1
Սուրահ «Մաեդե»
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո
1. Ո՛վ հավատացյալներ, հարգեք ձեր հանձնառությունները: Ձեր հոտերը
կազմող կենդանիների մսով սնվեք, բայց մի՛ կերեք այն կենդանիներին,
որոնք արգելված են: Մի՛ կերեք նաև այն կենդանիներին, որոնց իբրև որս
սպանելը արգելված է, երբ ուխտագնացության մեջ եք: Աստված, ըստ Իր
կամքի, հրամաններ է տալիս:
2. Ո՛վ հավատացյալներ, Աստծուն նվիրված վայրերը մի սրբապղծեք: Ոչ էլ
հարեմի նվիրական ամիսը: Հարգե՛ք մատաղացու կենդանիներին և նրանց
վրայից կախված զարդերը: Հարգեցեք նրանց, ովքեր ուխտի են գնում և
ջանում են բաժին ստանալ Աստծո առատաձեռնությունից ու
բարերարությունից: Երբ ուխտագնացությունը վերջացնեք, կարող եք
արարողությունը սկսել: Տաճարի մուտքը ձեր դեմ փակողների նկատմամբ
մի տածեք այնպիսի ատելություն, որ ամբարիշտների մեջ ընկնեք:
Միմյանց մղեցեք արդար ու բարեպաշտական գործեր կատարելու:
Զգուշացեք ոճրի մեջ ընկնելուց: Երկնչեք Տիրոջից, որովհետև Իր
պատիժները ահավոր են:
3. Ձեզ արգելված է ուտել մեռած, խեղդված, վթարի ենթարկված ու եղջյուրի
հարվածով սպանված, գազանի որս դարձած կենդանիների միս, արյուն և
խոզի միս: Տարբեր խնդիր է, եթե նրանց մաքրագործեք նախքան սատկելը:
Արգելված է նաև կուռքերի սեղանների շուրջ մորթված և բոլոր այն
կենդանիների միսը, որոնց սպանվելուց առաջ Աստծո անունը չեք տվել:
Ձեզ արգելված է նաև ղումարի միջոցով ստանալ կենդանու մսից բաժին:
Վա՜յ անհավատներին, որոնք ձեր կրոնը կլքեն: Նրանցից մի վախեցեք, այլ
վախեցեք Ինձանից: Այսօր ձեր կրոնի վրա կնիք դրեցի, Իմ շնորհներով
լրացրի: Ինձ հաճո թվաց իսլամությունը տալ ձեզ: Նա, որ անել վիճակից
կամ սովից մղված ոտնակոխ է արել մեր պատվիրանները, թողություն
պիտի գտնի, որովհետև Աստված ներողամիտ է:
2
4. Քեզ հարցնելու են, թե ի՞նչ է թույլատրված իրենց: Պատասխանիր. «Բոլոր
լավ բաները թույլատրված են: Որսի կենդանիների միսը, որ որսացել են
որսորդական շները, Աստծուց ստացած գիտության համաձայն,
թույլատրված է ձեզ: Կերեք նրանց՝ Աստծո անունը տալով և Աստծուց
երկնչեք, քանզի Նա արագ հաշվեհարդար է տեսնում։
5. Այսօր ձեր առջև բացվեց բոլոր լավ բաների աղբյուրը: Այլ կրոն
դավանողների սնունդը օրենքով արգելված չէ ձեզ, և ձեր սնունդն էլ
կարելի է նրանց: Դուք կարող եք կնության առնել հավատացյալների և այլ
կրոն դավանողների պարկեշտ աղջիկներին՝ պայմանով, որ նրանց
դրամօժիտը տաք: Նրանց հետ ցոփությամբ մի ապրեք ու նրանց հետ
հարճի պես մի՛ վարվեք: Ով որ իր հավատքը ուրանա, իր բարի գործերի
վարձքը կկորցնի և հանդերձյալ աշխարհում թշվառ կլինի:
6. Ո՛վ հավատացյալներ, աղոթելուց առաջ լվացեք դեմքներդ և ձեռքներդ
մինչև արմունկը, գլուխներդ և ոտքերդ մինչև կրունկը սրբեցեք: Ձեր
կանանց հետ մերձենալուց հետո մաքրվեք: Եթե հիվանդության կամ
ճամփորդության մեջ եք, ձեր բնական կարիքները հոգալուց հետո կամ
կնոջ հետ մերձենալուց հետո, ջուր չլինելու դեպքում, ձեր երեսը և ձեռքերը
շփեք մաքուր ավազով: Աստված չի ցանկանում, որ Իր լուծը ծանր լինի ձեզ
համար։ Այլ փափագում է Իր շնորհները ձեզ հասցնել, որպեսզի
երախտապարտ լինեք Իրեն:
7. Հիշե՛ք, Աստծո բարիքները ձեր նկատմամբ և Նրա պայմանը, որ
հաստատեց ձեզ հետ, երբ ասացիք. «Մենք լսեցինք և հնազանդվեցինք»:
Երկնչեք Աստծուց, որովհետև Նա գիտի, թե ինչ կա ձեր սրտերում:
8. Ո՛վ հավատացյալներ, հանուն Աստծո ապստամբեք և արդար եղեք
վկայություններ տալու մեջ: Ատելությունը ուրիշ խմբի նկատմամբ թող ձեզ
չմղի անարդար գործ անելու: Արդարակորով եղեք: Արդարությունը մոտ է
բարեպաշտությանը: Երկնչեք Աստծուց, որովհետև Նա տեղյակ է ձեր
գործերից:
9. Աստված Իր գութը և շքեղ վարձատրություն է խոստացել նրանց, ովքեր
հավատացյալ լինելու արժանիքին կմիացնեն նաև բարերարությունը:
3
10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում, դժոխքի զոհերը
կլինեն:
11. Ո՛վ հավատացյալներ, հիշեք Աստծո բարիքները: Այն ժամանակ, երբ
թշնամիները մտածում էին զենքերը ձեր դեմ ուղղել, Աստված կասեցրեց
