր հետ կապ չունի: Բայց հո էդքան

միամի՞տ չէ, ինձ է քծնում` հասկացնելով, որ նա ավելի շատ իմն է, քան իրենը։

Պայմանավորվածությունից գոհ` ինձ ուղեկցում է դուրս.

- Չիշիկս էսօր փրփուրոտ էր, էդպիսի բան դեռ չէր էղել։

- Քո տարիքի մարդկանց չիշիկը հարյուր տարի է` ցամքած է,- քմծիծաղ եմ տալիս,- դու եկել`

փրփուրոտի վրա ես զարմանում... Տնաշե՜ն։

Աստիճաններին մի աղջիկ էր նստած, հագնված ամենավերջին մոդայով` տոտիկները, պորտիկը, ինչ

ունի-չունի` բաց, ցանցկեն քրջանման բլուզը մինչև ծնկները քաշած, ասես մասնակցում է «Ո՛չ մերկ, ո՛չ

հագնված» մրցույթին:

-Դուք ե՞ք Սմբատի մայրը:

«Պահո՜,- վախից կուչ եմ գալիս,- մենակ սա էր պակաս, հաստատ հղի է, թե չէ ուրիշ ի՞նչ պատճառով

աղջիկը պետք է փնտրի տղայի մորը. միայն ու միայն կանացի փոխըմբռնում գտնելու համար».

-Նա խոստացել է քեզ հետ ամուսնանա՞լ, և դու արդեն հղի՞ ես,- հարցնում եմ հազիվ լսելի:

-Ո՜չ,- զարմանքից աղջկա ասորական աչքերը ճակատին են թռչում,- ուղղակի…ուղղակի…- կմկմում է:

-Բա էլ ի՞նչ,- արդեն ձայնս խիստ է, որովհետև արդեն մեղավոր կողմը չեմ:

-Ուղղակի իմ մարդաբանության դասագիրքը իր մոտ է, ասաց` գամ, տանից վերցնեմ:

-Ուրախացա,- բացում եմ դուռն, ու նա ետևիցս մտնում է ներս,- որ տղաս գիրք էլ է կարդում:

-Դա գիրք չէ, դասագիրք է,- ուղղում է աղջիկը:

-Ինչի դասագիրքը գիրք չէ՞:

-Գիրք է, բայց դրանց մեջ տարբերություն կա. գիրքը ինքնակամ են կարդում, դասագիրքը`

ստիպողաբար:

Առավոտյան տասներկուսի կողմը հագնվեցի: Լվացվեցի` թաց մատերս միայն աչքերիս քսելով, խմեցի

«Ռոսկաֆեն», ֆռֆռացի, թափված սուրճը լվացի սալիկի վրայից… Տունը խառնշտած է. բրնձից սկսած`

դարակ ու տոպրակ դատարկած գետնին. Ղարաբաղը ռմբակոծությունից հետո: Սովորական երևույթ:

Եթե հանկարծ վաղը տանից բացակայեմ, սենյակներն է էդպես խառնշտելու. ոսկեղենն է ման գալիս:

Սուսուփուս հավաքում եմ: Ալյուրը թափում եմ, արդեն չորս անգամ ավլել եմ գետնից, արդեն պիտանի

չէ։

- Էս լավ եղանակին ինչի՞ ես նստել տանը,- կանչում եմ նրա սենյակի դռան մոտով անցնելիս։

- Քո գործը չէ,- մրթմրթում է դռան ետևից,- դու գնա` ժլատությունդ արա։

Գալիս է տղայիս ընկերը։ Ինչ-որ թղթեր է բերել` վրան ամեն տեսակ գել ու գազան, հրեշ ու վիշապ

նկարած։ Նրանք թղթերը լցնում են սեղանին, վերցնում-դնում, ուսումնասիրում, առանձնացնում են մի

Page 14: Anmahutyan sahman@

քանիսը, հետո դրանց միջից ընտրում։ Վերջապես տղաս մի յոթգլխանի, երկաթե պոզերով հրեշի նկար

է բերում, ինձ ցույց տալիս.

- Լա՞վն է։

- Հետը պսակվելու համա՞ր։ Հա, սազում եք,- ասում եմ։

- Չէ, լուրջ։ Ուզում եմ կրծքիս դաջվածք անել։

- Մարդու ներսը ինչքան մութ պիտի լինի, որ կրծքին հրեշ կրի։

- Շա՜տ ես հասկանում,- արհամարհական նայում է ու գնում, բայց սեղանից հավաքում է թղթերը,

հրեշն էլ հետը, դնում թղթապանակի մեջ, տալիս է ընկերոջ ձեռքը. «Թող մնա հետո»։

Ապացուցված է` մարդը երջանիկ կարող է լինել միայն երազներում։ Կյանքը խոհանոցում անցկացնող

կնոջ տեսանկյունից` երազները կյանքի համեմունքներն են` աղը, պղպեղը, շաքարը… այլապես ուտել

չի լինի այդ անհամությունը։ Մանկանա՛լ… մինչև հիմա ես հավատում եմ, որ քամու ոռնոցը հալածվող

դևերի հոգին է, իսկ աստղերը հրեշտակների երազներն են, որ ձուլված են ոսկուց:

Ուղղում եմ բազմոցը, դարակից հանում մութաքան, հարմար տեղավորվում, ծածկոցը քաշում եմ

ոտքերիս` պայմաններ եմ ստեղծում երազելու համար: «Ոսկե ավազները, որ բերում էր քամին, և

որոնցից երկնքի հոտն էր գալիս…»,- երևակայությանս մեջ Սևանի ափին եմ։ Քամի չկա: Ճերմակ

կրաքարերի արանքում խլպլտում են ճայերը, լճից ավազի բարակ շերտով առանձնացած նեխած ջրի

մեջ շերեփուկները պտտվում են արևի շողերի շուրջը, ու ալիքները հարատև խշշում են։ Կապտած

ավազների մեջ տնգտնգալով քայլում են ծտերը, և նրանց խաչ-խաչ ոտնահետքերը նման են սեպագիր

արձանագրության, հնագույն սալերին թողած հին աշխարհի անվերծանելի տեղեկության։

Աղմուկ է լցվում ափը` լողացողների, գնդակ խաղացողների ճիչերը, խորովածահոտերը, քիթմռթով

ձմերուկի դիլիմի մեջ մտած ու շիրան փորի վրա չռչռացնող անկուշտ երեխաները, մամաների

հրամանները` կե՛ր, շորերդ փոխի՛, լողա՛, պառկի՛… Ճայերը սավառնում են լճի վրա և ջրից դուրս

մնացած երեխաների գլուխների արանքում գորտ ու ձուկ փնտրում։

Արևը հոգնեց կյանքին լույս տալուց ու քայլ-քայլ գլորվելով գնաց քնելու։ Ավազների վրա դեռ փուչ-փուչ

ընկած են լողացողների կրունկների տեղերը: Կենդանիների պճեղների տեղերն էլ են մնացել

անփոփոխ: Երկու կին, ձի ու կովեր առաջն արած, բերել են ջրելու: Եվ Սոտքի ոսկու հանքերի` վարձով

տրվող փայտե տնակների առաջ կանգնած, զրուցելով նայում են մայր մտնող արևին, մինչև

անասունները ջրից կշտանան: Նրանցից մեկն ասում է, որ գնալու է Ռուսաստան: «Տեսնեմ

միլիցայությունն ինչ պատասխան է տալիս կորած հավիս համար, գնալու եմ, հասնեմ մարդուս»:

«Միլիցիայի հույսին մնացիր` ոչ հավդ կգտնես, ոչ էլ` մարդուդ,- արձագանքում է մյուսը,- նրանք հեչ

կորած մարդու համար իրենց նեղություն չեն տալիս: Չնայած… շտապելդ ի՞նչ է, ռուս կնիկները հիմա

մարդուդ լա՜վ էլ տիրություն են անում»: «Ի՞նչ տիրություն պիտի անեն, թաղեմ դրանց, դրանք իրենց

հաճույքի տերն են: Խեղճն էլ ծերացող տղամարդ, երեխու պես խնամքի կարոտ, չէ՜, անպայման կգնամ,

հավի հերն էլ անիծած»:

Նրանք խոսելով գնացին դեպի անասունները ու ավազների մեջ թաղված կին տեսնելով, որը ես եմ,

քը՛րթ` կանգ առան. «Թափառաշրջի՞կ է»: «Դժվար»: «Սպանած չլինե՞ն»: «Բա արյո՞ւնն ուր է»: «Քաշվել,

գնացել է ավազների մեջ»: «Դժվար, մեր կողմերում կնոջը շատ-շատ բռնաբարում են: Էդ ի՞նչ պիտի

արած լինի որ: Տղամարդ լիներ` ուրիշ»։

Կանանցից մեկը կռացավ, ավազների միջից չորացած թրիքի կտոր վերցրեց ու շպրտեց իմ

ուղղությամբ: Թրիքի չոր կտորը թռավ ու` դը՛խկ, դոշիս: Ես վեր թռա` ավազները աջուձախ ցփնելով:

- Վո՛ւյ, շան աղջիկ, ընկնավորեցինք… Էրեխուց կտրվեցինք,- իրենց վախի վրա շխկշխկալով

ծիծաղեցին, անցան գնացին անասունը տանելու։

Դուռը ծեծում են։ Քամու բերած ոսկե ավազները օդի մեջ թողած` վեր եմ կենում: Ո՞վ է` հարցնում եմ:

Անծանոթ ձայն` մենք, ձեր հարազատները:

Բացում եմ դուռը.

- Ձեզ հավերժական կյանք պե՞տք է,- հարցնում է քառասուննանց մի աժդահա տղամարդ` տասը-

տասներկու տարեկան տղեկի ձեռքից բռնած, երջանիկ ապուշի հեզ ժպիտը դեմքին,- վերցրեք,

կարդացեք և ձեռք բերեք հավերժական կյանք,- մեկնում է ինչ-որ գունավոր բրոշյուրներ։

- Շնորհակալ ենք, դուք ձեռք բերեք, մենք էլ կողքից կնախանձենք,- ծաղրում եմ:

- Իզուր: Մենք ձեզ փրկություն ենք բերել:

- Դե ասա` գնանք մեռնենք էլի, հոպար…- տղաս ինձ մի կողմ է հրում ու դուռը փակում։- Որ տանը

չլինեմ, ոչ ոքի առաջ դուռը չբացես, դրանք Աստծո անվան տակ ծպտված գողեր են:

Page 15: Anmahutyan sahman@

- Խաշածի մեկն էր, հա՛, չտեսա՞ր դրա ոչխարային ժպիտը… փղի պես հսկա ու խոտակեր։- Շորիս փեշը

մնացել է դռան տակ: Նորից եմ բացում դուռը, որ փեշս ազատեմ: Դեռ կանգնած են: Երեխան ձեռքը

գցում, բռնում է թևս.

- Ինձ լսի,- ասում է տղամարդը,- հավատա և փրկվի: Հրաժարվի քրիստոնեությունից և դարձի

մուսուլման:

Տղաս զայրացած վրա է տալիս.

- Հոպար, ուզածդ ի՞նչ է:

- Դարձեք մուսուլման,- հիմա էլ հեզ ձայնով տղայիս է հրամայում,- Բեն Լադենը մեզ կօգնի, թուրքերից

կխլի մեր հողերն ու ետ կտա:

- Խնդամ խելքիդ,- ծաղրում եմ ցուցամատս օդ տնկած:- Հողը խամ քուռակ է, ով նստեց վրան` նա է

տերը։ Բեն Լադենն էդտեղ ո՞վ է…

- Մեզ քրիստոնյա լինելն էլ է ձեռ տալիս,- ասում է տղաս,- իսկ դու թուրք ես, ռադ էղի էստեղից,

որովհետև մենք և թուրքերը ատում ենք իրար, կարող է տամ, բերանդ ջարդեմ,- ծամոնը փուչիկ

անելով` տղաս վրա է գալիս:

- Իզուր, զավակս,- դեռ գրագետ-գրագետ խոսում է:- Իսկ դու գիտե՞ս քո ժողովրդի պատմությունը։ Մեր

բոլոր դժբախտությունները գալիս են քրիստոնեական աշխարհից. եղեռնի գաղափարն ու զենքը`

Եվրոպայից, իսկ ռուսները մեր ժողովրդի կյանքում քրիստոնյա թուրքեր են, որովհետև մեր հողերը

բաժանեցին սրան-նրան ու մեր հանճարների գլուխները կերան, իսկ Արևմուտքը…

- …Մի վայր է, որը ժամանակակից աշխարհագրության մեջ վեր է դասվում Աստծո նստավայրից,-

նրանից խլում եմ խոսքն ու շփփացնում երեսին։ Ապա փակում եմ դուռը,- փորձա՜նք էր…

- Իզուր չծեծեցի,- իրեն չի ներում տղաս,- չգնա՞մ ծեծեմ…

- Դժբախտ մարդ էր,- սկսում եմ համոզել, որ պատմության մեջ չընկնի,- մարդը իր իրական աստծուց

հիասթափվել, դուրս է եկել այլընտրանքային աստծո որոնումների. դրանից էլ մեծ դժբախտությո՞ւն։

Տղաս ինձ սուրճ տվեց, հարցրեց` հո չե՞ս մեռնում, ու գնաց։ Նորից եմ փռվում բազմոցին:

Դարձյալ դուռը։ Ինչ խաղաղ կլիներ կյանքը, եթե տները անդուռ լինեին և կենցաղը երազիդ մեջ

ներխուժելու ճանապարհ չունենար։

Ներքևի հարևանն է` Արամայիս, Արմո, Ամո, Մայիս, Մյո… առնվազն քառասուն անուն ունի, բայց

դրան մեկն էլ է շատ։ Սկուտեղի վրա ինչ-որ բան գրկած, ձեռքը զանգի կոճակին` հաստատապես

կանգնած է։

Բանջարեղեն վերավաճառող է։ Երկու կշեռք ունի, երկուսն էլ` կեղծված, մեկով վաճառում է իր

ապրանքը, մյուսն օգտագործում է գնելիս։ Էն, որով վաճառում է, ավել է ցույց տալիս հարյուր գրամ,

մյուսով, որով գնումներ է անում, հարյուր գրամ պակաս է ցույց տալիս։ Դժգոհելիս միշտ ասում է` էս

աշխարհին հարյուր գրամ ազնվություն ա պակասում, ընդամենը հարյուր գրամ, որ կյանքը կյանք

դառնա։

Դուռը բացելուն պես սրտացավ-սրտացավ սկսեց.

- Կներես, քուրս… տղիդ կտրի էդ միջավայրից։ Էրեկ աստիճանների վրա մի աղջկա հետ էր պաչպչվըմ.

տո՛ ի՜նչ պաչպչվել… Ամոթ ա, քուրս, գոնե քու տղեն չըլներ… սաղ քաղաքը` ռեստորաններից սկսած,

քյաբաբնոցներով վերջացրած, ըտենց բանի հըմար են։

- Փո՜ղ…փո՜ղ…- ծիծաղելով բութս քսում եմ ցուցամատիս։

- Վերջին հաշվով… չեմ հասկանըմ` դուք տուն չունե՞ք, դիվան չունե՞ք, կռավատ չունե՞ք, ընչի՞ եք

միջանցքներում պաչպչվըմ։

- Լավ է, գոնե պարզ է, որ որպես տղամարդ նորմալ է զարգանում,- կատակի եմ տալիս։

Նա կտրուկ կանգ է առնում, հանկարծ հիշելով, որ ուրիշ բանի համար է եկել.

- Ճիշտ ա, դուք մեր հետ հարևանություն չեք անըմ, մեր վրա վերևից եք նայըմ…- ծիծաղում է, իբր

էդպես չի, բայց էդպես մի բան,- բայց…- Հայացքում հերոսացում և հարգանք, ինձ է մեկնում սկուտեղը`

վրան կոկիկ դարսած սուրճի վեց բաժակ.- Վերց, նվիրըմ եմ։

- Շնորհակալություն, բայց ծննդյանս օրը հունվարին է։

- Հենց ընենց եմ նվիրըմ` ի սրտե։ Դու լավ հարևան ես էղե` չես աղմկե, ջուր չես թափե գլխիս, վրես

բողոք չես գրե… մի անգամ սիրտս վատ էր, ընձի վալերյանի տվիր… սրտանց նվիրըմ եմ, վերց,-

հայացքով գուրգուրեց բաժակները,- սիրըմ եմ ըդրանք, մի քիչ առաջ հենց ըդրանցով կոֆե էի խմըմ։

- Բա սրանից հետո ինչո՞վ եք խմելու։

- Ամերիկա եմ գընըմ։ Վատ չզգաս, քուրս, բայց Ամերիկայում սրա՞ նման բաժակներ կան…

Քիչ հետո լսում եմ վերևի հարկից.

- Վերց, մորքուր ջան, սրտանց նվիրըմ եմ։ Ամերիկայում ընչի սրա՞ նման վազաներ կան…

Ապա դիմացիս հարևանի դուռն է ծեծում։

Page 16: Anmahutyan sahman@

- Վերց, ընչի Ամերկայում սրա՞ նման ժամացույցներ կան…

Դռան հետևից լսում եմ նրա արտասանած բառերը` անասունի բնազդային հնչյունափոխություններով:

«Թե Աճառյանը կլսե՜ր…», ու ծիծաղում եմ ինքս ինձ վրա. վերջին հաշվով ամենամեծ քերականը

կյանքն է. նա բոլոր հարցականները տեղն է դնում, և հիմա հարևանս առողջն է, ես` հիվանդը, նա

Ամերիկան վայելողն է, ես` հայրենասիրության բեռան տակ ճզմվողը։

Հարևանիս մասին մտածելիս զգում եմ, որ տներն էլ ճակատագիր ունեն։ Նրա տան առաջին տերը

Մոսկվայում էր աշխատում` ընտանիքը Երևանում թողած։ Եվ երբ եկավ բնակարանը վաճառելու, որ

այնտեղ գնի ու ընտանիքը տանի, արդարանում էր ուշացման համար։ Հայրը, ում հետ խանութ էին

բացել Մոսկվայում, մահացել էր հենց Նոր տարվա շեմին, բայց քանի որ Ամանոր էր, էն էլ Մոսկվայում,

էս անաստվածը հոր դիակը տեղավորում է խանութի սառնարանի մեջ, տավարի մսի ու խոզի բդերի

հետ, մինչև Նոր տարվա առևտուրն ավարտվի։

- Ռուսներին հասնում ա, թող էդ ազիզ օրով մեր մահվան բացիլները դնեն իրենց սեղանին,- վերջում

եզրակացրեց նրա կինը։

Հաջորդ տերը, ում վաճառեցին բնակարանը, մի կոկիկ ընտանիք էր` փափուկ, կուլ գնացող հայրիկ,

երկու աղջիկ երեխա և կինը, ով դարձյալ մարդկային հարաբերությունների և դրանց առևտրի քաջ

գիտակ էր։ Դեռ մի ամսվա հարևան էր, արդեն գիտեր շենքի հարուստներին։ Հարուստներ ասվածը այն

մարդիկ էին, ովքեր մեծ կամ փոքր պաշտոններ ունեին և ըստ ունեցած հնարավորության մասնակցում

էին գործարանների սեփականաշնորհում-թալանին։ Նրանցից մեկն օրինակ` բերդերում յոթ կյանք

մաշած, գործարան էր վերցրել։ Եվ դեռ մի շաբաթ չկար, որ տեղափոխվել էին, հանկարծ դուռը…

- Հնարավո՞ր է ինձ երկու ձու տաք, թեկուզ պարտքով,- նոր հարևանուհին է` խեղճացած, ամոթից

գլուխը կախ, հայացքը հառել է ոտքերին, աչքերիդ մեջ չի նայում, որ ոչ դու քեզ ստորացած զգաս, ոչ`

ինքը։

Ազդվեցի. մարդ ի՜նչ կարիքի մեջ լինի, որ ծեծի պատահական մեկի դուռը և երկու ձու մուրա։ Երեքը

տվեցի. «Անուշ լինի,- ասացի,- ի՞նչ վերադարձնել, մի տնով չենք, մի հալով ենք»։ Գնաց։ Քիչ հետո իջավ

վեցերորդ հարկի հարևանուհիս` հավերժորեն մեծ-մեծ պայուսակները շուկայից քռքաշ տուն հասցնող,

ձեթ ու ճարպի մեռած լաքաները փմփուխ դոշերին մի չաղլիկ, որ առավոտից իրիկուն խոզի յուղի մեջ

կարտոֆիլ է տժտժացնում։

- Վա՛յ,- ասաց` հուզմունքից ձեռքը կրծքին սեղմելով,- ընենց մի բան ա պատահել, ընենց մի բան…

առավոտից տանջվում եմ։ Առավոտ գիշերախառը մեր էն նոր հարևանը էկավ, երկու բաժակ ալուր էր

ուզում… մեղքս էկավ, տոպրակի մեջ ինչքան կար` տվեցի։ Լսի` բա դրանք որ մի բաժակ ալուր էլ

չունեն, էդ բնակարանը ինչո՞վ են առել։

Հետո իմացանք, որ առաջին հարկինից էլ մի բաժակ շաքարավազ է ուզել, էն մյուսից` կես բաժակ

կաթ… խմորեղեն է թխել ու մեր շենքի հարուստի կնոջը հրավիրել սուրճ խմելու։ Եվ անընդհատ,

անընդհատ պատկերացնում էի մեր նոր հարևանին` համեստ, շողոմ ժպիտը դեմքին, աչքերը դարձյալ

ցած հառած, ափսեն հարուստի տիկնոջ առաջ հրելիս. «Կերեք, սա պիտի որ շատ համեղ լինի, ես իմ

արժանապատվությունն եմ ձեզ հրամցնում»։

Քանդքնդած փողոցում մեքենաները խցան են առաջացրել։ Դա «Լինսի» ծրագիրն է` վերանորոգել

քաղաքի փողոցները, որովհետև խորհրդարանի որոշմամբ փողոցը շատ կարևոր բան է, ինչպես բառը`

հաղորդակցման կարևորագույն միջոց, ու դրա համար քանդում են… այսինքն սարքում են, բայց

սարքելու համար նախ պետք է քանդել։ Նախանցյալ տարի նորոգեցին տրամվայի գծերը… քսան-

երեսուն բանվոր աշխատանք ունեցան, ու նաև ճանապարհային տեսուչը, ով անընդհատ

կարգավորում էր փողոցը խցանող մեքենաների երթևեկությունը։ Անցյալ տարի նույն ծրագրով

քանդեցին-հանեցին տրամվայի գծերը… Դարձյալ` քսան-երեսուն նարնջագույն շորերով բանվոր,

ավտոտեսուչը, խցաններ ու նաև` պաշտպանության նախարարությունը, որին հատկացվեցին

երկաթյա գծերը։ Գարնանը ասֆալտում էին քանդված գծերի տեղը։ Նարնջագույն շորերով ուրիշ

բանվորներ, բայց նույն ավտոտեսուչը… Այս տարի ծրագիրը որոշել է առհասարակ քանդել ողջ

փողոցը և մեկեն ասֆալտել։ Նարնջագույն շորերով բոլորովին այլ բանվորներ, անվտանգության

կանոնները պահպանող ինժեներ` երկաթյա սաղավարտը գլխին, տեսուչը, խցաններ… Լսվում է

տեսուչի սուլիչի ձայնը, ու օդի մեջ, մեքենաների գլխավերևում իջնում-բարձրանում է զոլավոր

փայտիկը:

Առհասարակ, ներկայիս կառավարությունը նման է հնագիտական արշավախմբի` երկիրը քար առ քար

քանդել է, փափուկ խոզանակով մաքրել անգամ փոշեհատիկները, խոշորացույցով զննում է դեռևս

չքանդված տեղերը` հանկարծ կարող է եվրո ու Եվրոպա հայտնաբերվել հնագույն փլատակների

Page 17: Anmahutyan sahman@

տակից, որոնց մասին գիտությունը նշում է` Ք. ծ. ա.։ Անվնաս է մնացել միայն երկինքը։ Գիշերը բոլորից

թաքուն ես այն ցանկապատում եմ ու փշալարերի միջով բաց թողնում էլեկտրական հոսանք, որ

հանկարծ թաքուն չմտնեն ու մի ժամվա մեջ չկառուցեն հսկա սուպերմարկետ, ուր կվաճառվեն

դրախտի ու դժոխքի համար անհրաժեշտ պարագաներ։ Այո, այդ իմ պատճառով են աստղերը վայր

ընկնում, որովհետև փշալարերի ետևում երկինքը դառնում է համակենտրոնացման ճամբար…

Տեսնես` վայր ընկնող աստղը համարվո՞ւմ է ինքնասպան, և ո՞ւր է գնում նրա հոգին։ Նրա համար է՞լ

գործում է դժոխքի տարբերակը, թե՞ յուրայինների դեպքում երկինքը չի կիրառում դաստիարակչական

մեթոդներ։ Ինչ որ է, այլ ելք չկա, աստղերի միակ փրկությունը այդ փշալարերն են, ու ես շարունակում

եմ իմ գործը։ Երկնքի ու երկրի միջև ես փշալարե սահման եմ քաշում։ Չեզոք գոտի՞ն։ Չեզոք գոտին

կլինեն իմ երազները, ուր ամեն շաբաթ կհանդիպեն երկրի, դրախտի ու դժոխքի ներկայացուցիչները,

կնստեն կլոր սեղանի շուրջ ու մեծահոգաբար կգնան փոխզիջումների։ Այդ առումով ես անմահ եմ,

ելնելով Երկնային արքայության պետական շահերից՝ Տերը ինձ անմահություն է պարգևել, որովհետև

եթե մեռա, կխզվի կապը քաղաքակրթությունների միջև։

Փորձում եմ փողոցն անցնել։ Չի ստացվում։ Մեքենաները իրար կիպ-կպած գնում են: Անօգնական

դեսուդեն եմ նայում։ Մայթեզրին կշեռք է դրված։ Կշեռքի կողքին նստած տարեց մարդն ամեն րոպե

ուղղում է գնի ցուցանակը` քսան դրամ։ Մարդիկ կանգնում, կշռվում են, իջնում-գնում։ Ոչ ոք չգիտե իր

իրական կշիռը. մեկը զարմանում է, մյուսն` ուրախանում, երրորդը` չի հավատում կշեռքին… Տարեց

տղամարդը մայթին նստած` մարդկանց կշռելով ծանրութեթև է անում կյանքը ու մտքում հաշվում, թե

փողոցները քանդել-կարկատելու վրա քանի միլիոն ծախսված կլինի։ Մի պահ նրա հայացքը

պայծառացավ։ Մայթեզրի շենքի առաջին հարկից երկու տղամարդ դուրս եկան, կոտոշներից բռնած

հազիվհազ մայթին հասցրին տավարի գլուխն ու կշեռքին շփփացնելով` թեթևացած շունչ քաշեցին,

ծափ զարկելով մաքրեցին ձեռքերը։ Կշռավարը կշեռքն է ուղղում, նայում վզախառը պոկռտած գլխին.