նրանց: Երկնչեք Նրանից: Ճշմարիտ հավատացյալները թող միայն
Աստծուն ապավինեն:
12. Աստված ընդունեց Իսրայելի զավակների ուխտը: Նրանց տվեց
տասներկու խնամակալներ ու ասաց. «Ձեզ հետ կլինեմ, եթե անթերի
կատարեք աղոթքը, ողորմություն տաք և Իմ առաքյալներին հավատաք:
Եթե նրանց օգնեք և ձեր հարստությունը օգտագործեք նվիրական կրոնը
պաշտպանելու համար, կներեմ ձեր մեղքերը և ձեզ կմտցնեմ գետերով
ողողված պարտեզների մեջ: Նա, ով այս զգուշացումից հետո մերժի
հավատալ, մոլորության ճամփով կընթանա:
13. Բայց որովհետև նրանք իրենց ուխտը չպահեցին, նրանց անիծեցինք:
Նրանց սրտերը քարացրինք: Նվիրական մատյանների խոսքերը
խեղաթյուրում և մի մասը ծածկում են: Ամեն անգամ դու տեղեկանում ես
նրանց խարդախություններից մեկի մասին: Բայց ներիր և գթա նրանց:
Որովհետև Աստված սիրում է բարեգործներին:
14. Մենք ընդունեցինք նաև քրիստոնյաների դաշինքը: Բայց նրանք ևս իրենց
մտքներից հանեցին մեր պատվիրանների մի մասը: Մենք նրանց մեջ
սերմանեցինք ատելություն և անհամաձայնություն, որ կտևի մինչև
հարության օրը: Եվ դեռ Աստված ցույց կտա, թե ինչ են արել նրանք:
15. Ո՛վ դուք, որ օրենքի Գիրքն ընդունեցիք: Մեր մարգարեն ձեզ ցույց տվեց
բազմաթիվ հատվածներ, որ կծածկեիք, և ներելու է (ձեր մեղքերից)
շատերը: Անշուշտ, Աստծո կողմից ձեր վրա իջավ լույս և լուսավորիչ Գիրք:
16. Աստված նրանով փրկության ճանապարհ կառաջնորդի նրանց, ովքեր Իր
կամքին կհպատակվեն: Աղջամուղջի լույսից կհանի նրանց ու ճշմարիտ
ճանապարհ կառաջնորդի:
17. Նրանք, որ ասում են, թե Մարիամի որդի Քրիստոսը աստված է,
անհավատներ են: Պատասխանիր նրանց. «Ո՞վ կարող է կասեցնել Աստծո
4
բազուկը, եթե Նա ցանկանա բնաջնջել Մարիամի որդի Հիսուսին, նրա
մորը և աշխարհի բոլոր էակներին: Երկինքների, երկրի ու մթնոլորտի
անհունության վեհապետն Աստվածն է: Նա ըստ Իր կամքի
ստեղծագործում է ինչ ցանկանա, որովհետև Նա ամենակարող է»:
18. Հրեաները և քրիստոնյաները ասում են. «Մենք Աստծո սիրելի զավակներն
ենք»: Պատասխանիր նրանց՝ ասելով. «Ուրեմն ինչու՞ է պատժում ձեզ ձեր
իսկ ոճիրների համար: Դուք միայն մի մասն եք այն մարդկանցից, որ
ստեղծեց»։ Նա իր կամքով ներում է մարդկանց կամ պատժում: Իրեն են
պատկանում երկինքները, երկիրն ու ինչ որ կա նրանց միջև: Նա վախճանն
է, որին կհանգի ամեն բան:
19. Ո՛վ դուք, որ ընդունեցիք նվիրական մատյանները: Մեր մարգարեն դեպի
ձեզ եկավ որոշակի ընդմիջումից ու դադարից հետո, որպեսզի
ճշմարտությունը հայտնի, և չասեք, թե «Աստծո սպառնալիքները
հաղորդող ու խոստումները ավետող առաքյալ չի գալիս այլևս մեզ»:
Ահավասիկ, ձեր մեջ է Աստծո սպառնալիքները հաղորդող ու
խոստումները ավետող առաքյալը: Աստված ամեն ինչի համար
անսահման զորություն ունի:
20. Եվ Մովսեսը իսրայելցիներին ասաց. «Հիշե՛ք այն բարիքները, որ Աստծուց
ընդունեցիք: Նա ձեզ մարգարեներ ուղարկեց, թագավորներ տվեց: Եվ
շնորհեց այնպիսի բարիքներ, որ չէր շնորհել ոչ մի ուրիշ ազգի»:
21. (Մովսեսն ասաց նրանց). «Ո՛վ իմ ժողովուրդ, մտեք այն նվիրական երկիրը,
որ Աստված ձեզ համար սահմանել է: Ետ մի՛ դարձեք, գուցե կորստյան
մատնվեք»:
22. (Իսրայելցիները պատասխանեցին). «Այս երկրում հսկաներ են ապրում:
Մենք ներս չենք մտնի մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն
եկել: Եթե դուրս գան, մենք այն կգրավենք»:
23. Երկու տղամարդ, որոնք Տիրոջից երկնչում էին և արժանացել էին Նրա
շնորհներին, ասացին. «Քաղաքի դռան առջև ներկայացեք: Ներս մտնեք թե
չէ, հաղթանակը ձերը կլինի: Եթե հավատացյալ եք, ապավինե՛ք Աստծուն»:
5
24. (Ժողովուրդը) ասաց. «Ո՛վ Մովսես, մենք քաղաքի դռան առջև չենք
ներկայանալու, քանի դեռ նրանք ապրում են այնտեղ: Դու գնա քո Աստծո
հետ և միասին կռվեք: Մենք պետք է այստեղ մնանք»:
25. Մովսեսը գոչեց. «Տե՛ր, ես միայն իմ և եղբորս տերն եմ: Մեզ և այս
անհնազանդ ժողովրդին առանձնացրու իրարից»:
26. Այնուհետև Աստված արտասանեց այս բառերը. «Քառասուն տարի այս
երկրի մուտքը արգելված կլինի նրանց: Աշխարհի վրա պիտի թափառեն:
Իսկ դու այլևս մի հոգա այս ամբարիշտ ժողովրդի համար»:
27. Ո՛վ մարգարե, նրանց կետ առ կետ պատմիր Ադամի որդիների
պատմությունը, որոնք ընծա մատուցեցին: Մեկի ընծան ընդունվեց,
մյուսինը մերժվեց: Մերժվողն ասաց իր եղբորը` քեզ պիտի սպանեմ: Իսկ
անմեղը պատասխանեց. «Աստված միայն առաքինի մարդկանց զոհը
կընդունի»:
28. Եթե դու ինձ սպանելու համար ձեռք բարձրացնես, վրեժխնդիր չեմ լինի,
որովհետև վախենում եմ Աստծուց` տիեզերքի Վեհապետից:
29. Ես նախընտրում եմ, որ դու վերադառնաս իմ և քո մեղքերով
բեռնավորված, բնակվես գեհենի մեջ, որ հատկացվել է նենգամիտներին:
30. Արյան ծարավը ավելի բարձրացավ նախանձողի սրտում: Նա սպանեց իր
եղբորը և դասվեց Աստծուն մերժողների շարքին:
31. Աստված ագռավ ուղարկեց, որ հողը փորելով ցույց տա, թե ինչպես պետք
է ծածկի իր եղբոր դիակը: Մարդասպանը գոչեց. «Ինչ ողորմելիի մեկն եմ:
Չեմ կարող այս ագռավի պես հողը փորել ու եղբորս դին ծածկել»: Ապա
զղջաց:
32. Ահա սրա համար է, որ Իսրայելի զավակներին տվինք այս պատվերը: Ով
որ մարդ սպանի, բացի այն դեպքից, որ սպանվածը բռնություն գործած
կամ երկրի վրա անբարոյականություն արած լինի, ամբողջ մարդկության
սպանողը կհամարվի: Իսկ ով որ մարդու կյանքը փրկի՝ ողջ մարդկությանը
փրկած կլինի: Մեր առաքյալները նրանց մեջ երևացին ակներև
6
նշաններով: Բայց հրաշքներ գործելուց հետո էլ մարդկանց մեծ մասը մնաց
ամբարիշտության մեջ:
33. Աստծո և Իր մարգարեի դեմ պայքարողները և աշխարհի վրա
ապականություն տարածողները մահվամբ կպատժվեն կամ կկախվեն:
Նրանց ոտքերն ու ձեռքերը պետք է փոխնեփոխ կտրեք ու նրանց իրենց
տներից վտարեք: Ահա այս նախատինքներին կենթարկվեն այս
աշխարհում, իսկ հանդերձյալում նույնպես չարչարանքը իրենց բաժինը
կլինի:
34. Բայց նրանք, որ կզղջան ձեր իշխանության տակ գտնվելուց առաջ, Աստծո
գութին և ներողամտությանը կարժանանան:
35. Ո՛վ հավատացյալներ, երկնչեք Աստծուց և ջանացեք Նրա մոտ հասնել:
Հանուն Նրա մաքառեք և այսպիսով երջանիկ կլինեք:
36. Եթե նույնիսկ անհավատներն ունենային այն հարստության կրկնակին, որ
կա աշխարհում, ու այն տային վերջին դատաստանի օրը
չարչարանքներից զերծ մնալու համար, դարձյալ կմերժվեին: Իրենց
սպասող չարչարանքները զարհուրելի են:
37. Իզուր պիտի մաքառեն բոցերից դուրս գալու համար: Այնտեղ թաղված
կմնան ու իրենց կրած չարչարանքները հավիտենական կլինեն:
38. Կտրե՛ք գողերի ձեռքը՝ կին լինի թե տղամարդ, որպես պատիժ իրենց
կատարած գործի համար: Այս պատիժը Աստծո կողմից է: Նա հզոր է և
իմաստուն:
39. Ով որ զղջա իր գործած անօրինությունների համար և թողություն խնդրի,
Աստծուց թողություն կստանա: Անհիշաչար է Նա:
40. Չե՞ք գիտակցում, որ Աստված երկինքների ու երկրի վեհապետն է: Նա ում
կամենա՝ կների և ում կամենա՝ կպատժի, որովհետև Նա ամենազոր է:
41. Ո՛վ մարգարե, մի տրտմիր ի տես նրանց, ովքեր, իրար նախանձելով, դեպի
անհավատություն են գնում, և ոչ էլ ի տես նրանց, ովքեր ասում են՝
հավատում ենք, մինչդեռ սրտերում հերքում են իրենց լեզվից եկածը: Մի՛
7
տրտմիր նաև ի տես այն հրեաների, ովքեր իրենց ականջները լայն բացում
են ստի առջև: Նրանք ուրիշների լրտեսներն են, որոնք քեզ մոտ չեն եկել:
Նրանք խեղաթյուրում են բնագիրը և ասում. «Եթե (Գիրքն) այս ձևով
կարդան ձեզ՝ ընդունեք, թե ոչ` զգուշացեք: (Ո՛վ մարգարե), Աստված ում
ցանկանա՝ կպատժի, և նույնիսկ դու չես կարող Աստծո զայրույթի դեմ որևէ
բան անել: Նրանք, ում սիրտը չի մաքրագործել Աստված, այս աշխարհում
նախատինքներով կբեռնավորվեն և հանդերձյալում էլ զարհուրելի
պատիժների կենթարկվեն»:
42. Նրանք լսում են Քո խոսքերը, որպեսզի դրանք ժխտեն և արգելված
կերակուրներով են սնվում։ Եթե քեզ իրավարար կարգեն, նրանց միջև
վճիռ կայացրու կամ հեռացիր նրանցից: Երբ հեռու լինես, չարությունը չի
կարող քեզ վնասել: Բայց եթե ստանձնես ձեռքդ առնել կշեռքը,
արդարությամբ դատիր նրանց: Աստված սիրում է արդարադատներին:
43. Բայց ինչպե՞ս կընդունեն քեզ իբրև իրավարար: Իրենց ձեռքում ունեն
Հնգամատյանը, որը պարունակում է Աստծո պատվիրանները: Բայց