եզրերին` գունդ-գունդ լերդացած սև արյուն, աչքերը` գիտակցությունը կորցրած մարդու նման

կիսափակ, սպիտակուցները շուռ եկած, լեզուն ատամների արանքից կախ…

«Ո՜ւո՜ւխ…- կշեռքին նայելով հոգու խորքից մռլտաց նա,- տասը կիլո»։ Ես հասկացա այդ մռլտոցը`

ո՜ւո՜ւխ։ Որովհետև նա պատկերացրեց` ինչպես են այդ գլխից խաշ եփում, ինչպես են ջնջխում-

ջարդում, գցում սառը ջրի մեջ, որ արյունը դուրս տա, ինչպես են եռացնում` երկա՜ր-երկա՜ր, ինչպես

մեղավորի հոգին դժոխքի կուպրի մեջ… իր զգայարաններում վերակենդանացրեց այն համն ու հոտը,

որն ունի խաշը, և որը եփում են անասունի ոտուգլխից, և հաճույքից մռլտաց` ո՜ւո՜ւխ։

Կրունկ ու կոշիկ ջարդելով, փոշի շնչելով, խցաններում լռված մեքենաների ու նրանց վարորդների

ազդանշան-հայհոյանքները լսելով վերջապես տեղ եմ հասնում։ Տղաս ինձ սպասում է դիմացի մայթին։

Հավանաբար շատ եմ ուշացել, և նա արդեն հոգնել է փողոցի աղմուկից ու փոշուց.

-Այ մարդ, էս ի՜նչ երկիր է, ամեն ինչին թույն են խառնում։ Անգամ արևը որ դուրս է գալիս, դրան էլ են

թույն խառնում. նախորդ օրը արդեն խիտ ամպամածություն են գուշակած լինում, ու դու հոգեբանորեն

պատրաստ չես արևածագ դիմավորելուն,- դժգոհում է թթված դեմքով։

Գնում ենք խաշ ուտելու։ Մորաքույրս է հրավիրել։Գնալու ողջ ընթացքում փորձում եմ հիշել նրա

դեմքը, որը երբեք չեմ տեսել, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ ուղղակի, որովհետև միշտ մի

կոսմետիկական դիմակ կա դեմքին քսած. օրը քսան անգամ` մեկը ջնջում է, մյուսն է քսում, մեկը`

ջնջում, մյուսը` քսում։ Հավանաբար չի ուզում ծերանալ, իր մարմնով դեռ գայթակղելու միտք ունի,

երիտասարդ օրերի չապրածը վերականգնելու հույս։ Բայց տղամարդիկ շան պես բան են, ներքին

հոտառություն ունեն` արտաքինից ինչքան էլ կոկած ու արդուկված լինես, միևնույն է՝ չեն խաբնվում։

Եվ մորաքույրս որոշեց նրանց նվաճել, ինչպես անհնազանդ, կատաղած շներին` միայն ու միայն

խարդախությամբ` ասեղ գցելով։ Ում էլ հանդիպեր` բարևից հետո գնում էր սոլո` մենանվագ`

գովերգություն` հենց նոր գնված իր բնակարանի, վանեցի պապից ժառանգություն ստացած քյամարի,

որն առավել թանկ էր, քան կշռում էր արծաթը, որովհետև նախ անցել էր 1896 թվի ջարդը, հետո 1905

թվի, ապա` 1912 թվի և ի վերջո` 1915 թվին մի կերպ-մի կերպ` սարուձորով, փախած տատի մեջքին

հասել Էջմիածին` հայոց աստծո նստավայրը։ Մեկ ուրիշը նման հնարավորությունների դեպքում ջահել

տղա խելքահան կաներ, բայց սա քառասունհինգ տարեկանում հազիվ իր տարիքի մի սիրեկան գտավ։

Մենք գիտեինք, որ այդ տարիքում սերը առանց պատճառի չի լինում, որովհետև տղամարդն այնքան

էգոիստ արարած է, որ կնոջ ապրած տարիներին համարժեք մի դժբախտություն ու խեղճացնող

պատճառ կունենա` նման զիջման գնալու համար: Վերջը երկարատև զրույցներից` արվեստի,

պատմության, գիտության և նույնիսկ կեղտոտ քաղաքականության ոլորտից, երբ արդեն անցել էր

զրուցելու, իրար հայացքով շոյելու, ձեռքը բռնելուց հուզումնախառն-խեղդված թառանչներ արձակելու

և սիրո մանկական այլևայլ դրսևորումների ժամանակը, և հասունացել միասին անկողին մտնելու

պահը, պարզվել էր, որ սիրեկանը սեռապես անկարող է: Բայց անկեղծորեն խոստովանել էր, որ իրեն

Page 18: Anmahutyan sahman@

առաջարկել են հոմոսեքս, իսկ ինքը կտրուկ դեմ է դրան. լավ է ունենա ծերացող ընկերուհի, ում

կանացի հորմոններն արդեն առանձնապես դեր չեն խաղում իրեն երջանիկ կամ դժբախտ համարելու

գործում… և բացի այդ` կնոջ ուղեղը կարող է բավարարվածության հորմոն արտադրել անգամ

հասարակ զրույցից կամ քնքուշ հայացքից… Իսկ մորաքրոջս կարծիքով կին-տղամարդ

հարաբերությունների հիմքը անկողինն է, առավել ևս այդքան տարի սպասված, և դրա

բացակայության դեպքում կինն ու տղամարդը վերածվում են ընդամենը ընկերուհիների` երկուսն էլ,-

ամեն մեկը, բնականաբար, յուրովի,- առողջ տղամարդու մասին երազող… Ինչ որ է` ամուսնացան։ Եվ

նա դեմ առնելով ճակատագրին, որին անհնար է ծնկի բերել անգամ եթե ժառանգությունդ Վահագն

վիշապաքաղի կրակներն ու Տիգրան մեծի այրուձին է, կամաց-կամաց վերածվեց հուսալքված հրեշի։

Նա դարձավ գիտությանը անհայտ կենդանի, որի ներքին բաղադրության իննսուն տոկոսը թույն էր,

իսկ տասը` եսասիրություն, և որը ընտիր ու բարդագույն հետազոտության նյութ էր տասը

հոգեվերլուծական ինստիտուտի։ Եթե մարդկանց մի մասը կյանքը համարում է իրեն արված պատիվ,

իսկ մյուսը` պատիժ, ապա մորաքրոջս համար կյանքը պիտակ է` փակցված մարդու հոգուն։

Մեր ներս մտնելու պահին նա ինչ-որ բան էր պատմում։ Առանց ձայնը կտրելու կամ ցածրացնելու,

առանց ռիթմից ընկնելու վազելով եկավ ու պաչպչեց մեզ։ Ուղեղով կին է` խանութում վաճառվող

լվացքի պարագաներից յուրաքանչյուրի մասին կարող է խոսել ժամերով, ինչպես արվեստաբանը

դասական ստեղծագործության։ Հիմա այդպիսի պահերից մեկն է, ու մենք համբերությամբ լսում ենք,

որովհետև մեծ է խաշ ուտելու ախորժակը, և հանուն դրա կարող ենք դիմանալ ցանկացած

տառապանքի։

Հիմա նա ասում է, որ դարձել է աղանդավոր։ Ասում է, որ մեր իրական աստվածը իր հույսերը

չարդարացրեց, այնպիսին չէ, ինչպիսին ինքը կուզեր նրան տեսնել, դրա համար էլ դարձել է

աղանդավոր, որ ձևափոխի, իր ուղեղին ու ցանկություններին հարմարեցնի Երկնավորին։ Եվ

որպեսզի աղանդի առաջնորդը իրեն սուրբ հոգով օծի, պետք է սիրի իր մերձավորին և բարի լինի։ Ես

չեմ ուզում նրան հիասթափեցնել, ասելով, որ բարի չեն դառնում, էն էլ էդ տարիքում, այլ ծնվում են,

մանավանդ, որ էդ բարությունը պիտի մատուցվի խաշի տեսքով։

Խաշ` հայկական ազգային ճաշատեսակ։ Բաղադրությունը` անասունի ոտուգլուխ, փոր, ջուր։

Սովորական ջրում անասունի ոտուգլուխը եփում են` երկա՜ր-երկար, մինչև ոսկորները հալվեն, մինչև

ոտուգլուխը մոռանա, թե ինքը ով է։ Խաշի և մորաքրոջս հոգու մեջ ներքին կապ կա, որովհետև նրա

ներսում էլ, ինչպես անասունի ոտուգլուխը ջրում, հավերժորեն եփվում ու եռում է չկայացած մարդու

չարությունը կայացածների հանդեպ։ Հիմա նա հյուրերից մեկին խորհրդի կարգով ասում է. «Կներես,

որ էսքան մարդու մոտ եմ ասում, բայց չեմ համբերում: Էդ ի՞նչ բլուզ ես հագել, ինչի դու հյուր գնալու

շոր չունե՞ս»։ Բլուզն ընտիր է, նուրբ, փափուկ, բայց ոչ թափանցիկ, մաշկի վրա թուլիկ նստած` կնոջ

երազանք։ Բայց քանի որ դա իր բաժին բախտն էր, իսկ Աստված համարձակվել է տալ ուրիշին, նա

պետք է քթից բերի, նա պետք է ստորացնի ունեցողին, որ բավարարված զգա, որ համոզի ինքն իրեն և

բոլորին, թե` դա ի՜նչ է որ… Եվ խեղճ հագնողը շվարած ու ամոթահար կանգնում է, ասես ինքը հյուր է

եկել խոհանոցային այրած գոգնոցով։ Դժվար չէ պատկերացնել, թե մորաքույրս ինչ կասի ընտիր

ամուսին, երեխա կամ տաղանդ ունեցողին. «Լսի, դու ո՞նց ես ապրում դրա հետ… ես չէի կարողանա»,

«Ի՜նչ լավ է` ես երեխա չունեմ… վայ մամա ջան»,- ասես սատանա է տեսել, ու վախից ձեռքերը չեն

բարձրանում, որ խաչակնքի, կամ` «Գրողի վրա հիմա թքողն ո՞վ է որ… էնպիսի մի վարսավիր ունե՜մ…

ամեն շարժումը չորս հազար արժե»։

Նախկինում խաշը եղել է աղքատների ճաշը։ Հարուստները անասունը մորթել, միսը վերցրել են,

ոտուգլուխը, որպես անպետքություն, նետել շներին։ Աղքատները տարել, մաքրել, եփել են. առաջացել

է ազգային ճաշատեսակ` խաշ։ Հետո հարուստները հասկացել են, որ դա անասունից պատրաստվող

ամենահամով բանն է, խլել են ու դարձրել էլիտար ճաշ։ Եվ հիմա էլիտար ճաշի գոլորշին ու

սխտորահոտը զգալի են անգամ կես կիլոմետր հեռվից, մենք էլ սեղանի մոտ շարված` արդեն բրդել, չոր

լավաշը կույտ արած` սպասում ենք, որ տանտիրուհին հերթով բերի գոլորշի արձակող կավե մեծ

ափսեները։ Բայց տանտիրուհին ժամանակակից մարդ է և փոխանակ սկզբում ծերերին, ապա`

երեխաներին, ապա` ըստ վայելած հարգանքի, խաշն սկսեց բաժանել ըստ պաշտոնի և առաջին ափսեն

դրեց մեկի առջև, ով բանտում մարդ ծեծող է աշխատում։ Սա արագ-արագ լցրեց սխտորը, միջից հանեց

միսը, դրեց կողքի ափսեն, հոգատարությամբ լավաշով ծածկեց տավարի տոտը, որ հանկարծ չսառչի,

բրդած լավաշը լցրեց խաշի մեջ ու սկսեց… Գդալը շխկոցով խփում էր ափսեի հատակին, այնտեղից

քերում-հանում սխտոր ու լավաշ, ներկ ու կավ, անգամ իսկ` ափսեն արտադրողին, ու ֆսֆսացնելով

ուտում։ «Ժողովուրդ ջան, ձեր կենացը»,- ինքն իրեն օղի լցրեց, ինքն իրեն` խմեց. «Շատ համով է, է՜,-

խաշը բերանում չփչփացնելով` խոսեց,- հաճույքից գլուխս քրտնում է»:- Ճթթացնելով կծեց բողկը,

բերանի շիրան բողկի վրա` թաթախեց աղամանի մեջ ու էլի ճթթոցով կծեց։ Այդ ընթացքում մորաքույրս

Page 19: Anmahutyan sahman@

մատուցեց էլի մի քանի ափսե` դարձյալ ըստ պաշտոնի, և հավանաբար մեր հերթը հասնելու էր

ամենավերջում, որովհետև ես չէի աշխատում, տղաս էլ ուսանող էր։ Մարդ ծեծողը ջրի հարցը

մասնագիտորեն լուծեց, պրծավ, ափսեի տակը լավաշով սրբեց, վերցրեց տավարի տոտը, կծեց.

- Վա՛յ մամա ջան,- հանկարծ ճչաց տղաս,- էդ ի՞նչ է… էդ անասունի տոտիկ չէ, մարդու ոտնաթաթ է։

Բոլորս սարսափած նայեցինք` նախ ծեծողի կիսաբաց բերնին, որի մեջ թքախառը ուռել էր կծածը, ու

նա երկմտում էր` թքել, թե չթքել, ապա` եփվելուց քրքրված տոտին։

- Տավարի տոտ է,- պնդեց մարաքույրս,- շուկայից ինքս եմ առել։

- Մարդու ոտնաթաթ է,- պնդեց տղաս,- ըհը,- ձեռքը ձգեց ու մի ոսկոր հանեց պճեղի միջից,- էս էլ ճանը։

Ծեծողի աչքերը զզվանքից ջուր լցվեցին, բայց էլի բերանը կիսաբաց, մեջը` ուռած թաց լավաշն ու մի

կըծ միսը, երկմտում էր` թքի, թե չթքի։

- Շուկաները հիմա հսկողության տակ են,- ասաց հյուրերից մեկը,- էդ առաջ էր, որ ինչ ասես ծախում

էին… ոնց որ թե` անասունի պճեղ է։

- Ոչ էլ հսկողության տակ են, հիմա` փողին մուննաթ… վերջերս չէ՞ր` էշի միս էին հայտնաբերել

Երևանում վաճառվելիս, իսկ մեռած բոմժերի դիերը ծախում են գազանանոցին։

Ծեծողը վերջապես հաղթահարեց ինքն իրեն, բերանի եղածը թքեց ափսեի մեջ.

- Ժողովրդի երևակայությունն անսահմանափակ ա,- ասաց` անձեռոցիկով բերանը մաքրելով,- էս քանի

օրն էլ ասում էին Դոդի Գագոյի աղջկա հարսանիքին հարսին լիմուզինի փոխարեն ուղտին նստած են

տարել… Էդ աղքատի երևակայության մեջ ա ուղտը շքեղություն, նրա նման հարուստը կարար իր

աղջկան տիեզերանավով տաներ, նրա ինչի՞ն էր պետք ուղտի նման զռլամա ու թույն թքող կենդանին։

- Բայց սա մարդու թաթ է,- մարդ ծեծողի ափսեի մեջ տղաս իր պատառաքաղով քչփորեց տավարի

պճեղը,- կառուցվածքը որ` լրիվ մարդու թաթի է, ուղղակի եփվել-քրքրվել է, նախնական տեսքը

կորցրել։

- Տղաս բժշկականի ուսանող է,- տղայիս ասածի տակ կնիք խփեցի ես,- շաբաթը երկու անգամ

անատոմիկ են տանում մարդ հերձելու, ցանկացած օրգանի կառուցվածք անգիր գիտի… ինձ չբերես,

ես չեմ ուտի,- մորաքրոջս կողմը դարձած` հրաժարվեցի խաշից։

- Կերեք, ջանըմ,- հորդորեց մորաքույրս,- էդպիսի բան հնարավոր չէ, եթե անգամ կույր լինես,- շվարած

մնաց խաշով լի ափսեն ձեռքին։

- Ես էլ չեմ ուզում,- ասաց կողքինս,- մենք հո թո՞ւրք չենք` մարդ ուտենք։

- Որ իմացան` դատական գործ ա,- ափսեն իրենից ետ հրեց մարդ ծեծողը,- նախ կպարզեն, թե ում

թաթն ա, ով ա տիրոջ վրից պոկել, ով ա վաճառել, ով` գնել, և ամենասարսափելին` ո՞նց ա հայտնվել իմ

ափսեի մեջ։

- Հո երեխա չե՞ք,- մորաքույրս հորդորում, բայց ինքն էլ է վախեցած նայում ափսեի մեջ,- չի՞ երևում, որ

անասունի տոտ է։ Տղան կատակ է անում, իսկ գուցեև` գիժ է, ինչ ասի` պիտի հավատա՞ք։

Ծեծողը չուզեց երկարացնել, կանգնեց տեղում, շալվարի փողքերը քաշեց վեր, կոշիկները հանեց,

տնտղեց սեփական ոտքերն ու առանց գլուխը բարձրացնելու ասաց.

- Չէ, անասունի տոտ ա։

- Ո՞ր մեկը,- հարցրեց տղաս,- քո՞նը, թե՞ ափսեի միջինը։

Նա արնակալած աչքերով նայեց տղայիս, գրպանից հանեց ատրճանակը ու կատաղած ծեփեց

սեղանին.

- Քո բարեկամը չլներ, հիմա գյուլլել էի,- ասաց մորաքրոջս։

Տղայիս թևից քաշելով, փախա դեպի դուռը.

- Խաշն իրոք տավարի տոտերից է, - դռան մոտից գոռաց տղաս,- ուղղակի պարտքս համարեցի

զգուշացնել, ասեցի` հանկարծ ձերոնց չուտեք…

- Արա, փախի՛ ստուց,- կատաղած-կարմրատակած գոռաց ծեծողը։

Մորաքույրս մեզ հրեց դուրս ու դուռը պինդ փակեց` «Շառից հեռու», երևի նաև խաչակնքեց մեր ետևից։

Սոված-ծարավ եկանք տուն։

- Խաշ ուտելու հավես ունեի, իբր ինչի՞ խաբեցիր որ…

- Լավ արեցի,- ինչպես ամեն անգամ այլանդակություն անելիս` տղաս իրենից գոհ է,- դրանց հասնում

էր… շուտ գլխի ընկնեի` էրոտիկ օրգանի անուն կտայի։

- Քանի որ ես քո «հանճարի» բարոյական զոհն եմ, ինձ ձվածեղ արա,- նրան հրում եմ խոհանոց,- թե չէ

հիմա սովից կուշաթափվեմ։

Առողջության պահպանման ամերիկյան ժամանակակից կենտրոն. հսկա մի շենք, ուր կենտրոնացված

են համաշխարհային բժշկության ողջ պաշարները` սկսած կեղտաբուժությունից, վերջացրած

Page 20: Anmahutyan sahman@

ճառագայթային բուժմամբ: Ամենաակնառու մասում փակցված է պլակատ-հրավերը կոմիկ

դերասաններից մեկի նկարով, որի ժպտացող բերնից մի մեծ պղպջակ է ելնում` մեջը

նախադասություն` «Չկան առողջ մարդիկ, կան չհետազոտվածներ», կողքին` մանր տառերով

հոգատար զգուշացում` «Եթե արթնացար, և ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն դու մեռել ես»։ Ապա`

գնացուցակը:

Բուժքույրը հերթապահ ժպիտը դեմքին սպասում է, որ ես ընտրեմ բուժման եղանակը:

- Թանկ են,- ասում եմ գների մասին:

- Որովհետև,- ասում է բուժքույրը ներողամտորեն ժպտալով,- սա ինչ-որ սովետական փտած հիմնարկ

չէ։ Այստեղ արևմտյան ժամանակակից մեթոդներով ախտորոշում են անգամ Ձեր մտքերը,

հետազոտում երազանքիդ ողնաշարը, հայտնաբերում անգամ հույսիդ ձևափոխված բջիջները,-

որպեսզի ես հասկանամ, թե ինչն է ինձ ավելի հարմար, բուժքույրը առաջարկում է կուլտարշավ

կաբինետներով:

- Բժշկուհի,- ասում եմ ես նրան, թեև հաստատ գիտեմ, որ բուժքույր է, և նրա դեմքի խակ

արտահայտությունից ենթադրում, որ երբեք բժիշկ չի դառնա, անգամ եթե բարի փերին կախարդական

փայտիկով դիպչի նրա գլխին,- բժշկուհի,- ասում եմ , որովհետև հաստատ գիտեմ` չկա զինվոր, որ

չերազի գեներալ դառնալ,- արժե՞ արդյոք։

- Արժե,- իր նոր կոչումից մեծամտացած` բարի ժպիտով հորդորում է նա,- որովհետև խոսքը Ձե՛ր

առողջության մասին է։

Կարծում էի էստեղ մուրճիկով կթխկթխկացնեն հոդերիս, ասեղով կծակծկեն մատներս կամ զգուշորեն

կխազեն ոտքիս տակը, որ ստուգեն` նյարդերս արթո՞ւն են, թե՞ անժամանակ քնել են։ Ինձ պիտի լուրջ

կեցվածքով և ստերիլ խալաթով բժիշկը հրամայեր` աջ նայիր, ձախ նայիր, նայիր մուրճիկին կամ քթիդ

ծայրին, տեսնենք կարողանում ես կենտրոնանալ իրականության վրա, թե ուշադրությունդ լուծվել ու

տարրալուծվել է ժամանակի ու տարածության մեջ, և դու այլևս քո տերը չես։ Բայց…

- Թունաբուժություն,- բացատրում է բուժքույրը,- երկու մեկուսացված խցիկներ ցույց տալով, որոնց մեջ

կտոտ-մտոտ են լինում երկու կատաղած վիշապ,- բուժում կարիճի, մեղվի և այլ կենդանիների թույնի

միջոցով. ահա այս խցում օձը պետք է Ձեզ կծի, այս մյուսում` Դուք օձին. այսպես ասած` թույների

փոխներարկում. դրական էֆեկտը` ութսունհինգ տոկոս:

Միզաբուժության լաբորատորիայի տերուտնօրենը մի հաղթանդամ տղամարդ էր, Ամերիկայում

վերապատրաստված: Նա մանրամասն ծանոթացրեց մարդու և անասունի, թորած և չթորած մեզերի

բուժիչ հատկություններին.

- Ես ձեզ կնշանակեմ չթորած մեզ,- ասաց նա,- գերադասելի է` տղամարդու։- Ասելուց հետո նա հպարտ

ցցեց փորը և հայացքը համեստորեն գետնին հառած սպասեց, հասկացնելով, որ հանուն Հիպոկրատի

ինքը պատրաստ է զոհաբերել իր ողջ մեզը մինչև վերջին կաթիլը:

Բուսաբուժության կաբինետն ավելի մեծ էր, քան բուսաբանական այգին.

- Արածե՛ք,- մատը դեպի եղինջները տնկած` հրամայեց ծեր պրոֆեսորը:

- Ինչպե՞ս,- վիրավորանքից ապշեցի ես,- ինչպես անասո՞ւնը:

- Ո՛չ: Ավելի եռանդուն, քան անասունը,- նա բացատրեց, որ ամեն ինչ կախված է եռանդից, որից մեր

արյան մեջ ինչ-որ նյութ է ավելանում, ինչից էլ ուղեղն ակտիվանում է, և առողջ բջիջները սկսում են

ուտել հիվանդներին:

Էքստրասենսը ևս տղամարդ էր, այս անգամ` Եվրոպայում վերապատրաստված, դա էր ապացուցում

պատին փակցված օտար լեզվով ինչ-որ դիպլոմ: Նրա կապը տիեզերքի հետ այնքան ակտիվ էր, որ

մագնիսական դաշտերի ձգողականությունից մազերը կանգնած էին իննսուն աստիճան անկյան տակ:

Էքստրասենսը որոշեց ինձ բուժել զուտ ազգային էներգիայով։ Նրա հրամանով դհոլչիների

վաստակավոր խումբը սկսեց «Շալախո» նվագել, իսկ ինքը` ձեռքերը թափահարելով ճվալ-ճչալ:

- Փոփոխություն զգո՞ւմ եք,- հարցրեց քսան րոպե հետո:

- Հա, գլուխս պայթում է:

- Ահա՛, ահա՛ մեր նպատակը,- ոգևորվեց նա,- պայթեցնել Ձեր գլուխը, որ պայթեն այնտեղ բուն դրած

պրոբլեմները:

Բուժքրոջը մոռացած` ես դուրս թռա և բողոքեցի առաջին պատահած ճերմակ խալաթավորին.

- Պատկերացնո՞ւմ եք, Ձեր կոլեգան ուզում է պայթեցնել իմ գլուխը:

- Ֆո՛ւ,- տարեց կինը զզվանքով նայեց էքստրասենսի դռանը,- ինչո՞ւ այդքան արյուն, ինչո՞ւ այդքան

աղմուկ… Ես ձեզ հաբեր կտամ, երեք օր կխմեք, չորրորդ օրը գլուխը կչորանա, ինքն իրեն կընկնի:

Որոշում եմ դուրս գալ և քայլերս ուղղում եմ դեպի ելքը։ Հանկարծ դեմ եմ առնում հոգեբույժի բաց

դռանը։

Page 21: Anmahutyan sahman@

- Համեցե՜ք: Եթե ունեք տանջող մտքեր, հոգու ցավեր, վախեր, ցնորքներ… բուժում ենք ամեն ինչ…

մենք,- հպարտությունից նա ինքն իր հետ խոսում է հոգնակիով,- բուժել ենք ամեն ինչ, անգամ` Աստծո

ցնորքները…

- Շնորհակալ եմ, կարծում եմ` հոգեկան խանգարում ինձ դեռ չի սպառնում,- պատասխանում եմ

արհամարհական ու արագ անցնում։

- Հոգեկան խանգարում չի սպառնում միայն նրան, ով վաղուց արդեն խանգարված է,- հետևիցս նետում

է նա։

Ամերիկյան կենտրոնում գները թանկ են, ու ես գնում եմ Միքայելյանի հիվանդանոց:

Ճարտարապետական հանճարեղությո՞ւն, ճակատագրի ծա՞ղր, թե՞ մութ ակնարկ. ճանապարհի մի

կողմում հիվանդանոցն է, մյուս կողմում գերեզմանոցը: Ճանապարհով վզվզում են երթուղայինները:

Ես երթուղայինի մեջ եմ` իմ վիճակին համապատասխան` սահմանային գծում, առայժմ քաշքշվում եմ

հիվանդանոցի և գերեզմանատան արանքում: Ինձ ընդունում է ծեր պրոֆեսորը։ Կաշկանդվում եմ.

ութսունին մոտ տղամարդու առաջ կուրծք մերկացնելը դիտվում է որպես հայհոյանք նրա հասցեին։

Ապա ինքս ինձ արդարանում եմ` սա հիվանդանոց է, և ես, որպես հիվանդ, ի պաշտոնե պարտավոր եմ

դա անել։ Մյուս կողմից էլ ծերուկի գոյությունը ուրախալի է` եթե մինչև հիմա թոշակի չեն ուղարկել,

ուրեմն ուղեղ է, մի օգուտ կտա։

Ծեր պրոֆեսորը հանգամանորեն շոշափում է կուրծքս: Ամոթը հաղթահարելու համար կատակում եմ.