դարձյալ կասկածում են ու չեն հավատում:
44. Մենք Հնգամատյանը ուղարկեցինք, որպեսզի մարդիկ դրանով
լուսավորվեն և ճշմարիտ ճանապարհով ընթանան: Աստծո կամքին
հանձնված մարգարեները գործածեցին այն` հրեաներին դատելիս,
օրենսդիրներն ու քահանաները առաջնորդվեցին Նրա օրենքներով:
Ժողովուրդը հանձնվեց նրանց պաշտպանությանը: Նրանք Իր վկաներն
էին: Ուրեմն, մի վախեցեք բնավ մարդկանցից, երկնչեք Ինձանից և Իմ
հավատքը մի ծախեք գծուծ շահի դիմաց: Ով որ իր վճիռներում չհետևի այն
ճշմարտությանը, որ Աստված երկնքից իջեցրեց, անհավատ կլինի:
45. Մենք հրեաներին պատվիրեցինք գործի դնել ակն ընդ ական օրենքը:
Կյանքի դեմ` կյանք, աչքի դեմ` աչք, քթի դեմ՝ քիթ, ատամի դեմ՝ ատամ,
վերքի դեմ՝ վերք պիտի պահանջել: Ով որ կրած նեղության վարձքը
ստանալով ողորմության կհատկացնի, Աստծո առջև արժանին շահած
կլինի: Վճիռ արձակված ժամանակ ով որ երկնքից արձակված մեր
պատվերները չպահի, հանցավոր կլինի:
46. Մյուս մարգարեների հետևից ուղարկեցինք Հիսուսին` Մարիամի որդուն,
Հնգամատյանը հաստատելու համար: Նրան տվեցինք Ավետարանը, որ
8
հավատքի ջահն է և կհաստատի նախկին նվիրական մատյանների
վավերականությունը: Ավետարանը կլուսավորի և կուսուցանի նրանց,
ովքեր երկնչում են Աստծուց:
47. Քրիստոնյաները պիտի դատվեն Ավետարանի համաձայն: Նրանք, որ այլ
կերպ դատեն միմյանց՝ ամբարիշտներ են:
48. Ո՛վ մարգարե, մենք քեզ ուղարկեցինք ճշմարտություն պարունակող
Գիրքը, որ հաստատում է իրենից առաջ եկած գրքերը և նրանց մասին
վկայություն է տալիս: Հրեաներին ու քրիստոնյաներին դատիր Աստծո
պատվիրանների համաձայն: Նրանց անտեղի ցանկությունների
պատճառով չհեռանաս այն վարդապետությունից, որ տրվեց
մասնավորաբար քեզ: Ձեզանից յուրաքանչյուրին տվեցինք օրենքներ: Եթե
Աստված ցանկանա՝ ձեզ բոլորիդ կմիացնի մեկ կրոնի տակ: Բայց Նա
փորձեց իմանալ՝ արդյո՞ք դուք կպահեք Իր զանազան պատվիրանները:
Ջանացեք բարի գործերում մրցել իրար հետ: Ամենքդ էլ Աստծուն պիտի
վերադառնաք, ու Նա ցույց կտա, թե որտեղ եք մոլորվել:
49. (Ո՛վ մարգարե), երկնքից ստացված պատվերների համաձայն վճիռներ
արձակիր: Նրանց բաղձանքներին ականջ մի դիր: Զգույշ եղիր, որ քեզ
չհրապուրեն և չհեռացնեն այն պատվիրաններից, որ տրված են քեզ
Աստծո կողմից: Եթե իրենք հեռանան ճիշտ ուղուց, իմացիր, որ Աստված
նրանց կպատժի գործած որոշ մեղքերի համար: Անտարակույս,
ամբարիշտների թիվը շատ մեծ է:
50. Արդյո՞ք, տգիտության հիման վրա, վճիռ են ցանկանում, և սակայն
հավատացյալներն Աստծուց ավելի արդար դատավոր կարո՞ղ են
ունենալ:
51. Ո՛վ հավատացյալներ, հրեաների ու քրիստոնյաների հետ բարեկամական
կապ մի՛ հաստատեք: Թողեք, որ իրար հետ բարեկամ մնան: Ով որ իրենց
հետ բարեկամանա, ի վերջո նրանց կնմանվի, և Աստված բնավ չի
առաջնորդելու նենգամիտներին:
52. Ո՛վ մարգարե, նրանք, ում սիրտն ապականված է, իրար կմոտենան և
կասեն, թե վախենում են այն վտանգներից, որ սպառնում են իրենց: Բայց
Աստծո համար դյուրին է հաղթություն պարգևել (մուսուլմաններին) և կամ
9
այնպիսի մի վիճակ ստեղծել, որ այս խումբը հրաժարվի իր գաղտնի
մտածողությունից:
53. Այն ժամանակ հավատացյալները կասեն. «Արդյո՞ք սրանք այն մարդիկ են,
որ Աստծո անունով հանդիսավոր երդում արեցին, թե մեր խմբին
կպատկանեն: (Նրանց ջանքերը ոչ մի արդյունքի չհանգեցին), ուստի
վնասարարներից եղան»:
54. Ո՛վ հավատացյալներ, եթե դուք ուրանաք ձեր հավատքը, Աստված
մարդկանց այլ խումբ կբերի, մարդիկ, որոնց Ինքը կսիրի, ու նրանք էլ
կսիրեն Իրեն: Նրանք հավատացյալների հանդեպ խոնարհ են, իսկ
անհավատների հանդեպ՝ անկոտրում ու զորեղ: Հավատքի համար պիտի
մարտնչեն և իրենց պարսավողի պարսավանքներից չպիտի վախենան:
Աստված իր ընտրյալներին կանի այս շնորհը: Իմաստուն և անսահման է
Նա:
55. Ո՛վ հավատացյալներ, դուք ձեզ պաշտպան ունեք Բարձրյալի բազուկը,
Նրա մարգարեին, հավատացյալներին, աղոթք անողներին, ողորմություն
տվողներին և Աստված պաշտողներին:
56. Նրանք, որ կընթանան Աստծո և մարգարեի ու հավատացյալների
պաշտպանության տակ, Աստծո զինվորներն են: Նրա վարդապետությանն
հետևողները հաղթանակ պիտի տանեն:
57. Ո՛վ հավատացյալներ, բարեկամություն մի հաստատեք բնավ նրանց հետ,
ում ձեզանից առաջ օրենքի գիրք են տվել, և ոչ էլ այն ամբարիշտների,
ովքեր ձեր հավատքը ծաղրի առարկա են դարձնում: Եթե հավատացյալ եք,
երկնչեք Աստծուց:
58. Բարեկամական կապ մի՛ հաստատեք նաև նրանց հետ, (ովքեր ծաղրում են
այն պահը, երբ (հավատացյալներին) աղոթքի եք հրավիրում), որովհետև
նրանք տգետներ են:
59. Հարցրու օրենքի Գրքի հետևորդներին. «Ինչո՞ւ եք սոսկում
հավատացյալներից: Նրա համար, որ նրանք հավատո՞ւմ են Աստծուն և
երկնքից ուղարկած մատյաններին: Եվ դա այն դեպքում, երբ ձեզանից
շատերը ամբարիշտ են»:
10
60. Ո՛վ մարգարե, ասա նրանց դարձյալ. «Կուզե՞ք, որ ձեզ ավետեմ, թե ով է
Աստծո կողմից ամենավատ վարձատրությունը ստանում: Նրանք, ում
Աստված անիծել է Իր զայրույթի մեջ և այլակերպել է՝ դարձնելով
կապիկներ ու խոզեր, և նրանք, ովքեր պաշտել են ըմբոստ բռնատերին:
Սրանք ամենավատ դիրքում են հայտնվել և մոլորվածներ են:
61. Նրանք մտնում են ու ասում. «Մենք հավատում ենք», այն դեպքում, երբ
նրանք մտնում են անհավատությամբ ու դուրս գալիս անհավատությամբ:
Սակայն Աստված գիտի նրանց թաքցրածը:
62. Նրանց մեջ շատերը փութկոտությամբ դեպի անարդարություն են
ընթանում: Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր սնվում են արգելված
կերակուրներով: Իրենց արարքները որքան զզվելի են:
63. Ինչո՞ւ օրենսդիրներն ու քահանայապետերը չեն սանձահարում նրանց,
որպեսզի նրանք անբարիշտ խոսքեր չասեն և արգելված կերակուրներ
չուտեն։
64. Հրեաներն ասացին. «Աստծո ձեռքերը շղթայված են»: Թող իրե՛նց ձեռքերը
շղթաներով ծանրաբեռնվեն, և իրենց գործած մեղքերի համար թող
անիծվա՛ծ լինեն: Ընդհակառակը, Աստծո երկու ձեռքն էլ ազատ են և
պատրաստ են շնորհներ տալու՝ ում որ ցանկանան: Քեզ իջեցված այաները
ավելացնելու են նրանց հանցանքներն ու անհավատարմությունը: Բայց
մենք նրանց մեջ սերմանեցինք ատելություն ու թշնամություն, որոնք
պետք է տևեն մինչև հարության օրը: Ամեն անգամ, որ քո դեմ կռվի կրակը
վառեն, Ամենակարողը մարելու է այն: Նրանք կթափառեն աշխարհով մեկ
և իրենց հետ կտանեն ապականությունը: Աստված ատում է
ապականիչներին:
65. Եթե Տիրոջ երկյուղը և հավատքը ունենային, իրենց մեղքերը կմաքրեին ու
կմտնեին երանության պարտեզների մեջ:
66. Եվ եթե պահեին Հնգամատյանի ու Ավետարանի պատվերները և Աստծո
ուղարկած պատվիրանները, կվայելեին իրենց գլխի վրա և ոտքի տակ
գտնվող ամեն բան: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր չափավոր են: Բայց
մեծամասնության գործած արարքները ամբարիշտ են:
11
67. Ո՛վ մարգարե, հայտնիր այն օրենքները, որոնք Աստված իջեցրեց քո վրա,
որպեսզի առաքելությունդ կատարած լինես: Աստծո բազուկը
կպաշտպանի քեզ մարդկանց բռնություններից: Որովհետև նա բնավ չի
առաջնորդում անհավատներին:
68. (Ո՛վ մարգարե), ասա օրենքի գրքի հետևորդներին. «Դուք Աստծո մոտ տեղ
չունեք, մինչև որ չպահեք Հնգամատյանը, Ավետարանը և Աստծո
ուղարկած պատվիրանները»: (Ո՛վ մարգարե), այն Գիրքը, որ ստացար
երկնքից, նրանց շատերի մեջ կուրությունը և անհնազանդությունը
կավելացնի: Բայց անհավատների ճակատագրով մի մտահոգվիր:
69. Հավատացյալները, հրեաները, քրիստոնյաները, սաբեականները, նրանք,
որ հավատում են Աստծուն ու վերջին դատաստանին և բարի գործեր են
կատարում, երկյուղից և չարչարանքից զերծ կլինեն:
70. Մենք ընդունեցինք հրեաների ուխտը և մարգարեներ ուղարկեցինք նրանց:
(Բայց) ամեն անգամ, երբ մի որևէ մարգարե ճշմարտություններ էր
հայտնում, ի հեճուկս նրանց ցանկությունների, Իսրայելի զավակները
մերժում էին հավատալ կամ էլ անօրինաբար սպանում էին ոմանց:
71. Նրանք կարծեցին, թե իրենց ոճիրները անպատիժ կմնան, որովհետև կույր
և խուլ մնացին: Աստված ներեց նրանց, բայց նրանց մեծ մասը կրկին
ընկավ կուրության մեջ: Հավիտենականը տեսնում է նրանց արարքները:
72. Նրանք, որ ասում են, թե Մարիամի որդի Հիսուսն Աստված է,