«Մեկ այլ դեպքում այսքան ինտիմ շփումը բռնաբարության հոդված էր»: Բժիշկը սթափ հայացքով

նայում է ինձ. քաղաքակրթության վնասներից ամենասարսափելին` մարդու վերականգնված

անկեղծությունը.

- Պատրաստվեք,- ասում է,- Դուք պետք է մեռնեք… եթե ունեք կիսատ գործեր… մի վեց ամիս,

լավագույն դեպքում` տարի:

Ահա թե ինչու եմ հարգում սովետական համակարգը` այնտեղ ճշմարտությունները կալանքի տակ էին։

Կան ճշմարտություններ, որոնք կարելի է չասել այդքան մերկապարանոց։ Ոչ միայն կարելի է, այլև

անհրաժեշտ է չասել, որ կյանքը չգաղտնազերծվի։ Թե չէ ո՞ւմ է պետք կյանքի անատոմիական

իմացությունը, որը ուժեղների դեպքում վերածվում է ինքնասպանության, թույլերի դեպքում`

կաթվածի։ Սա` այս անտանելի անկեղծությունը, ևս ամերիկյան նորամուծություն է, որը Ռուսաստանի

վրայով եկել է Եվրոպայից:

Լսում եմ ու մի տեսակ հավատս չի գալիս, որովհետև ինձ միշտ թվացել է, թե ցավը, հիվանդությունը,

մահը ուրիշների համար են։ Ես ինձ միշտ անմահ եմ թվացել։

- Ի՞նչ կիսատ գործ… մարդն ինքը կիսատ գործ է,- ծիծաղս գալիս է։ Չգիտեմ` բժշկորեն ինչ

ախտորոշում է, բայց դա իմ առաջին` բնազդային, ռեակցիան է դժբախտություններին։ Ես ծիծաղում եմ,

լինում է նաև` կատակում, թեև ներսում հոգիս փուլ է գալիս։ Բայց դիմացս հմուտ մարդ է, բժիշկ, ով

կյանքում հազարավոր հերոսներ ու հերոս ձևացողներ է տեսել։ Նա ինձ հասկանում է։

- Ձեզ բուժում է պետք:

Քթիս տակ մրթմրթում եմ, թե բուժումը մահից ապահովագրվելու ամենահուսալի մեթոդը չէ:

- Դեռ ամեն ինչ կորած չէ,- մխիթարում է բժիշկը,- ես Ձեզ Ամերիկա եմ նշանակում, այնտեղ լավ

սարքավորումներ կան, այնտեղ այսպիսի դեպքերում մինչև տասը տարի հետաձգում են մահը,

ցանկացած դեպքում` հուսահատվել պետք չէ. ի՞նչ կանեինք մենք, եթե չլիներ մահը` ինչպե՞ս

կխուսափեինք ապրելուց, ինչպե՞ս կպատժեինք չարերին, ինչպե՞ս կգիտակցեինք կյանքի

անցողիկությունը, ինչպե՞ս կգնահատեինք հավերժությունը... Հավերժությունը, որը սահմանն է մեր

երազանքի, ու մենք գնում ու գնում ենք, որ հասնենք նրան։

Նա մոտենում է պատի տակ դրված լվացարանին, ձեռքերը ջրի տակ պահած` երկար ու

հանգամանորեն լվացվում։

- Ահ,- անտարբեր եմ ձևանում,- մահից միայն անմահներն են վախենում, մեզ նմանների համար դա

սովորական բան է։ Եվ առհասարակ` արդյո՞ք կյանքը թանկ բան է։ Մենք նրա համար թանկ ենք

վճարում, որովհետև մեզ վրա թանկ են ծախում, բայց դա չի նշանակում, թե դա է նրա իրական գինը։

- Ես էլ քաղցկեղ ունեմ,- ուսի վրայով նետում է ծեր բժիշկը ու շարունակում ջրի տակ տրորել ձեռքերը,-

բայց առանձնապես վշտացած չեմ։ Կյանքն էնքան տխուր բան է, որ… էդ ֆոնի վրա հիվանդությունը

իսկական փրկություն է, երկնային պարգև, որովհետև քեզ փրկում է դժոխքից` հարցերը կյանքի հետ

լուծում է ավելի վաղ, քան դու կորոշես ինքնասպան լինել։ Ի վերջո մահը ամենևին էլ վատ բան չէ,

մահը միակ փրկությունն է այն ժամանակ, երբ բոլորովին փրկություն չկա։

Page 22: Anmahutyan sahman@

Հիվանդանոցից դուրս եմ գալիս։ Աղմուկ ու ծուխ հանող մեքենաների արանքից երևում է գերեզմանոցը։

Այս աղմուկի մեջ ինչպե՞ս են ննջում հանգուցյալները։ Մի՞թե հավերժական հանգիստը կյանքի պես

աղմկոտ է։ Մի պահ պատկերացնում եմ, թե ինչպես մեքենաների ձայներից հոգնած կմախքները

միտինգ են անում երկնքի դարպասների մոտ, և քանի որ երկինքը նրանց չի ընդունում, ինքնասպան

լինելով լցվում են ջրամբարները, խողովակներով վերադառնում քաղաք, լցվում մարդկանց դույլերն ու

բաժակները… մեռելները վերադառնում են կյանք։

Ծնկներս ծալվում են։ Անդրաշխա՛րհ։ Այնտեղ ինձ կստիպեն ցույց տալ իմ հոգին, ինչպես ստրուկ

գնելիս ստիպում են ցույց տալ ատամները։ Եթե այն առողջ է, ինձ կվերցնեն դրախտի համար որպես

հրեշտակ։ Հետաքրքիր է, արդյո՞ք դրախտը դրանից կշահի։ Բայց կա նաև սարսափելին. հանկարծ ու

ախտավոր բջիջներ հայտնաբերվեն իմ հոգում. այդ դեպքում ի՞նչ…

Ինքս ինձ սիրտ եմ տալիս. բժշկության մեջ սխալներ շատ են լինում, հազարավոր դեպքեր եմ լսել…

Վերջին հաշվով հայ ժողովրդական բանահյուսությունը տասնյակ փիլիսոփայություններ ունի նման

դեպքերի համար, օրինակ` ցավը տանողին է տրվում կամ` Աստված սարը տեսնում է` ձյունը դնում։

Ուղղակի Աստծո կողմից թույլ է տրված մի աննշան տեխնիկական սխալ, նա չի հարցրել` ես ուզո՞ւմ եմ

սար լինել։

Կանգառում կանգնած` իմ, Աստծո, ճակատագրի սխալներն եմ քչփորում ու շոգից նվաղելով սպասում

երթուղայինի:

Մատենադարանի մոտ իջնում եմ, մի քիչ ոտքով քայլում։ Որոշում եմ թափառել մինչև հոգնելը, թե չէ

որ գնացի տուն, փակվեցի չորս պատի մեջ ու կենտրոնացա ինձ վրա` մահ է։

Փողոցի երկու կողմերում և գլխավերևում ռեկլամային վահանակներ են։ Փողոցն իմաստաշրջվել է,

դարձել տրանսսվիստիտ, այլևս նրա համար չէ, որ մարդիկ անցուդարձ անեն։ Այն հիմա մի մեծ

ինտերնետային կայք է, որտեղ ամեն մեկը տեղադրում է իր հասցեն և համոզում, որ չես սխալվի

այնտեղ մուտք գործելով։ Օրինակ` չի կարելի չխմել ռուսական օղի, չի կարելի չօգտվել եվրոպական

բանկերից, չի կարելի չծխել, չի կարելի չվստահել ոստիկանությանը, չի կարելի չբուժվել չինացիների

մոտ։ Նրանք խոստանում են կավե ասեղներով, որ շարվում են ականջի հետևում, ջնջել ձեր

երևակայությունը և տեղը նորը նկարել. «…Ուր դուք ինքներդ ձեզ հառնում եք միանգամայն առողջ, և

թքած, թե մեռնում եք, համաշխարհային երևակայության մակարդակում դուք առողջ եք»։

Ամենաակնառու մասերում պատգամավորության թեկնածուների չաղ ու բախտավոր նկարներն են,

ուր նրանք աշխատում են ժողովրդի աչքին երևալ ողջ շուքով` փողկապով, սափրած դեմքով,

արտասահմանյան կոստյումով… երջանի՛կ։ Նկարներում նրանք դեռ չգիտեն, որ երջանիկներով

զբաղվում է մասոնական կազմակերպությունը։

Շուտով հայտնվում եմ արտասահմանյան մեկ այլ կազմակերպությունում` Ազատության

հրապարակում։ Հրապարակի ողջ տարածքով, օղակ-օղակ` մեծից փոքր, շարված են ամբիոններ։ Ամեն

ամբիոնի մոտ` մի-մի առաջնորդ։ Նրանցից յուրաքանչյուրը գոռում է իր կարգախոսը. «Ո՛չ

Ամերիկային», «Այո՛ Եվրոպային», «Թուրքիային` ո՛չ, ո՛չ, ո՛չ», «Պարսկաստանին` և՛ս ոչ, ինչո՞ւ չէ` նաև

այո»։ Առաջնորդները խոսում են միաժամանակ, իրարից բարձր գոռալով, ձեռքները լենինաբար առաջ

տնկած` «Ռուսաստանը բարձրացրել է գազի սակագինը, մենք էլ բարձրացնենք մեր ստրկության

գինը», «Ներկայիս քաղաքական կուսակցությունները նման են աղանդների. ամեն մեկը իր աստվածն է

բերում և բոլորն էլ` կեղծ»: «Պարոնայք, կանայք այլևս մոդա չեն. բոլորս դեպի Եվրոպա, դեպի

հոմոսեքսուալիզմ», «Լսեք Եհովային` աշխարհի վերջը եկել է: Արտաշատի մաքսատանն է, կես ժամից

կլինի Երևանում», «Մենք քեզ սիրում ենք, Ռուսաստան, անգամ` լենինախառը», «Փակել բոլոր

կրթօջախները և գիտությունների ակադեմիան։ Իմացեք` գրագետ հայը հարուստ հրեան է. զգուշացեք

նրանից», «Ո՞վ է այսօրվա հերոսը... օրը հերոս չունի: Օրը հերոս չունի` ահա ժամանակի ողջ

դժբախտությունը», «Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը այսօր լսում է հայ

լեզվաբանների հարցը, ովքեր առ օրս չեն հորինել հոմոսեքսուալիստներին հարմար անձնական

դերանուն: Օրինակ վերցրեք ռուսներից, որոնց լեզվում սրեդնի ռոդը գոյություն ուներ դեռևս այն

ժամանակ, երբ դեռ հոմոսեքսուալիստներ չկային...»:

Ինչ-որ մեկը միկրոֆոնը բերնին սեղմած, ամբիոնների արանքում վազվզելով հայտարարում է

պետական գերբի մրցույթ` «Ինչ ուզում եք նկարեք,- ասում է,- բացի երեք գլխանի դևից, որովհետև այդ

դևը մենք ենք, կուշտ օրերին կերել ենք ձեզ, իսկ սոված ժամանակ կուլ ենք տվել ապագան, և դևի

պատկերը գերբի վրա կարող է ընկալվել իբրև նախընտրական ինքնագովազդ։ Բայց եթե դա հմտորեն

կանեք, ասենք, Սարյանի վրձիններով կամ Խաչատրյանի նոտաներով, բացառության կարգով, որպես

ընդգծված հարգանք հանճարների հանդեպ, կվերցնենք ձեր գործերը, որովհետև մեզանից ոչ պակաս

լավ տղերքը կագեբեի պադվալներում սպանել են Բակունցին»։

Page 23: Anmahutyan sahman@

Լսում եմ միկրոֆոնից օդակաթիլային ճանապարհով տարածվող չփլաղ, ոգևորությունից խզխզացող

ձայնը։ Աչքերից, սրտից, ուղեղից առավել` մարդու ձայնն է խոսում նրա էության մասին։ Հաստատ

կարող եմ գրազ գալ, որ նա բանակում չի ծառայել, առաջին կարգի հաշմանդամ է, որովհետև տհաս է,

որովհետև նրա ուղեղի փոխարեն Աստված խլինք է լցրել` չարքերի խլինքը։ Իսկ հայրենիքի

բարօրությանը պետք չեն տհասներ, բարձր ինքնագիտակցությամբ և հարուստ ինտելեկտի տեր

մարդիկ են հարկավոր հայ-թուրքական սահմանին զոհվելու համար։ Դրա համար նա պետք է զբաղվի

նոր գերբով` շքեղ, մոդեռն ձևավորմամբ, որպեսզի ժամանակակից մահը հաճելի լինի, այնքան հաճելի,

ինչպես դա նկարագրված է ամերիկյան ֆիլմերում, երբ հերոսի վրա թշնամու զորքը դատարկում է իր

ողջ զինանոցը, բայց նա, քանի որ խիզախ ամերիկացի է և հզոր Ամերիկայի քաղաքացի, ոչ թե մունդառ

վիետնամցի, թքած ունի այդ ամենի վրա ու համառորեն չի մեռնում. վեր է կենում, երգում, ընկնում,

թավալվում, անշարժանում, նորից ուշքի գալիս, մազերի միջից ռումբ հանում, նետում է թշնամու վրա,

ատամներով որսում է թշնամու կրակած փամփուշտները, ոտքի բութ մատով չեզոքացնում երկրի վրա

նետված ատոմային ռումբը, արանքում սիրահարվում ու բուռն սեքսով զբաղվում և այդպիսով փրկում

է աշխարհը կործանումից։ Բայց ինչպիսի գերբ էլ ունենանք մենք, մեր զինվորը չի կարող այդքան

հերոս լինել, որովհետև չի օգտվում Ամերիկայի քաղաքացիների իրավունքներից և առայժմ չունի գրին

քարտ։

Հանկարծ նկատում եմ, որ հրապարակում ինձնից բացի բոլորը առաջնորդներ են, հետևորդներ չկան։

«Բա սրանց ժողովուրդն ո՞ւր է»,- մտածում եմ։ Հենց այս մտքի վրա մեկը քաշեց թևիցս.

- Էս հիսուն դոլարը քեզ,- թղթադրամը խոթեց բուռս,- արի դարձի իմ ժողովուրդը, հետս գոռա.

«Կեցցե…»:- «Կեցցե»-ից հետո անորոշ գռմռում է.- մի ձայնը լավ է, երկուսն ավելի:

- Կեցցե ո՞վ,- հարցնում եմ։

- Ի՞նչ կարևոր է։ Կարևորը «կեցցեն» բարձր լսվի։

Նա մի մեծ, եռագույն դրոշակ տվեց ձեռքս։

- Սա ո՞ր մեղքիս համար,- դժգոհ տնքացի, որովհետև ծանր էր։

- Որպես հայրենասիրության դրսևորում,- նա ուղղեց դրոշի ծոպերը,- վերջին հաշվով հայրենիքը

սկսվում է հենց դրոշից։

- Միա՞յն,- զարմանում եմ։

- Փիլիսոփայության մեջ ուղղում մտցնելու ժամանակ չկա` հե՛նց… միա՛յն… քո համար միևնույն չէ՞, քո

գործը «Կեցցե» գոռալն է` գոռա,- նա խմբավարի նման ձեռքով չափ տվեց, որ հանկարծ իրենից

ետուառաջ չընկնեմ, գլխի շարժումով նշան արեց, ու ես ինչքան ուժ ունեի բղավեցի` կեցցե՛ …

Ավելի ցածում Հանրապետության հրապարակն է, ուր տոն օրերին հպարտ կանգնում է

կառավարությունը, անցնում է կանոնավոր զորքը, միկրոֆոնը փառաբանում է կարճ ժամանակում

երկրի ձեռք բերած նվաճումները, ժողովուրդը կառավարության ուղղությամբ թափահարում է

դրոշակները… Իսկ սովորական օրերին այստեղ մուրացկանները փող են աղերսում տուրիստներից,

երգում են շատրվանները, Հյուսիսային պողոտայից արտաքսված բնակիչները պահանջում են իրենց

տները, գլոբալ հոգսերով տառապող ընդդիմադիրները պահանջում են արդարություն,

փախստականները անզորությունից հրկիզում են իրենք իրենց, սեփական արժեքն իմացող անառակ

կանայք իրենց մարմինը վաճառում են բացառապես վալյուտայով… Կառավարական շենքի գագաթից

աշխարհի վրա ծածանվում է անկախության եռագույն դրոշը:

Անկախության առաջին քայլը Լենինի արձանի տապալումն էր։ Արձանի հետ վարվեցին ինչպես

մարդու` սկզբում գլխատեցին, առանձին իջեցրին հսկա գլուխը, դրեցին գետնին, մարդիկ մոտեցան

բամփեցին, նախատեցին, թքեցին երեսին… գտնվեցին նաև Լենին սիրողներ։ Ապա ապամոնտաժեցին

մարմինը։ Տապալումից հետո հրապարակում արձանի պատվանդանը երկար ժամանակ դատարկ

մնաց, ապա քաղաքապետարանը գտավ ելքը. այնտեղ տեղադրվեց մեծ լուսադիոդային էկրան, որից

գիշեր-ցերեկ երգում էր որևէ արտասահմանյան երգչուհի` պտուկներն ու քամակը թափահարելով։

Ավելի ուշ քաղաքապետարանը գտավ նաև էկրանից փող աշխատելու եղանակը և թույլ էր տալիս,

իհարկե համապատասխան վճարի դեպքում, էկրանից իրար շնորհավորել, ասենք, թոշակը

ժամանակին ստանալու, այբբենարանի հանդեսի, ամերիկյան դեսպանատնից մուտքի թույլտվություն

ստանալու, արտասահմանցու հետ ամուսնանալու և այլ երջանկաբեր իրադարձությունների առթիվ:

Ճամփին մի երկու լրագիր գնեցի։ Քայլելով` թերթեցի: Փաստորեն թերթերը վաղուց դադարել են

գոյություն ունենալուց, շունչը փչել են, ինչպես սատկած հավի ճուտ, որին գիշերը խեղդել է առնետը:

Հիմա նրանք տպում են միայն մի բան` հայտարարություններ: Ամուսնություններ, կնունք, ծնունդ, մահ,

ուրախություն ու տխրություն` ոչինչ գոյություն չունի: Միայն առևտուր` ժամանակակից

կատարելագործված մեթոդներով: Ըստ այդ հայտարարությունների` բոլորը վաճառում են բոլորին,

Page 24: Anmahutyan sahman@

որովհետև Եվրոպան խալիները փռած, դրոշակներով, ծաղիկ-փուչիկով փողոցները զարդարած մեզ է

սպասում։

Հայտարարությունների շարքում կարդում եմ` գնում ենք ֆրանսիական օծանելիքի տուփեր և շշեր։

Տուն հասնելուն պես զանգահարում եմ, պայմանավորվում` տուփը հինգ դոլար, շիշը` ութ։ Չգիտես

ինչու` գնորդը պնդում է, որ հանդիպենք տասնվեցերորդ թաղամասի վերջում, ուր համաշխարհային

քարուքռա է։ Ստիպված համաձայնվում եմ, որովհետև սպասվող տասներեք դոլարը մեր մի քանի

օրվա սննդի ծախսն է։

-Չշարժվե՛լ…- հետևիցս հրամայում է ինչ-որ թավ ձայն, ինչպես հանրահայտ թրիլերներում,- առանց

շրջվելու, հանգիստ շարժումներով պայուսակիցդ հանիր տուփը և ուսիդ վրայով տուր։

Պայուսակից դանդա՜ղ դուրս եմ քաշում տուփը և ուսիս վրայով տալիս։

-Իսկ հիմա շիշը։

Շիշն էլ եմ տալիս։ Նա վերցնում է շիշը, փոխարենը բուռս խոթում փողը.

-Չշրջվեք, քանի չեմ հեռացել,- հրամայում է ձայնը։- Լսեցի՞ք։

Թիկունքումս նա մեքենա է նստում, փակում դուռը, միացնում շարժիչը… գնում է։ Ես դեռ չեմ շրջվում։

Հաճույքով պատկերացնում եմ, թե ինչպես են տանում իմ օծանելիքի հին շիշն ու տուփը, կարգի

բերում, մեջը էշի շեռ լցնում ու ամենաթանկ գնով դնում հարգված խանութներում։

«Մահվան հերն էլ անիծած,- ասացի տանը պայուսակներս ցած դնելով,- հլա սկզբի համար ձուկս

ուտեմ, թող աչքիս որդը սատկի…»։ Տղաս զարմացած նայեց տռուզ պայուսակներիս. «Քոնը որդ չէ,

քոնը վիշապ է»,- ծիծաղեց ու գնաց սենյակ։ Այդ պահին հիշում եմ հարևանիս ասածները տղայիս

մասին, ու քանի նրա տրամադրությունը լավ է`

- Իսկ ի՞նչ կասեք սիրո մասին,- դիտմամբ «դուք»-ով ու ձևերով հարցնում եմ, այն հույսով, որ գուցե

հայտնվել է մի լավ, հայրենասեր աղջիկ` հոգով ու մարմնով առհավետ կույս։

- Նույնը, ինչ ինքը կասի իմ մասին,- կատակի է տալիս։

Չանցած երկու րոպե՝ սկսվե՜ց.

- Խփի՛, խփի՛, ես դրա…- գոռում է սենյակից:

Բացում եմ դարակն ու հանում առաջին պատահած դանակը:

- Խփի՛, խփի՛… հասավ:

- Էս դանակը բութ է,- կանչում եմ:

- Շուտ արա, հասավ, վերջ, վերջ` մոտեցավ… խփի՛, խփի՛ ասում եմ, մտածելու ժամանակ չէ:

Դանակը գցում եմ դարակի մեջ, ուրիշը վերցնում.

- Սա էլ է բութ… մի սուր դանակ չունենք,- զայրացած գոռում եմ խոհանոցից:

- Խփի՛, խփի՛, էլ ժամանակ չկա, վայ ես քու… շուտ արա, արագացրու,- նորից կանչում է նա,- եթե

դանակները բութ են, նշանակում է տան տղամարդը բարի է:

Բութ դանակով սկսում եմ քերել ձուկը: Առաջինը քերում եմ, անցնում երկրորդին: Սա պոչով խփում է

ձեռքիս` իբր ողջ է: Սիրտս թուլանում է.

- Էս ձուկը ողջ է,- կանչում եմ,- խփեց ձեռքիս:

- Մի հատ էլ չկծե՞ց… ո՞նց է ողջ: Վաճառողը ջրից հանելիս փայտե մուրճը թափով շխկացնում է

գլխին… ո՞ղջ կմնա:

- Բա խփում է:

- Էդ ներվերն են, դանակի տակ ձգվում են, թե չէ` ինքը սատկած է: Խփի՛, խփի՛… արա, վայ ես քու…

հասի… մոտեցավ:

Դանակը գցում եմ ձկան վրա, փակում ջուրը, որ խռիկներին չլցվի, գնում սենյակ.

- Մի քիչ հանգստանամ, մինչև վերջնականապես սատկի,- նստում եմ բազմոցին:

- Ոչխա՛ր, ոչխա՛ր… արա՛գ վազի, հասի՛, հասի՛… խփի՛,- նա ֆուտբոլ է նայում,- վա՜յ ես քու մերը…

արա» վազի՛,- ծափ է զարկում, նյարդայնությունից կարմրել է, դեմքի մկանները` լարվել,- տարավ,

տարավ… վազի հետևից, ապուշ, ա՜-պո՜ւշ:

Մոտենում եմ նրան.

- Բժիշկն ասաց` մեռնում եմ:

- Ցավդ տանեմ,- ձեռքով ինձ մի կողմ է տանում հեռուստացույցի առջևից,- ինչքան ուզում ես մեռի,

մենակ` էս խաղակեսից հետո:

Խռոված գնում եմ խոհանոց ու շարունակում լվանալ ձուկը: Մի քանի րոպե հետո գոհունակ գալիս է.

- Մերոնք կրեցին,- մերոնք ասվածը իտալացիներն են. մուսուլմանների դեմ խաղում նրանք մերոնք են,-

դե հիմա ասա` ո՞վ էր մեռնում:

Page 25: Anmahutyan sahman@

Սոված է. ֆուտբոլ նայելիս շատ է գոռգոռացել, ողջ էներգիան ծախսել: Մի երկու կափարիչ բացեց-

փակեց, հարցրեց` ինձ որտեղի՞ց էդքան փող։

- Հե՛չ,- պատասխանեցի,- մի ժամով ժողովուրդ եմ աշխատել։- Օծանելիքի տուփի ու շշի մասին բան չեմ

ասում, որ ինքնասիրությունը չվիրավորվի։

- Պա՜հ,- ծիծաղելով պանիրով բրդուճ է անում, կծում,- կարո՞ղ է վերջում դառնաս հայրենիքի միակ

հույսը։

- Դա ո՞րն է` նախագա՞հ։

- Չէ։ Մահապարտ։- Մի կտոր երշիկ է խոթում բրդուճի մեջ,- համով է,- եզրակացնում է,- մերոնք էլ են

սկսել լավ արտադրել, եթե իհարկե մարդու մսից չէ։

Մեկ էլ ուտելը մոռացած բացականչեց.

- Իմացա՜… բեր բիզնես սկսենք. շքանշաններ վարձով տանք` ժամը հազար դրամ: Մեկին գիտեմ,

Վերնիսաժում սեփական մեդալներն է ծախում. հերոսությունը` հիսուն դրամ։ Մենք կառնենք,

հերոսությունը ժամը հազար դրամով վարձով կտանք։ Հայաստանում 70 քաղաքական կուսակցություն

կա, յուրաքանչյուրը իր հազարավոր անդամներով, համագումարներով ու հաշվետվություններով…

Նրանց պետք կլինեն քաղաքական պճնանքի առարկաներ` կոչեր, ստեր, մեդալներ, լոզունգներ…

Ամենամեծ պահանջարկը կուՆենա «Կեցցե ստամոքսը» կոչը։ Արդարության մասին կոչերն էլ` ոչինչ,

կգնան։ Բոլորը գոռալով ման կգան` արդարությո՜ւն։ Իսկ մենք ամեն օր ռեկլամ կանենք

հեռուստատեսությամբ` ստացվել է ամերիկյան սիլիկոնային արդարություն, ֆրանսիական

ճշմարտություն` քնքուշ կանանց համար, ռուսական եղբայրություն 76 գրադուսի… հետո կսկսենք

տպել նաև քաղաքական գրականություն` «Ամբիոններից թույլատրելի հայհոյանքների բառարան»։

Հաճախորդներից աչք չենք բացի: Մի տարում փող կհավաքեմ, կգնամ արտասահման:

- Չե՞ս տեսնում` աշխարհը ինչ սարսափի մեջ է. գլոբալ տաքացումներ… որ Սառուցյալ օվկիանոսը

սկսեց հալվել ինչ է` արևմուտքում երկիր չի մնա։ Փոխանակ մտածես Նոյի երկրորդ տապանը

կառուցելու մասին… բա ջահելը ես չլինեի… բա տղամարդ չլինեի…

- Ինչ-որ մեկն ասել է, թե երկրի վրա ամենաարդարը խելքն են բաժանել, որովհետև մինչև հիմա ոչ ոք

չի բողոքել, թե իրեն դրանից զրկել են,- աչքերը պլպլացնելով` ծաղրում է։

- Ինչ-որ մեկը անուն չունի՞։

- Ունի, բայց չեմ հիշում։

- Ինչի կհիշես որ… քո ուղեղի բոլոր ծալքերում ամերիկյան դեսպանատան կնիքն է խփած, ուրիշ բանի

տեղ չի մնացել… ամոթ չէ՞ գրողի ու գիտնականի անուն հիշես։

- Տանել չեմ կարողանում էդ գրողներին ու գիտնականներին։ Բոլոր դժբախտությունների պատճառը

դրանք են. իրենց ստեղծագործություններով մարդու աստվածային ծագման փաստն են ապացուցում,

մարդկանց մեծամտություն ներշնչում։ Սրանք էլ մտածեցին, թե բարձր են մյուս արարածներից ու

սկսեցին սպանել, ոչնչացնել։

- Մնացածների հերն էլ անիծած, մենք Նոյի երկրորդ տապանից էինք խոսում,- հիշեցնում եմ։

Նա մի պահ լռում է, ապա, ձայնում ցավ, ասում.