սրբապղծություն են գործում: Հիսուսը ինքն ասաց. «Ո՛վ Իսրայելի
զավակներ, պաշտեցեք Աստծուն, որ թե՛ իմ և թե՛ ձեր Տերն է: Ով որ ուրիշ
չաստվածների Աստծուն հավասար է դասում, երբեք չի մտնելու
երանության պարտեզների մեջ: Կրակի մեջ կլինի իր բնակավայրը:
Նենգամիտները որևէ օգնություն չեն կարող ակնկալել:
73. Նրանք, որ պնդում են, թե Աստված կազմում է երրորդության մի մասը,
անհավատներ են: Աստված միակն է: Եթե չփոխեն իրենց կարծիքը,
զարհուրելի չարչարանք կլինի իրենց վարձքը` ամբարիշտության համար:
12
74. Մի՞թե նրանք երբեք չպիտի վերադառնան Աստծուն: Մի՞թե Նրա գութը
չպիտի հայցեն: Գթած և անհիշաչար է Աստված:
75. Մեսիան՝ Մարիամի որդին, Բարձրյալի առաքյալներից մեկն է միայն:
Իրենից առաջ ուրիշ առաքյալներ էլ եկել են: Եվ մայրը արդար է` նրանք
միասին ապրում էին ու կերակուր էին ուտում: Տես, թե ինչպես ենք նրանց
տալիս ապացույցներ և հետո տես, թե ինչպես են նրանք մոլորության մեջ
ընկնում:
76. (Ո՛վ մարգարե), ասա նրանց՝ պաշտո՞ւմ եք Աստծուց բացի այնպիսի
բաներ, որ չեն կարող պաշտպանել ձեզ, ոչ էլ վնասել: Մինչդեռ Աստված
ամեն բան լսում և իմանում է:
77. (Ո՛վ մարգարե), ասա օրենքի գրքերի հետևորդներին. «Ձեր հավատքի
սահմանները մի՛ անցեք` կեղծիքին հետևելու համար: Եվ մի՛ որդեգրեք
այն մարդկանց կարծիքը, ովքեր ձեզանից առաջ մոլորության մեջ էին և
իրենց հետ տարել են մարդկանց մեծագույն մասին»:
78. Հրեաների մեջ անհավատ եղածները անիծվեցին Դավթի և Մարիամի որդի
Հիսուսի բերանով, որովհետև անհնազանդ էին ու ամբարիշտ:
79. Նրանք բնավ ջանք չթափեցին` միմյանց հորդորելու հրաժարվել իրենց
գործած ոճիրներից: Վա՛յ նրանց գործերին:
80. Նրանց մեջ շատերին կտեսնես, որ անհավատների կողմն են վազում,
նրանց (կրքերի թելադրած) արարքները որքան զզվելի են, որոնց
պատճառով Աստծո զայրույթը իջավ նրանց վրա: Հավիտենապես
կգահավիժեն սոսկալի չարչարանքների մեջ:
81. Եթե հավատային Աստծուն, մարգարեին ու այն ամենին, որ ուղարկվել է
նրան, անհավատների հետ բարեկամությունը չպիտի փնտրեին բնավ:
Բայց նրանց մեծագույն մասը բաղկացած է նենգամիտներից:
82. Դուք փորձով կտեսնեք, որ հավատացյալների ամենակատաղի
թշնամիները հրեաներն ու կռապաշտներն են: Իսկ իրենց քրիստոնյա
համարողները ամենամտերիմ բարեկամներն են հավատացյալների:
Որովհետև քահանաներ և աբեղաներ ունեն խոնարհությամբ՝ նվիրված:
13
83. Երբ նրանք լսեն մարգարեին ուղարկված այաները, (ուրախությունից)
կլացեն: Որովհետև ճանաչում են ճշմարտությունը: Նրանք գոչեցին. «Տե՛ր,
հավատում ենք: Մեզ էլ դասիր (ճշմարտությունը) վկայողների շարքին»:
84. Ինչո՞ւ չպիտի հավատայինք Աստծուն և Իր հայտնած
ճշմարտություններին, երբ բաղձում ենք, որ Ինքը մեզ տեղ տա արդարների
մեջ:
85. Աստված լսեց նրանց ձայնը և, իբրև վարձատրություն, նրանց տվեց
գետերով ողողված երանության պարտեզներ, ուր պիտի բնակվեն
հավիտենապես: Բարի գործողների վարձքը սա է:
86. Իսկ նրանք, ովքեր մեր այաները սուտ են հռչակում, դժոխքի մեջ
կգահավիժեն:
87. Ո՛վ հավատացյալներ, բնավ մի արգելեք այն լավ բաները, որոնց
գործածությունը թույլատրել է Աստված: Նրա պատվերները ոտնակոխ մի
արեք, որովհետև ամբարիշտներին ատում է:
88. Սնվեցեք այն թույլատրված սնունդներով, որ Աստված շնորհել է ձեզ Իր
առատաձեռնությամբ: Երկնչեք Աստծուց, եթե հավատում եք Իրեն:
89. Նա ձեզ չի պատժելու ձեր անհիմն երդումների համար: Բայց կպատժի, եթե
ձեր լուրջ խոստումներից որևէ մեկը դրժեք: Այս տեսակ դրժումի
քավության համար տասը աղքատի կերակուր պիտի տաք՝ միջին տեսակի
սնունդ, և այնպես, ինչպես կսնեք ձեր ընտանիքին: Եվ կամ նրանց զգեստ
պիտի տաք կամ էլ գերի ազատեք: Ով որ ի վիճակի չէ կատարելու այս
արարքները՝ երեք օր ծոմ պիտի պահի: Այս է օրենքը նրանց, ովքեր դրժում
են իրենց երդումները: Ուրեմն պահեք ձեր ուխտերը: Աստված այս կերպով
է հայտնում իր պատվիրանները, որպեսզի շնորհապարտ լինեք Իրեն:
90. Ո՛վ հավատացյալներ, գինին, թղթախաղը, կուռքերը, ազլամը (մի տեսակ
վիճակահանություն) սատանայի հնարած սրբապղծություններն են:
Զգուշացե՛ք դրանցից, այլապես թշվառ կլինեք:
14
91. Սատանան ջանում է գինու և թղթախաղի միջոցով ձեր մեջ վառել
թշնամության հուրը և ձեզ հեռացնել Աստծուն հիշատակելուց ու աղոթքից:
Արդյո՞ք խուսափելու եք:
92. Հնազանդվե՛ք Աստծուն, Իր մարգարեին և զգույշ եղեք: Եթե անհնազանդ
լինեք, իմացեք, որ մարգարեն ճշմարտությունը ձեզ հայտնելու
առաքելություն ունի:
93. Այն հավատացյալները, որ բարիք գործելու արժանիք են ունենում,
հանցավոր չեն բնավ, եթե (ուտելիքների մասին վճիռից առաջ) սնվել են
արգելված ուտելիքներով: Բավական է, որ անխախտ կերպով հավատքի
վրա մնան, Տիրոջից երկյուղ ունենան, բարիք գործեն: Որովհետև Աստված
սիրում է նրանց, ովքեր բարիք են գործում:
94. Ո՛վ հավատացյալներ, ձեզ համար փորձություն կլինի այն որսի միսը, որ
(Մեքքայի ուխտագնացության ժամանակ) ձեր նիզակները հայթայթում են
ձեզ համար: Աստված այս կերպ կհասկանա, թե ով է խորապես վախենում
Իրենից: Նա, ով այսուհետ ոտնակոխ անի Իր օրենքները, սարսափելի
պատժի կենթարկվի:
95. Ո՛վ հավատացյալներ, որսորդություն մի արեք (Մեքքա)
ուխտագնացության ժամանակ: Ով կանխամտածված ոտնակոխ անի այս
պատվերը, կպատժվի այնպես, եթե ընտանի կենդանի սպանած լիներ: Ձեր
մեջ երկու արդարադատ մարդ այս մասին վճիռ պիտի արձակեն: Եվ
դատապարտյալը ընտանի ընծա պիտի ուղարկի նվիրական տաճարին
կամ աղքատներին կերակուր պիտի տա որպես քավություն և կամ
ծոմապահության պիտի ենթարկվի, որպեսզի զգա իր հանցանքի
ծանրությունը: Աստված ներում է անցյալը: Բայց ով որ կրկին մեղք գործի,
երկնային վրեժխնդրության կենթարկվի: Աստված ահարկու է Իր
պատուհասների մեջ:
96. Ձեզ թույլատրված է ձուկ որսալ` ձեր անձնական կարիքների և
ճամփորդների համար, քանի որ նվիրական ճամփորդություն անելու վրա
եք: Չնայած՝ ուխտագնացության ողջ ընթացքում որսորդությունը
արգելված է: Երկնչեք Տիրոջից, Ում շուրջ պիտի համախմբվեք:
15
97. Աստված Քաբեն իբրև նվիրական տուն հաստատեց, որպեսզի մարդկանց
կայան լինի: Նա հաստատեց նվիրական ամիսները, ընծա տալը, նրա
զարդերը, որպեսզի հասկանաք, թե Աստված ծանոթ է երկինքների մեջ ու
երկրի վրա եղածներին, և Նրա գիտությունն անսահման է:
98. Հիշեցե՛ք, որ Աստծո պատիժը խիստ է, և (միևնույն ժամանակ) Նա գթած ու
ներողամիտ է:
99. (Իմացե՛ք, որ) մարգարեի առաքելությունը միայն քարոզչություն է:
Աստված գիտի, թե ինչ կա ձեր սրտում, և ինչ եք հայտնում:
100. Չարիքն ինչ հրապույր էլ որ ունենա ձեզ համար, պետք չէ, որ այն բարիքին
հավասար դնեք: Ով դուք, որ իմաստուն եք, երկնչեք Աստծուց և կփրկվեք:
101. Ով հավատացյալներ, ձեր հետաքրքրությունների համար որոշակի չափ
դրեք: Եթե տեղեկանաք այն բաների մասին, որ ցանկանում եք իմանալ,
թերևս վնասվեք: Սպասեք, որ Ղուրանն ամբողջությամբ հայտնվի, և այն
ժամանակ ամեն բան կպարզվի: Աստված ներում է ձեր
հետաքրքրասիրությունը, որովհետև գթած և անհիշաչար է:
102. Ձեզանից առաջ եղան մարդիկ, ովքեր ցանկացան իմանալ
բացարձակապես ամեն բան և դրա համար էլ անհավատ եղան:
103. Աստված ոչ մի պատվեր չի տվել Պահիրայի, Սայիբայի, Վասիլայի և ոչ էլ
Համիի մասին: Դատողությունից զուրկ անհավատներն են, որ այս ստերը
վերագրում են Աստծուն:
104. Երբ նրանց ասվեց՝ ընդունեք այն կրոնը, որ Աստված հայտնեց
մարգարեին, նրան պատասխանեցին՝ մեր հայրերի թողած հավատքը
բավական է մեզ: Նրանք չէին մտածում, որ իրենց հայրերը ո՛չ գիտություն
ունեին, ո՛չ առաջնորդվելու հմտություն:
105. Ո՛վ հավատացյալներ, ձեր հոգու խնամքը ձեզ է վերաբերում: Ուրիշների
մոլորությունը ձեզ չի վնասելու, եթե դուք ճշմարիտ ճանապարհով եք
ընթանում: Դուք պիտի կանգնեք Աստծո ատյանի առաջ, և Նա ցույց կտա
ձեր արարքները:
16
106. Ո՛վ հավատացյալներ, երբ մահվան անկողնու վրա ձեր կտակն եք
պատրաստում, ձեր միջից ընտրեք երկու արդարադատ մարդու: Եթե
մահվան աղետը պատահել է այն ժամանակ, երբ ձեր երկրից հեռու եք
գտնվում, օտարներին կանչեք որպես վկաներ: Եվ եթե կասկածում եք
նրանց ազնվության վրա, այն երկուսին պահեք, որպեսզի աղոթքից հետո