- Տեր Աստծուն էնքան եմ խղճում, էնքան, որ էլ չասած… քիչ է մնում լաց լինեմ։

- Ինչի՞ որ,- զարմանում եմ, որովհետև իմ կարծիքով լացի արժանին մենք ենք։

- Նոյի համար հարմար թեկնածու չկա էս անգամ… տեսնես հիմա ի՞նչ պիտի մտածի, ի՞նչ ջանքերով

մարդկությունը պիտի փրկի հիմնահատակ կործանումից,- էլի չեմ հասկանում` իրո՞ք Աստծո համար

սիրտը ցավում է, թե հերթական ցինիկ կատակն է։ Բայց ավելորդ դաստիարակությունը դեռ ոչ ոքի չի

խանգարել.

- Չես ամաչո՞ւմ,- ասում եմ,- կյանքում դեռ մի փոշեհատիկ չես ստեղծել, բայց էդ տոնով ես խոսում

Աստծու մասին: Մեկը, ով քեզ է ստեղծել, տիեզերքը, կյանքն է ստեղծել վերջապես…

- Դե հենց դրա համար եմ խղճում, էլի,- վերջին խոսքը անպայման պիտի ինքն ասի,- մարդ ինչ

այլանդակ երևակայություն պիտի ունենա, որ էսպիսի կյանք հորինի:

Բժշկի սթափ հայացքն ու պաղ ձայնը անընդհատ հետապնդում էին ինձ, իսկ գիշերներն առհասարակ

սկսեցին հորդել անգամ պատերից, պատուհանից ու խավարից: Ես ինձ մեռած պատկերացրի,

պատկերացրի` ինչպես պիտի հոգիս տեսնի մահին, ապշահար նայեն իրար, ինչպես զուգահեռ

փողոցներում ապրող աղջիկ ու տղա, որ ապրել են կողք-կողքի, բայց այդպես էլ մինչ այդ չեն

հանդիպել, ու ինձ թողած` սիրահարված-սիրահարված նրա հետ գնա: Ապա պատկերացրի, թե ով

եկած կլինի իմ հուղարկավորությանը: Հարգված, երիտասարդ մարդու թաղում. էլ ով ասես` որ չկա,

ինչ տեսակ ծաղիկ ասես` որ չկա: Թեև, երբ հանգուցյալին ծաղիկ են տանում, ծաղիկները իմ աչքում մի

Page 26: Anmahutyan sahman@

տեսակ պատվազրկվում են: Ծաղիկը ծաղիկ է` ուրախություն: Վշտին ի՞նչ ծաղիկ: Գյուղացիները նման

դեպքերում օղի են տանում, վշտի պես դառը և արցունքաբեր: Դա ավելի ճիշտ է: Ինչ որ է` հոգոցներ,

արցունքների աղից կարմրած աչքեր… ցավի ու սփոփանքի խոսքեր… հեռագրեր` մեկ-երկու տողում

խտացրած վիշտ ու վշտակցություն… տեր հոր հավասարակշռված, խնկաբույր ձայն… կեղեքող

դուդուկ… հեկեկոցներ… երախը բաց, թաց փոս… վարձատրությունից գոհ գերեզմանափորներ…

կաղնեփայտե դագաղ: Հա, ամենագլխավորը` ես` հոգուց դատարկված, ափ նետված խեցի, որի

հագուստով կյանքում առաջին անգամ զբաղվել են մասնագիտացված ֆիրման և պրոֆեսիոնալ

դիզայները… Ճիշտն ասած, չէի սպասում նման ճոխություն: Հուզվեցի: Եվ դա առաջին թաղումն էր,

որի ժամանակ ես լաց եղա: Առհասարակ թաղումների ժամանակ լացս չի գալիս: Մահվան համար ես

արցունք չունեմ, իմ բոլոր լացերը կյանքի համար են:

Որպես բարեխիղճ քրիստոնյա` աղոթում եմ։ Աղոթում եմ ու… սկսում Երկնավորի հետ կռիվ անել։

Ապա նախատում եմ ինձ թուլությանս համար. նախ` ով ասաց, որ ես պիտի թույլ տամ կողմնակի մեկը,

անգամ եթե դա բժիշկն է, փչացնի իմ տրամադրությունը: Երկրորդ` ով ասաց, որ նա հարյուր տոկոսով

ճիշտ է, այն դեպքում, երբ անզեն աչքով անգամ Աստծո սխալներն են պարզ երևում, երրորդ` եթե

անգամ նա ճիշտ է, պետք չէ ժամանակից շուտ մեռնել... Ես վերցնում եմ գծագրության մեծ թուղթը`

վատման, եսիմ քանիսը քանիսի վրա, ու աչք ներկելու մատիտով մեծ-մեծ տառերով գրում. «…Ես`

էսինչ էսինչյանս, ծնված էսինչ թվին, էսինչի ընտանիքում, ելնելով վերոշարադրյալից, ինձ հրամայում

եմ` ապրե՛լ»: Վատմանը փակցնում եմ պատին: Դա ինձ հոգեբույժն է սովորեցրել. ծայրահեղ

անհուսության պահին, ըստ ճաշակի, վերցնում ես կամ Տիրամոր, կամ քեզ տհաճ մեկի պատկերը ու

փակցնում պատին: Եթե դա Տիրամայրն է, զրուցում ես հետը, անպայման բարձրաձայն, որ լսես քո

ձայնը ու հավատաս, որ մենակ չես։ Խոսում ես ցանկացած թեմայով` շուկայի գներից սկսած: Եթե դա

քեզ տհաճ մարդն է` հայհոյում ես, գլխին թափում անբուժելի անեծքներ, թքում ես վրան, կարող ես

մկրատով կտրատել կամ ասեղով ծակծկել, հատկապես նրա այն մասերը, որոնք գեղեցիկ ես

համարում… Մի խոսքով` ըստ ճաշակի: Ես իմ հրամանը փակցնում եմ պատին, բարձրաձայն ու

տերունական շեշտադրումներով կարդում, որ ես` էսինչ էսինչյանս, ինձ հրամայում եմ ապրել, ու

պառկում եմ, հույս ունենալով, որ կքնեմ և կտեսնեմ գոնե ամենամատչելի` սև ու սպիտակ երազ:

Հուշերը մտրակներ են, որով դաղում ենք մեր հոգին. առաջին դեպքում կյանք արթնացնելու, երկրորդ

դեպքում` այնտեղից արյուն հանելու համար։ Ես ընտրում եմ առաջինը, որովհետև մազոխիզմը իմ ոճը

չէ։ Այդպես տատս էր վարվում. հիշողության մեջ լավ բաները թաղած` կենտրոնանում էր վատերի վրա

ու սկսում ինքն իրեն խղճալով լացել։ Հիմա ինձ դրական հույզեր են պետք, որովհետև դրանք

բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Որոշում եմ հիշել այնպիսի դեպքեր, որոնք ինձ

դրական լիցքեր կհաղորդեն։ Դրանք մորս հետ են կապված։ Ես վեց տարեկան էի, մայրս իմ նոսր

մազերը կնդեց ոչխար խուզելու մկրատով։ Երբ ես կռահեցի մորս միտքը, փախա դուրս ու ճվալ-ճչալով

վազում էի գյուղի փողոցներով։ Հետևիցս շնչակտուր վազում էր մայրս։ Երբ գյուղացիները տեսան

հետևիցս վազող մորս,- կաղամբի թփին քսած քաքը ուզում էր կործել քաչալ գլխիս ու շալով կապել, որ

նոսր մազերս խտանան,- հասկացան, թե ինչ մեծ սեր ունի նա ժողովրդական բժշկության հանդեպ,

բայց չզարմացան, որովհետև ցանկացած մայր պարտավոր է իր աղջիկ երեխայից ձևավորել գեղեցիկ

հարսնացու։

...Գաղթականները սագեր էին պահում։ Շատ` հիսուն, հարյուր, հարյուր հիսուն հատով. դա էժան էր

նստում։ Սագերին չէին մորթում, որովհետև այդ թռչունները գետերից գորտ ու ձուկ էին թռցնում,

մամուռների միջի կենդանիներ, և դրանից նրանց միսը անորակ էր լինում` լեշահոտ։ Լույսը չբացված

գաղթականներն իրենց սագերին ուղարկում էին գետերից ու այգիներից գողություն անելու, և գիշերը

քնած, հանգստացած սագերի ղռղռոցից թաղի օդը ճաքճքում էր։

Աշնանը նրանք փետրում էին ղազերին. ոչ ամբողջությամբ, միայն թևատակերի բմբուլները։ Դրանք

փափուկ էին ու ճերմակ, դրանք նման էին հրեշտակի փետուրների, նման էին այն ամպերին ու այն

մաքրությանը, որի մեջ քնում են դրախտի մարդիկ։ Բմբուլներից գաղթականները բարձեր էին սարքում։

Եվ ինչպես միշտ` հրեշտակի փետուրները բաժին էին ընկնում հարուստներին։

Ես գլխապատառ վազում էի գաղթականների թաղի միջով, ու իմ ճվոց-ճչոցից սագերը իրարով անցան,

վախեցած կարմիր կտուցները առաջ ձգեցին ու ֆշշալով վրա եկան: Նրանց տերերը վազեցին

տեսնելու` ի՞նչ պատահեց: Տեսան ու ծիծաղեցին: Գաղթական Օսանի տան մոտ սագը կծեց ոտքս:

Գաղթական Օսանը… նա մեզ կաշառք էր բերել` մեծ, հսկայական մի ձուկ, որ հազվադեպ է

հանդիպում Սևանի ջրերում:

Page 27: Anmahutyan sahman@

Նրա տղան թաղի տղերքի հետ ձմեռ օրով գնացել էր Սևանա լիճ, ջարդել երեսուն սանտիմանոց

սառույցը ու բռնել էդ հրաշք ձուկը: Օսանը այն մեր տուն բերեց «Սովետական Հայաստան» թերթի

համարի մեջ բարուրած, դրեց սեղանին, խնամքով բացեց ու սկսեց հիացած շոյել բեղավոր ձկան

լորձոտ գլուխը… գլխից մինչև պոչ… պոչից մինչև գլուխ… ձկան բեղերը… պոչը… յուղոտ լողակները…

ձուկը… ու սիրահարված-սիրահարված խոսեց. «Վիկոս բերեց էս ձուկը, ասեց` մամա, թարխունով

խաշի ոտենք: Ասեցի` էս ձմեռվա կեսին մեզ թարխուն որտեղի՞ց: Ասեցի` էս ձուկը կտանեմ

Հարությունյանին, նրա կնիկը գիտես ի՞մ նման կխաշի, գիտե՞ս` ի՜նչ մարդու կնիկ է, գիտե՞ս` ի՜նչ

մարդու աղջիկ է… Նրանք հիմա թարխուն ունեն, նրանք հիմա էնպիսի կանաչիներ ու համեմունքներ

ունեն, որ հեչ Հնդկաստանում էլ չկա: Ձկան կողքերին թարխուն ու լիմոն, լիմոն ու նուռ պիտի լինի,

սպիտակ գինի պիտի լցվի… որտեղի՞ց մեզ նուռ ու լիմոն էս ձմեռ օրով, սպիտակ գինի որտեղի՞ց: Որ

խաշեցինք ու կերանք` ի՞նչ. ոչ ձուկը մեզնից բան կհասկանա, ոչ մենք` ձկից: Իսկ նրանք հասկացող

մարդիկ են: Ձուկն էլ մեծ, բայց ձուկ է վերջը, գառ չի: Ձուկը սոված փորին չեն ուտում, կուշտ փորին են

ուտում: Նրանք ամեն օր էլ գառան խաշլամա են ուտում: Ասեցի` տանեմ, տանեմ ձկանն արժանի նուռ

ու լիմոն, արժանի ուտող կա: Տանեմ ու ասեմ` առ քուրս, առ թարխունը շարի կողքերը, կորեկը

հանկարծ չթափես, լվա, լից փորի մեջ, էս ձուկն ափսոս է, սրա մեջ թափելու բան չկա… դանակ

չկպցնես, հենց կտրեցիր` կփխլվի, սաղ-սաղ խաշի: Փորի մեջ պոպոք, թարխուն ու նուռ, սպիտակ գինի

լցրու, փորը ասեղով կարի, գոլորշու վրա խաշի ու յուղի մեջ խեղդի… առ քուրս»,- ձուկը հրեց մորս

կողմը:

Ձկան խոշոր, պաղած աչքերը պղտոր էին, ասես` թարախակալած: Ոսկրոտ, կիսաբաց բերանի

անկյուններից չռռում էին հաստ, մսալի բեղերը: Լողակները մեծ ու փափուկ էին, յուղոտ, կաշին`

գույնզգույն-պտավոր, փորի վրա` միայն կարմիր խալեր: Ես մատս մտցրի ձկան կիսաբաց բերանը,

շոյեցի զիգզագաձև ատամները` հաստատ գիշատիչ է:

- Գիշատի՞չ: Չէ, այ բալամ, ի՞նչ գիշատիչ: Ձո՛ւկ է: Վիկոս սառույցը զուբիլով կոտրել է, կարթը նետել,

նստել… մի ժամ, երկու, երեք… մատները սառել են, կպել կարթից… բա Վիկոս գիշատիչ բռնո՞ղ է: Մեկ

էլ սառույցը կոտրվել ու Վիկոյիս ոտքը գնացել է ջրի մեջ: Վիկոս սկել է, ջրի տակ խփել էս ձկանը:

Նայել, աչքերին չի հավատացել… դու հլա սրա բեղերին նայի, հանկարծ չկտրեք գցեք, լրիվ յուղ է:

Ձկան յուղը գիտե՞ս ինչ բուժիչ է` աչքերի համար… Տղերքը Վիկոյիս են ջրից քաշել-հանել, Վիկոս` էս

ձկանը: Տղերքն ասել են` Վիկո, թող, թող` թե չէ կսկես: Վիկոս ասել է` չէ, պիտի տանեմ, մամաս

թարխունով խաշի… Էրեխես բերեց, ես էլ ասեցի տանեմ, տանեմ մարդկանց լավության տակից դուրս

գամ:

Նա մաժեց ու մաժեց, մաժեց ու մաժեց իր բերած ձուկը, իսկ երբ վերջապես գնաց, մայրս չթողեց էլ, որ

շոր հագնենք.

- Շուտ արեք, շուտ… տանենք թաղենք, պրծնենք էս ձկից, զահլեքս տարավ շան կնիկը:

- Ափսոս չի՞, հլա տես ինչ յուղոտ բեղեր ունի: Բերել` բերել է, խաշի ուտենք:

- Վո՜ւյ, էդ թույն է, էդ ուտե՞լ կլինի: Իրա սոված ութ էրեխու աչքը վրան… Վիկոյի աչքը վրան… էդ

կերանք` տեղով մահ է:

Ու մենք փորում էինք սառած գետինը, որը համառորեն չէր փորվում: Իմ մատները սառել, կպել էին

բահին ու ցրտից ցավում էին, բայց մայրս ստիպում էր` փորի, փորի` թաղենք, պրծնենք Օսանից:

Փորեցինք, ցրտից լաց լինելով հողին հանձնեցինք կյանքում առաջին անգամ Սևանում հայտնաբերված

հսկա ձուկը:

Ես սառած մատներս բերանս խոթած գոլորշի էի փչում, որ տաքանան: Մայրս մխիթարում էր ինձ.

- Մի լաց, հիմա կգնանք տուն, տաք սպաս կուտենք:

Հուշերի գիրկն ընկած ննջում եմ։ Թե ինչքան ժամանակ` չգիտեմ։ Մեկ էլ զգամ` ուսս ցնցում են.

- Մա՛, մա՛… մա՜:

Տղաս է։ Կամ փող է ուզում, կամ ուտելու բան։ Կդիմանա։ Մա` ուսս թույլ է ցնցում, բայց ավելի ուժեղ է

գոռում` մա՛։ Տեսնում է` չեմ արթնանում, դուրս է գնում սենյակից, զլում ռադիոյի ձայնը ու ետ գալիս։

Ուղեղս դղրդում է. «Բարի լուր ճաղատներին,- ավետում է ռադիոն,- ճաղատության դեմ բուժում կա...

Գերմանիայում»: Այսուհետև յուրաքանչյուր ճաղատ հայ պետք է երազի, թե երբ է Գերմանիան

նվաճելու Հայաստանը, որպեսզի ինքը հայտնվի Գերմանիայում և բուժվի ճաղատությունից: Բայց դրա

համար Գերմանիան նախ պետք է նվաճի Ռուսաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան... մի

խոսքով` բուժումն այնքան էլ մոտ չէ:

Մի երկու րոպե ռադիոյի ձայնը զլելուց և ուղեղս ցրիվ տալուց հետո ցածրացնում է ու նորից ցնցում

ուսս` մա՛։

Առանց աչքերս բացելու արձագանքում եմ` հը՞։

- Դու գո՞հ ես քո ապրած կյանքից,- հարցնում է։

Page 28: Anmahutyan sahman@

- Էդ ի՜նչ մի անհետաձգելի հարց էր, որ դրա համար մարդու քնից հանում ես,- մրթմրթում եմ

քնաթաթախ,- հլա էդ էշությունը անջատի։

Վազելով գնում է, անջատում։

- Բայց գո՞հ ես,- ձեռ չի քաշում։

- Գոհ չեմ,- ասում եմ քնատ ձայնով,- քո ցեղը… գիտես` որ գնում-գալիս եմ, տատիդ տիրություն եմ

անում` ոսկի՞ է։ Չէ, խղճում եմ, ավելի ճիշտ` հարգում: Իրեն չէ, ծերությունը… Պապդ որ մեռավ, ինչ

մեղքս թաքցնեմ, ուրախացա, մտածեցի` մեկը գնաց։ Բայց չէ, մեռնելուց հետո էլ հանգիստ չեն թողնում`

էսօր յոթն է, էսօր` տարին, էսօր` ծննդյան օրը, էսօր` քար են քաշում, էսօր` ուղղակի պիտի շիրմին

կարոտես… Քիչ է, որ իրենց ծառայում ես, գերեզմանին էլ պիտի ծառայես, գերեզմանն էլ պիտի

պաշտես։

Տղաս հանգիստ ճթթացնում է ծամոնը.

- Այ տեսնո՞ւմ ես, քո խելքով հեչ քո կյանքը չես կարողացել նորմալ ապրել, բայց ինձ պարտադրում ես,

որ ես էլ քո խելքով ապրեմ։ Մարդ էղի,- աղաչում է,- փողը տուր, էս երկրից գնամ, պրծնեմ։

Հոգոց եմ հանում.

- Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ` տանձի մասին:

-Ուզո՞ւմ ես քո մասին անեկդոտ պատմեմ,- բոթում է կողս: Ու առանց պատասխանի սպասելու

սկսում.- Ուրեմն` կովը թրքում է: Ճիճուն ու բալիկ ճիճվիկը արթնանում են թրիքի մեջ: Ճիճվիկը գլուխը

հանում է դուրս, նայում վեր.«Էս ի՜նչ սիրուն ա, էն երկնագույնը մեր գլխավերևում ի՞նչ ա, մայրիկ»:

«Երկինքն ա, բալիկս»: «Բա էն սիրուն կարմի՞րը»: «Արևն ա, բալիկս»: «Է՞ն…»: «Դաշտը, գետակը,

անտառը…»:«Մամ,- հարցնում է ճիճվիկը,- բա որ աշխարհում էդքան սիրուն տեղեր կան, մենք էս

քաքի մեջ ի՞նչ գործ ունենք»:

Էստեղ նա ընդհատում է պատմությունը ու հատուկ ծանուցում` այ սա դու ես, լսի. «Որովհետև…-

ասում է ճիճվիկ մայրիկը,- որովհետև սա մեր հայրենիքն ա, զավակս»:

-Շատ շնորհակալ եմ տիպիկ համեմատության համար:

-Խնդրեմ, բայց ընդհանուր առմամբ նման էր, չէ՞, ես կասեի նույնիսկ` պատճեն:

-Մեկ այլ վերջաբան էլ կարող էր ունենալ էդ անեկդոտը,- չեմ հանձնվում,- մայր ճիճուն կարող էր

ասել.«…Որովհետև մեզ միայն էս կեղտը կհանդուրժեր»:

Նա սուլում է.

-Փաստորեն դու ահագին լուրջ ստեղծագործական ուժ ես, ես կասեի` երկրի ներուժը,- ու ծիծաղելով

գնում է: Դռան մոտ շրջվում է.

- Բեր տունը ծախենք։

- Բա ես ո՞ւր ապրեմ, ծերանոցո՞ւմ։

- Դու հլա սրա մեծամտությանը նայի,- մատը տնկում է օդ,- քեզ ո՞վ կընդունի ծերանոց։ Դու պիտի

օլիգարխ լինես, որ պետությունը քեզ վրա փող ծախսի։

- Մնում է աշխատես… ուր ուզում ես` գնա քո աշխատածով։

- Ո՞նց աշխատեմ… ի՞նչ աշխատեմ… աշխարհին պետք չէ ստեղծող, աշխարհին սպառող է պետք`

իրենց սեռական հակումների, սատանայական մտքերի, արտադրական թափոնների…

- Էդ հիմա ես էդպես խոսում։ Պատկերացնում ես` ես մեռնում եմ ու դու հեռվում… անհնար է գալ

հասնել, արցունք թափել, հրաժեշտ տալ։ Գիտե՞ս որտեղդ կմրմռա…. ողջ կյանքում քեզ չես ների։

Հարազատ կորցրած մարդը նման է անդամահատվածի. նա երկար ժամանակ չի գիտակցում, որ իր

կյանքի այդ մասն արդեն չկա, թեև տեղյակ է կատարվածից և վիրահատության համար

համաձայնություն է տվել։ Բայց հետո՜… թաց փայտի պես մեջդ կմխա ու կմխա՛…

- Իսկ ինչի մտածենք մահվան մասին, ինչի վախենանք, որ հիմա թուրքը մեզ կուլ կտա, Ռուսաստանը

կպարտադրի, Ամերիկան կորոշի… ինչի՞ դողանք կյանքի առաջ։

- Գնա՛,- արհամարհական թափ եմ տալիս ձեռքս,- ում հետ էլ խոսում եմ…- թեև հոգուս խորքում նրան

չեմ մեղադրում: Ամեն օր սկսվող ու այդպես էլ չավարտվող պատերազմների, կատակլիզմների,

քաղաքակրթության հաղթարշավի, թրթուրավոր գլոբալիզացիայի, բնության կատաղության

նոպաների ներքո ապրող մարդը շատ շոշափելի է զգում կյանքի անցողիկությունը: Իսկ արժե՞ ջանք

թափել ու հոգի ներդնել ժամանակավոր բանի վրա: Մանավանդ մեր դեպքում… եթե ուրիշ ոչ մի բան էլ

չլինի, թեթև մի ցնցում, երեք բալանոց մի երկրաշարժ` և Մեծամորի ատոմակայանը չկա.

ճառագայթվելու է ամեն ինչ` օդը, հողը, ջուրը, երկինքը, ամեն ինչ դառնալու է անպտուղ, ատոմային

ճառագայթի ռենտգենները հասնելու են դրախտ, ախտահարվելու է հրեշտակների դասը, նրանց

ճերմակ փետուրները սևանալու են, իսկ դրախտի օձի հաջորդ սերունդը կծնվի երկգլխանի:

Նա, աչքերում չարաճճիություն, կրծքի մոտ միացնում է ձեռքերն ու տերտերի պես ձայնը երգեցիկ

ձգելով քայլում ետ ու առաջ, երկու բառը մեկ, երեք մատը պտղունց արած, խաչ հանում երեսիս, իր աջն

Page 29: Anmahutyan sahman@

է տնկում բերանիս մոտ, որ համբուրեմ. «…Զկինս հո՞ր անխելք ես… ինչո՞ւ ես դու այդքան հիմա՜ր…

ալելույա՜, ալելույա՜… Աստված խելք տուր զկինն այս… ամե՜ն և փառք հավիտյանս հավիտենից։

Ամե՜ն… Տեր փրկեա մորս իր անխելքությունից և իր հայրենիքից։ Ալելույա՜… Ամե՜ն… և բարիրգուն,

հոպա՜ր…»:

Հյուր ունեինք։ Ամուսնուս հեռավոր ազգականը վերադարձել էր Ռուսաստանից ու մեծ աշխարհի

փիլիսոփայությունն էր պարզաբանում. «Մարգարիտները սուզվում են ջրի հատակը ու մամուռ-

խավարի մեջ դարեդար սպասում իրենց հայտնաբերողին…- ասում էր ոգևորված ու իր բերած

գարեջրից կում անելով:- Եթե ուզում ես արև տեսնել, պիտի քաք լինես, որ չսկես»: Հետո անցավ ռուս

պոռնիկներին ու նրանց գներին. «Ռուս ազգը ամենաբախտավոր ազգն ա, միշտ ուրիշի հաշվին ա

ապրում, առանց աշխատելու, առանց չարչարվելու… սովետի տարիներին հանրապետությունների

վզին էր նստած, հիմա էլ Չինաստանից սկսած, եսիմ որտեղով վերջացրած էկել-լցվել են, աշխատում

են` համ իրենց երկիրն են կառուցում, համ իրենց քաղաքացիներին տան վարձ են տալիս, համ

միլիցեքին տուգանք են տալիս, համ իրենց կնանիքի ծոցն են քնում… իվաններն էլ անդարդ ապրում

են։ Բա չէ` մեր նման. ամուսնական պարտականությունից մինչև քրիստոնեական

պարտականությունները մի հոգու վրա յա»:

Նա ասում է, որ իր գործերը լավ են, էնքան լավ, որ ամռանը մի քանի ռուս աղջիկ վերցրած` գնացել է

Անթալիա։ Իմ ներկա եղած պահերին բարեկրթորեն լռում է ռուս աղջիկների մասին ու զարմանում.

- Այ մարդ, Թուրքիան էդ ի՞նչ երկիր ա։ Պատկերացնում ես` դրանց երկրում աշխարհահռչակ

մարդասպանների անունով հրապարակներ ու արձաններ կան` Աթաթուրքի հրապարակ, տո եսիմ

ինչ… ոնց որ Գերմանիայում պաշտեին Հիտլերի արձանը կամ էլ Գեբելսի հրապարակը:

- Էնպես ես զարմանում, կարելի է կարծել ոչ Լենինի հրապարակ ենք ունեցել, ոչ էլ Ստալինի արձան։

- Բայց մենք գոնե յոթանասուն, հարյուր տարի հետո խաչ քաշեցինք նրանց վրա, արձանները

վերացրինք…

- Դե, դրա համար էլ մենք հայ ենք, իսկ նրանք թուրք։

Հենց ոտքս քաշում եմ` թուրքերին էլ է մոռանում, աշխարհն էլ ու էլի սկսում պատմել ռուս աղջիկներից

ու նրանց գներից։ Տղաս վախվխելով նայում է իմ կողմը` հո չե՞մ լսում, ապա ապահովության համար

հանեց-տարավ. «Գնանք դրսում քայլենք»: Նա վեր կացավ` սեղանին թողնելով գարեջրի դատարկ շիշը

և մի քանի ճռճռան հարյուր դոլարանոց: Դեռ սովետական տարիներին էր պարտքով տարել. Սևանում

ձկան գործ էր անում, որսի արգելված սեզոնին ձուկ վաճառելիս բռնեցին, ահագին փող ընկավ, տուն-

տեղ ծախեց… էդ վիճակում հո չէի՞նք խոսի պարտքի մասին։ Բայց փաստորեն մարդը չէր մոռացել,

առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձրեց։

Դռների մեջ նա մի հինգ անգամ կրկնում է` մերսի, շնորհակալ եմ, սպասիբո… աշխարհի բոլոր

լեզուներով իր գոհունակությունն է հայտնում, ու դուրս են գալիս։ Փակում եմ դուռն ու անմիջապես

տեղավորում փողը։

Դոլարները տեղը-տեղին արդուկած սպիտակեղենի տակ խոթելիս մտովի ծախսում եմ. հերթական

անգամ պատկերացրի իմ թաղումը ու ներվայնացա մորաքրոջս վրա, որ իր թանկանոց մակիաժը

չփչացնելու համար կուլ էր տալիս արցունքները ու լաց չէր լինում։ Նրա կողքին կանգնած էր

հարևանուհիս ու սրտի խորքից հոգոցներ հանելով աջ ու ձախ էր նայում. նրա համար թաղումը

թատրոնի պես բան է, ուր խաղում են ընդամենը երկու դեր` հանգուցյալինը և մնացածներինը։

Կանգնում, մանրամասն զննում է մեռածին, հետո գտնում է իր խելքին մեկին ու ոգևորված պատմում.

«Շատ սիրուն մեռել էր, ինքը երկրորդ օրն է չկար` թրաշը գիշերվա մեջ աճել էր. փաստորեն մեռելի

մեջ էլ կյանք կա»: Բայց ինչպես ողջ մարդկանց դեպքում, այնպես էլ մեռածների, նրան հիմնականում

գրավում է մի բան` հագուստը։ Կյանքում առաջին անգամ արդարացրի կեսուրիս փորլաթերի

հավաքածուի գոյությունը. գուցե պարտքով մի երկու հատ ուզե՞մ։ Հենց այս մտքիս վրա զանգահարեց

կեսուրս.

- Անցած Նոր տարուն մեծ քույրս եկավ մեր տուն, պրոթեզ ատամներով խաշլամա կերավ, ոսկորն էլ

կրծեց: Առաջին հարկի հարևանուհիս էլ իր դնովի ատամներով մենակ աշնան ընթացքում տասը կիլո

պոպոք է կերել: Իսկ ե՞ս... ողջ օրը փափուկ բաներ։

Տարիքի հետ փոխվում է ամեն ինչ` անգամ նախանձի զգացումն ու առարկան: Ջահել տարիքում կինը

նախանձում է գեղեցիկ կանանց, հետո` հաջող ամուսնացածներին, քառասունում` երեխաներին և

ունեցվածքին, հիսունում` առողջությանը, իսկ հիմա` ընդամենը պրոթեզ ատամներին: Հաջորդ փուլում

նա կնախանձի հեշտ մեռնողներին` «Մի շաբաթվա հիվանդ եղավ», կամ` «Աստծու բախտավորն էր,

նստած տեղը մեռել էր, տանեցիք չէին էլ հասկացել…»:

Page 30: Anmahutyan sahman@

Մեկ այլ անգամ նրան կակնարկեի, որ էս լարված կյանքում մարդ հեչ հարազատ մոր համար

ժամանակ չունի, ուր մնաց թե… Բայց հիշեցի, որ խոստացել եմ պրոթեզ դնել տալ և նույնիսկ

ուրախացա. կզբաղվեմ նրա պրոթեզով ու չեմ կենտրոնանա ինձ վրա։

- Ծանոթ բժիշկ ունեմ, կկանչեմ թող գա,- հանգստացնում եմ:

- Չէ, ես կգնամ բժշկի մոտ... համ էլ տանից դուրս գալու առիթ է:

Երևանը թաղված էր մառախուղի մեջ: Այդ օրը մարդուն արդեն չէր կարելի ոչնչով զարմացնել,

որովհետև մարդկությունն արդեն տեսել էր ամենամեծ պատերազմը, ամենասարսափելի եղեռնը,

ամենաուժեղ փոթորիկն ու երկրաշարժը, ամենատարածված վարակները, ամենաթանկ գները,

քաղաքակրթության գերբնական ախորժակը…

Քաղաքը կորած էր Էմիրաթներից բերված արհեստական ծառերի, սինթետիկ խաղալիքների, պլպլան

քարերով շորերի, անորակ բջջայինների, հարստանալո՛ւ ցանկության մեջ: Ծառերը շարված էին

փողոցներում, վրաները փայլեր լցրած: Փայլեր էին ցանված նաև վաճառվող ծաղիկների, շենքերի,

փողոցային պոռնիկների, կառավարական տների, խանութների` աշխարհի՛ վրա. մարդիկ կյանքի վրա

փայլ էին ցանել, որ գայթակղիչ դառնա: Բայց փայլն արդեն էն միջոցը չէր, որ կյանքի որակը փոխեր.

ավելի զորավոր բան էր պետք, որովհետև կյանքը իրեն շատ էր բացահայտել, նրա մասին արդեն

հայտնի էր ամեն ինչ. ընդհուպ` անմահության սահմանը։

Ատամնաբուժական պոլիկլինիկան սպասարկում էր միայն հաշմանդամներին և թոշակառուներին:

Չնայած դրան, բոլոր կաբինետները երկրորդ հարկում էին, աստիճաններն էլ` թեք ու նեղ: Ժամից ավել

բարձրացանք երկրորդ հարկ: Կեսուրս գոհունակ փլվեց կաշեպատ բազկաթոռին։ Բժիշկը զննեց,

ասաց, որ եղած երկու ատամն էլ պետք է հեռացնել ու ողջը պրոթեզ դնել: Նա համաձայնեց: Բժիշկը

սկսեց դեղը հավաքել ներարկիչի մեջ, բուժքույրը առաջը քաշեց հաստ մատյանը, որ հիվանդին

գրանցի.

-Անուն-ազգանուն…

Կեսուրս կյանքում ապրել է բոլոր սերերը` որպես զավակ սիրել է ծնողներին, որպես ծնող`

երեխաներին, որպես կին` ամուսնուն, որպես քույր` եղբայրներին, որպես ընկերուհի`

ընկերուհիներին... մի խոսքով, չկա սիրո տեսակ, որ ճաշակած չլինի, թերևս, միայն սիրեկան չի

ունեցել: Բայց այդպիսի անմնացորդ սիրով արտասանում է բացառապես մի բան` սեփական անուն-

ազգանունը.

-Վարդանյան Լիդա Արամի:

-Վա՜յ,- զարմացավ բուժքույրը, որ նրա տարիքի կին էր,- կարգին էլ սիրուն կին ես, էդ ռսի բոզի անունն

ո՞վ է դրել վրադ: Հերդ հաստատ կոմունիստ է եղել:

Կեսուրս չպատասխանեց: Հանկարծակի վեր թռավ աթոռից, թեև արդեն բժիշկը մոտեցել էր հեռացվող

ատամն անզգայացնելու, ու նա բացել էր բերանը, որ սա լինդը սրսկի... ուրեմն վեր թռավ, փակեց

բերանն ու կանչեց ինձ.

-Արի, արի գնանք, ինձ էս ո՞ւր բերեցիր... իբր սրանք էլ բժի՞շկ են, իբր սա սպասարկո՞ւմ է…- թռավ

բազկաթոռից, շտապեց դեպի դուռը:

Հետևից գնում եմ ու համոզում.

-Դեմը Նոր տարի է... հլա պատկերացրու, որ խաշլամա ես ուտելու, պոպոք... արի նստի, թող բժիշկը իր

գործն անի:

-Չեմ ուզում, այ մարդ, ինչի ես պուճուր երեխա՞ եմ` ինձ ուտելիքով ես խաբում... Իբր դրանք բժի՛շկ են,

ես էլ դրանց ատամ վստահեմ:

-Գոնե քո կորցրած ժամանակն ափսոսա, քո աստիճաններ բարձրանալու դժվարությունը... բա ափսոս

չէ՞:

-Չէ, չեմ ափսոսում:- Ու մենք հաջորդ երկու ժամը հազիվհազ աստիճաններն իջնելով եկանք տուն:

-Էլ չհամարձակվես պոպոք ու խաշլամի անուն տալ,- նրան հասցրի տուն, սպառնացի ու գնացի

ձեռքերս լվանալու:

-Գնա, է՜,- նա էլ ինձնից նեղացավ,- իբր առանց խաշլամի ու պոպոքի Նոր տարին չի գա, կմնա կես

ճամփին:

Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակը հայտնաբերվեց 2005 թվին, լոնդոնյան

ահաբեկչությունից մի քանի օր անց, երբ ներս ընկավ տղայիս դասընկերն ու ասաց, որ տղայիս

հեռացրել են բժշկականից, որովհետև նա առանձնապես ոչ ոքի տղան չէ, բայց իրեն էնպես է պահում,

Page 31: Anmahutyan sahman@

ասես ինչ-որ մեկի տղան է, ու անընդհատ փախչում է դասերից: «Ավելին,- ասաց նա,- չես բռնել ու չես

հերձել Հայաստանի ամենամեծ դոդոշը, որպեսզի գտնես նրա ամենազգայուն նյարդը, գրգռես ու

խոշորացույցով զննես, որովհետև փախել ես պրակտիկայից… Մի խոսքով,- ասաց թուքը կուլ տալով,-

դու ոչ բնությանն ես պետք, ոչ էլ մարդկությանը»: Տղաս վերցրեց լսափողը, առանց բլոկնոտը քրքրելու

հավաքեց պրոֆեսորի համարը, ինչից ենթադրեցի, որ դա առաջին անգամը չէր, ու սկսեց նրան

բացատրել, որ հոգնել է մարդաբանության ամբիոնի վարիչից որպես տնային աշխատանք

անատոմիկից հենց նոր բերված անրակի ոսկորը ստանալուց: Ինքն այլևս չի ուզում ոսկորի

երկարությունն ու լայնությունը չափելով ճշտել հանգուցյալի տարիքը, չի ուզում տնային գրել անրակի

ոսկորի իր դիտարկումների մասին: Կյանքը ճանաչելու շատ ավելի գայթակղիչ մեթոդներ կան: Իսկ

եթե պրոֆեսորը հատուկ սեր ունի ոսկորների հանդեպ, ինքը կարող է ուսումնասիրել Երկրորդ

համաշխարհայինի տարիներին Հայաստանում ապրած ռազմագերիների ոսկորները, որոնց

եղբայրական գերեզմանոցներն արդեն հայտնաբերվել են, գտնվել են անգամ ծեր տեղացիներ, որոնց

հիշողության մեջ գերմանացի գերիները տպավորվել էին նրանով, որ բնակիչներից ոսկորներ էին

հավաքում, մանրացնում, վերածում փոշու և ուտում էին: Պարզվել է, որ նրանց մեջ եղել են

այնպիսիները, ովքեր փայտից հրաշալի խաղալիքներ էին սարքում և տեղացի երեխաների հետ

փոխանակում հացով, եղել էր նաև մի նկարիչ, ով Այվազովսկուց ոչ պակաս նկարել էր Սևանա լիճը:

- Մի խոսքով,- ասաց տղաս,- ես կուզենայի ուսումնասիրել ողջ կմախքը:

- Մենք մի կմախք ենք ստանում ողջ կուրսի համար: Թեև այս տարի ձմեռը ցուրտ էր, և մեզ բոմժերի

երկու դիակ էին խոստացել, բայց առայժմ այդ խոստումը մնում է օդի մեջ։ Վերջապես մտեք մեր

դրության մեջ, նախկինում մենք ոչ մի ջանք չէինք թափում դիակ ստանալու համար, չէինք էլ հիշում

դրա մասին. ամիսը պարտադիր երկու դի փոստով ստանում էինք: Իսկ հիմա՞… գիտությանը նույնիսկ

դիակ չի հասնում... ամենը, ամենը իրենք են լափում:

- …Կամ գոնե գանգը:

- Գանգը քո խելքի բանը չէ, դա գերազանցիկներին ենք տալիս,- խիստ ասաց դասախոսը:

Տղաս որոշեց զրույցն սկսել այլ տեղից:

- Լսե՞լ եք` հայտնաբերվել է արեգակնային համակարգի տասներորդ մոլորակը: Այն հինգ անգամ փոքր

է Երկրից:

- Ավելի լավ մեզ համար,- ասաց դասախոսը,- այնտեղ հինգ անգամ քիչ են արտանետումները,

շլակները, հարուստները, պատերազմները, սովերը, քաղաքակրթությունը, ուսանողները, կմախքները:

- …Եվ գանգերը:

- Հարգելիս,- հեռախոսի մեջ զայրացավ դասախոսը,- գանգը գերազանցիկներին ենք տալիս, իսկ Դուք

մի անգամ արդեն դուրս եք մնացել:

- Դա առաջադիմության պատճառով չէր,- արդարացավ տղաս,- ես փախա պրակտիկայից, որովհետև

խմբի խոհարարը ճաշին այնպիսի դեղեր էր խառնում, որից տղամարդկանց պոտենցիան թուլանում է:

- Ցանկացած վայրում, ուր կան տղամարդկանց կուտակումներ, այդպես են վարվում, այդպես ավելի

հեշտ է գիտությամբ զբաղվելը:

- Ես չեմ ուզում գիտությամբ զբաղվել իմ պոտենցիայի հաշվին:

- Դրա համար էլ գանգը տալիս ենք գերազանցիկներին: Իսկ Դուք մի անգամ արդեն դուրս եք մնացել:

- Պրոֆեսոր, ես արդեն ասացի` խոհարարը թեյին դեղեր էր խառնում, դրա համար էլ փախա:

- Հարգելի Սմբատ,- նա ծաղրանքով շեշտեց «հարգելի» բառը,- քո ինչի՞ն է պետք պոտենցիան, երբ դու

հերձող ես դառնալու, և քո գործը ընդամենը դիակի հետ է։

- Դե գնա, դու էլ… ես քո էշ տիրու մերը…- այնպիսի շինարարական արվեստով, ինչպես տղաս է

կառուցում իր հայհոյանքները, աշխարհում չի կառուցվել ոչինչ` ոչ Գեղարդի տաճարը, ոչ Էյֆելյան

աշտարակը, ոչ էլ անգամ եգիպտական բուրգերը: Բայց պրոֆեսորն անջատում է հեռախոսը` մեզ

զրկելով Վերին Երուսաղեմի ճարտարապետական արվեստը ուսումնասիրելու պատվից:

- Այ հիմա որ դուրս մնամ,- ասում է ինքնագոհ,- գոնե կհասկանամ` ինչի համար…

- Ափսոս էր,- ասում եմ,- մի ազգական ունեինք, էլի դիահերձող էր։ Գործից գլուխ չհանեց, էնպես էր

հերձել` հանգուցյալը երկրորդ անգամ էր մեռել, երրորդից էլ հազիվ էին փրկել։ Կլինիկայից հեռացրին,

դարձավ գրող. ասում էր առանց հերձելու չի կարող։ Միայն գործիքն է փոխել, հիմա էլ գրիչով է բացում

կյանքի անոթները, խցանված տեղերը հայտնաբերում, ուռուցք ու գոյացություն գտնում… Աստծո

մասին բանաստեղծություններ է գրում, ասում են` շա՛տ հաջող… Մեղմ ասած` Աստծո քարտուղար։

- Աստված էնքան մեծ է որ… - ձեռքը թափ է տալիս տղաս,- Աստծուն որ հայհոյես էլ` պոեզիա է

ստացվում, գրող է` թող մարդու մասին գրի։

Page 32: Anmahutyan sahman@

- Եվ առհասարակ,- նրան է միանում ընկերը,- բոլորս էլ նրա քարտուղարներն ենք, զինվորները կամ

դասալիքները, բայց դրանից ի՞նչ,- ու սկսում են հռհռալով պատմել, թե ինչպես մի անգամ, ընկերներով

Սևան գնալիս…

- Ուրեմն Քյավառում մի տերտեր կա, գիշերները եկեղեցուց օղի է ծախում: Սրանից մի քանի շիշ

առանք, խմեցինք… մի շուն գցեցինք մեքենայի տակ… Որոշեցինք տերտերի հոգու հետ խաղալ:

Գնացինք, ասեցինք` տերտեր, խաչ-մաչդ հավաքի, աղոթքներդ դասավորի, մարդ ենք գցել մեքենայի

տակ, արի տես ինչ ես անում: Տերտերը եկավ, տեսավ` շուն է, տեսավ` իրեն ձեռ ենք առնում, ասեց`

աղոթելը աղոթեմ, բայց ասեք տեսնեմ` որի՞դ հերն է, որ Տիրոջից անուն-ազգանունով, փաստաթղթով

դրախտ ուզեմ: Մենք էլ բռնեցինք, տերտերի միրուքը փետեցինք:

- Ամոթ ձեզ, ինչքան չլինի Աստծո սպասավոր է, ինչի՞ եք էդպես արել:

- Եթե Աստված իր սպասավորին հատուկ ուղարկել է արաղ ծախելու, մեզ էլ հատուկ ուղարկել է նրա

միրուքը փետելու:

Առավոտյան դեռ մի կարգին չեմ արթնացել, մտնում է սենյակս։ Նստում եմ անկողնու մեջ ու սպասում

հերթական անակնկալին։ Մեկ էլ ձեռքը թափով առաջ է բերում ու մի գանգ պահում քթիս տակ. «Յորիկ,

իմ կալցիում Յորիկ»,- կտտացնում է գանգի քթին։ Սարսափած ճչում եմ` վա՛յ մամա ջան, որովհետև

դրանից սպասելի է` եսիմ ում մեռելի գանգն է թռցրել։

- Մի վախեցի,- հանգստացնում է,- պլաստմասսից է… քաղաքում խաղալիքների նոր խանութ են բացել`

«Սյուրպրիզ», ինչ ասես որ չկա` էլ քիթ, էլ աչք, էլ աղիք, նույնիսկ կղկղանք… իսկականից չես

տարբերի։ Տես,- ձեռքը տանում է գրպանը, հանում է ու երկու մատով ճևացնում հանածը։ Թո՛ւ։ Խլինք։

Դեղնականաչավուն, պինդ դոնդող` քելխոտ բիձու խորխած… հիացած ցուցամատն ու բութը

մոտեցնում է իրար, հեռացնում։ Մոտեցնում է, հեռացնում։ Խլինքն էլ մատերի հետ ճևում, գնդվում։

Ճևում, գնդվում։

- Նայի, ներքև էլ է իջնում,- գունդ է անում ու մատից կախ` թափահարում։ Անտերը ճևում է, ճևո՜ւմ…

հասնում գետնին։

- Հիմա հետ կտամ,- բերանս բռնած ասում եմ ափիս մեջ։

- Իսկական չէ,- ասում է տղաս, քանի հետ չեմ տվել,- «Սյուրպրիզից» եմ առել։ Ինձ մի քիչ փող պիտի

տաս…

- …Բարլուսի փոխարեն,- նախատում եմ։ Դեռ բռան մեջ շաղախում է արհեստական խլինքը:

- Ի՞նչ անեմ,- արդարանում է,- ամբիոնի գանգը ջարդել եմ։

- Ինչի՞։

- Հեչ։ Միամիտ ձեռքս կպավ։

- Ինչի ո՞ւր էր դրված որ…

- Պահարանի մեջ։

- Բա ո՞նց միամիտ ձեռքդ կպավ։

- Լավ,- որոշում է անկեղծ լինել,- ես եմ ջարդել։ Ծեփեցի պատին… հո չփշրվե՜ց… իսկական

սյուրռեալիստական անձրև։ Մի խոսքով, պիտի մի տեղից ճարեմ, որ գործը չհասնի միլիցայություն։

Փող տուր, տեսնեմ անատոմիկներից կարո՞ղ եմ առնել։

- Իսկ եթե չտա՞մ։

- Չես կարող չտալ, դա ամբիոնի միակ գանգն էր պրոֆեսորի ճաղատից հետո։

Ընկերուհիս մեքսիկական սերիալ էր նայում. «Վառվո՜ւո՜ւմ եմ…- գոռում էր ամենաբարձր նոտայից,

ինչպիսին դեռ հայտնաբերված չէ երաժշտության մեջ,- հլա էդ լրբին տես, էդ ի՜նչ է անում… և ո՞ւմ հետ`

քրոջ ամուսնու»: Նրան նայելով առաջին անգամ հասկացա սերիալների տարածվածության

պատճառը. այնտեղ հերոսուհիներն անում են այնպիսի այլանդակություններ, որոնց մասին

հեռուստադիտող կանայք անընդհատ երազում են, բայց այդպես էլ իրենց թույլ չեն տալիս:

- Եթե հավատանք դրսից եկած ֆիլմերին, ողջ Եվրոպայում` ամերիկայախառը, ողջ աշխարհում`

Հայաստանից բացի, նորմալ կին ու տղամարդ, հայր ու մայր, քույր ու եղբայր չի մնացել։ Բոլորը

խուժան ու նարկոման են, բոլորին պոռնկությունը կերել է այն աստիճան, որ հայրը բռնաբարում է

աղջկան, եղբայրը` քրոջը…. Էդ մարդիկ կրակն են ընկել իրենց սեռական բջիջների ձեռքը, որոնք

բազմանում են բակտերիայի արագությամբ, որովհետև էդ խեղճերի միակ աշխատող օրգանը դա է…

Բայց գալիս են, չէ՞` մեկումեջ նորմալ երաժիշտներ են գալիս, այլ գործիչներ, բա դրանք ինչի՞ արդյունք

են, լրբությա՞ն:

Page 33: Anmahutyan sahman@

- Հա,- պնդում է նա,- նրանց լրբությունը հասցված է կատարելության, դրա համար էլ էդպիսի

արդյունքներ է տալիս:- Ու էլի աչքերը պլշկում է հեռուստացույցին.- Նայի… նայի…

- Ամոթ է, թարգի,- ասում եմ,- գրագետ աղջիկ ես, էնպիսի կուլտուրական բառեր գիտես, որոնք միայն

կառավարական որոշումներում են օգտագործվում, նայածդ է՞դ է։

Բա դրանց սարսափ ֆիլմերը, դրանց վամպիրները… Փաստորեն Ամերիկայում երկուսից մեկը

վամպիր է, հատկապես գեղեցիկ մեծ կրծքերով աղջիկներն ու թիկնեղ տղամարդիկ: Նրանք ցերեկը

գայթակղում, ժպտում, սիրում են… գիշերը հանում են իրենց վամպիրական ատամը, սուր, մեծ, խրում

են մսիդ մեջ, ծծում են արյունդ մինչև վերջին կաթիլը, դատարկում-մաքրում երակներդ ու տեղը

նարկոտիկ են լցնում, իրենց ժամկետանց դեղերը, պեդիկներին, մարդասպաններին, գողերին,

չբերներին, պոռնիկներին, ինչ ունեն-չունեն` լցնում են քո արյան փոխարեն: Բա էդ Եվրոպան,

Եվրոպան… էդ թուրքացած Գերմանիան, էդ չինացի-նեգրերով լցոնած սև ու դեղին Ֆրանսիան, էդ

կիսասովետական Լեհաստանն ու Հոլանդիան… չկա՛, չի՛ մնացել աշխարհում ոչինչ` մաքուր հող,

մաքուր օդ, մաքուր ազգ… մենակ մենք ենք, ու մեզ էլ ուզում են իրենց նման թուրքացնել, դեղնացնել ու

սևացնել... Նրանք վատ են զգում մեր մաքրությունից, նրանք դրանից հիվանդանում են ու` դավա՜յ…

իրենց միակ բուժումը մեզ թալանելը, այլասերելն ու ավերելն է… Ըստ սոցիալական վիճակագրության`

հայի յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում հազար եվրոպացի. նրանց արտանետած գազերը,

շլակները, թափոնները, հին մտքերը, հնացած շոր ու կոշիկը, ցեցը կերած սիրտը:

Համապատասխանաբար յուրաքանչյուր հազար եվրոպացու բաժին է ընկնում մեկ հայ.

յուրաքանչյուրին, ըստ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշման, մի օրգան կամ

պատառիկներ դրանից` ձվի մի թայը, սրտի մի փորոքը, մի աչքը, մի ականջը, քսան սանտիմետր

բարակ կամ հինգ սանտիմետր հաստ աղիք, որը նրանք կարող են տնօրինել ըստ հայեցողության.

կուզեն իրենց հնացած օրգանները կփոխեն, կուզեն` ժարիտ արած կուտեն ձվածեղի հետ:

Հայաստանում սպառողական զամբյուղը կազմում է 23000 դրամ` կեղծ հաշվարկով: Եթե ճիշտ հաշվեն,

այն անհամեմատ թանկ կլինի, որովհետև սննդից բացի այնտեղ խառնվում է համաշխարհային թույնն

ու թարախը… Շուտով կհայտնվի մեկ այլ Լենին, մեկ այլ Ռուսաստանից, ասենք Ամերիկայից, կամ էլ

Եվրոպայից, կաքսորի մեր ծնողներին, կսպանի մեր հանճարներին, մեր երեխաներին կքշի ուրանի

հանքերը, և մենք արտասվախառը հուզմունքով, դրոշներով ու հայրենասիրական պլակատներով

կվազենք նրան ընդառաջ։ Արդեն եկել են առաջին հումանիտար օգնությունն ու եղբայրական կոչերը։

Ժողովո՛ւրդ, զգա՜ա՜ստ. Արևմուտքն է գալիս…

- Նյարդերիդ վիճակն ինձ դուր չի գալիս,- ընկերուհիս պնդում է, որ սթրեսից դուրս գալու ամենալավ

միջոցը գնումներ անելն է, բայց քանի որ դրա հնարավորությունն առայժմ չկա,- բեր,- ասում է,-

դեմքներս թարմացնենք:

Դեմքներիս դրոժով դիմակ քսած` շարվում ենք հեռուստացույցի առաջ: Հեռուստացույցը` թշնամու

ջրածնային ռումբը մեր երկրում, օրը չորս անգամ որ չի պայթո՜ւմ` ճառագայթներով ու ճառագայթաձև

ալիքներով… ու գնա՜ց «Լրաբերը»` կառավարության կլոր կնիքով ու ստորագրությամբ։ «Լրաբերը»

գործում է պրոֆեսիոնալ որսորդի նման` սպանում է թունավորելով, առանց ժողովրդի մորթը

փչացնելու։ Նա անմիջապես հայտնում է, թե որ երկրի նավթային շահն է բախվել որ երկրի ատոմային

շահին, թե ինչպես Բագրատաշենի անցակետը շրջանցելով սատանան զարտուղի ճանապարհով

վաղուց արդեն մուտք է գործել հանրապետություն, իսկ, այ, Աստված ուշանում է, որովհետև ձգձգվում

է օդանավակայանի վերանորոգումը, որտեղ պիտի վայրէջք կատարի այն ինքնաթիռը, որը

եվրոպական աստված է ներկրելու և եվրոպական ժամկետանց արդարության պահածոներ, որոնցով

պիտի սնվի Երկնավորը… Բայց արժե՛ դիմանալ այս վիճակին, որովհետև ի վերջո կունենանք

ամենամեծ շքեղությունը` եվրոպական աստված` մի քիչ այլ կերպ խաչված Քրիստոս… ասենք, մեխերի

փոխարեն լազերային ճառագայթներ կամ էլ, ասենք, պանկ տիրամայր` ռեփմենի պես մի հոնքը

թրաշած:

«Լուրերի» յուրաքանչյուր թողարկումից առաջ Բժիշկների համահայկական ասոցիացիան և Կարմիր

խաչը զգուշացնում են` չօգտվել ամերիկյան գաղափարախոսությունից, չուտել պարսկական մակարոն,

չվառել ռուսական գազը, չգնել Թուրքիայից բերված շորեր և չհագնել չինական արտադրության

կոշիկներ… Քաղաքացինե՛ր, կյանքը հակացուցված է մարդուն: Իսկ «Լուրերը» թքած ունի

Հիպոկրատի զցուշացումների վրա և մահվան թերապիայով մեզ ընտելացնում է քսանմեկերորդ դարի

կյանքին: Հաղորդավարը սկսում է օրվա կարևոր թեմաներից.

Պուտինն է եկել։ Ռուսաստանը իր շարժական եղբայրությունը որպես փոխանցիկ դրոշ Կովկասի

վրայով բերել է Հայաստան: Ցուցադրական ձեռքսեղմում: Լպրծուն ժպիտ, որը կա ցանկացած

պրեզիդենտի դեմքին, անկախ այն բանից` տվյալ երկիրն ունի՞ միջուկային զենք, թե` ոչ: Պուտին`

կլոնավորված Լենին։ Բուշ` ևս մի Լենին, այս անգամ` մոդիֆիկացված։ Շուտով կկայանա Պուտին-Բուշ

Page 34: Anmahutyan sahman@

հանդիպումը, և պարզ կդառնա, թե Կովկասն ինչպե՞ս կիսեցին իրար մեջ, Հայաստանը որի՞

տնամերձում մնաց։ Գլոբալիզացիա… կենսաբանորեն` մարսողություն, երբ ստամոքսում ամեն ինչ

խառնվում-ձուլվում է… մենք ձուլվում ենք աշխարհին. դրանից աշխարհը դժվար թե փրկվի, բայց մենք

հաստատ կոչնչանանք, որովհետև հայոց լեռները քարից են, ու համաշխարհային ստամոքսը իր բոլոր

ծորաններով բաց է թողնում լեղի, որ ոնց հարկն է մարսվենք. կոշտ սնունդ ենք վերջապես:

Նայում եմ հաղորդավարուհուն ու մտածում. կարո՞ղ է տղամարդը համբուրել կնոջը, եթե նրա

շուրթերից հնչում է միայն քաղաքական արտաթորանք, ճիշտ է` էկոլոգիապես մաքուր, խմբագրված-

օդեկոլոնված, արտասահմանյան միկրոէլեմենտներով հարստացրած… Հնարավոր չէ… անգամ 70-ից

հետո, երբ տղամարդու սեռական օրգաններից միայն աչքերն են ողջ մնացել: Իսկ նա գրագետ ձայնով

շարունակում է` «Արևմտյան մշակութային նոր ծրագիր, որի ձեռքբերման վրա ՀՀ արտաքին գործերի

նախարարությունը քրտինք է թափել երկու տարի… «Հումանիտար մահվան համաշխարհային

կազմակերպությունը» Հայաստանում. շտապեք օգտվել նրա աստվածահաճո առաքելությունից`

անվնաս էվթանազիա ամերիկյան կատարելագործված մեթոդներով: Ընդունվում են կոլեկտիվ հայտեր:

Երեխաներին և ծերերին` արտահերթ»: Էկրանին` ցնցող ու նոր բժշկական սարքավորումներ, ստերիլ

սենյակ, ուր ամեն ինչ ախտահանված ու ոչնչացված է, որովհետև մահը ալերգիա ունի կյանքի

միկրոբներից։ Բարի լուրեր շարքից` Արաբական Էմիրությունների և մեր երկրի միջև հաստատվել են

դիվանագիտական հարաբերություններ։ Ձեռք բերելով հայ ժողովրդի բարեկամությունը`

էմիրությունները ձեռք է բերում երեք միլիոն սպառող։

Լրատվության դարդից ես փոխել եմ ընթրիքիս ժամը, որ այնտեղից հոսող աղբը չխառնվի իմ հացին:

Բայց պրծում չկա, որովհետև համաշխարհային աղբի արտահոսքն անընդհատ է, և անգամ քնած

ժամանակ` շըխկ, շըխկ, խփում է գլխիդ, էնքան է խփում, մինչև գլուխդ ծակվում է, ու համաշխարհային

մոլագարները ներթափանցում են ուղեղդ, և քո երևակայությունը կաթված ու ինֆարկտ է ստանում,

գմփոցով պայթում են բոլոր երազներդ։

- Համոզվա՞ծ ես, որ սա դեմք է թարմացնում,- ձեռքով ծեփծփում եմ դեմքս, ապա հոտ քաշում

մատերիցս,- շան հոտ է գալիս։ Բա փող չունենայի՞նք, գնայինք, փռվեինք վարսավիրանոցում, ու մինչ

մտքներումս կորոշեինք` ինչքա՞ն փող մսխենք, ո՞ր խանութում, նրանք քսեին, մաքրեին,

սպիտակացնեին ֆիրմա կրեմներով:

- Խելք հավաքի, ֆիրմա չկա, էստեղի ամեն ինչը կեղծ է, միայն փաթեթներն են ֆիրմա` սկսած

ժողովրդավարական կոչերից, վերջացրած սննդով, ամեն ինչն էլ թույն է, բայց բերում են ու

թանկուկրակ ծախում, քանի միամիտ ենք։

Ու Երևանում օրական քսանից քառասուն ֆիրմային խանութ է բացվում։ «Ուղիղ Եվրոպայից»`

նեոնային լույսերով տառերը վառվում են, ու գեղեցիկ է, ու խանութի ամեն ցուցափեղկի ամեն ապակին

արժե այնքան, որքան Անդրկովկասի, Կովկասի ու Ռուսաստանի գիտնականների հարյուր տարվա

աշխատավարձը միասին վերցրած ու քառակուսի բարձրացրած: Խանութի շքեղ ապակիների գինը

մտնում է ապրանքի գնի մեջ, ու դրանից երևանյան նկուղներում կարված շոր ու կոշիկը դառնում են

եվրոպական, իտալական ու ֆրանսիական… Ամեն ինչի մեղքը նեոնային լույսերինն է, դրանք կային

սովետական տարիներին, դրանք կան հիմա։ Սովետական տարիներին խանութների գլխավերևում

վառվում էին ռուս-հայկական եղբայրական տառերով, հիմա վառվում են հայերեն տառերով, բայց

անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, արաբերեն` գլոբալիզացիայի՛ բառերով… Դրանք

խելքահան են անում ժողովրդին, և թվում է, թե կյանքը բաղկացած է միայն արտասահմանյան

թափոններից։

- Առհասարակ Եվրոպան կգա՞, թե՞ կմնա Հարավսլավիան փրկելու, կյանքը մի տեսակ կորցրել է

հմայքը: Չեմ հասկանում ինչի՞ց է,- ասում եմ հայելու մեջ դեմքս տնտղելով։ Դեղնավուն դրոժը դեմքիս

չորացել, ճաքճքել է, ու դեմքս աղուտ հողի տպավորություն է թողնում:- Ջահել մեռնելը մի

առավելություն ունի` մարդկանց հիշողության մեջ գեղեցիկ ես մնում,- ավելացնում եմ։

- Հլա քեզ նայի,- հուզվում է ընկերուհիս,- բա դա մեռնողի դե՞մք է, բա մարմի՞նդ… թարմացել, դարձել

ես տատրակ։ Թողնեն` ապուշ-ապուշ դուրս տաս,- խոսելու ընթացքում մատների ծայրով շոշափում է

սեփական դեմքը:- Մաշկս մրմռում է… Լավ էլ ձգել է,- նայում է ժամացույցին։ Քանի որ դեմքը լվանալու

ժամանակը մոտ է, ձեռի հետ սուրճի պատրաստություն է տեսնում, դարակից հանում է բոված դդմի

կորիզը, մի քիչ էլ չամիչ։

- Ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, թե դրոժը կոսմետիկական տաղանդ ունի,- ես էլ եմ մատերիս

ծայրով տպտպացնում կեղևակալած դեմքիս,- մենք մի հարևան ունեինք, փոխանակ մյուս

քաղաքաբնակների պես շուն ու կատու կամ գոնե սպիտակ առնետ պահեր, հավ էր պահում: Իր

եղունգների տակը երկու թիզ կեղտ, թռչնի չանչերին ամեն օր մանիկյուր էր քսում,- ասում եմ

Page 35: Anmahutyan sahman@

զզվանքով մատերիցս հոտ քաշելով:- Երբ ուզում էր, որ իր հավը թուխս նստեր, բայց դեռ ժամանակը

չէր, հավին դրոժ էր կերցնում, սա մի երկու օր հետո թթվում, ծանրանում, թուխս էր նստում…

- Ես էլ գիտեմ, որ օրինակ` Երևանի ամենամեծ հացի գործարանում դրոժի հետ հացի մեջ ինչ-որ դեղ են

գցում, էն որ հոգեբուժարաններում տալիս են կատաղի գժերին, որ արյան ճնշումն իջնի, տոնուսից

ընկնեն ու ընդունակ չլինեն կատաղության: Բայց դե դրանք մեր մաշկի հետ ի՞նչ կապ ունեն:

Սառնարանից մաճառ է բերում` ընտիր է, գովում է: Ես էլ պահարանից բաժակներն եմ հանում: Չեմ

համբերում մինչև լվացվելը, լցնում եմ, խմում.

- Լավն է:- Նրա համար էլ եմ լցնում:- Խմիր, քանի քաղցր է: Թե չէ շուտով կհնանա, կթթվի, կդառնա

գինի, կդառնանա ու կդառնացնի խմողի բերանը:

Նա հրաժարվում է. դիետայի վրա է: Ընտիր դիետա է` ասում է, առողջարար. կծում ես մի պատառ օդ,

վրայից խմում մի բաժակ հանքային ջուր, մի պատառ օդ, վրայից` ջուրը: Առաջին օրը մի պատառ,

երկրորդ օրը` երկու, երրորդ օրը` երեք… մինչև տասնհինգ և ետ: Դիետայի վերջում վրա է հասնում

առողջարար քունը: Որոշել է գրի առնել այս դիետան և ուղարկել որևէ հեղինակավոր թերթի` պայքար

կաշառակերության դեմ թեմայով: Հույս ունի, որ իրեն շնորհակալություն կհայտնեն ժողովրդի

անունից:

- Մի օրինակ էլ ինձ կտաս, տանեմ կեսուրիս: Տնաշենը դարձել է հարյուր հիսուն կիլո: Ինչ մեղք են դրա

դագաղը տանողները:

- Ինչի մահամե՞րձ է:

- Չէ հա՛: Հարյուր հատ մեր նմանին ճամփու կդնի։

- Տեսնում ես` ինչ տիպն է… Չի էլ մեռնում` մի խեր էլ իրենից գա:- Կռվում է կեսուրիս շվաքի հետ ու

դեմքից չորացած դրոժը փշրելով` գնում լվացվելու:- Դու ինչի՞ ես էդքան դաժան վարվում քեզ հետ:

Հետո էլ դժգոհում ես,- հարձակվում է ինձ վրա:- Ինքդ որ քեզ չհարգես… կեսուրն ո՞վ է, որ գնաս

տեսնելու, հլա բան էլ տանես: Փող է ընկել ձեռքդ` վայելի՛ր, ժամանակ ունես` ման արի… կե՛ր, խմի՛,

քեֆ արա՛… բերնիցդ կավելանա` ուրիշին կտաս, գրպանիցդ կավելանա` ուրիշին կտաս: Հանուն ինչի՞

ես քեզ զրկում:

Տղայիս նկարիչ ընկերը նոր նկարներ ու էսքիզներ է բերել դաջվածքի համար։

- Մաղարիչ…- ասում է տղաս ընկերոջ բերած թղթերը քրքրելով։

- Ինչի՞ համար։

- Ո՞նց…- զարմանում է տղաս,- դու թերթ չես կարդո՞ւմ։

- Չէ, չեմ կարդում։ Ես նկարիչ եմ, եթե էդքան աղբ լցնեմ գլուխս, բոլոր գույները էնտեղ կխամրեն։ Իմ

հոգին և միտքը էկոլոգիապես մաքուր պետք է լինեն, որպեսզի ես որպես ստեղծագործող չոչնչանամ։

- Քեզ մրցանակ են տվել,- հուզված տեղեկացնում է տղաս,- որ հանձնեցին` մաղարիչ։

- Ահ, չեմ սիրում մրցանակները։

- Ո՞նց կարող է չսիրես, երբ քեզ գնահատում են,- զարմանում է տղաս,- ձևեր ես թափում։

- Մրցանակը երկու դեպքում եմ ճիշտ համարում. երբ ստեղծագործողը սկսնակ է, և հասարակության

գիտակցության մեջ պետք է նշել նրա տեղը և երբ նրան դեպի մահ են ուղեկցում։ Փառք Աստծո, երկու

վիճակն էլ ինձնից հեռու են։

- Ուրեմն քեզ վերացնելու ժամանակն է,- կատակում է տղաս:

Մարդահամար։ Ոմանք ասում են պետական միջոցառում է, մասսայական արտագաղթից հետո

կառավարությունն ուզում է իմանալ` երկրում մարդ մնացե՞լ է արդյոք։ Եվ եթե այո, ապա` ովքե՞ր։

Ոմանք էլ, թե` արտասահմանից փողեր են ստացվել և պատճառ է պետք դրանք «լվանալու»։ Ինչ որ է,

լիազորված մարդիկ տնետուն ընկած մարդահամար են անցկացնում։

- Բեր մի երկու հոգի ավել գրենք, որովհետև աղքատության կրճատման ծրագրով Եվրոպան մեզ ըստ

մարդկանց քանակի է վարկ հատկացնելու,- առաջարկում է մեր տուն եկած լիազորված պապին:- Համ

էլ թող թուրքերը վախենան, թող մտածեն` շատ ենք:

- Գրի` ուզում ես տասը հոգի…- հայրենասիրությունս բռնում է:

Նա հատուկ հաշվառման քարտի վրա անհասկանալի ձեռագրով նշումներ է անում մեր հասցեի

դիմաց` բնակարանի գնման, գրանցման, ապրողների ծննդյան թվեր, տառեր, գծեր` մինուս ու պլյուս,

կախման կետեր, որովհետև հիմա ժամանակ չկա գրելու, կաբինետում կլրացնի… մոտավորապես

Էրեբունու պատերին թողած Արգիշտի արքայի նամակը սերունդներին։ Առկա ու բացակա մարդկանց

Page 36: Anmahutyan sahman@

անունները գրելով` հեռանում է։ Ես գոհ եմ ինձնից. հայրենասիրական արարք եմ կատարել`

թուրքերին վախեցրել եմ իմ չբերած երեխաներով և երկրից բացակայող ամուսնով։

Ծեծում են դուռը։ Նայում եմ` դռան առաջ ոստիկան է կանգնած։

- Դուք համատիրությանը պարտք եք մոտ հինգ հարյուր դոլար,- բացվող փականի ձայնը լսելով, դեռևս

դռան հետևից սկսում է նա,- որովհետև յոթ շունչ եք, բայց երկուսի համար եք կենցաղսպասարկման

վարձեր մուծել:

Ես քարանում եմ.

- Եվ բացի այդ` տուգանք, դարձյալ հինգ հարյուր դոլարի չափով,- ավելացնում է դռների մեջ կանգնած,-

նման ինֆլյացիայի պայմաններում հինգ հարյուր դոլարը մի մեծ բան չէ, մանավանդ որ ձեզ դրսից

գումար են ուղարկում, էնպես որ` ստորագրեք,- ես նրան ներս չեմ հրավիրում, ու նա թղթերի կապոցը

ծնկին դրած` գրիչը մեկնում է ինձ: Ես ստորագրում եմ.

- Տուգա՞նքն ինչի համար:

- Որ թյուրիմացության մեջ եք գցել պետությանը, որովհետև մեզ հայտնի է, որ դուք ընդամենը երեք

հոգի եք` երկու ներկա, մեկ բացակայով: Այսպիսով, դուք պետությանը պարտք եք ընդհանուր առմամբ

հազար դոլար, որն առանձնապես մի գումար չէ նման ինֆլյացիայի պայմաններում… Եվ ձեր

ստորագրությամբ,- թուղթն աչքերիս դեմ պահած` մատնացույց է անում ստորագրությունս, որ

հասկանամ` դիմադրել կամ փոշմանել չկա,- պարտավորվել եք մուծել մեկ ամսվա ընթացքում։

Նա լաց է լինում: Նայում եմ գլխավերևումս նստած տղայիս` վախեցած, կարմրած աչքերով, ու…

հաճույքից մեռնում: Նոր բացահայտում` ես մազոխիստ եմ, կամ ֆաշիստ, կամ էլ ավելի սարսափելի

մեկ այլ -իստ` ես միակ մայրն եմ աշխարհում, ով հաճույք է ստանում իր որդու արցունքներից։

Ուշագնաց եմ եղել: Նա վախեցել, լաց է լինում: Չգիտեի, որ իմ մասին մտածում է, ինձ համար

վախենում: Ուզում եմ անընդհատ ուշագնաց լինել, որ գլխավերևումս նստած, վախեցած լաց լինի:

-Ո՞նց ես,- հարցնում է թաց քիթը քաշելով:

-Վատ։ Գլուխս պտտվում է:

-Ուզո՞ւմ ես մի բան բերեմ` թեյ, սուրճ:

-Դժվար կուլ գնա,- ինձ եմ ծանրացնում:

-Վախից սիրտս կանգնեց,- բողոքում է տղաս,- քեզ կարգին պահի, էլ չուշաթափվես:

Խեղճ-խեղճ ուսերս վեր եմ քաշում.

-Ինձնի՞ց է կախված: Ճակատագիր…

-Իմ գործը չէ, ճակատագրիդ հետ լեզու գտի, ուշաթափվելս որն է… էդ էլ թազա թիթիզություն է…-

ասում է ու վեր կենում.- Գնամ սուրճ բերեմ:

Այն պահին երբ մենք սուրճ էինք խմում, ռադիոն հաղորդեց` հայ սակրավորների խումբը մեկնում է

Իրաք: Տղաս ասաց, որ ականի վրա պայթելը նրանց համար հեչի պես բան է, եթե հաշվի առնենք, որ

պետական բյուջեից նրանց բարձր աշխատավարձ են տալու: Իմ կարծիքով ճիշտը սեփական մահով

մեռնելն է, թեև դրա համար քեզ ոչ ոք չի վճարում:

-Չդառնա՞մ զինվորական:

Ճպպացնում եմ, իբր` քեզնից ինչ զինվոր:

-Ինչի՞ որ. ինձ կառևանգեն իրաքցի գրոհայինները...

-Հիմար-հիմար մի խոսի… ուզում ես էլի՞ ուշաթափվեմ:

-Էլ չես կարող: Էդ մեկն էլ եսիմ ոնց հաջողացրիր,- ծաղրում է:

Խեղճ-խեղճ կուչ եմ գալիս բազմոցի անկյունում` իբր անհալ հիվանդ եմ, մեկ էլ` ականջիս տակ

բառաչում է հեռախոսի անհեթեթ ձայնը` ինչ-որ մուլտֆիլմից կովի երգ, որը տղաս վերջերս է գցել

հեռախոսի մեջ։ Վերցնում եմ, ու մեկը սրտապատառ կանչում է.

-Սմբո ջան, հասի… բիձաս ձեռից գնում ա,- կողքի մուտքի տատին նեղն է ընկել ու նրա համար

ավարտած-չավարտած մեկ է` տղաս բժիշկ է։

Ծերուկն ինսուլտ է տարել, բայց քանի որ հիվանդանոցի փող չունեն, շտապօգնության բժիշկը բուժում

է նշանակել, թողել, գնացել։ Ես իհարկե հիմար չեմ, որ տղայիս փոխանցեմ լսափողը։

-Ալլո, ալլո,- կանչում եմ` իբր չի լսվում, ու անջատում եմ։

Չանցած երկու րոպե` տատին` դըմբ, դըմբ, դըմբ, բռունցքներով ծեծում է դուռը։ Տղաս բանից

անտեղյակ բացում է։

- Խեղճ մարդուս աչքերը կուլ են գնում,- սարսափած տեղեկացնում է նա,- հասի։

Page 37: Anmahutyan sahman@

-Տատի, ես քո իմացած բժիշկը չեմ։ Ես ամենավերջում եմ գալու։ Սկզբում գալիս է գերանդին ուսին սև

շորերով մարդը, հետո` ես։

-Այ բալա,- համառում է տատին,- էս քաղաք տեղը ես գերանդի որտեղի՞ց ճարեմ… հլա դու արի նայի,

հետո ով կգա` թող բարով գա։

-Դու էլ արի,- ասում է տղաս մի տոնով, ասես ինձ քեֆ ու հարսանիքի է հրավիրում:

-Վատ եմ,- քիթմռութս խառնած` հրաժարվում եմ:

-Դրա համար եմ ասում, էլի։ Փսիխոսեանս… Երբ մարդը տեսնում է իրենից ավելի վատ վիճակում

գտնվող մեկին, լավատեսությամբ է լցվում, սկսում է Աստծուն փառք տալ ու շնորհակալ լինել, որ իր

հանդեպ մեղմ է վարվել։ Կատակ չեմ անում, արի, տեղում կբուժվես։

Ճամփին տղաս զանգահարում է մեկ այլ ուսանողի, ով պիտի նյարդաբան դառնա։ Սա խոստանում է,

որ կգա։

-Տատի, կարո՞ղ է` խնամքը լավ չես կազմակերպում,- հարցնում է տղաս,- դեղերը ժամանակին տալի՞ս

ես։

-Բա ո՞նց, բա առանց դեղի՞… նորածին երեխու պես նայում եմ։

Աթոռները շարում ենք, նստում պապի կողքը։

-Բարի օր պապի,- տղաս բռնում է ծերուկի զարկերակը, շոշափում, նայում ժամացույցին, մտքում

հաշվում,- հլա լեզուդ ցույց տուր,- պապին լեզուն հանում է դուրս,- ատամներդ էլ ցույց տուր։ Պապի,-

թփթփացնում է նվաղած պապի այտին,- ասում եմ` օդը կծի։

Պապին շրթունքները դողդողացնելով բացում է բերանը, մի կերպ ատամները սեղմում իրար։

-Լավ ես, լավ, պապի… մի վախի,- սիրտ է տալիս,- էս հիվանդության բնույթն է էդպես. պիտի մի քանի

օր վատանաս, հետո կդզվես։

Տատին տղայիս թևից քաշում է միջանցք` «Լա՞վ է»,- հարցնում է գաղտագողի։

-Դե…- կմկմում է տղաս,- համենայնդեպս մեռնող չի։

Էս լսեցինք։ Տատին բերեց ճաշը` լոբով բրդած ճաշ, ու սկսեց արագ-արագ լցնել ամուսնու բերանը։

Հետո` թեյ, հետո` ձվածեղ։

-Տատի, ինքը հիվանդ է,- հիշեցնում է տղաս,- իրա ստամոքսը պետք չի էդքան լցնել։

-Վայ, տղա ջան, հիվանդին զատո սնունդն ա,- տատին դատարկ ամանները տարավ խոհանոց։ Քիչ

հետո եկավ նրանց որդին։ Պապին տնքում է, ֆսֆսում։ Տատին արագ-արագ Աստվածաշունչ է կարդում

ամուսնու սնարին, որդին գլխավերևում աղոթում է։ Տղաս անհանգիստ զանգում է իր ուսանող

ընկերոջը։ Սա ասում է` հասնելով է։ Տատին Աստվածաշունչը ցած է դնում։ Գնում խոհանոց։ Նոր ճաշ է

բերում` հավի մսով, ձավարով, բադրիջանով…

-Էդ ի՞նչ է,- զարմանում է տղաս։

-Շատ համով է, ախպարական ճաշ։ Լցնե՞մ փորձես։

- Ստամոքսը ջրաղաց չէ, չի մարսի, մի տուր…

-Վա՜յ, այ բալա,- զարմանում է պառավը,- հետն էլ բժիշկ ես, չգիտե՞ս` հիվանդին զատո սնունդն ա։

-Շունչս կտրվում ա,- տնքում է պապին։

Տատին արագ-արագ ուղղում է անկողինը, նստում կողքին։ Որդին աղոթք է կարդում, պառավը

գդալները վրա-վրա դատարկում է հիվանդի փորը։ Ամանը տանում խոհանոց, գալիս նստում, վերցնում

է Աստվածաշունչը ու սկսում փսփսալով կարդալ։ Տղաս զանգում է ընկերոջը։ Սա ասում է` հասնելով է։

Տատին դադարում է կարդալը։ Որդին շփում է հոր ձեռքերն ու վերսկսում աղոթքը։ Տատին նոր ճաշ է

բերում խոհանոցից.

-Տատի, էդ մարդը մեղք է,- զցուշացնում է տղաս,- վերջին հաշվով ստամոքս է, աղբաման չէ, որ առանց

ընտրության ձեռքդ ընկածը նետում ես մեջը։

Բայց տատին բուժման իր մեթոդն ունի։ Բրդած բորշչը արագ-արագ լցնում է պապի փորը։ Պապին չի

կարողանում կուլ տալ, ու բերնի անկյունից ճաշի ջուրը ծլուլ է տալիս։

-Տատի, սպանում ես, գոնե հինգ րոպե դադար տուր։ Չես տեսնո՞ւմ` վատ է։

-Հիմա կդզվի,- տատին վերսկսում է կարդալ Աստվածաշունչը։ Որդին դադարում է աղոթքը։ Էջի

վերջում տատին կանգ է առնում, վազում խոհանոց։ Որդին վերսկսում է աղոթքը։ Տատին ծիրանի

կոմպոտ է բերում։

-Տուր խմեմ, ծարավ եմ,- տեսնելով, որ տատի վրա չի կարող, տղաս ստիպված խմում է կոմպոտը։

Բայց փրկություն չկա։ Տատին հիվանդի համար ավելի մեծ բաժակով է բերում։

-Վայթե ջրիկը ինձ լավ չէ,- թնկթնկում է հիվանդը,- խեղդվում եմ։

-Ջրիկը լավ չէ, պնդիկ կբերեմ։

Տատին վազում է խոհանոց։ Որդին վերսկսում է աղոթքը ու շարունակում շփել հոր ձեռքերը։ Տատին

իշլիքյուֆթա է բերում։

Page 38: Anmahutyan sahman@

-Վատ եմ,- հիվանդը մի կերպ կուլ է տալիս պատառը։

-Հիմա,- տատին վերսկսում է փսփսոցով կարդալ Աստվածաշունչը, որդին դադարում է աղոթքը, բայց

շարունակում շփել հոր ձեռքերը։ Երկու էջ կարդալուց հետո տատին գիրքը ցած է դնում, վազում

խոհանոց։ Որդին վերսկսում է աղոթքը։ Տատին տապակած կարտոֆիլ է բերում։

-Տատի էս աղքատ ժամանակ էդքան ուտելիք որտեղի՞ց ես ճարում… Գոնե միրգ տուր,- դիմադրում է

տղաս։

-Միրգը կուշտ փորին են ուտում, սոված փորին միրգն ի՞նչ… էն էլ` հիվանդի համար։

-Վատ եմ,- կարտոֆիլը ուռչում է ծերուկի բերանում։

-Հիմա,- տատին վերցնում է Աստվածաշունչը։ Որդին դադարեցնում է աղոթքը։

Եվ այսպես` հինգ րոպեն մեկ. տատին փսփսալով կարդում է Աստվածաշունչը, պապին

անզորությունից տարուբերում է գլուխը, տնքում, բողոքում, հազում… տատին բաց էջի վրա նետում է

գիրքը, վազում խոհանոց, ճաշ բերում։ Նրա բացակայությամբ որդին վերսկսում է աղոթքը: Տատին

ուտելիք է բերում, արագ-արագ լցնում ամուսնու բերանը: Պապին ֆսֆսում է, բողոքում` վատ եմ։

Տատին վազեվազ ամանը նետում է խոհանոց, վերցնում Աստվածաշունչը։ Որդին դադարում է

աղոթելը…

-Դե հերիք է, էդ Աստվածաշունչը քրքրեցիր, հերիք է ետ ու առաջ թերթես։ Թողեք թող հանգիստ

պառկի։

-Բայց Աստված մեզ օգնում է,- վախեցած ու զարմացած արդարանում է պառավը։

-Ինչքան գազ ու շլակ կա` լցրիր փորը։ Ոչ էդքան բտի, ոչ էլ Աստծուն կանչի օգնության։ Աստված ի՞նչ

պիտի անի դրան, հո չի գա հոգնա անի… թողեք հանգիստ պառկի։

-Ապե,- տխուր ձայնով միջամտում է նրանց որդին,- դու մոռանում ես, որ ինքը ծեր ա ու հիվանդ, իրան

ուժեղ սնունդ ա պետք։

Պապին սկզբում կորցրեց գիտակցությունը, ապա սկսեց փսխել։ Տղաս զանգում է ընկերոջը։ Սա ասում

է` հասնելով է։ Շտապօգնությունը ասում է, որ ելք չկա, շտապ պիտի տարվի վերակենդանացման

բաժին։ Տղաս ու նրանց որդին ծերուկին դնում են պատգարակին։

-Տեսա՞ր, Սմբո,- տղայիս նախատում է պառավը,- իսկ դու ասում էիր… որ կարգին սնվեր, հո էս

զուլումը չէ՞ր գա։

Արդեն չորրորդ օրն է` թերթերը գրում են հայկական սպորտի նվաճումների մասին։ Ինչ-որ

սպորտաձևից մեր մարզիկը միջազգային մրցաշարում գրավել է երրորդ տեղը։ Կառավարությունը

դրանից ոգևորված Հայաստանը հռչակեց սպորտային երկիր։ Երեկոյան, երբ եկավ տղաս, գլուխս

լվացել, հայրենիքիս նվաճումներով հիացած` հեռուստացույց էի դիտում։ Հաղորդում էր այդ մարզիկի

մասին։ Խոսում էր նրա մայրը։ Պատմում էր հերոսի մանկությունից, չարաճճիություններից, սիրած

ճաշերի բաղադրատոմսն էր ասում։

Աչքս հեռուստացույցին` արագ-արագ մազերս եմ չորացնում.

- Գլուխս լրիվ թեփ է,- առանց գործից կտրվելու խոսում եմ տղայիս հետ,- բժիշկ մարդ ես, մի խորհուրդ

տուր։

- Ներսի՞ կողմից, թե՞ դրսի,- լուրջ-լուրջ հարցնում է նա։

- Միշտ նախանձել եմ տաղանդավոր զավակներ ունեցող կանանց,- հոգոց եմ հանում, ընդգծելով

դժգոհությունս,- որովհետև տաղանդը հենց ճաշակն է, ապրելու ճաշակը։

Բայց տղաս համաձայն չէ տաղանդավոր լինել. ասում է տաղանդը հոգեկան հիվանդության բարորակ

տեսակն է, դրանք իրենց ժամանակից առաջ ընկած, կյանքին չմերվող, ճակատագրից հալածվող,

չհասկացված, Աստծուց խռով` դժբախտ մարդիկ են։ Ո՞վ ասաց, թե դա լավ բան է։

- Պոլիտեխնիկցի է,- տղաս նայում է էկրանին,- էդ մրցումներին ներկա եմ եղել, մեր ստադիոնում էր։

Մեզ հատուկ տարել էին նրան քաջալերելու։ Գոռում էինք` Սերոժ, Սերոժ, նրա անունը։ Ընդամենը

երեք մասնակից էին։ Վիճակահանությամբ ռուսը ընկավ վրացու հետ, մեր հայրենակիցը մնաց մենակ։

Ռուսը վրացուն ջնջխեց, գրավեց առաջին տեղը։ Ծեծվողը` երկրորդ։ Երրորդ տեղն էլ մնաց Սերոժին։

Ավելի ցնցող բան կա,- նա տեղավորվում է կողքիս,- էսօր «Լուրեր» լսե՞լ ես. եղեռնի զոհերի

ժառանգներին ամերիկյան բանկը փոխհատուցում է տալիս։- Տղաս կասկածանքով նայում է ինձ:- Քո

պապերը որտեղի՞ց են։

- Ինչպես միշտ, ես եզակի հայ եմ,- հուսախաբ եմ անում տղայիս,- իմ ազգի երկու հազար տարվա

պատմության մեջ չկա մեկը, որին սպանած լինեն թուրքերը։

- Չի՛ կարող պատահել,- չի հավատում նա,- էդպիսի հայ գոյություն չունի։ Խաբում ես, որ

փոխհատուցումդ չտաս գնամ Ամերիկա։

Page 39: Anmahutyan sahman@

- Ահավասիկ,- հոգոց եմ հանում,- իմ պապերը… պատկերացնո՞ւմ ես, ես նույնիսկ չեմ տառապում

մասիսաբաղձությամբ, ինձ համար բոլորովին միևնույն է` իմ պատուհանից երևո՞ւմ է… ոչ էլ լույսը

չբացված վազում եմ ստուգելու` էսօր գագաթները մառախլապա՞տ են, թե՞ բաց։ Այդ առումով ես

արժեքավոր հայ եմ, ինձ նման ցուցանմուշ չկա անգամ Տյուսսոյի թանգարանում։ Դու ինձ կարող ես

վաճառել Տյուսսոյին կամ էլ Մարդու թանգարանին։ Չկասկածես, նույն րոպեին կգնեն: Կամ էլ կարող

ես փոխանակել գրին քարտի հետ։

- Ինչ էլ մեծ կարծիքի ես քո մասին,- ծաղրում է,- դու ընդամենը… քանի՞ կիլո ես։

- Ութսուն։

- Դու ընդամենը ութսուն կիլո թթված միս ես, որը լավագույն դեպքում կգնի գազանանոցը և այն էլ

բացառապես էժան լինելու պատճառով։ Ես գիտեմ ինչը կփոխանակեմ գրին քարտի հետ։

- Ասա` ես էլ իմանամ։

- Քիչ մնաց, կիմանաս։

Նա եկավ կեսօրից հետո, անձրևի ու քամու հետ միաժամանակ։ Ես վազում էի բաց պատուհանները

փակելու, որ քամին ջուր չցփնի ներս, և դրա համար ժամանակ չունեցա մտածելու, որ կարող է գող

լինել։ Եվ երբ դռների մեջ կանգնած քաղաքավարի ժպտաց.

- Կարելի՞ է,- մտածում էի միմիայն պատուհանները փակելու մասին ու անկախ ինձնից ասացի`

խնդրեմ։ Մինչ փակում էի պատուհանը, որից քամին արդեն հասցրել էր ջրի շիթեր ներս ցփնել, նա

արդեն տեղավորվել էր բազմոցին.

- Ինձ հաղորդել են ձեր տղայի խնդրանքը,- ասաց նա։

- Ո՞վ,- հարցրի ես, թեև ինձ ավելի շատ հետաքրքրում էր խնդրանքը, քան հաղորդողը։

- Գագոն։ Ես նրան Ամերիկայում եմ հանդիպել։

- Նկարի՞չը,- զարմացա ես,- նա Ձեր ընկե՞րն է։

- Մոտավորապես։ Իսկ ի՞նչ կա զարմանալու։

- Հեչ,- ես նայեցի նրա արտասահմանյան կոստյումին, Հայաստանում դրա վրա հաստատ կփակցնեին

«Վերսաչե» պիտակը,- նա այնպիսի ճղճղած շորեր է հագնում, մտքովս չէր անցնի, որ փողկապ կրող

ընկեր կունենա։

- Փողկապ կրելը այդքան անպատվաբե՞ր է։

- Նայած…- ժպտացի,- անձամբ ես փողկապից կոմունիստական չինովնիկի և կուսակցական

ժողովների հոտն եմ առնում։

Այս խոսքի վրա ներս մտավ տղաս։ Նրանք իրար բարևեցին, մեկմեկու հարցրին` ոնց է Գագոն, ապա

երիտասարդն արդարացավ, ասելով, թե կարճ ժամանակով է եկել, խելքից դուրս շատ գործեր ունի ու

չորս կողմը նայելով գործնական հարցրեց.

- Ո՞վ է հիվանդը։

- Ես,- կմկմացի։

Նա պտտվում է շուրջս ու սիրահարված վամպիրի հայացքով ինձ է զննում։

Նրա հայացքը նոր միտք է ծնում` չսիրահարվե՞մ։ Իսկ ի՞նչ, հոյակապ մխիթարություն կլինի, այսպես

ասած` մահվան համբույր։ Եվ առհասարակ, մարդու սիրտն էլ պահարանի նման է, այնտեղ եղածն էլ

երբեմն-երբեմն թարմացման կարիք է զգում։ Քանի որ նա շարունակում է պտտվել շուրջս ու շատ

համառորեն է նայում, սիրահարվելը մի տեսակ շոշափելի և իրական է թվում։ Ծիծաղում եմ` Աստծո

իրոնիան այդպես էլ չհասկացա. քսանից երեսուն ու երեսունից երեսունհինգ` երբ երազում էի այդ

մասին` չկար ու չկար։ Իսկ հիմա…

- Ամբողջությամբ ե՞ք հանձնում, թե՞ միայն որոշ մասերը,- հարցնում է նա` գոհունակությունից աչքերը

պլպլացնելով։

- Հո գիժ չե՞ք,- հիստերիկ ծիծաղում եմ ես։

-Ոչ, գիժ չեմ։ Ավելին. համաձայն միջպետական պայմանագրի` ես մարդու պահեստամասերի

ամերիկյան ֆիրմայի ներկայացուցիչն եմ Հայաստանում։ Մի՛ եղեք էգոիստ, վաճառե՛ք ձեզ, և աշխարհը

կփրկվի։ Եթե դուք բարեսրտորեն վաճառեք ձեր սիրտը, թոքը կամ լյարդը, Ամերիկայում մեկ այլ կյանք

կփրկվի։

Մյուս մատերս բռանս մեջ ծալած` ցուցամատս օդ եմ տնկում, իբր` էս գի՞ժը որտեղից։

- Իմ օրգաններից մեկն ու մեկն եմ ուզում վաճառել,- ասում է տղաս:- Հասկանո՞ւմ ես, ապեր ջան,

շտապ փող է պետք, ուզում եմ մարմնիս մասերից մի քանի բան վաճառել, որ ձեռքս ծախսի փող լինի:

Ճիշտ է, հայրս դրսից քիչումիչ ուղարկում է, բայց դե դրանով հեչ վեներական… տո նույնիսկ գրիպ չես

ընկնի, ուր մնաց թե` ապրես:

Մարմնամասերի պահեստապետը հիմա էլ նրան է մասնագիտորեն զննում.

Page 40: Anmahutyan sahman@

- Եթե կոնկրետ ասեք ո՞ր մասը, ես Ձեզ կպատասխանեմ` պահանջարկ կա՞, թե՞ ոչ:

- …Սիրտս, թոքս, երիկամներս էլ են առողջ: Աչքերս, ո՛չ, աչքերս առայժմ պետք են և բացի այդ`

կարճատես եմ, գուցե էժան գնահատվի: Ոտքերս… Ոտքերս, էլ դու սուս, ինչքան ժամանակ է

տրանսպորտի փող չունեմ, ողջ քաղաքը ոտքով եմ ման գալիս: Ձեռքերս… խփածը խփած է,-

ապացուցելու համար, որ սուտ չի ասում, թափով բռունցքն իջեցնում է աթոռին։ Աթոռը հազար կտոր է

լինում։ Նա հաղթական նայում է հյուրին, ապա շարունակում.- Գլուխս… Գլուխս ձեզ մեծ եկամուտ

կբերի` մազերս շատ կոշտ են և առայժմ չսպիտակած, հոյակապ պարիկ կստացվի… չհաշված խելքս`

ֆիզիկոսի… կարող եք վաճառել ռեստորաններին։ Եթե այնտեղ կապիկի ուղեղ ուտում են, կարող եք

սաղացնել, անզեն աչքով շատ չի հասկացվի, որ կապիկի չէ… Մի խոսքով, ինքներդ զննեք. այդպես

ավելի հեշտ կկողմնորոշվեք:

- Ցավում եմ, բայց դրանք մեզ պետք չեն… գլուխ որ` առհասարակ պետք չէ: Սիրտ ունեցողներն էլ

ամեն մի ստից բանից ազդվում, հիվանդանում են, սեփական սրտի ձեռքն են կրակն ընկել, ուրիշինը

ո՞վ կուզի, որ հլա վճարի էլ: Ոտքերը,- մտածելով լռում է,- հլա շալվարդ բարձրացրու` շա՞տ են փրչոտ,

կանացիի տեղ չե՞ն անցնի:

Տղաս շալվարի փողքերը վեր քաշելով նայում է սեփական ոտքերին.

- Բացի էն, որ փրչոտ են, հետն էլ մի թեթև ծռություն ունեն` շտանգիստի ոտք են:

- Կանացիի նման լիներ, մի կերպ կնաղդեի… ուզող կար: Իսկ էդպես,- մեղավոր ուսերը քաշում է վեր,-

…ոչնչով օգնել չեմ կարող:

- Ախպեր, ուրեմն իմ ջահել-ջիվան մարմնի վրա ոչ մի պիտանի բան չկա՞:

- Տղամարդու մասերից միայն մեկի պատվեր ունենք,- նա մատով մոտ է կանչում տղայիս, բերանը

կպցնում նրա ականջին ու ինչ-որ բան ասում,- եթե, իհարկե, կուզենաք դա վաճառել։

- Ո՜չ,- նույն վայրկյանին հրաժարվում է տղաս։

- Հասկանում եմ, երիտասարդ տղամա՛րդ եք, երևի կին էլ ունեք…

- Ոչ, բայց մեկ-մեկ պետք է գալիս։

- Մտածեք,- ժամանակ է տալիս նա,- պատվիրատուն ամերիկահայ մեծահարուստ է, գումար է

խոստացել` էլ դու սուս, ողջ քաղաքը կարելի է գնել։

- Հասկանում ես, ախպերս, ինքս` հաճույքով, բայց երիտասարդ եմ. սիրահարվել կա, ամուսնանալ

կա…

- Դե լավ, հա՜, ի՞նչ տարբերություն` մեկին կվարձեք, Ձեր փոխարեն ամուսնական

պարտականությունը կկատարի: Հիմա ի՞նչը չի կարելի գնել փողով։ Ինչների՞դ է պետք կյանքը, եթե չի

ապրվում` Դուք չեք կարող Ձեր կնոջը ծաղիկներ նվիրել, շորեր գնել, երեխաներ պահել-մեծացնել…

խելագարվել ընտանեկան աղմուկից, կնոջը խաբել, թե սիրուհու մոտ եք, սիրուհուն խաբել, թե` կնոջ, և

հանգիստ գնալ գրադարան` Լենին կարդալու… Յոթանասուն տարեկանում Դուք երբեք չեք ունենա

քսանամյա սիրուհի, եթե հիմա չեք կարողանում անգամ ձեր գլուխը պահել։ Դա կյա՞նք է։

- Իսկ մտածել կարելի՞ է, ասենք` վաղը պատասխանեմ։

- Կարելի է, իհարկե, կարող եք նույնիսկ մի շաբաթ մտածել, բայց շատ չուշացնեք… Հա, նախօրոք

ասեմ` գումարից մաշվածություն ենք հանելու:

- Մի վիրավորեք, ես այն խնամքով եմ օգտագործել, երբեք չեմ չարաշահել: Ընդամենը երկու անգամ եմ

Ռուսաստանում եղել։

Ռուսաստանի անունը լսելով մարդամասերի պահեստապետն անմիջապես կռահում է.

- Չարաշահե՛լ եք, ուղղակի հերն անիծել:

- Մի զրպարտեք, մտավորական եմ, մասնագիտությամբ ահագին հեռու նման բաներից, կյանքս նվիրել

եմ գիտությանը: Եվ բացի այդ, ես այնտեղ եղել եմ մանկության օրերին։

- Եթե ճիշտ եք ասում, ուրեմն կարգին գին կունենա։

- Հասկանո՞ւմ եք,- կմկմում է տղաս,- ընդունում եմ` ճիշտ եք, բայց երկմտանքի մեջ եմ, մի տեսակ

անհարմար է, գրպաններս դատարկ, դա էլ որ վաճառեմ, շալվարս լրիվ կդատարկվի. էլ տղամա՞րդ

մնաց:

- Եթե ինձ եք հարցնում, մարդ պետք է բաց չթողնի իր շանսը: Միևնույն է, մի քսան-երեսուն տարուց

բանի պետք չի լինելու, քանի արժեք ունի` վաճառեք, մարեք պարտքերը, շքեղ շորեր գնեք, որևէ լուրջ

գործ ձեռնարկեք: Վերջին հաշվով ո՞վ է ստուգելու` ի՞նչ կա ձեր շալվարի մեջ: Փողն այնպիսի

արատներ է ծածկում, հարգելիս, նույնիսկ մարդու գլխի դատարկությունը չի նկատվում, ինչի՞ մասին է

խոսքը:

- Բոլոր դեպքերում մտածել է պետք,- դեռ տատանվում է տղաս։

- Շատ մի գցեք-բռնեք, ձեռնտու բան եմ առաջարկում։ Բա կրոնավորները ոնց են անում, ձրի, շեշտում

եմ` ձրի՛, իրենց նվիրում են Աստծուն։ Մտածեք, կշռադատեք, ինձ պատասխան տվեք։

Page 41: Anmahutyan sahman@

- Պայմանավորվեցինք, բայց` նախ փողը,- վերջնականապես որոշում է տղաս, հանկարծ ու խաբեք, ի՞նչ

եմ անելու, հո՞ չեմ կարկատելու վրաս:

- Պատվիրատուն շատ ոգևորված է, դժվար թե խաբի, բայց որպեսզի հանգիստ լինեք, անմիջապես

նոտար կկանչեմ, լուծվող հարց է, ես լիազորված եմ նրա անունից գործարքն անելու:

Պահեստապետը գրպանից ծանրումեծ հանում է հեռախոսը, զանգահարում, նկարագրում մեր տան

տեղը։ Տասը րոպե հետո գալիս է նոտարը` դեմքով երիտասարդ, մարմնով սմքած, անհողդողդ դեմքին

կենտրոնացրած օրենքի ողջ լրջությունը, կոդերով աշխատող դիպլոմատը բռնած։ Տղաս ժպտալով ներս

է կանչում նրան, ինձ թողնելով դռան հետևում. «Հետո, հետո կասեմ»,- նետում է փսփսալով ու դուռը

քթիս տակ փակում։ Համբերությանս էլ վերջ` կռանում եմ ու բանալու անցքից նայում։

Սեղանի մոտ տեղավորվելով` նոտարը դիպլոմատի վրա շխկշխկացնելով հավաքում է բացող կոդը,

այնտեղից խնամքով թղթեր հանում, սկսում դասդասել սեղանին` միաժամանակ խոսելով.

- Արագացրեք, տասնհինգ րոպե ժամանակ ունեմ: Ի՞նչ գործարք է:

- Առք ու վաճառք:

Առանձնացնում է մի թուղթ և լրացնում, ապա հրում տղայիս կողմը.- Այ այստեղ ստորագրեք։- Տղաս

ստորագրում է:- Երևի տեղյակ եք` օրինական հիմքի վրա դրվելով` գործարքի գնի քսան տոկոսը պետք

է մուծվի պետությանը:- Գրելուց չկտրվելով.- Ը-հը՛, վաճառվող ապրանքի անունը:

Տղաս կմկմում է.

- Դե, ոնց ասեմ…

Նոտար.

- Հանգիստ և հայերեն:

- Ը… ը… ը…- կզտկզտում է տղաս,- մեղմ ասած` օրգան:

Նոտար.

- Նշեք օրգանի կենսաբանական անունը:

- Անգրագետ տղա եմ, կենսաբանությունից միշտ երկուսներ ստացող…- իր հնարամտության վրա

ծիծաղելով շրջվում է դեպի ամերիկյան ֆիրմայի ներկայացուցիչը:- Ախպեր, աչքիս էշություն եմ անում,

էղածից մի ձուն էլ որ մուծեմ պետությանը, էլ տակը քա՞ք կմնա…

- Ինչ էլ մնա, էլի բան է, չեղածից լավ չէ՞…- չգիտես ինչու, պահեստապետը «չեղածից լավ չէ՞» ասելիս

ձեռքով ցույց է տալիս տղայիս առաջամասը։

Նոտարը նրա հայացքի ուղղությամբ նայելով`

- Պարզ է,- ասում է, ինչ-որ բան գրում:- Ամեն ինչ հաշվի առեք, որ հետո պրոբլեմներ չլինեն: Գինը…

Գիտեք, չէ՞, մենք չունենք օրենք կյանքի կտակի մասին, ինձ մի քիչ պիտի նայեք,- բութը և ցուցամատը

քսում է իրար, հասկացնելով, որ խոսքը փողի մասին է,- որ ուրիշ մի հարմար ձևակերպում տամ։

Գինը…

- Միլիոն:

Նոտարը` դարձյալ գրելուց չկտրվելով.

- Էժան եք տալիս:

Տղաս` թերահավատ.

- Հա՞ որ:

- Հաստատ: Քառասուն կա՞ք:

- Չէ՜, քսանքանի…

Նոտար.

- Ոչ թե էժան եք տալիս, ուղղակի գցում եք ջուրը։ Ձեր ապրելու և աշխատելու,- նորից նայում է նրա այդ

մասին,- ոսկե ժամանակներն են և ընդամենը միլիո՞ն: Չնայած եթե մաշված է կամ հիվանդոտ…

- Առողջ տղա եմ,- վիրավորվում է տղաս,- բայց մի քիչ աչքը դուրս է… Ինչ կին տեսել է, ամեն մեկի հետ

էլ… մտովի…

- Մտովին գնի վրա չի ազդում, փաստացի՛։

- Չէ, փաստացի ոչ մի բան։

- Ամեն դեպքում` ձրի եք տալիս։ Բա փող չունենայի՞։

- Դե, շտապ փող է պետք, սպասելու ժամանակ չունեմ, հազիվ գնորդ է հայտնվել:

- Ձեր գործն է,- թուղթը հրում է առաջ,- ստորագրեք:

Տղաս ստորագրում է:

Մարմնամասերի պահեստապետը գոհունակությունից փայլող դեմքով նոտարին ուղեկցում է դուրս,

ճանապարհին շրջվում ու բութ մատը վեր տնկելով տղայիս ժպտում է, իբր` ընտիր է, փոշման չլինես,

շահողը դու ես։

Քիչ հետո վերադառնում է, այս անգամ մի վաթսունն անց կնոջ հետ.

Page 42: Anmahutyan sahman@

- Ծանոթացեք, տիկին Ժասմեն,- ստրկական ժպիտով ու սիրալիր` ձեռքով ցույց է տալիս տիկնոջը,-

տիկին Ժասմեն,- հիմա էլ տիկնոջը դիմելով,- ահա դոնորը,- ձեռքով ցույց է տալիս տղայիս և աչքունքով

հասկացնում, որ մոտենա: Տղաս անմիջապես մոտենում է:

- Բարև ձեզ, տիկին, ուրախ եմ, որ մարմնիս սիրելի մասը քնքուշ ձեռք եմ հանձնում:

Տիկինը կես մետր բոյ ունի։ Կես մետր էլ կոշիկի կրունկները կլինեն. ընդհանուր առմամբ` մեկ մետր։

Նա ժպտում է։

- Պարոնն ասաց, որ ուզում եք ապրանքը տեսնել,- պահեստապետին դառնալով` տղաս

պատրաստակամ ձեռքը տանում է շալվարին,- ցուցադրե՞մ։

- Առայժմ պետք չէ, տիկինը նախ ուզում է մի քիչ շփվել ձեզ հետ:

- Ներեցեք տիկին, Ձեր ինչի՞ն է պետք այդքան ծախս անելը և վիրահատության տառապանքները

տանելը: Եթե համաձայնեք իմ մտերիմը լինել, ես ձեզ կնվիրեմ իմ ցանկացած մասը առանց ծախս ու

տառապանքի: Դուք իրավունք կունենաք դրանից օգտվել օրվա ցանկացած ժամին, ցանկացած

եղանակին և ցանկացած քանակով:

Տիկինը քաղցր ժպտում է, բայց անդրդվելի է.

- Ոչ, ոչ: Իմ որոշումների մեջ ես հաստատ եմ… հայրենիքից մասունք եմ ուզում ունենալ։

- Այդ դեպքում,- խորհուրդ է տալիս տղաս,- եղե՛ք էսթետ` գնեք սիրտս։

Ես սարսափում եմ։ Իսկ եթե համաձայնվի՞։ «Էդ ի՞նչ ես անում,- նախատում եմ մտքումս,- դա իմ տունն

է, էդտեղ ես պիտի ապրեմ, երեխաներդ, հող ու հայրենիք։ Դա կվաճառվի՞»։

- Վաղը կհանդիպենք,- ամենաթունդ պահին մարմնամասերի պահեստապետը հրաժեշտ է տալիս։

Ես վազում եմ նրա հետևից ու շշուկով հարցնում.

- Իսկ Դուք չե՞ք վախենում դժոխքից։

- Կայանալու համար մարդ գոնե մի անգամ պետք է անցնի դժոխքով,- նա բարձր տրամադրությամբ

ժպտում է, ինձ օդային համբույր ուղարկում ու վազելով իջնում աստիճաններով։

Դռան հետևից լսում եմ, թե տղաս ինչպես է էդ կնոջը համոզում ամուսնանալ իր հետ։ Իսկ կինը չի

մերժում, ընդհակառակը` կչկչում է։ Էլ չեմ համբերում, տղայիս դուրս եմ կանչում ու զայրանում.

- Հո հիմա՞ր չես։ Էդ ի՞նչ ես անում, դա որ նորմալ կին լիներ, էդպիսի բանի համար աշխարհից

աշխա՞րհ կգար։ Ուրիշները գալիս են Սարյան են տանում, մագաղաթ ու Նոյի կմախքը, իսկ սա՞… լրբի

մեկն է, ռադ արա։

- Կարևորը` ամերիկացի է։

- Գրողը տանի Ամերիկան…Գիտես խալիները փռած քե՞զ են սպասում։ Վերջին հաշվով, չկա մի երկիր,

որ չունենա իր կաշառակերը, իր նարկոմանը, իր խուժանը, աշխարհում ամենուր վաճառքի են

հանված` մարդկության պատմությունը, մարդկային ճակատագրերը, մարդու մարմնի մասերը…

Հասկանո՞ւմ ես` աշխարհն արատավոր է ի սկզբանե…

- Բայց դժվար թե գտնվի ևս մի երկիր, ուր առուծախի առարկան ապագան է։

- Մի երկու խուժանի պատճառով… կոնկրետ ինձ համար իշխանություն փոխելը ավելի հեշտ է, քան

հայրենիք փոխելը: Շուտով ընտրություններ են, ասում են` էս անգամ ազնիվ է լինելու,- համոզում եմ,

թեև ժողովուրդը դարձյալ գուշակում էր, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու, այլ միայն

կատարելագործվելու են սրիկայության մեթոդները։

- Հույս չունենաս… ազնիվ կամ անազնիվ ընտրությունները դժվար թե բան փոխեն, այստեղ

իշխանությունը փոխանցվում է սեռական ճանապարհով։- Կատակով խփում է թևիս,- սիրտդ կախ մի

գցի, սա վատ տարբերակ չէ` ընդամենը մի հասարակ քայլով դառնում եմ ամերիկացի, քեզ էլ կտանեմ,

կբուժվես։

- Ավելի լավ է` մեռնեմ։ Ամուսնանալը որ էդքան հեշտ լինե՜ր… դու չե՞ս երազել հարսանեկան կոստյում

հագնել, գնալ եկեղեցի։ Տերտերը խաչ կպահի ձեր վրա, կհարցնի` տե՞ր ես։

- Էդ ռոմանտիկ բաները թարգի։ Լավ է` չսկսեցիր մոմի լույսի տակ ընթրիքից։ Ես մի տերտեր գիտեմ`

տոկոսով փող է տալիս, իսկ Եվրոպայում դրանք առհասարակ գոմիկներ են։ Էնպես որ` ապագաս

տուր` ես գնամ, դու քոնը վստահիր ժողովրդավարներին:

Նա ներս է գնում, ու դարձյալ լսվում է հարուստ տիկնոջ կչկչոցը։

Ապա նրանք դուրս են գալիս սենյակից:

- Քանի որ ես արդեն ձեր ընտանիքի անդամն եմ,- ասում է տիկինը,- ինձ ծանոթացրու մորդ հետ։ - Եվ

առանց սպասելու ինքն է ներկայանում։ Ծնվել է Երևանում, ուսանողական տարիներից սկսած վրա-

վրա չորս երեխա է բերել տարբեր հայրերից, ապա դրանց հավաքած գնացել Ամերիկա:- Եթե Աստված

մեր այս գործարքը հաջողի, ձեզ էլ կտանեմ,- խոստանում է։

«Հանցագործն էլ մարդասպանության գնալիս հույսը Աստծո հաջողության վրա է դնում, գողն էլ, բոզն

էլ…»,- չարախնդում եմ մտքումս:

Page 43: Anmahutyan sahman@

- Կենսագրություններ կան, որոնց տերը Աստծո անունը պիտի չտա։ Չորս մարդ ունեցած կնիկը չունի

էդ իրավունքը,- հայտարարում եմ սառը։

- Ինչո՞ւ ունեցած… ես հիմա էլ ամուսին ունեմ,- աթոռին նստելով` անկաշկանդ հենվում է թիկնակին ու

ոտքերը պարզում առաջ, խորհրդավոր լռելով բարձրացնում է կոշիկի ճտքերը, հասցնում մինչև

ծունկը, ապա նորից ետ ծալում:- Նա ամերիկյան միլիոնատեր է։ Անցյալ տարի յոթանասունը լրացավ։

Պարզվում է` Հայաստանում չգտնելով հարմար միլիոնատեր, որովհետև այն տարիներին դեռ

միլիոնատերեր չկային, իսկ այդպիսի կանայք միայն միլիոնատիրոջ պատիվն են, շարքային

տղամարդը չի սիրում բարոյական էկզոտիկա, այն պարզ պատճառով, որ հայ եկեղեցու օրենքներով

երրորդ ամուսնուց հետո կինը հայտարարվում է լիրբ, էս տիկինը պատահաբար ծնված իր չորս

երեխաներին հավաքած` գնացել է Ամերիկա ու էնտեղից թափով` ամուսնու փողերով,

սնափառությամբ, պարիկներով, ադամանդներով, մանիկյուրներով, մասաժիստներով, վստահ

համոզվածությամբ եկել է հայրենիք` կայանալու։

- Երկու օր է կողքին չեմ, արդեն զանգել է. չի դիմանում առանց ինձ, իմ սիրուց խելագարվում է։

- Էդ տարիքի տղամարդը էլ ի՞նչ կարող է անել կնոջ համար խելագարվելուց բացի,- խայթում եմ։

- Ինձ էնքան է սիրում, էնքան,- շարունակում է ամուսնուն գովերգել,- որ ամեն ինչ թույլ է տալիս,

նույնիսկ բոյֆրենդ պահել։ «Իսկ բոյֆրենդը ի՞նչ պիտի անի քո ցամքած հորմոնների հետ».- այս միտքն

արտահայտում եմ քմծիծաղով։

Երբ համարում է, թե բավական է ցնցվեմ իր միլիոնատեր ամուսնու գոյությամբ, հիմա էլ պետք է

հաջորդ շոկը, պայուսակից հանում ու ինձ է մեկնում հաստափոր մի գիրք.

- Ես գրող եմ, մշակույթի մարդ։ Շուտով կլսեք, թե ինչպիսի… Այս գրքիս փրեզենթացիան Մոսկվայում է

կայացել։ Ոչ մի հայաստանցի գրող առ օրս չի արժանացել նման պատվի, որովհետև այնտեղ միայն

դահլիճի մեկ օրվա վարձն արժե հինգ հազար դոլար, չհաշված ներկաները և նրանց գովասանքները։

Ես իհարկե մեծամիտ չեմ, բայց եթե կարդաք… հասկանո՞ւմ եք, ես չեմ ուզում վիրավորել ոչ ոքի,

որովհետև ավարտել եմ Լոնդոնի…- օտար լեզվով` բլբլբլ, լոնդոնյան հաստատության անունը,- և

բարեկիրթ եմ, բայց հայ գրողները… Մի խոսքով` շատ են հետամնաց։ Կյանքն ինչքան է փոխվել, իսկ

նրանք առ օրս մայր, հայրենիք, Աստված… ինչ-որ ցեցոտած արժեքներ են գովերգում։ Եթե գիրքս

կարդաք, կտեսնեք, թե ի՜նչ եվրոպական թարմություն և նորություն եմ բերում ես գրականության և այն

էլ արձակի բնագավառ, մասնավորապես կայուն արժեքների` էրոտիկայի, սեքսի… դրանցում

Երկնավորի մասնակցության… Ինչ երկարացնեմ՝ կկարդաք, հետո կխոսենք։ Իհարկե դժվար է

սեփական արժանիքները ներկայացնել, բայց բերանբացության կարգով ասեմ` ինձ պետական

մրցանակ են խոստացել։- Մրցանակի մասին խոսելիս նա հաճույքից կարմրում է, ամոթխածորեն

սեղմվում տղայիս ու հեզիկ-նազիկ կուչ գալիս նրա թևի տակ։ Տհաճությամբ եմ նայում։ Չկա ավելի

զզվելի բան, քան երբ ծեր կինը օրիորդ է խաղում։ Իմ երևակայության մեջ այլասերվածությունը հենց

դա է։

- Հավատում եմ,- ասում եմ ատամնացավի պես նենգ հայացքով,- որ Ձեր հմտության տերը կարող է

հեղաշրջում առաջացնել այդ բնագավառում,- «հմտություն» բառը շեշտում եմ ավելի նենգ, քան

ատամնացավը, ու ձեռքից վերցնում գիրքը։

Տղաս նրան ճանապարհում, վերադառնում է ու սկսում ինձ դաստիարակել.

- Դժվա՞ր է լեզուդ քեզ պահելը։

- Էնքան հիմար ես, որ չես էլ պատկերացնում, թե ինչ մեղք ես գործում:

- Ոչինչ,- կարծես հատուկ ինձ ներվայնացնելու համար` ժպտում է,- որպես մարդ` ես օգտվում եմ մեղք

գործելու իմ օրինական իրավունքից:

Կատաղում եմ։

- Քեզ կյանք եմ տվել, կրթություն ու հայրենիք, իմ գենն եմ տվել վերջապես… քսան տարի պահել-

մեծացրել եմ, որ երկու րոպեում ամեն ինչ գցես ջո՞ւրը:

- Հլա ինձ հարցրու` գո՞հ եմ… կրթություն, հայրենիք… որտեղ կապը հույներինն է, ջուրը`

ֆրանսիացիներինը, էլեկտրականությունը` ռուսներինը, գաղափարները` Եվրոպայինը… որտեղ ես

բացարձակապես սեփականատեր և նույնիսկ փայատեր էլ չեմ։ Էստեղ իմ սեփականությունը մի

գերեզմանի տեղ է միայն, ինչն էլ կարող եմ զիջել ցանկացողին, որովհետև վաղաժամ մեռնելը չի

մտնում իմ պլանների մեջ։ Եվ առհասարակ,- ձենը գլուխն է գցում,- ես քեզ խնդրե՞լ եմ, որ քո գենը

տաս… Հողերդ, պատմությունդ, ամուսնուդ, ունեցվածքդ տվել ես ուրիշներին, ես քո Նոյի սմքած գենը

ի՞նչ եմ անելու, ոնց եմ ապրելու էդ թալանված կենսագրությամբ… ինձ պետք չէ քո գենը, փողը տուր`

ես էս երկրից գնամ, պրծնեմ,- դուռը խփում է երեսիս, գնում։

- Գնա,- ես էլ եմ բղավում,- դրախտի դռները բաց, խալիները փռած քեզ են սպասում, էլ ուրիշ ապուշ

չկա։

Page 44: Anmahutyan sahman@

Տղայիս արարքից վրդովված, հաջորդ օրը շտապում եմ չինական բժշկության կենտրոն: Չինացիները

խելոք ազգ են, ժենշեն ունեն, յոգեր… թող բուժեն, որ տղաս հանուն ինձ իրեն չծախծխի։

Փողոցները, ողջ քաղաքը ծեփծփած են մեծ-մեծ պլակատներով, որոնք ավետում են օրվա լուրը` մենք

մասնակցում ենք «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրին: Տեսնո՞ւմ ես էդ հազարամյակին,

էնքան է լկտիացել, որ մարտահրավեր է նետում: Էն էլ ինձ` հայիս, ով աշխարհաստեղծման օրից առ

օրս հազար մահ է պատռել: Մինչև հիմա ոչ մի հազարամյակ իրեն էդպես լկտի չէր պահել: Հաստատ

նարկոտիկի ազդեցության տակ է: Ինչ որ է` հազարամյակի մարտահրավերը ընդունելու համար, ըստ

պլակատների, մենք պետք է հաղթենք թշնամուն` օդում, ջրում և ցամաքում: Որպեսզի մեր պայքարի

պտուղները վայելենք, հետախույզները պետք է ճշտեն` կա՞ արդյոք այդ թշնամին, թե նրան պիտի

ստեղծենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով:

- Կրծքումս գունդ կա,- տեղեկացնում եմ բժշկուհուն,- քարի պես պինդ։ Թաղային բժիշկն ասում է, որ

մահացու չէ, Միքայելյանի հիվանդանոցում ինձ Ամերիկա են նշանակել, Ամերիկյան կենտրոնում

գները թանկ են, չեմ ստուգվել, պայծառատես Վարսիկն ասում է` կապրեմ, անձամբ ես չեմ կարծում, թե

վիճակս այդքան լուրջ է։ Ուզում եմ բուժեք։

Նա կենտրոնացած ծխում է.

- Մեր բուժումը դեղորայքային չէ։ Ձեզ կարող է մի քիչ տարօրինակ թվալ։ Մեզ համար բացարձակ

նշանակություն չունի, թե ինչ են ասել կամ արել այլ բժիշկներ,- հայացքը հառած սեփական

ցուցամատին` ինքնավստահ կտկտացնում է սիգարետի գլխին, մոխիրը թափում մոխրամանի մեջ,

հասկացնելով, որ ինքը թքած ունի` մենա՞կ կգնամ այն աշխարհ, թե՞ մոլորակը հետս կտանեմ։- Մենք

պետք է ամեն ինչ անձամբ ստուգենք։ Ուրեմն, ինչից ենք սկսում. Դուք պետք է պառկեք մեր

կլինիկայում։ Մի շաբաթ շարունակ, Դուք` սոված ու ծարավ, գլխիվայր կկանգնեք պատի երեսն ի վար,

որից հետո…

- Որից հետո՞…- հարցնում եմ ես։

- Որից հետո, եթե չմեռաք, ուրեմն մենք ձեզ կբուժենք։

- Իսկ եթե մեռա՞։

- Իսկ եթե մեռաք, դա ձեր ճակատագրի մեղքն է, ոչ թե մեր։ Բայց անկախ այն բանից, համաձա՞յն եք, թե

ոչ` մուծեք երեսուն դոլար և գնացեք տուն։ Եթե կորոշեք գալ, մեր տեղն արդեն գիտեք։

Կատաղած դուրս եմ գալիս։ Ինձ զգում եմ միջնադարյան վհուկի պես: Միջնադարյան Եվրոպայում

վհուկության մեջ կասկածվողին նետում էին կատաղի գետը, եթե խեղդվեց` անմեղ է, եթե փրկվեց`

մեղավոր, հանում էին ու այրում խարույկի վրա: Քիչ է մնում գնամ կանգնեմ հրապարակում` Երևանի

Հանրապետության կամ Մոսկվայի Կարմիր, չէ` Փարիզի, ավելի ճիշտ կլինի` Ամերիկայի

Ազատության, ու գոռամ մի ձենի` ես այլևս չեմ հավատում ոչնչի. ոչ ժողովրդավարական կոչերին, ոչ

առողջապահության նախարարության զգուշացումներին, ոչ Ռուսաստանի եղբայրությանը, ոչ

բժիշկների ախտորոշմանը, ոչ էլ անգամ հայրենիքի կանչին…

Ահագին ժամանակ էր անցել այն օրից, երբ իմ ներքևի հարևանը Ամերիկա գնալու ճանապարհին ողջ

ամանեղենը բաժանեց հարևաններին: Եվ ահա, նրա գործով ոստիկան է եկել։ Ոստիկանը բարեկիրթ

մարդ է, և որպեսզի ես չվախենամ, կարդում է նրա բողոքը, ավելի ճիշտ բողոքի` ինձ վերաբերող մասը.

«…Քանի որ Ամերիկան ինձ չի ընդունում, որովհետև փոթորիկը սրբել-տարել է Ամերիկան, խնդրում

եմ հարևաններից առգրավել և ինձ վերադարձնել` մրգի ամանը, սուրճի բաժակները, զարթուցիչ

ժամացույցը… երկու զույգ կոշիկը… ներեցեք, կոշիկներն արդեն հարևան մուտքի գործում է»։

Ուրախ-ուրախ վերադարձրի սկուտեղն ու բաժակները.

- Բարով վայելեք,- կատակեցի։

Մինչ ոստիկանը ծեծում է դիմացինիս դուռը ու հիմա էլ նույն բարեխղճությամբ նրա համար կարդում

բողոքը, ես ուրախացած` անմիջապես էսէմէս եմ ուղարկում տղայիս. «Ամերիկան փոթորիկները սրբել-

տարել են, «գանձդ» պահիր հաջորդ եկողներին»։

Անգլերեն տառերով հայերեն գրելիս նյարդայնանում եմ. մի տասը-տասնհինգ տարի առաջ ռուսերենն

էր` ինչին ձեռք էիր տալիս կամ խոսում, օդակաթիլային ճանապարհով վարակվում էիր ռուսերեն

բառերով։ Հիմա անգլերենն է, սեռական վարակի նոր տեսակ` սպիդ, որի էպիդեմիան անընդհատ

գուշակում են վերլուծաբանները։ Պատասխան. «Համոզվա՞ծ ես, որ եկող կլինի»։ «Ջհանդամը գան,-

անգլերեն տառերով «ջ»-ն գրելու համար ահագին չարչարվում եմ, որովհետև դժվար է անգլերեն

տառերով թուրքերեն բառ գրել և այնուամենայնիվ խոսել հայերեն,- աշխարհում երկու հարյուրից ավել

պետություն կա, և դրանցից քչերն են, որ մեզ նման ինքնարտահայտման կարիք ունեն, մնացած բոլորը

ունեն ինքնահաստատման կարիք… մեկն ու մեկը կգա»։ «Ափսոս,- գրում է տղաս,- մենք արդեն

Page 45: Anmahutyan sahman@

պատվիրել ենք Ամերիկայի տոմսը։ Ծանր մի տար»։ «Բայց ախր Ամերիկան չկա, հասկանո՞ւմ ես,

գտնվել է մի նամուսով փոթորիկ ու սրբել-տարել»։ «Դա դեռ ոչինչ չի նշանակում, Հայաստանից դուրս

ամեն տեղ էլ Ամերիկա է…»։

Ու այստեղ գալիս է Ամերիկան, շարունակում ռմբակոծել Իրաքը, դեղին անձրևը դառնում է

դարչնագույն։

Ու գալիս է Եվրոպան, ասում է` հայեր, ես հարգում եմ ձեզ, վերցրեք իմ ժամկետանց օրենքները,

ժամկետանց դեղերը, ժամկետանց սնունդը, առեք ու յոլա գնացեք: Ապա կգամ ես` հիսուն, հարյուր,

հարյուր հիսուն տարի հետո… կամ կգամ, կամ էլ` հըկը: Իսկ թե էդքան չդիմանաք, հոգ չէ, ձեր

վերցրածի դիմաց կվճարեն ձեր թոռները, ծոռները, ծոռան ծոռները, միայն թե այ այստեղ, այս թղթի

վրա գրեք, որ դուք ժողովրդի ապագան վաճառել եք միջազգային բանկին և ձեզ շատ ձեռնտու գնով:

«Շնորհակալություն,- ասում ենք մենք,- մեր լուսավոր Եվրոպա…»։

Գալիս է նաև Ռուսաստանը, իր եղբայրությունը խլում վրացիներից, տալիս է թուրքերին, հետո

փոշմանում է, խլում է թուրքերից, տալիս է մեզ։ «Շնորհակալություն, մեր մեծ եղբայր»,-

արտասվախառն հուզվում ենք մենք։

Հետո գալիս է Հռոմի Հովհաննես Պողոս պապը. «Ես արդեն վախճանվել եմ, ձեզ հետ չեմ, բայց

շարունակում եմ աղոթել ձեզ համար»: Մենք նրան չենք ասում շնորհակալություն, քիթ-մռութ ենք

անում, շիվար-շիվար գնում է: Եվ ինչի՞ ասենք շնորհակալություն. հազիվ գտնվել է մեկը, որ եկել է

երկնքից և իր հետ չի բերել ոչ մի գնացուցակ. ասենք` ի՞նչ արժե Հռոմի պապի աղոթքը` տոն օրերին, և

ինչ` սովորական, կամ դրախտի մեկ քառակուսի մետր հողը` ամերիկյան դոլարով, շեֆերի համար նաև

լրացուցիչ ինֆորմացիա` երկնքի վաղեմության ժամկետը անցած մեկ օրենքն ի՞նչ արժե ԱՄՆ-ի

քաղաքացիների համար և արդյո՞ք հարուստների համար զեղչեր չեն արվում Զատկի տոներին… Մի

խոսքով, չարժեր ասել շնորհակալություն:

Ամենավերջում գալիս է բժիշկը: Այս անգամ նա կին է: Չափում է ճնշումս, թաց բամբակով շփում է

քամակս ու սրսկում.

- Մահացու չէ,- շշնջում է տղայիս ականջին։

Այ այստեղ ես լկտիանում եմ։ Ես գոռում եմ.

- Ղալաթ է արել բժիշկը իր քնձռոտ ժամկետանց ճնշում չափելու ապարատով ու ապակե

ականջօղերով,- ես վերցնում ու մեռնում եմ:

Հավաքվում են բոլորը` Ամերիկան, Ռուսաստանը, Թուրքիան, Սահարան, Եվրոպան, տղաս… Նրանք

ինձ համոզում են, որ մահն այնքան էլ մահացու չէ, կարելի է համբերել ևս մի քառասուն տարի, մինչև

իրենք տեսնեն, թե ինչ են անում: Ու հանկարծ սրտապատառ ետ է գալիս բժիշկը ու գոռում.

- Էդ ի՞նչ եք անում, հիմար, Ձեզ ո՞վ է թույլ տվել մեռնել,- որովհետև նա խոստացել է Հիպոկրատին, որ

կձգձգի իմ մահը,- համաձայն եվրոպական կոնվենցիայի, որը գրվել է Ամերիկայում, ընթերցվել

Անգլիայում, քննարկվել Ռուսաստանում, հաստատվել Ճապոնիայում և կյանքի կոչվել Հայաստանում,

դու պիտի ապրես 115 տարի, որովհետև ապրում և սնվում ես ռուս-եվրոպական-անգլո-ամերիկյան

ժամկետանց օրենքներով:

- Քեզ ո՞վ է տվել էդպես շռայլորեն կյանք բաժանելու իրավունք, գուցե ֆիրմային խանո՞ւթ դնես`

«Կյա՞նք` միայն Եվրոպայում» նեոնային լույսերով:

- Դե Դուք գիտեք, դե Ձեզ զգուշացրի, ես իմ լավությունն արի, դե համարձակվեք մեռնել, այ այստեղ,

հենց Ձեր տան տեղում, կկանգնեցվի նավթի արտահանման սև ծխնելույզը` պարսկական

արտադրության, որը ծակ է, որը մուր ու մազութ է արտանետում, և այդ մուր ու մազութը շնչելով Ձեր

թոռները, ծոռները, ծոռան ծոռները` համա՛յն մարդկությունը, Ձեր երեսից կշնչի մուր ու մազութ ու չի

կարողանա փակել միջազգային բանկից վերցրած պարտքը` դարձյալ ու դարձյալ` Ձե՛ր պատճառով:

Ես նայում եմ բժշկին ու փնչացնում: Նա զզվեցրել է ինձ իր ապակե ականջօղերով, որովհետև չի

հասկանում, որ դժվար է, երբ ամեն ինչ պահպանման ու պաշտպանության կարիք ունի, երբ ամեն ինչի

համար պետք է ճակատամարտ մղել. հոգուդ վրա չարի աչքն է, հողիդ վրա` թշնամու, որդուդ վրա`

Արևմուտքի, առողջությանդ վրա` միկրոբների… առնվազն 13-րդ դարի զորավար պիտի լինել այս

ճակատամարտից հաղթանակած դուրս գալու համար: Գիտեմ, որ ունեմ պայքարելու կամ բողոքելու

իրավունք, բայց… կյանքը շատ կարճ է նրանով լրջորեն զբաղվելու համար։ Դրա համար ես դիմում եմ

Աստծուն, ասում եմ. «Դու էն Աստվածն ես, որ մեզ կյանք ես տվել, հայրենիք, մեսրոպյան այբուբեն,

պարտություններ ու հաղթանակներ, Քրիստոս ես տվել վերջապես… մի փոքր հաղթանակն ի՞նչ է

ճակատագրի հանդեպ, որ ինձ չտաս…», ու աչքերս բացելով հայտարարում եմ.

- Վերջ, հետաձգեք բոլոր արցունքները, փոշմանեցի, չեմ մեռնում։

- Հետաձգե՞նք,- հարցնում է բժիշկը,- մինչև ե՞րբ։

Page 46: Anmahutyan sahman@

Այստեղ ես հիշում եմ Փոքր Մհերին, ում ապրած օրերը նման էին իմին, երբ կյանքն այնքան ծանր էր,

որ այդ ճնշման տակ հայոց ապառաժները փուխր էին դարձել ու էլ չէին պահում նրա մարդկային

ծանրությունը, և նա մինչև ծնկները խրվում էր հողի մեջ.

- Մինչև Մհերը դուրս գա Ագռավաքարից,- հայտարարում եմ,- մինչև ցորենը դառնա հանց մասուր մի։

- Փաստորեն, ոչ այսօր երեկոյան, ոչ վաղը առավոտյան, ոչ էլ մյուս օրը...- կարծես հուսախաբված է

բժիշկը,- Դուք հո չե՞ք ձգտում անմահության։

- Իսկ ինչու` ոչ, ես համապատասխանում եմ գեղեցկության եվրոպական չափանիշներին: Խնդրեմ.

հասակս` 159 սմ, քաշս` 79 կգ, տարիքս` մ. թ. ա…

- Թող Ձեզ չթվա, թե ես չեմ տեսնում Ձեր արժանիքները։ Պարզապես դեռ չեմ ստացել այդ մասին

խոսելու հրահանգ։ Բայց մի հուսահատվեք, հրահանգը տալու համար արդեն կազմված է

հանձնաժողով, և ընտրված են միջազգային դիտորդները։ Վերջին հաշվով ի՞նչ ունեք շտապելու,

մանավանդ որ` Դուք ձգտում եք անմահության։