երդվեն Աստծո անունով, որ պատրաստ չեն արդարությունը ոչ մի գնով
վաճառել, նույնիսկ եթե դա վերաբերվի իրենց մերձավորներին, և երբեք
չթաքցնեն աստվածային վկայությունը: Հակառակ դեպքում՝ մեղավորներ
են:
107. Եթե հայտնվեց, որ վկաները կեղծարարություն են անում, պետք է ընտրեք
երկու ուրիշ վկաների` կտակարարի ազգականների միջից: Նրանք էլ
Աստծո առջև պետք է երդվեն, որ իրենց վկայությունն ավելի ճիշտ է, քան
նախորդ երկուսինը և անօրեն բան չեն ասելու: Այլապես, կդասվեն
ոճրագործների կարգին:
108. Այս միջոցներն ավելի դյուրին կդարձնեն մարդկանցից ճշգրիտ
վկայություն ստանալը: Որովհետև կվախենան, որ ուրիշ մի վկայություն
կտրվի իրենցից հետո: Որեմն երկնչեք Աստծուց, լսեք Նրա ձայնը: Նա
նենգամիտներին չի առաջնորդում բնավ:
109. Դատաստանի օրը Աստված հավաքելու է մարգարեներին և հարցնելու է,
թե մարդիկ ինչպե՞ս պատասխանեցին իրենց հորդորներին:
Մարգարեները պատասխանելու են. «Տե՛ր, գիտությունը մեր բաժինը չէ
ամենևին: Միայն Դու գիտես գաղտնիքները»:
110. (Հիշի՛ր), երբ Աստված ասաց Մարիամի որդի Հիսուսին. «Հիշիր այն
շնորհները, որ թափեցի քո և քո ծնողի վրա: Քեզ զորացրի սուրբ ոգով,
որպեսզի ուսուցանես մարդկանց` օրորոցից մինչև հասուն տարիքում:
Քեզ սովորեցրի Գիրքը, իմաստությունը, Հնգամատյանը և Ավետարանը:
Իմ արտոնությամբ՝ հողից թռչունի դեմք շինեցիր, և քո շունչը նրան
կենդանություն տվեց: Իմ թույլտվությամբ՝ ի ծնե կույրին և բորոտին
բժշկեցիր: Իմ թույլտվությամբ՝ մեռելներին հանեցիր գերեզմաններից:
Իսրայելի ցեղից ազատեցի քեզ, երբ նրանց աչքերի առջև հրաշքներ
գործեցիր: Սակայն նրանք իրենց անհավատության մեջ գոչեցին. «Այս
ամենը մոգություն է»:
17
111. Երբ մարգարեներին պատվիրեցինք հավատալ Ինձ ու Իմ առաքյալին,
նրանք ասացին. «Մենք կհավատանք, և Դու վկա ես, որ մենք կապավինենք
Քո կամքին»:
112. Մարգարեներն ասացին. «Ո՛վ Հիսուս, Մարիամի որդի, քո Տերը կարո՞ղ է
երկնքից իջեցնել (կերակուրներով լի) մի սեղան»: Հիսուսը նրանց
պատասխանեց. «Վախեցեք Տիրոջից, եթե հավատացյալ եք»:
113. Նրանք պատասխանեցին. «Մենք փափագեցինք սեղան նստել և ուտել: Այն
ժամանակ մեր սրտերը հանգիստ կլինեն, երբ մենք իմանանք, որ
ճշմարտություն կքարոզես մեզ, և դրան ի նպաստ վկայություն կտանք»:
114. Մարիամի որդի Հիսուսը այս աղոթքը հղեց երկնքին. «Ո՛վ Աստված,
երկնքից սեղան իջեցրու մեզ: Թող դա համարվի մեզ համար տոն, մեզ և
գալիք սերունդների համար ու նաև ի նշան Քո զորության: Սնունդ տուր
մեզ, որովհետև Դու ամենաառատաձեռն սնուցողն ես»:
115. Աստված (այս խնդրանքը ընդունելով)՝ ասաց. «Դա կիջեցնեմ ձեզ համար:
Բայց հետո, երբ ձեզանից մեկն անհավատ մնա, կենթարկվի այնպիսի
ահավոր պատժի, որ ոչ մի արարած դեռ չի կրել»:
116. Աստված Մարիամի որդի Հիսուսին հարցրեց, թե արդյո՞ք նա հրամայել է
մարդկանց պաշտել իրեն և իր մորն իբրև աստված: Եվ Հիսուսը
պատասխանեց. «Քավ լիցի, Տե՛ր, որ այդպիսի սրբապղծություն արած
լինեմ: Եթե այդպիսի բան ասած լինեի, Դու չպիտի՞ իմանայիր: Դու գիտես,
թե հոգուս խորքում ինչ կա, իսկ ես չեմ իմանում, թե ինչ է թաքցնում Քո
գերագույն վսեմությունը: Որովհետև միայն Բարձրյալն է ծանոթ
գաղտնիքներին»:
117. Ես խոսել եմ նրանց հետ միայն Քո պատվիրանները հայտնելու համար: Ես
նրանց ասել եմ. «Պաշտե՛ք Աստծուն` իմ և ձեր Տիրոջը»: Այնքան, ինչքան
որ աշխարհում ապրեցի, նրանց վկան եղա: Իսկ երբ Քո հրամանով մահը
եկավ իմ կյանքի թելը կտրելու, Դու եղար նրանց պահապանը: Տիեզերքի
վկան Դու ես:
118. Եթե նրանց պատժես, (իրավունք ունես), որովհետև նրանք Քո ծառաներն
են: Եթե նրանց ներես՝ Դու ես հզորը և իմաստունը:
18
119. Ապա Աստված ասաց՝ վերջին դատաստանի օրը նրանք, ովքեր արդար են
գործել, պիտի վարձատրվեն: Գետերով ոռոգված պարտեզների մեջ
կմտնեն և հավիտենապես կբնակվեն այնտեղ: Աստված գոհ է նրանցից, և
նրանք էլ Աստծուց: Սա է մեծ փրկությունը:
120. Աստված է վեհապետը երկինքների ու երկրի և նրանց միջև գտնվող բոլոր
բաների: Նա ամենազոր է: